Ազգային Ժողովում ավարտվեցին ՀՀ 2014 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Կառավարության կողմից ԱԺ ներկայացված նախագծով` 2014 թ. բյուջեում եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 134 միլիարդ 415 միլիոն 568 հազար դրամ, ծախսերը` 1 տրիլիոն 244 միլիարդ 945 միլիոն 143 հազար դրամ, և բյուջեի պակասուրդը կկազմի 110 միլիարդ, 534 միլիոն 580 հազար դրամ:
ՀՀ 2013 թ. պետական բյուջեն եկամուտների գծով կազմել է 1 տրիլիոն 59 միլիարդ դրամ, իսկ ծախսերի գծով` 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ, պակասուրդը` 124 միլիարդ դրամ: Այսինքն` նախորդ տարվա բյուջեի համեմատ մոտ 75 միլիարդ դրամով ավելացել են բյուջետային մուտքերը և մոտ 61 միլիարդով` ծախսերը:
Տնտեսական առումով` զսպողական, իսկ սոցիալական առումով` ընդլայնողական բյուջե
Նախագիծն ԱԺ ներկայացնելու ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությունն առաջին անգամ ներկայացնում է ծրագրային պետբյուջեի նախագիծ:
«Սա նոր մոտեցում է, ինչը, բնականաբար, լրացուցիչ պարտավորություններ է դնում բոլոր գերատեսչությունների առջև, ուստի խնդրում եմ այս առումով շատ խիստ չդատել մեզ: Մեր գնահատականներով` առնվազն երեք տարի է անհրաժեշտ, որպեսզի ներդնենք ծրագրային մի համակարգ, որը հնարավորություն կտա ավելի որակական հատկանիշներ դնել իրականացվող ծրագրերի մեջ»,- ասաց նա:
Վարչապետը հայտարարեց, որ 2013-ի տնտեսական աճի տեմպը դանդաղում է, որը պայմանավորված է բիզնես միջավայրի բարելավման առումով չլուծված խնդիրներով և վերջին հինգ տարիներին ներդրումների կայուն նվազմամբ, մասնավորապես` շինոլորտում: Տնտեսական աճի ցուցանիշի վրա ազդել է բարձր գնաճային միջավայրը, որը պայմանավորված է 2013 թ. գազի և էլեկտրաէներգիայի շեշտակիորեն բարձրացած գներով, ինչպես նաև պետբյուջեի դեֆիցիտի ցածր մակարդակը, որը պայմանավորված է ճանապարհաշինարարական ծրագրերի դանդաղեցմամբ:
Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ 2014թ. պետբյուջեի առանձնահատկությունն այն է, որ այն չի նախատեսում հարկային բեռի ավելացում, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը չի փոխվելու:
Պատասխանատուների ներկայացմամբ` 2014 թ. բյուջեով նախատեսվում է պետական կառույցների աշխատողների աշխատավարձերի բարձրացում, սոցիալական քաղաքականության փոփոխություն, թոշակների բարձրացում, ինչի շնորհիվ մոտ 32 հազար մարդ դուրս կգա աղքատության խմբից, ուժային կառույցների և քաղծառայողների աշխատավարձերի բարձրացում և այլն:
Կառավարության ղեկավարի հավաստմամբ` հաջորդ տարվա բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի, որովհետև հատկացումներն ավելացվում են կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտում:
Ընդհանուր առմամբ` բյուջեից սոցիալական պաշտպանության համար կծախսվի բյուջեի 29.08%-ը, տնտեսական հարաբերությունների համար` 9.3%-ը, կրթության համար` 9.8%-ը, պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն 15.6%-ը, առողջապահությունը` 6.45%-ը, հասարակական կարգի պահպանման ծախսերը` 6.6%-ը, կոմունալ-շինարարությունը` 2.5%-ը, մշակույթին ու հանգստին կհատկացվի բյուջեի 1.7%-ը, շրջակա միջավայրի պաշտպանությանը` 0.4%-ը: Ընդհանուր բնույթի հանրային ծախսերը կկազմեն բյուջեի 16.97%-ը և պահուստային ֆոնդերի համար նախատեսված է 1.6%-ը:
Եկող տարվա համար կառավարությունը պլանավորում է ՀՆԱ-ի 5.2%-ի աճ, ինչն, ի դեպ, համապատասխանում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներին: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը հայտարարել էր, որ 2014-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի շուրջ 5,3%:
Անդրադառնալով 2014 թ. բյուջեի նախագծին` տնտեսագետ Սամվել Ավագյանը նշեց, որ տնտեսական նշանակության առումով բյուջեն ունենալու է զսպողական ազդեցություն, իսկ սոցիալական առումով` ընդլայնողական:
