Ինքնաշեն նռնակներից մինչև բնակավայրերի ինքնապաշտպանություն. ազատամարտիկի հուշերը

Թաթուլ ԿարապետյանԵրեք  երեխաների հայր և հինգ թոռնիկների պապ, 53-ամյա  Թաթուլ Կարապետյանն արցախյան շարժման առաջամարտիկներից է եղել: Միջին տարիքի մարտունեցիները  նրա գործունեության մասին հիացմունքով են խոսում: Սակայն  երիտասարդներից քչերը գիտեն Կարապետյանի վաստակի մասին. նա պարզապես չի սիրում խոսել իր արածի մասին:

80-ականների վերջին Թաթուլ Կարապետյանը Մարտունու երաժշտական դպրոցում երեխաներին դուդուկ նվագել էր սովորեցնում, ուներ  իր ընտանիքը. արդեն երեք երեխաների հայր էր: Երբ հնարավորություն է ստեղծվում  պատմական հայրենիքից մի փոքր մաս անգամ վերադարձնելու, Կարապետյանն առանց մտածելու, ոգևորությամբ  գործի է անցնում:

1987-ի ամռանն արդեն նա Մարտունիում ստորագրություններ էր հավաքում Ղարաբաղի` Հայաստանին միանալու օգտին: 1987-ի վերջին Երևանում ստեղծվում է «Հայ դատ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը: Մարտունիում կազմակերպության մասնաճյուղը ղեկավարում է Կարապետյանը: Հիշում է, որ իրենց շտաբ կոչվածը մի սենյակ էր Մշակույթի պալատում: Պատին ամրացրել էր Հայաստանի քարտեզը, որը կլիներ, եթե կյանքի կոչվեր Սևրի պայմանագիրը: Ասում է, որ հայոց պատմության մասին զրույցներից հետո հանկարծ մարդիկ, որոնցից չէր էլ սպասում, հայտարարում էին, որ իրենք էլ են զինվորագրվում:

1988-ի փետրվարի 25-ին Կարապետյանի ջանքերով Մարտունիում կազմակերպվում է քաղաքի պատմության մեջ առաջին բազմահազարանոց ցույցը: Նույն գիշերը տուն են այցելում ոստիկանները և Կարապետյանին բաժին տանում: Անփորձ երիտասարդը փորձության առջև է կանգնում. չգիտեր` ինչպես իրեն պահի, որ հարցին պատասխանի և որին` ոչ: Մեղադրում էին հակասովետական քարոզչության մեջ: Մեղադրականը, սակայն, հրաժարվում է ստորագրել: Մի քանի ժամ հարցաքննությունից հետո բաց են թողնում, սակայն հետագայում պարբերաբար կանչում են:

«Երբ նպատակ կա, էլ բռնելն աչքիդ չի գալիս»,- ասում է Կարապետյանը` խոսելով իրավիճակի մասին, երբ ամեն վայրկյան որպես հակապետական գործիչ կարող էր ազատազրկվել:

1988-ի նոյեմբերի 24-ին Վարդենիսի Շաֆակ գյուղում թուրքերը կրակել էին մարտունեցիների մեքենաների վրա:  Երբ լուրը Մարտունի է հասնում, բնակչությունը հավաքվում է` ամեն գնով Վարդենիս հասնելու մտադրությամբ: Կարապետյանը հանգստացնում է բնակչությանը և խումբ ուղարկում Շաֆակ` իրավիճակը պարզելու:

Շտապ սկսում են հավաքագրել որսորդական հրացանները: Այս շրջանում զենքի պակասն ինչ-որ կերպ լրացնելու համար գործարաններում սկսում են ինքնաշեն նռնակ պատրաստելու փորձեր անել Երևանից բերված մի նռնակի օրինակով: «Ուազ» մակնիշի  մեքենայի վրա էլ ալազան տիպի հրթիռ են հավաքում, որը կիրառվում է Նոյեմբերյանի ինքնապաշտպանական մարտերում:

Մեկ-երկու օրվա ընթացքում 60-70 հոգանոց խումբ է ձևավորվում` զինված որսորդական հրացաններով: Խումբը  կազմ-պատրաստ սպասում է Արծվանիստում` հարկ եղած դեպքում լեռներով Վարդենիսի հայությանն օգնության հասնելու համար (ռուսական կայազորը փակել էր ճանապարհը Կարճաղբյուր գյուղի մոտ և թույլ չէր տալիս անցուդարձ անել):

Նույն ամսում էլ  Հայ դատի Մարտունու գրասենյակը ձեռնամուխ է լինում հարևան Վարդենիսի տարածաշրջանը ադրբեջանցիներից  մաքրելու ծրագրին: Համագործակցում են Վարդենիսի ռայկոմի երկրորդ քարտուղար Կորյուն Հակոբյանի հետ: Քննարկում և որոշում են, որ ադրբեջանցիները պետք է հնարավորինս հանգիստ ու անվնաս հեռանան, որպեսզի հանկարծ Մոսկվան չմիջամտի: Դեկտեմբերի 2-ին արդեն ադրբեջանցիների  բեռներով վերջին մեքենաներն են հեռանում Վարդենիսից: Հայերը մեքենաներով նրանց  ուղեկցում են մինչև սահման` հնարավոր բախումները բացառելու համար:

«Օրհասական էր Հայաստանի մաքրումը: Իրենք ամենուր էին ու բազմապատիկ արագ բազմանում էին: Մասիսում, Վարդենիսում, Ամասիայում ու այլ տեղերում թուրքեր էին, մեր բոլոր սահմաններին իրենք էին ապրում: Այնքան էին շատացել, որ Վարդենիսում գործկոմի նախագահը պարտադիր թուրք էր լինում,- ասում է Կարապետյանը և հայերի զսպվածությունը, թուրքերին անվնաս ճանապարհելն այսպես բացատրում:- Եթե Վարդենիսի շրջանից 40-50 հազար թուրք հեռանում են, ընդունենք` երկուսը սատկել են, ի՞նչ է փոխում դա, ոչ մի բան: Փոխեց էն, որ այսօր այդ տարածքում հայեր են ապրում, թուրքեր չկան»:

Ադրբեջանցիներին  հեռացնելուց հետո ձեռնամուխ են լինում  սահմանների պաշտպանությանը` սկսելով հենց Վարդենիսից:

1989-ին օգնության խնդրանքով «Հայ դատին»  են դիմում ԼՂԻՄ-ի  Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը: Մարտունեցիների կամավորների  առաջնային նպատակն է  դառնում Բերդաձորի չորս հայկական գյուղերի անվտանգությունն ապահովելը, որը և պատվով կատարում են:

«Բերդաձորը չորս կողմից թուրքերի շրջապատման մեջ էր: Մինչև Գորիսի սահմանը բոլորը թուրքեր էին ապրում: Մենք էլ հասկանում էինք, որ Բերդաձորը կորցնելու դեպքում Գորիսից մինչև Ստեփանակերտ այլևս հայեր չեն լինի: Չորս փոքր գյուղեր էին, բայց հայեր էին ապրում,- ասում  է Կարապետյանը:- Մենք ստանձնեցինք Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերի պաշտպանությունը, ինչը ենթադրում էր  զինված խմբեր, պարբերաբար իրականացվող  հերթափոխ,  ուղղաթիռային թռիչքներ, քանի որ որևէ այլ տրանսպորտով հնարավոր չէր գնալ Բերդաձոր, ամենուր թուրքեր էին, դա նշանակում էր սնունդ, գրականություն և ամեն ինչ տեղի բնակիչների համար»:

Նախ Բերդաձոր էին ուղարկում խմբի անձնագրերը` տեղի գրանցում ապահովելու համար, հետո արդեն խումբն էր ուղղաթիռով մեկնում: «Կոլցո» օպերացիայի ժամանակ այնպես է ստացվում, որ պաշտպանող խմբից ոչ ոք Բերդաձորում չի լինում: Ադրբեջանցիները բացահայտում են զենքի թաքստոցները, գյուղից 5 ակտիվիստների էլ իրենց հետ են տանում: Նրանցից երկուսը խոշտանգումներից մահանում են:

Իրավիճակի թեժացմանը համընթաց` Մարտունեցի կամավորների խումբը  մասնակցում է նաև Նոյեմբերյանի, Խաչիկի և այլ բնակավայրերի պաշտպանությանը, հետո արդեն Արցախում  մասնակցում են մարտերին  Քաշաթաղում, Մարտակերտում, Քարվաճառում:

92-ից արդեն կամավորներին են միանում նոր կազմավորվող բանակի առաջին զինվորները: Կարապետյանն ասում է, որ երիտասարդ զինվորներն իրենց քաջությամբ ու մարտական ոգով չէին զիջում:

«Քարվաճառում մի դիրք կար, որին  անընդհատ ականանետներով հարվածում էին: Բայց մեր երիտասարդ զինվորներից և ոչ մեկը չթողեց դիրքը: Նույն դիրքում մի օրվա ընթացքում երեք մարտունեցի զոհվեց,- հիշում է նա:- Մի անգամ էլ մայրաքաղաքային գնդից 10-15 զինվոր մեզ մոտ եկան, պայթեցումներ պիտի անեինք: Գիշերը զինվորներին պատմեցի 1901-ի Առաքելոց վանքի կռվի մասին: Մյուս օրը բեռներով ու զենքով մինչև 3500 մետր բարձրության հասանք, այդ  երեխաներն իրենց բեռը ոչ մեկին չտվեցին. ֆիդայիների պատմությամբ ոգևորված էին»:

Երբ պատերազմն ավարտվում է, Կարապետյանը հայրենի օջախ է վերադառնում` հրաժարվելով կապիտանի կոչումից, որ ցանկանում էին շնորհել իրեն: Որոշ ժամանակ շարունակում է դասավանդել երաժշտական դպրոցում, ապա  նշանակվում է շրջանի մշակույթի բաժնի վարիչ, հետո` Գավառում` մարզպետարանում,  համապատասխան բաժնի գլխավոր մասնագետ: 2002-ից «Մարտունի  ՋՕԸ»-ի տնօրենն է:

Խոսելով 1988-ի և ներկայում տիրող մթոնոլորտի մասին` Կարապետյանն ասում է, որ այն ժամանակվա միասնությանը  գուցե էլ չկարողանանք հասնել: Ասում է, որ այն ժամանակ հեռուստատեսությունը, տպագիր միջոցները, դպրոցն ազգային արժեքներ ու մշակույթ էին քարոզում, ինչն էլ ազգային զարթոնքի հիմք դարձավ: Մինչդեռ այսօր ոչ միայն ազգայինը չի քարոզվում, այլև «ամեն վատ բանի վրա ազգայինի պիտակն են կպցնում, որ մարդ հիասթափվի ու հրաժարվի ազգայինից»:

Tags: , ,