ՀՈՎՀԱՆՆԵՍ – ՍՄԲԱՏ Գ թուլակամ, անփառունակ գահակալը

դրոշՀայոց պատմությունը հարուստ է փառահեղ, հայրենանվեր գործիչներով: Ցավոք, հայոց պատմության մեջ ունեցել ենք նաև թուլամորթ ու անկամ, անփառունակ գործիչներ, որոնք պատասխանատու պահին, չկարողանալով վեր դասել հայրենյաց շահը անձնական հավակնություններից, ձախողվել են` դառնալով մեծ ողբերգության գլխավոր դերակատար:

Նման գործիչներից էր Բագրատունյաց Հայաստանի Հովհաննես-Սմբատ Գ թագավորը (1020-1041):

Հովհաննես-Սմբատը հորից` Գագիկ Ա Բագրատունուց (990-1020) ժառանգեց մեծ ու հզոր թագավորություն: Իր երկարատև գահակալման շրջանում Գագիկ Ա-ն կարողացավ նվաճումներով մեծացնել իր տերության սահմանները, ամրապնդել հայոց թագավորության դիրքերը: Գագիկ Ա-ն իր ժամանակի հզոր տիրակալներից էր և արտաքին քաղաքականության մեջ կարող էր անգամ արհամարհել Բյուզանդիայի շահերը: Նա կարողացավ Կովկասում իր գահերեցությամբ ստեղծել մի հզոր դաշնակցություն, որն ի զորու էր դիմագրավելու ցանկացած մարտահրավերի:

Ահա այսպիսի պետություն պիտի ժառանգեր Հովհաննես-Սմբատը:

Գագիկ Ա-ն երեք որդի ուներ` Հովհաննես-Սմբատ, Աշոտ և Աբաս: Աբասի մասին պատմությանը քիչ բան է հայտնի:

Ավագության իրավունքով հայոց գահը պետք է ժառանգեր Հովհաննես-Սմբատ Գ-ն: Սակայն, ինչպես պատմիչներն են նշում, Հովհաննես-Սմբատն ամենևին էլ արքայավայել կեցվածք չուներ: Նա հսկայամարմին էր, թանձրամորթ, թուլակամ ու ոչ պատերազմիկ: Հովհաննես-Սմբատը հմուտ էր միայն եկեղեցիական գրքերի ուսումնասիրման ու ընթերցանության մեջ: Չեր սիրում սուր գործածել և առհասարակ հմուտ չէր պատերազմի և երկիր կառավարելու գործում:

Նրա հակապատկերն էր կրտսեր եղբայրը` Աշոտը, որ ժամանակակիցների հավաստմամբ` քաջ էր ու պատերազմիկ, հմուտ մարտիկ էր, խոր ու սուր մտքի տեր անձնավորություն և չէր երկնչում երբևէ:

Ահա երկու եղբայրների միջև Գագիկ Ա-ի մահից հետո պայքար է ծավալվում հայոց գահին տիրելու համար: Պետք է նշել, որ երկփեղկված էր նաև հայոց ավագանին: Հայոց զինվորականությունը` ռազմատենչ Պահլավունի իշխանների հրամանատարությամբ, համակրում էր Աշոտ արքայազնին:

Հովհաննես-Սմբատի կողմնակիցն էին իշխանների մի մասը և հայ կղերականությունը` կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի (1019-1058) գլխավորությամբ:

Հայ կղերականությունը բավական ազդեցիկ էր Հայաստանում: Բանն այն է, որ հոգևորականությունը ցանկացած իշխանից պակաս հզոր չէր իր սոցիալական դիրքով ու ունեցվածքով: Հայ եկեղեցին ուներ անհամար հարստություն` կալվածքներ, ագարակներ, սեփական գյուղեր…

Հայ եկեղեցին նաև ողջ հայությունից տասնորդ էր գանձում և դարերի ընթացքում ժողովրդի հաշվին կուտակելով  մեծ հարստություն` մեծ ազդեցություն ու իշխանություն էր ձեռք բերել երկրում: Դրան գումարած` հայոց կաթողիկոսի ձեռքին էր երկրի դատական իշխանությունը, որը նրան տալիս էր նաև որոշ վարչական իրավասություններ և հիմք` միջամտելու երկրի ներքին և արտաքին գործերին:

Այս պայմաններում, բնականաբար, հայոց հոգևորականության համակրանքը պիտի Հովհաննես-Սմբատ թուլամորթ ու անկարող թագաժառանգի կողմը լիներ, քանզի նրա գահակալման դեպքում հայոց ռազմատենչ զինվորականությունը հետին պլան կմղվեր և կաթողիկոս Պետրոս Ա-ի դիրքերը հայոց արքունիքում էլ ավելի կամրանային:

Ինչևէ: Այս հակամարտությունները զինված բախման են հանգում և Հայաստանում քաղաքացիական պատերազմի տեղիք են տալիս: Պետք է նշել, որ եղբայրասպան այս պատերազմին պետական բանակը չի մասնակցել: Համենայն դեպս, դրա մասին հիշատակություններ չկան: Վասակ Պահլավունի սպարապետը, չնայած իր համակրանքին առ Աշոտ Բագրատունին, հետ է քաշում հայոց զորագնդերն այդ  կործանարար կռվից: Պետք է ենթադրել, որ ռազմական բախում եղել է երկու թագավորազուն եղբայրների անձնական զորագնդերի միջև:

Շուտով պատերազմը դուրս է գալիս Բագրատունյաց տիրույթների սահմաններից, քանզի Աշոտ Բագրատունին օգնական զորք է խնդրում Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունուց, որը, ի դեպ, հայոց արքայազների հետ կապված էր խնամիական կապերով և ստանում է օգնական զորք:

Սենեքերիմ Արծրունին շահագրգռված էր Աշոտի հաղթանակով, քանզի նրան ևս ձեռնտու էր հայոց գահին տեսնել քաջ ու պատերազմիկ Աշոտին, քան թուլակամ Հովհաննես-Սմբատին: Վասպուրականի թագավորությունը մշտապես բյուզանդական և սելջուկյան սպառնալիքի տակ էր, և Սենեքերիմը հուսալի ու հզոր դաշնակցի կարիք ուներ:

Ամբողջ մեկ տարի արքայազուն եղբայրները ավերում են միմյանց կալվածքները: Ի վերջո, վճռական ճակատամարտում Աշոտ Բագրատունին հաղթում է: Հովհաննես-Սմբատի բանակը փախչում է` լքերով իր տիրոջը, որը գերվում է և հանձնվում եղբոր ողորմածությանը: Աշոտ արքայազնը անողոք է գտնվում եղբոր նկատմամբ. նրան հանձնելով Ապիրատ Պահլավունի իշխանին` կարգադրում է մահապատժի ենթարկել և փութալ Անի` կազմակերպելու այնտեղ Աշոտի հանդիսավոր ընդունելությունը:

Սակայն Ապիրատ իշխանը Աշոտի հրամանը կատարելու փոխարեն շտապում է Անի և այնտեղ ազատ է արձակում Հովհաննես-Սմբատին:

Հովհաննես-Սմբատը վերակազմավորում է իր բանակը, և կռիվը նոր թափ է ստանում:

Ի վերջո, գործին միջամտում են հայոց ավագանին, կաթողիկոսը և վիրա-աբխազական թագավոր Բագարատ Դ-ն: Եվ պատերազմը դադարում է:

Անիում կողմերի միջև կնքվում է համաձայնություն, ըստ որի` Հովհաննես-Սմբատ Գ-ն հռչակվում է թագավոր Անիի և շրջակա տարածքների վրա, իսկ Հայաստանի մնացյալ հատվածում թագավորում է Աշոտ Դ-ն (1020-1041):

Պատմիչները չեն ավանդում, թե եղբայրներից ով է ժառանգում «շահնշահ հայոց և վրաց» տիտղոսը: Հավանաբար դա ժառանգել է Աշոտ Դ-ն, քանզի նա թագավոր էր «ի դրուց աշխարհի»` այսինքն` Անիից դուրս գտնվող աշխարհի վրա:

Պայմանագրի համաձայն` Աշոտ Դ-ն իրավունք չուներ երբևէ մուտք գործելու Անի մայրաքաղաք մինչ Հովհաննես-Սմբատ Գ-ի մահը:

Ինքը` Հովհաննես-Սմբատը, ժառանգ չուներ: Պատմիչ Արիստակես Լաստիվերցու վկայությամբ, Հովհաննես-Սմբատ Գ-ն որդի է ունեցել Երկաթ (հավանաբար` Աշոտ) անունով, որ մահացել է մանկահասակ տարիքում: Եվ եղբայրների միջև կնքված համաձայնագրի համաձայն` Հովհաննես-Սմբատ Գ-ի մահից հետո հայոց երկիրը պետք է վերամիավորվեր Աշոտ Դ-ի թագի ներքո:

Հավանաբար վաղաժամ է մահացել նաև Հովհաննես-Սմբատ Գ-ի կինը, քանզի հետագայում` 1032 թ. նա ամուսնացավ Բյուզանդիայի Ռոմանոս Գ Ագիրոս կայսեր եղբոր դստեր հետ, սակայն այդպես էլ ժառանգ չունեցավ:

Ահա այսպիսի տհաճ իրադարձություններով սկսեց Հովհաննես-Սմբատ Գ-ն իր անփառունակ թագավորությունը Հայաստանում:

Շուտով մեծ բանակով Արևելք է արշավում բյուզանդական հայազգի կայսր Վասիլ Բ Բուլղարասպանը: Սկսված վրաց-բյուզանդական պատերազմում ջախջախվում է վրացական բանակը: Հովհաննես-Սմբատ Գ-ն անխոհեմ է գտնվել և զինական աջակցություն է ցուցաբերել վրացիներին: Բյուզանդիայի կայսեր ցասումը կանխելու համար նա 1022 թ. Տրապիզոն` կայսեր մոտ արտակարգ լիազորություններով բանակցելու է ուղարկում իրենից ոչ պակաս անփառունակ գործչի` ամենայն հայոց կաթողիկոս Պետրոս Ա-ին, որն աչքի էր ընկնում ոչ միայն իր հունասիրությամբ, այլև` արծաթասիրությամբ:

Գերազանցելով իր լիազորությունները` Պետրոս կաթողիկոսը Տրապիզոնում Հովհաննես-Սմբատ Գ-ի անունից կտակ է գրում, որի համաձայն` հայոց արքայի մահից հետո հայոց թագավորությունը կտակվում էր Բյուզանդիային:

Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ կաթողիկոսը դավաճանում է հայրենիքը:

Կաթողիկոսի դավաճանությունը կոծկելու համար շուտով եկեղեցին հորինում և շրջանառության մեջ է դնում այն հեքիաթը, թե իբր, 1022 թ. հունվարի 6-ին` Ջրօրհնեքի օրը, կայսրն անձամբ է խնդրում կաթողիկոսին, որ վերջինս կատարի Ջրօրհնեքի ծեսը: Եվ երբ Պետրոս Ա դավաճանը խաչը ջուրն է գցում, իբր գետը սկսում է հոսել իր հոսանքին հակառակ: Այդ իսկ պատճառով Պետրոս Ա-ն պատմության մեջ մտավ Գետադարձ մականվամբ:

Ինչևէ, պատմությունը փաստում է, որ նման հեքիաթախառն առասպելները միշտ ծնվում են որևէ ծանր հանցանք քողարկելու համար: Իսկ հայոց կաթողիկոսի դավաճանությունն աններելի էր: Նրան չներեց անգամ Հովհաննես-Սմբատ Գ-ի պես թուլամորթ ու ապիկար գահակալը: Երբ կաթողիկոսը չորս տարի բյուզանդական Հայաստանում մնալուց հետո վերադարձավ հայրենիք` վայելելու իր դավաճանության արդյունքում ստացած Գետադարձ տիտղոսը` թագավորը նրան կարգալույծ անել տվեց, արգելափակեց Բջնիի ամրոցում` Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կալվածքում և նրա փոխարեն կաթողիկոս օծել տվեց Դիոսկորոս Սանահնեցուն:

Սակայն Պետրոս Ա Գետադարձի ազդեցությունը մեծ էր, և նրա հետևորդները չընդունեցին Դիոսկորոս կաթողիկոսին: Նրան շարունակ անարգում էին, անգամ եկեղեցում հարձակցեցին նրա վրա, պատռեցին նրա վեղարը: Դիոսկորոս Սանահնեցին, որ գիտնական էր, աստվածավախ ու բարոյական մարդ, ի վերջո, հրաժարվեց կաթողիկոսական գահից: Հայ եկեղեցին նրան այդպես էլ կաթողիկոսների անվանացանկում չներառեց: Պետրոս Գետադարձ դավաճանը 1045 թ. խաբեությամբ Գագիկ Բ արքային (1042-1045) ուղարկեց Բյուզանդիայի մայրաքաղաք` Կոստանդնուպոլիս և նրա հետևից` Անիի բանալիները` այն գրավելու հրավերով:

Հետագայում Հովհաննես-Սմբատը որևէ արժանահիշատակ գործ չկատարեց: Հայտնի է միայն, որ նա 1038 թ. նորոգել է Հռոմոսի վանքը և 1040 թ. զինական աջակցություն ցուցաբերել Լոռվա Տաշիր-Ձորագետի գահակալ Դավիթ Ա Անհողինին` (990-1048) Դվինի էմիրության դեմ պայքարում: Երբ Դվինի ամիրան հարձակվում է Լոռվա թագավորության վրա, Դավիթ Անհողինը սպառնալիքով օգնական զորք է պահանջում Հովհաննես-Սմբատից` ասելով, որ եթե նա մերժի, կմիանա Դվնո ամիրային և իր երկիրը կխավարեցնի: Ահաբեկված Հովհաննես-Սմբատ արքան 4000-անոց օգնական բանակ ուղարկեց Լոռվա թագավորին:

Հովհաննես-Սմբատ արքան թագավորեց 21 տարի և մահացավ 1041 թ.:

Պետք է նշել, որ հենց նրա գահակալման օրոք սկսվեց Բագրատունյաց թագավորության անկումը, որի հոգեվարքը արագացրին հենց դավաճան կաթողիկոսն ու թուլամորթ թագավորը:

 

Tags: , ,