«Սոցիալական ուղղություններով կառավարությունը ծախսերն ընդլայնել է, սակայն մարդկանց եկամուտների վրա հարկումը խստացրել է և հնարավոր է, որ որոշ խավեր ոչ թե բարելավում, այլ ընդհակառակը` վատթարացում զգան: Ընդհանուր առմամբ կառավարությունը նախատեսում է մեկ տոկոսով ՀՆԱ-ում ավելացնել հարկային կշիռը, ինչը նշանակում է հարկային քաղաքականության խստացում և՛ քաղաքացիների, և՛ բիզնեսի նկատմամբ: Չնայած վարչապետը հայտարարում էր, որ խստացումներ չեն լինի, սակայն եթե ուշադիր կարդանք բյուջեի նախագիծը, կտեսնենք, որ իրականում հարկային առումով խստացումներ կան»,- ասաց Սամվել Ավագյանը:
Ավելի լավատեսական բյուջեներ էլ են եղել` «տխուր» ճակատագրով
Ինչպես հիշում ենք, 2013 թ. գազի գինը բարձրացավ, և ընդամենը օրեր առաջ կառավարությունը որոշեց 2014-ից գործազրկության համար տրվող 18 հազար դրամ նպաստները կտրել: Անդրադառնալով գործազրկության նպաստների վերացմանը` վարչապետն ԱԺ-ում ասել էր, որ այդ համակարգը խիստ անարդյունավետ էր. «Ֆինանսական միջոցների 94 տոկոսը չէին հասնում շահառուին: Այս համակարգն աղքատ երկրների համար անարդյունավետ է: Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ 18 հազար նպաստները ստանում էին ապահով մարդիկ: Մեր խնդիրն է` բացահայտել աշատանք փնտրողներին և աջակցել նրանց»,- ընդգծեց նա:
Մի խոսքով` բյուջեից արդեն պետք է միջոցներ հատկացվեն ոչ թե գործազուրկներին նպաստ ապահովելու ծրագրին, այլ տնտեսությունը զարգացնելու, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն ու բազմաթիվ գործազուրկները կարողանան աշխատանք գտնել: Եվ ի սկզբանե ամենահետաքրքիր հարցերից էին, թե բյուջեում ինչպես կարտացոլվեն այդպիսի ծրագրերը: Փաստորեն` 2014 թ. բյուջեով նախատեսվում է ընդամենը մոտ 2.4 մլրդ դրամ ուղղել տնտեսական ոլորտի զարգացմանն ուղղված ծախսերին:
«Փոքր ու միջին բիզնեսի վիճակը կշարունակի վատանալ, անկախ հայտարարություններից, քանի որ կոռուպցիան ու հավասար մրցակցության պայմանները ամենևին էլ չեն փոխվում և ընդհանուր առմամբ, այս ոլորտում ունենք վատացման միտումներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով 2014 թ. բյուջեին:
Երկրորդ հետաքրքրող հարցը. գազի գնի բարձրացման ժամանակ կառավարությունը նշում էր, թե գնի 20%-ը կսուբսիդավորվի: Եվ այժմ հետաքրքիր է, թե գազի գնի սուբսիդավորման համար կառավարությունը որքան միջոցներ է նախատեսել: Սակայն պարզվեց, որ 2014 թ. պետբյուջեով գազի գնի սուբսիդավորում նախատեսված չէ, քանի որ, ինչպես ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, այս հարցը հաջողվել է լուծել ռուսական կողմի հետ համատեղ և ռուսական կողմը պատրաստ է թեթևացնել Հայաստան ներկրվող բնական գազի 30% մաքսատուրքը:
Բյուջեն «լոմբարդային» է համարում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, որովհետև նրա տպավորությունն այնպիսին է, որ ամբողջ գումարները գնալու են ինչ-որ ապահովագրական ընկերությունների, վարկերի, բրոքերների և այլն:
«Միշտ էլ կարելի է տարբեր պատճառաբանություններ բերել և ասել, թե ինչու նախատեսված տնտեսական աճը չապահովվեց, մինչդեռ 2013 թ. բյուջեում կառավարությունը նոր վերնագիր ներմուծեց` արտաքին ռիսկեր, ու իր համար արդեն իսկ կանխատեսելի էր այդ բյուջեի չկատարումը և նախանշված 7%-ը չապահովելը: Ես հարց ունեմ` ի՞նչն էր խանգարում այս կառավարությանը 2012-ին, 2013-ին պայքարել ստվերի դեմ և առհասարակ` դրա նախորդ տարիներին: Ի՞նչ գործիքների պակաս ունեին իրենք նախորդ տարիներին, որ չէին պայքարում ստվերի դեմ և բյուջեն ավելացնում էին հարկային պրեսինգով ու ճնշումներով` հատկապես փոքր և միջին բիզնեսի վրա: Հենց իրենք խոստովանեցին, որ մասնավոր ներդրումներն ուղղակիորեն կատաստրոֆիկ վիճակում են, և ի՞նչ երաշխիք կա, որ 2014-ին իրենց հաջողվելու է ստվերի դեմ արդյունավետ պայքարել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ ինքն անձամբ լավատես չէ, որ այս բյուջեն կատարվելու է և նախանշված ցուցանիշները չեն արժանանալու 2011, 2012 և 2013 թթ. ցուցանիշների ճակատագրին:
Tags: բյուջե, Պետական բյուջե