Խոսում է միայն ռուս գեներալը, իսկ պաշտոնական Մոսկվան լռում է

 հապկՀայաստանը Ռուսաստանին դիտարկում է, որպես իր անվտանգության երաշխավորի ու մեծ հույսեր է կապում նրա հետ: Բայց արդյո՞ք այդպես է:

Դե յուրե, Հայաստանը հանդիսանում է  ՀԱՊԿ անդամ: Իսկ ՀԱՊԿ-ի, որպես ռազմա-քաղաքական միավորման, կանոնադրության ու հայտարարությունների մեջ շատ պարզ ու հասկանալի նշվում է, որ ՀԱՊԿ որևէ անդամի դեմ ռազմական հարձակման դեպքում բոլոր մյուս անդամներն այդ հարձակումը դիտարկելու են որպես հարձակում իրենց դեմ: Բայց ինչպես ռազմա-քաղաքական յուրաքանչյուր դաշինք, ՀԱՊԿ-ը ևս ունի իր առանցքային խաղացողը`առաջնորդը, որի որոշումներն ու տեսակետները դիտարկվում են առաջին հերթին: ՀԱՊԿ-ի դեպքում, այդ առանցքը Ռուսաստանն է:

Բացի ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմա-քաղաքական գործակցությունից, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի երկկողմ ռազմա-տեխնիկական համագործակցություն ու ռազմավարական դաշնակցության մասին համաձայնագիր: Այսինքն` սկսած 2008-ից, երբ Հայաստանի ու Ռուսաստանի միջև  ստորագրվեց ՌԴ-ՀՀ ռազմավարական դաշնակցության նոր համաձայնագիրը, ՌԴ-ն համաձայնեց ապահովել ՀՀ անվտանգությունը` մեր երկրի սահմանի ողջ երկայնքով: Այսինքն` միջազգային հարաբերությունների տեսանկյունից կա միջազգային իրավական այնպիսի պարտավորություն, որ Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի դեպքում ՌԴ-ն պետք է Հայաստանին որոշակի աջակցություն ցուցաբերի:

 «Я свое мужское слово скажу! А то, как же!»…

Այս ամենով հանդերձ, սակայն, ոչ ոք չի կարող 100-տոկոսանոց վստահությամբ պնդել, թե Ռուսաստանը կամ ՀԱՊԿ-ը Հայաստանին ռազմական աջակցություն ցույց կտան, եթե ԼՂ հակամարտությունը սառը փուլից անցնի ռազմական գործողությունների, ու Հայաստանը հանդես գա որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր, քանի որ թե՛ ՀԱՊԿ-ը և թե՛ Ռուսաստանը որևէ պարտավորություն չունեն ԼՂՀ-ի հանդեպ:

Հատկապես Ադրբեջանին բավականին մեծ խմբաքանակի զենք ու սպառազինություններ վաճառելուց հետո այս կասկածն էլ ավելի ամրապնդվեց:

Այս համատեքստում հատկանշական էր վերջերս` հոկտեմբերի 10-ին, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռոզինսկու սենսացիոն հարցազրույցը, որը նա տվել էր ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնաթերթրին:

«Ռազմաբազայի պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը մնում է անհանգիստ ու բնորոշվում է  ապակայունացնող մի շարք գործոնների առկայությամբ` կապված տարածաշրջանում առկա հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր էսկալացիայի հետ: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով իր իրավասությունը վերականգնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ապա ռազմաբազան կարող է մտնել զինված հակամարտության մեջ»,- հարցազրույցում ասել է Ռոզինսկին:

հապկ (1)Ռուս գեներալի այսպիսի դիտարկումը որոշ լույս կարող է սփռել հայ-ռուսական ռազմա-տեխնիկական համագործակցության դեռևս մութ անկյունների վրա: Ահա տեսակետներ են հայտնել ռուս քաղաքագետներ Էդուարդ Պոպովն ու  Ալեքսանդր Ցիգանովը, որ եթե ռազմական գործողությունները սահմանափակվեն միայն Լեռնային Ղարաբաղի տարածքով, ապա Գյումրու ռուսական ռազմաբազան չի միջամտի, իսկ եթե Ադրբեջանը հարվածի ՀՀ տարածքին, ապա ռազմաբազան կմիջամտի ռազմական գործողություններին:

Իսկ ռուսաստանցի ռազմաքաղաքական վերլուծաբան, «Ամենօրյա հանդես» պարբերականի հոդվածագիր Ալեքսանդր Գոլցը, անդրադառնալով Ռոզինսկիի հայտարարությանը, «Ժամանակ» օրաթերթին ասել է, թե որևէ մեկն իրականում չի հասկանում, թե ինչպես կգործի ՌԴ-ն ԼՂ ռազմական գործողությունների դեպքում, և ռազմակայանը կներգրավվի ռազմական գործողություններում, եթե Ադրբեջանը որոշի զենքով լուծել Ղարաբաղն իրեն ենթարկեցնելու հարցը:

Հայաստանում  էլ, ինչպես հայտնում են ՊՆ մեր աղբյուրները, դեռևս վտահություն չկա, թե ինչ վարքագիծ կդրսևորեն Ռուսաստանը և ՀԱՊԿ-ն ԼՂՀ հակամարտության ակտիվացման դեպքում:

Այս առումով հետաքրքրական էր ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամների այցը Հայաստան` հանձնաժողովի նախագահ, գեներալ Անատոլի Վիբորնու գլխավորությամբ: Աշխատանքային խումբը, ինչպես տեղեկացրեց Վիբորնին,  Հայաստանում քննարկել է  Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների ռազմա-քաղաքական բաղադրիչին վերաբերող հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին ու ռազմական արկածախնդրությունն ինչ-որ կերպ կանխելու խնդրին` նա նշեց, որ այդ ուղղությամբ բազմաթիվ առաջարկներ են եղել:

