Անցած շաբաթ կառավարությունն ԱԺ-ին ներկայացրեց օրենքի նոր նախագիծ, որով, մասնավորապես, նախատեսվում է վերացնել գործազրկության համար տրվող 18 հազար դրամ նպաստները: «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» օրենքին փոխարինելու է գալիս «Զբաղվածության մասին» նոր օրենքը, ըստ որի` երկրում հաշվառված գործազուրկներին պետությունն այլևս նպաստ չի տրամադրելու:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիմնավորում է, թե քաղաքացիները նպաստ ստանալու հույսով աշխատանք չեն փնտրում: Մարդիկ թաքնված զբաղված են և նրանց չի հետաքրքրում աշխատանքը. գրանցվել են 18 հազար դրամ կորզելու համար: Իհարկե, չի բացառվում, որ կլինեն նման մարդիկ, սակայն տասնյակհազարավոր են այն մարդիկ, որոնք իսկապես աշխատանք չունեն, իսկ գործակալությունը նրանց առաջարկում է հիմնականում մինչև 60 հազար դրամ աշխատավարձով աշխատանք:
Հայաստանում, 2013 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ, աշխատանք փնտրողների թիվը կազմում է 67.7 հազար մարդ, աշխատանք փնտրողներից 48.5 հազարը կանայք են, 18 հազարը` երիտասարդ: Օգոստոս ամսվա ընթացքում զբաղվածության պետական գործակալություն է ներկայացվել 2458 թափուր աշխատատեղի հայտ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.4 տոկոսով: Փաստորեն, 68 հազար գործազուրկին առաջարկում են ընդամենը 2400 աշխատատեղ ու եզրակացնում, որ աշխատանք կա, բայց մարդիկ չեն գնում աշխատելու, որովհետև գերադասում են ստանալ 18 հազար դրամ նպաստ:
Առհասարակ միջազգային մի հետաքրքիր պրակտիկա կա այս առումով: Մարդը, իր մասնակցության արդյունավետությունից ելնելով, գնահատական է տալիս, թե որ ծրագիրն է առավել արդյունավետ գործում: Այսինքն` եթե քաղաքացին նախընտրում է 18 հազար դրամ գործազրկության նպաստը և դրա դիմաց չի մտնում ակտիվ ծրագիր` ստանալու 150 հազար դրամ աշխատավարձ, նշանակում է, որ 150 հազար դրամանոց ծրագիրն արդյունավետ չէ: Եվ քաղաքացին իր մասնակցությամբ, փաստորեն, պետք է հուշի կառավարությանը, թե որ ծրագիրն է առավել արդյունավետ:
Բայց արի ու տես, որ օրենքի նախագծի քննարկման ժամանակ էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Նախորդ տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ունենք խիստ անարդյունավետ համակարգ. նպաստների 94 տոկոսն էր հասնում այն մարդկանց, որոնք աշխատանք էին փնտրում և միայն 6 տոկոսն էր հասնում շահառուներին: Սա մեր երկրի համար արդյունավետ համակարգ չէ: Մենք ուսումնասիրել ենք նաև միջազգային փորձը, շատ երկրներ այսպիսի համակարգ չունեն, աղքատ երկրների համար այս համակագը չի կարող արդյունավետ լինել»:
Իհարկե, կան դեպքեր, որ թաքուն աշխատող է գրանցվել զբաղվածության գործակալությունում, կան դեպքեր, որ մարդը հրաժարվել է կատարել 60 հազար դրամ աշխատավարձով աշխատանք, բայց այդ փոքրաթիվ դեպքերի պատճառով 70 հազար մարդու զրկել նպաստից նույնն է, թե մեկ պաշտոնյայի կաշառք վերցնելու դեպքում, կաշառակերության համար դատես ամբողջ կառավարությանը:
Միջազգային պրակտիկան այլ փորձեր էլ ունի
«Խնդիրն այն է, որ զբաղվածության քաղաքականությունը, ինչպես շատ երկրներում է կիրառվում, նպատակ ունի տվյալ երկրի քաղաքացիներին ներգրավել եկամտաստեղծ գործունեության մեջ, ոչ թե զուտ ձևական զբաղվածության ծրագրեր իրականացնել: Մինչդեռ ներկայացված օրինագիծն անդրադառնում է զբաղվածության քաղաքականությանը ոչ թե իբրև եկամտաստեղծ գործունեության մեջ մարդկանց ներգրավելու գործիքի, այլ իբրև պետության` նվազագույն պարտավորություններից խուսափելու միջոցի: Անգամ գործող, բայց թերի օրենքի պայմաններում կան զբաղվածության պասիվ ծրագրեր, որոնց մի զգալի հատվածը պարզապես վերացվում է այս նոր նախագծով»,- նոր օրենքի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնում ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Փաստորեն այսօրվա դրությամբ գործազրկության խնդրին ուղղված երկու տիպի պասիվ ծրագիր կա: Առաջինը գործազրկության նպաստի ծրագիրն է, երբ մարդուն շնորհվում է գործազուրկի կարգավիճակ և տրվում է գործազուրկի նպաստ` 18 հազար դրամ, որ մինչև աշխատանք գտնելը կարողանա գոնե ընտանիքի նվազագույն կարիքները հոգալ: Երկրորդը հասարակական վարձատրվող աշխատանքներն են:
Մի խոսքով, պարզվում է` սրանից հետո կառավարությունն այդ գործազուրկներին տրվող նպաստներն ուղղելու է դարձյալ գործազուրկներին, բայց արդեն աշխատատեղեր ստեղծելու գործին, ոչ թե «մուրացկանություն զարգացնող» նպաստներին, ինչպես ԱԺ-ում այս թեմայով քննարկումների ժամանակ նշեց ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը:
Սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ սոցիալական աջակցությունը ոչ թե նպաստի կամ թոշակի ձևով են հասցնում կարիքավորներին, այլ անուղղակի, օրինակ` աշխատատեղեր ստեղծելով գործազուրկների համար, տնտեսական ակտիվությունը բարձրացնելով, ինչ-ինչ ինքնագործունեության հնարավորություններ ստեղծելով, որպեսզի կարիքավորները նպաստ ստանալու փոխարեն իրենց հնարավորությունները, ունակությունները, կարողությունները ներդնեն ու իրենց համար ավելի արժանապատիվ կյանք ապահովեն:
Ինչպես ԱԺ-ում այս նախագծի քննարկման ժամանակ նշում էր օրինագիծը ներկայացնողը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, հենց ՓՄՁ ֆինանսավորմանն ու տարատեսակ ներդրումային ծրագրերին են ֆինանսավորելու գործազուրկներից կտրվող նպաստի փողերով, որպեսզի այդ ձևով, իբր, աշխատատեղեր ստեղծվեն և այլն:
Մի պահ մի կողմ թողնենք այն մտահոգությունը, թե կառավարությանը չի հաջողվի իր մատնանշած քաղաքականությունը կյանքի կոչել, և ընդունենք, որ այս անգամ, իրոք, կստացվի, օրինակ` 20 հազար նոր աշխատատեղ ստեղծել այն գործազուրկների համար, որոնց նպաստը կտրեցին: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում գործազուրկին նպաստից զրկում են միայն այն դեպքում, երբ նրա համար աշխատանքի հնարավորություն են ստեղծում կամ մի քանի անգամ նրան առաջարկում են աշխատանք, ու նա հրաժարվում է:
«Իրենք ասում են` զբաղվածության պասիվ ծրագրերը, ինչպիսիք են գործազրկության նպաստի ծրագիրը, ամսական վարձատրվող աշխատանքները, պետք է նվազեցնեն կամ վերացնեն’ փոխարինելով դրանք ակտիվ զբաղվածության ծրագրերով: Մենք ասում ենք` ոչ թե սրանք վերացրեք, այլ ակտիվ ծրագրեր առաջարկեք, սահմանենք, որ քաղաքացիները կարողանան կա՛մ ակտիվ, կա՛մ պասիվ ծրագրերում ընդգրկվել զուգահեռաբար»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Այսինքն` առանց կոնկրետ այլընտրանքային ծրագիր իրականացնելու, առանց իրական աշխատատեղ ստեղծելու` մարդկանց վերջին հույս 18 հազար դրամը չեն կտրում: Իսկ եթե անգամ կարծիք կա, թե առկա 18 հազար դրամն առանձնապես էական գումար չէր, քանի որ նվազագույն սպառողական զամբյուղից մոտ 3.5 անգամ քիչ է, դրանով նույնիսկ աղքատության գիծը չի հաղթահարվում, նույնպես սխալ է: Որովհետև եթե մարդը որևէ տեղ չի աշխատում, 18 հազար դրամն էլ է էական գումար:
Ի դեպ` Արծվիկ Մինասյանը նաև հիշեցրեց, որ երեք տարի առաջ կառավարությունը սկսեց գործազուրկներին 18 հազար դրամ վճարել: Իսկ մինչ այդ, ինչպես Աշխատանքի միջազգային կազմակերպության և Եվրոպական վերանայված սոցիալական խարտիայով էր ամրագրված, դա պետք է կազմեր նվազագույն աշխատավարձի 60 տոկոսը: 30 հազար դրամի պայմաններում դա կազմում էր 18 հազար դրամ: Հետո, երբ նվազագույն աշխատավարձը մի քանի տարի առաջ որոշվեց բարձրացնել, 60 տոկոսը փոխարինեցին 18 հազար դրամով, որպեսզի պահպանեն եղած չափը: Սա, անշուշտ, հակասում է ստանձնած միջազգային պարտավորություններին, քանի որ դրանցով ամրագրված է, որ պետությունը պետք է կատարի քաղաքացիներին աշխատատեղերով ապահովելու, նրանց սոցիալական վիճակը բարելավելու կամ ծանր սոցիալական վիճակը մեղմելու պարտականությունը: Իսկ մեր պետությունը, ինչպես արդեն նշվեց, փորձում է խուսափել իր պարտավորություններից:
Tags: նպաստ, տնտեսական
