Ինչպես է Արթուր Բաղդասարյանն ընտրվել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ

Բ-ԾՎերջերս, երբ զրուցում էինք վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Ասմարյանի հետ, նա հայտնեց, որ ՀՎՖ-ի ղեկավարության կազմում փոփոխությունները հրատապ պահանջ են: Եվ իրոք, դեպքերն այդ հունով ընթացան: Կազմակերպության համաժողով է անցկացվել, ֆեդերացիայի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ  Սուրիկ Խաչատրյանին փոխարինել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Թե ինչ է կատարվել, խնդրեցինք ներկայացնել Ասմարյանին:

- Հոկտեմբերի 9-ին անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ, որում  Սուրիկ Խաչատրյանը հայտնել է իր հրաժարականի մասին: Իսկ հոկտեմբերի 19-ին կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համաժողովը, որին 34 մարդուց ներկա էին 30-ը: Կար նախագահի մեկ թեկնածու: Արթուր Բաղդասարյանն առաջարկել էր իր օգնությունը և ցանկություն էր հայտնել գլխավորելու ֆեդերացիան: Եվ նա միաձայն ընտրվեց ֆեդերացիայի նախագահ:

 - Կայի՞ն մարդիկ, որոնք չմասնակցեցին, բոլո՞րն էին հրավիրվել:

- Կազմակերպության նախագահության նիստի ժամանակ կազմվել էր ցուցակ, թե ովքեր են մասնակցելու: Դժվարանում եմ ասել, թե ինչու են մի քանիսը բացակայել:

 - Ֆեդերացիայի աշխատանքը նախկինում փաստացի կատարում էր գլխավոր քարտուղարի, գործադիր տնօրենի պարտականությունները ստանձնած Ռազմիկ Սուլթանյանը: Նա, նաև ղեկավար կազմի մյուս անդամները մասնակցե՞լ են համաժողովին:

- Ոչ միայն Սուլթանյանը, այլև փոխնախագահները` Գոռ Ալեյանը, Կարեն Ասմարյանը, Երևանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը, նախագահության անդամները ներկա են եղել: Համաժողովի աշխատանքին մասնակցում էր նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Վերջինս հանդես եկավ բացման խոսքով: Ապա ընտրվեց համաժողովի անցկացման պատասխանատու, և ամեն ինչ կազմակերպվեց բնականոն հունով:

 - Իսկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հրավիրված մարդ եղե՞լ է:

- Կազմակերպչական հարցերով զբաղվել է գլխավոր քարտուղարը: Ինքս այդ օրերին Երևանում չեմ եղել: Ճիշտն ասած, տեղյակ չեմ, թե ինչ է արվել: Ինչքան ինձ է հայտնի, ՀԱՕԿ-ից հրավիրվածներ պետք է  լինեին, թե ինչո՞ւ նրանք չեն մասնակցել` չեմ կարող ասել:

 - Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համաժողովին, կազմակերպության նոր նախագահի ընտրություններին հաջորդել են իրադարձություններ, որոնք բոլորին են հայտնի: Խոսքը Երևանի օդանավակայանում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ՕԵԿ-ի  նախագահ Արթուր Բաղդասարյանի և ՀԱՕԿ-ի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, մեղմ ասած, բախման, ՀԱՕԿ-ի տարածած այն հայտարարության մասին է, որ ընտրություններն օրինական չեն: Նախկինում մի շարք մարզական ֆեդերացիաների ընտրություններ են կայացել` մեծ և փոքր թերություններով, բայց այդպիսի բան չի եղել: Ի՞նչն է այս անգամ կատարվածի այդպիսի բուռն արձագանքի պատճառը:

- Կարծում եմ, որ ամեն ինչ կհարթվի: Վոլեյբոլի ներկայացուցիչների միջև, թերևս, ինչ-ինչ անհարթություններ կան, սակայն հակամարտություններ չկան: Վոլեյբոլի ներկայացուցիչները միահամուռ ցանկություն են հայտնել, որ Արթուր Բաղդասարյանն ընտրվի կազմակերպության նախագահ: Եվ աշխատելու այն ցանկությունը, որ նա ունի, նաև կապերը կարող են նպաստել, որ Հայաստանում վոլեյբոլը զարգանա:

 - Խոսակցություններ կային, որ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի այդ պաշտոնը ստանձնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարներից է նրա Ռուսաստանի պաշտոնակից Նիկոլայ Պատրուշևը:

- Գործընկեր լինելու հանգամանքը նպաստել է, և փոխադարձ պայմանավորվածություն կա համագործակցելու նաև այս ոլորտում: Ինքս լավ հարաբերությունների մեջ եմ  Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարների հետ: Վոլեյբոլը Ռուսաստանում տարածված է և մեծ մասշտաբներ ունի: Անապայում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, համագործակցության պայմանագիր է կնքվել, և խոստացել են աջակցել բոլոր հարցերում:

 - Հետաքրքիր է, թե ներկայումս ղեկավար ինչ կազմ ունի Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Ովքե՞ր են օգնելու Բաղդասարյանին:

Բ-Ծ (1)- Բաղդասարյանի առաջարկով ֆեդերացիայի նախագահության կազմն ընդլայնվել է, և այժմ 21 հոգի են: Հիմնականում երիտասարդներ են` նոր մտածելակերպով և նոր մոտեցումներով: Փոխնագահներն են Հրաչյա Մուրադյանը, Ազատ Բաբայանը, գլխավոր քարտուղարը` Կարեն Ասմարյանը:

 - Ազատ Բաբայանի մասին մարզաշխարհին քիչ բան է հայտնի, ո՞վ է նա:

- Բաբայանը նախկինում վոլեյբոլիստ է եղել, խաղացել է Ռուսաստանում, այժմ էլ աշխատում է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդում:

 - Տարակուսանքներ կան, թե ինչու է այդ համաժողովն անցկացվել Արթուր Բաղդասարյանի նստավայրում, այն դեպքում, երբ ֆեդերացիան իր շտաբ-բնակարանն ունի, որը գտնվում է Հայաստանի ազգային ակադեմիայի շենքերից մեկում:

- Այդ կապակցությամբ ոչինչ չեմ կարող ասել: Համենայն դեպս, այնպիսի խնդիր չի եղել, որ մարդիկ վախից են քվեարկել:

 - Իսկ քիչ չէ՞ 30 մասնակցով համաժողովի կազմակերպումը:

- Նախորդ համաժողովին 20 մարդ է մասնակցել: Այս անգամ քվորումն ապահովված էր: Ի դեպ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկինում կայացած համաժողովներում 40 մարդուց ավելի մասնակից չի էլ եղել:

 - Սուրիկ Խաչատրյանը երկարացրել էր պայմանագիրը, որպեսզի ֆեդերացիայի շտաբ-բնակարանի համար վարձակալած տարածքը մնա: Կազմակերպության նստավայրը պահպանվելո՞ւ է:

- Ֆեդերացիան նոր նստավայր է ունենալու Երևանի Տերյան փողոցում: Չորս սենյակ է զբաղեցնելու, նաև նիստերի դահլիճ է ունենալու: Համապատասխան աշխատակազմ է լինելու: Նոյեմբերի 10-ին սպասվում է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան: Ղեկավարներից գալու են հսկողական խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևը և ֆեդերացիայի նախագահ Ստանիսլավ Շևչենկոն: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին կտեղեկացվի, թե ինչ է նախատեսվում անել երկու երկրների ֆեդերացիաների համագործակցության ծրագրով:

 - Հնարավո՞ր է համատեղ նոր լիգա ստեղծվի:

- Կարող եմ ասել, որ մերոնք կմասնակցեն Ռուսաստանի բոլոր լիգաների մրցումներին, համատեղ մրցաշարեր կկազմակերպվեն, նաև Անապայի հիանալի մարզաբազայում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորություն կստանանք: Անապայում վոլեյբոլի մեծ կենտրոն կա, որ աշխարհում լավագույններից է:

 - Այս փոփոխություններից աշխատանքը չի՞ տուժում: Մեր երկրում մրցումներ անցկացվո՞ւմ են:

- Հայաստանի տղամարդկանց առաջնությունը կազմակերպվել է Երևանում, այնուհետև կներգրավվեն նաև մարզուհիները: Կազմակերպիչները նախկին ֆեդերացիայի ներկայացուցիչներն են: Իսկ գավաթային մրցաշար կանցկացվի նոր կազմով` Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մնում է լուծել միայն մարզասրահի հարցը: Ցավոք, Հայաստանում չկա միջազգային չափանիշներին համապատասխանող վոլեյբոլի թեկուզ մեկ դահլիճ:

- Չափե՞րը չեն համապատասխանում:

- Ոչ: Հատակը պետք է ռետինե ծածկ ունենա, որը 40 հազար եվրո արժե: Ֆեդերացիայի նորընտիր նախագահը խոստացել է այդ հարցը կարգավորել: Ի դեպ, ունենալու ենք լողափնյա վոլեյբոլի երկու խաղահրապարակ` մեկը Երևանում, մյուսը` մարզերից մեկում: Կառուցվել է նաև վոլեյբոլի բազա, հիմնվելու է մասնագիտացված մարզադպրոց: Պլանը կա, մնում է լուծել տեղի և շինարարության հարցը:

 - Այդ դեպքում ինչո՞ւ է ՀԱՕԿ-ը դեմ, որ նոր ֆեդերացիան գործի:

- Հնարավոր է` պատճառն այն է, որ ՀԱՕԿ-ը ներկայացուցիչ չի ունեցել ֆեդերացիայի համաժողովում:

Հակամարտության կանխատեսելի տարբերակները

Արդեն ՀԱՕԿ-ի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ չի ընդունում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները, կատարվածն անօրինականություն է համարում: Եվ քանի որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան անդամակցում է ՀԱՕԿ-ին, վերջինս իրավունք է վերապահում կասեցնելու մարզական կազմակերպության ճանաչումը և դիմելու միջազգային ատյաններին, որպեսզի այն չընդունվի նաև միջազգային կազմակերպությունների կողմից:

Հետևել է նաև Հայաստանի արդարադատության նախարության հրապարակումը, որում ասվում է, որ ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները փորձում են գերազանցել իրենց իրավունքները, Հայաստանի բոլոր մարզաձևերի ֆեդերացիաներն ինքնուրույն կազմակերպություններ են, և անկախ այն հանգամանքից` Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան մնում է ՀԱՕԿ-ի կազմում, թե ոչ, վերջինս իրավասու չէ միջամտելու ՀՎՖ-ի գործերին և նշանակել ֆեդերացիայի նոր նախագահ կամ այլ պաշտոնատար անձանց:

Այնուամենայնիվ, ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենք իրավացի են:

Համարվում է, որ Սուրեն Խաչատրյանը հրաժարական չի տվել, պարզապես լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը: Անընդունելի է համարվում, որ ՀԱՕԿ-ի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ՀՎՖ-ի համաժողովին: Ավելին, արգելվել է ՀԱՕԿ-ի աշխատակից Գաբրիել Ղազարյանի մուտքը, որը ՀՎՖ-ի վերստուգիչ հանձնաժողվի նախագահն է: Համաժողովում չի լսվել վերստուգիչ հանձնաժողվի հաշվետվությունը: Նախագահ ընտրված Արթուր Բաղդասարյանի անունը չի եղել պատգամավորների ցուցակում և այլն:

Եթե վերջինս հրաժարական չտա և նոր ընտրություններ չանցկացվեն, ՀԱՕԿ-ը սպառնում է ՀՎՖ-ին զրկել կազմակերպությանն անդամակցելուց: Ընդ որում, չի բացառվում դատարան դիմելու տարբերակը: Իսկ եթե ոչինչ չստացվի, ապա հավանական է` ստեղծվի Հայաստանի վոլեյբոլի ևս մեկ ֆեդերացիա:

Այնպես որ, շատ հնարավոր է` մեր երկրում մեկ մարզաձևի երկու հասարակական կազմակերպություն լինի:

Ի դեպ, այդպիսի նախադեպեր եղել են և կան: Մասնավորապես, ներկայումս մեր երկրում գործում է ջրագնդակի հասարակական երկու կազմակերպություն:

 

Tags: ,