«Առաջարկ է եղել, և մենք այսօր ակտիվորեն քննարկում ենք այդ հարցը` ԽՎ առաջիկա նիստի ժամանակ հանդես գալ ամեն տեսակի խնդիրների խաղաղ կարգավորման մասին հայտարարությամբ, որովհետև գլխավոր խնդիրը, որ մենք տեսնում ենք, ամեն տեսակի մեխանիզմներն ու հնարավորություններն օգտագործելով` ռազմական բոլոր հնարավոր պրովոկացիաները կանխելն է, որոնք մարդկային կյանքեր են արժենում»,- նշեց Ա. Վիբորնին:

Իսկ այդ հանձնաժողովում Հայաստանի ԱԺ ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը նշեց, որ երեկ աշխատանքային խումբը մանրակրկիտ քննարկել է տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը` հարցին մոտենալով այն սպառնալիքների ու մարտահրավերների տեսանկյունից, որոնք այսօր գոյություն ունեն ՀՀ ազգային անվտանգության համար: Առաջին հերթին, ինչպես տեղեկացրեց Խոսրով Հարությունյանը, ուշադրություն է դարձվել տարածաշրջանի, մասնավորապես` Ադրբեջանի ռազմականացմանը:

«Այդ առումով` հատկապես ուշադրություն ենք դարձրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, որոնց հետևանքով մենք զոհեր ենք ունենում ոչ միայն զինվորականներից, այլև խաղաղ ազգաբնակչությունից: Խորհրդարանական վեհաժողովի հայտարարություն մշակելու միտք ծնվեց, որ անընդունելի է կոնֆլիկտների լուծումը ռազմական` ուժի գործադրման կամ ռազմական առավելության հասնելու ճանապարհով: Այսինքն` մենք կարծում ենք, որ Խորհրդարանական վեհաժողովը կարող է հանդես գալ առկա իրավիճակի հետագա վատթարացումը կանխող հայտարարությամբ: Երկրորդ` մենք մտածում ենք, որ պետք է մշակվեն  օրենսդրա-քաղաքական այնպիսի մեխանիզմներ, որոնք հետագայում կարող են, ՀԱՊԿ անդամ պետությունների ակտիվ մասնակցությամբ, կասեցնել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը»,- նշեց Խոսրով Հարությունյանը` հավելելով, որ արդեն բոլորն էլ համոզվեցին, որ դրանք ուղղակի բանավոր վտանգներ չեն ու դրանց մասին չի կարելի միայն խոսել, այլ արդեն պետք է կանխելու կոնկրետ քայլեր ձեռնարկվեն` օգտագործելով ՀԱՊԿ բոլոր անդամների  ռազմա-քաղաքական ամբողջ զինանոցը:

Հետաքրքիր է, թե ինչպես է դիտարկում ՀԱՊԿ-ն ԼՂ հակամարտությունն ու ինչ դեր ունի Հայաստանի անվտանգությունը ՀԱՊԿ օրակարգում:

ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվական ծրագրերի վարչության պետ և ՀԱՊԿ խորհրդարանական բաղադրիչի պատասխանատու, պահեստազորի գեներալ  Ալեքսանդր Վինիդիկտովն էլ, լինելով ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի համակարգողը և ներկա գտնվելով ՀԱՊԿ շրջանակներում ընթացող բոլոր գործընթացներին, ներկայացրեց ՀԱՊԿ ներկայիս հարցերը` նշելով, որ գլխավոր հարցերից մեկը ՀԱՊԿ ազդեցության տիրույթում գտնվող տարածքների հարավային սահմանների ամրապնդումն է` կապված Աֆղանստանից միջազգային խաղաղապահ ուժերի դուրսբերման, Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ և այլն:

Հենց այստեղ է սկսվում մեզ համար հետաքրքիր մասը: Ինչպես տեղեկացնում են ՊՆ մեր աղբյուրները, ՀԱՊԿ-ում, երբ խոսք է բացվում Հայաստանի անվտանգության ապահովման մասին, մատնանշվում է Աֆղանստանից միջազգային խաղաղապահ զորքերի դուրսբերումը, և Հայաստանի առջև պայմաններ են դնում` հայկական կողմը խաղաղապահներ կուղարկի՞ պաշտպանելու ՀԱՊԿ միջինասիական սահմանները: Հայկական կողմը, մեր տեղեկություններով, տվել է իր համաձայնությունը: Նույնիսկ ավելին` Հայաստանից պահանջվել է խաղաղապահ ջոկատ, իսկ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մի ամբողջ խաղաղապահ գունդ ուղարկել Միջին Ասիա`պայմանով, որ ԼՂ հակամարտության դեպքում ՀԱՊԿ միասնական ուժերը պետք է ապահովեն հայկական կողմի անվտանգությունը: Բայց անգամ այդպիսի դիրքորոշումից հետո դեռ հստակ հայտնի չէ Ռուսաստանի վերջնական կեցվածքն այս հարցում, որը ոչ մի կերպ իր վճռական «ДА»-ն չի ասում այս հարցում, ինչը, առավել ևս մեր թշնամուն զենքի մեծ խմբաքանակ վաճառելու պայմաններում, շատ կարևոր է:

Իսկ մինչ այդ ամենանշանավոր, կարևոր ու հետաքրքիր հավաստիացումը մնում է 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռոզինսկու հայտարարությունը:

Tags: , ,