Լեգենդար «Արարատի» հաղթանակների հոբելյանը նշվեց նեղ «կրուգում»

արարատ73Բոլորն անհամբերությամբ էին սպասում Երևանի փառաբանված «Արարատ» ֆուտբոլային թիմի ԽՍՀՄ գավաթակիր և չեմպիոն դառնալու 40-ամյա հոբելյանին:

Բայց ի պատիվ լեգենդար թիմի համաժողովրդական տոնախմբություն չկազմակերպվեց: Հոբելյանը նշվեց նեղ «կրուգում»:  

Ի դեպ, մտավախություն կար, որ փառապանծ թիմի հոբելյանը կարող է ոչ պատշաճ կազմակերպվել: Այժմ կարելի է ասել, որ այդ տագնապներն անհիմն չէին: Նախ արձագանքեց Հայաստանի հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի և կուրորտների հարցերի ենթահանձնաժողովը: Ընդլայնված նիստում  քննարկվել և հավանության էր արժանացրել հոբելյանը շուքով նշելու և մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ հուշահամալիր կառուցելու մտահղացումը: Սակայն հոբելյանն անցավ գրեթե աննկատ, հուշահամալիրն էլ չկառուցվեց:

Որևէ վայրում համընդհանուր տոնախմբություն չկազմակերպվեց, մարզասերները հայտնվեցին իրադարձություններից դուրս, «Արարատի» այն տարիների գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը Երևան չեկավ և այլն:

Փորձեցինք պարզել, թե գո՞հ է հոբելյանի առիթով կազմակերպված միջոցառումներից «Արարատի» այն տարիների պետ Հովհաննես Աբրահամյանը:

- Իհարկե, շնորհակալ ենք այն ղեկավար դիրք զբաղեցնող պաշտոնյաներից, որոնք հիշեցին, ֆուտբոլիստներին մեծարեցին, պարգևներ հանձնեցին: Բայց ամեն ինչ չէ, որ հաջող էր, թեև թիմի ներկայացուցիչները հրավիրվեցին «Հարսնաքար» ռեստորան, մեդալներ ստացան: Մինչև այդ Ագարակ գյուղում  «Արարատի» հաջողությունների պատվին հուշարձան էր տեղադրվել: Ներկա էր նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:

 - Թերևս նկատի ունեք, որ մեր ժողովուրդն անմասն մնաց այդ իրադարձություններից: Մարզասերները ցանկանում էին հանդիպել հերոսացած թիմի ներկայացուցիչներին, նրանց խոսքը լսել, տեսնել: Գուցե մարզադաշտում որևէ միջոցառում կարելի էր կազմակերպել կամ որևէ մեծ դահլիճում` հանդիսավոր արարողություն: Առավել ևս, որ խաղացողներից ոմանք հեռավոր երկրներից էին եկել: Թերևս նրանց բաղձալի նպատակը չէր ՀՖՖ նախագահի ռեստորանում ճաշկերույթի մասնակցելը, չնայած ներկա էր նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչո՞ւ այդպես եղավ, ծրագիր չկա՞ր:

- «Արարատի» վետերանների խորհուրդը գլխավորող Սերգեյ Պողոսյանը հնարավորն արել էր, որ ամեն ինչ տեղը-տեղին կազմակերպվի, բայց իրագործելի էր այդքանը: Հավանաբար նա աջակցության էր սպասում, սակայն Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության  և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այլ ծրագրեր ունեին: ԱՄՆ-ից, Ռուսաստանից եկած արարատցիները վերադարձան: Նրանք և մյուսները միջոցառումներից գոհ էին, թե ոչ, դժվարանում եմ ասել: Ընդհանրապես լեգենդար թիմի խաղացողները շատ են ուրախանում, երբ կրկին միասին հավաքվելու առիթ է լինում: 

- Եվ հետևանքը եղավ այն, որ տուժեց ֆուտբոլասերը:

- Ինքս կոշտ արտահայտություններ չեմ ցանկանում անել, քանի որ իմ ասածները որոշ մարդիկ ծանր են տանում: Պարզապես թողնում եմ առանց մեկնաբանության…

 - Ֆուտբոլիստների միջև միշտ էլ դժգոհություններ են լինում, երբ նրանցից որևէ մեկը  ավելի մեծ պարգևավճար է ստանում: Այս անգամ էլ  կարծես շատ ու քչի տարբերություն եղավ. ոմանք համեմատաբար ավելի բարձր պարգևների արժանացան, քան մյուսները:

- Իհարկե, բոլորն էլ ամենայն մեծարանքի էին արժանի: Ոմանք նեղացան, եղան դժգոհողներ, ոմանք էլ գոհ մնացին: Մամուլում էլ նշվել է, որ ֆուտբոլիստներին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի շնորհած Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումը գոյություն չունի, չկա, հորինված է:

 - Կա այդպիսի կոչում, կան նաև այլ կոչումներ: Հավանաբար չիմացությունից կամ կրակի վրա յուղ լցնելու ցանկությունից է այդպիսի մեկնաբանություն արվել:

- Ուրեմն, ուրախալի է, որ թեև ուշացումով, բայց մեր ֆուտբոլիստներն այդպիսի պատվի են արժանացել:

 - Իսկ Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ կառուցվելիք հուշահամալիրի մասին ի՞նչ կասեք: Ինչո՞ւ այդ մտահղացումն էլ չի իրականացվում:

- Այդպիսի ցանկություն կար, բայց խոչընդոտներ առաջացան: «Հրազդան» մարզադաշտը պատականում է Աշոտ Աղաբաբյանին: Նա էլ իր համաձայնությունն է տվել: Այդուհանդերձ, այժմ հայտնվել ենք փակուղում: Անհրաժեշտ է լուծել կառուցման թույլտվության հարցը, նաև ֆինանսների կարիք կա:

Ինչպես կառուցել փառաբանված թիմի հուշահամալիրը

Զրուցեցինք նաև Հակոբ Փոթիկյանի հետ, որը պատրաստել է հուշահամալիրի մանրակերտը: Նախ նրան խնդրեցինք պատմել իր մասին:

- Նախկինում ֆուտբոլիստ եմ եղել, 1960-ականներին խաղացել եմ Ֆրունզեի «Ալգա», Դրեզդենի ԳՍՎԳ  բանակային թիմերում: Հետո ղեկավարել եմ Երևանի ֆուտբոլի դպրոցը: Այնուհետև բնակություն  եմ հաստատել ԱՄՆ-ում, բայց  նորից վերադարձել եմ: Հայրս` Սերգեյը, բազմաշնորհ մարդ էր` շինարար, քանդակագործ, Երևանում մի շարք խոշոր կառույցներ է կյանքի կոչել: Այնպես որ մանկուց եմ տեսել, սովորել, ժառանգաբար այդ ամենն իմ մեջ արմատավորված է: Հովհաննես Աբրահամյանի ծննդյան 80-ամյա  հոբելանի առիթով, մեկ տարի առաջ նրա կիսանդրին էի պատրաստել: Աբրահամյանն էլ առաջարկեց բոլոր արարատցիների համար նույն բանն անել և հուշարձանախումբ ստեղծել: Այդպես էլ ծնվեց հուշհամալիր ստեղծելու մտահղացումը: Կոմպոզիցիան այսպիսին է. «Արարատի» նվաճած ԽՍՀՄ բյուրեղապակյա երկու գավաթներն են, ԽՍՀՄ առաջնության ոսկե և արծաթե մեդալները: 18 դիմաքանդակ է: Երկու մարզիչներներն են` Նիկիտա Սիմոնյանը, Հարություն Քեհյանը, թիմի պետը` Հովհաննես Աբրահամյանը և մեդալներ ստացած «Արարատի» 15 խաղացողները: Վերևում Արարատ լեռն է, որի անունով կոչվում է թիմը: Առջևում խորհրդանշական մարզադաշտ է, կան նստատեղեր: Զբոսաշրջիկները կարող են արարատցիների դիմաքանդակների առջև նստել և լուսանկարվել:  Այդ ամենը պատմություն է, մարդկանց կհետաքրքրի: «Հրազդանի» ղեկավարությունն առաջարկել է, որ հուշահամալիրը տեղադրվի տոմսարկղերի ձախ մասում: Անհրաժեշտ է 25-30 հազար դոլար: Մնում է, որ հովանավոր գտնվի: 

- Դիմե՞լ եք «Արարատ» ակումբի արտասահմանցի ղեկավարներին` մեծահարուստ Վարդան Սրմաքեշին, Հրաչ Կապրիելյանին:

- Առայժմ ոչ: Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի քննարկումից հետո խնդրին ծանոթացել է վարչապետը, տեղյակ է նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը: Սպասում ենք…

 - Անկախ ամենի ինչից, եթե հանգանակություն կազմակերպվի, ժողովուրդն էլ կարող է աջակցել:

- Եթե թույլատրվի և համապատասխան հանձնաժողով ստեղծվի, հնարավոր է նաև այդ քայլին դիմել: Կասկած չկա, որ մեծ թվով աջակիցներ կլինեն:

- Վստա՞հ եք, որ արարատցիների դիմաքանդակները բնականին նման կլինեն, խոսակցությունների տեղիք չե՞ն տա:

- Իհարկե, պետք քանդակներն իրենց հերոսների նման լինեն: Դա կարևոր նախապայման է: Ի դեպ, աշխատանքում ես մենակ չեմ լինելու: Օգնելու են երկու ճանաչված քանդակագործներ: Ցանկալի է, որ դիմաքանդակները բրոնզաձույլ լինեն: Հնարավոր է, որ դրանք պատրաստվեն մարմարից: Ամեն ինչ կախված կլինի ֆինանսական հնարավորություններից: Հուշարձանը 8,5 մ երկարություն և 4,5 մ բարձրություն է ունենալու:

 

Tags: