Երվանդ Լալայան

լալայանԱզգային հատկությունների և արժեքների վրա է հիմնված ազգային զարգացումը...

Երվանդ Լալայանին իրավամբ կարելի է համարել հայ ազգագրության հիմնասյունը: Իսկապես անգնահատելի է նրա վաստակը Հայաստանում ազգագրության` որպես գիտության զարգացման գործում: Նրա մեծածավալ հետազոտությունները, ուսումնասիրությունները Հայաստանում գիտության այդ ճյուղի հիմքը դրեցին:

Ապագա գիտնականը ծնվել է 1864 թ. մարտի13-ին Ալեքսանդրապոլում, բանվորի ընտանիքում:

Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, ապա 1885 թ. ավարտել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Նա շատ էր ցանկանում շարունակել ուսումը, սակայն նյութական միջոցների սակավությունը ժամանակավորապես հետ պահեցին այդ մտքից:

Դպրոցն ավարտելուց հետո, Լալայանն աշխատանքի է անցել նախ Ախալքալակում և Ախալցխայում, ապա` հայրենի Ալեքսանդրապոլում: Այս տարիներին նա ամուսնանում է Հասմիկ Հալայանի հետ` երիտասարդ ու ուսումնատենչ մի հայուհու, որի հետ 1890 թ. մեկնում է Եվրոպա` կյանքի կոչելու ուսման բաղձանքը:  Լալայանն ու կինն ընդունվում են Ժնևի համալսարան: Կինը սովորում է բնագիտական բաժանմունքում, Լալայանը` Ժնևի ինժեներական համալսարանի հասարակագիտության բաժնում:

1894 թ. Երվանդ Լալայանը ավարտում է համալսարանը` ստանալով սոցիալական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Սակայն նրա կոչումը սոցիոլոգ դառնալը չէր:

1895 թ. նա աշխատանքի է ընդունվում Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, ինչը նրան հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Մխիթարյանների  հարուստ գրադարանին ու արխիվին: Այնտեղից նա շուտով տեղափոխվում է Փարիզ և աշխատանքի անցնում Մարդաբանական դպրոցում: Շուտով, սակայն, Լալայանը թողնում է այս աշխատանքը ևս ու վերադառնում հայրենիք: Նա հաստատվում է Արցախում և դասավանդում  Շուշիի թեմական դպրոցում:

Հենց Շուշիում աշխատելու տարիներին Երվանդ Լալայանը հղացավ «Ազգագրական հանդեսի» լույսընծայումը: Այդ գործում նրան մեծ աջակցություն ցույց տվեցին Թորոս Թորոմոնյանը, Մանուկ Աբեղյանը, Սերգեյ Զելինսկին, Լևոն Մելիքսեթ-Բեկը, Ստեփան Լիսիցյանը, Հրաչյա Աճառյանը, Խաչիկ Սամուելյանը, այլ անվանի գիտնականներ:

Եվ 1896 թ. լույս տեսավ «Ազգագրական հանդեսի» առաջին համարը, որը հայ գիտական մտքի նոր խոսք էր: «Ազգագրական հանդեսը» նվիրված էր հայ ազգագրությանը, բանահյուսությանն ու պատմությանը: «Ազգագրական հանդեսի» առաջին համարում Լալայանը գրում է. «Րոպեական ազդեցության տակ չենք վճռել մի այդպիսի հանդեսի հրատարակության ձեռնամուխ լինել, ոչ էլ պատահմամբ ենք ընտրել այն: Եվ մեզ ճանաչողները գիտեն, թե որքան ժամանակից ի վեր փայփայել ենք այս միտքը և որքան արգելքներ ենք հաղթել փոքր ի շատե նախապատրաստվելու այս գործի համար։ Այսօր մենք հանդես ենք գալիս ոչ թե միայն մեր ուժերի վրա վստահացած, այլ ազգի ինքնաճանաչության զգացման։ Թերթերի մեջ սփռված և աոանձին լույս տեսնող ազգագրական հոդվածներն արդեն ա֊պացուցանում են, որ հայոց ազգն էլ վերջապես զարթել է խոր քնից և ցանկանում է կատարել գիտության ամենիմաստ խոսքը»:

 

Հանդեսի  մատչելի և ուրույն ոճն այն սիրելի  դարձրեց հասարակական լայն խավերին: Տարիների ընթացքում «Ազգագրական հանդեսի» էջերում տպագրվեցին հազարավոր նյութեր հայոց ազգագրության, պատմության, ճարտարապետության, կենցաղի, սովորույթների մասին: Այդ առումով «Ազգագրական հանդեսը» հարուստ շտեմարան դարձավ ժամանակի և հետագայի ուսումնասիրողների համար, քանզի հայոց կենցաղում կորչող և վերացող բարքերն իսպառ անհայտ կմնային, եթե չլիներ Երվանդ Լալայանի այդ հրաշալի նախաձեռնությունը:

Իր խոսքում նա գրում է, որ ազգային հատկությունների և արժեքների վրա է հիմնված ազգային զարգացումը, և կոչ է անում հայ մտավորականությանը ձեռնամուխ լինել բանահավաքչության:

«Ազգագրական հանդեսը» տպագրվեց շուրջ 26 տարի (20 գիրք):

«Ազգագրական հանդեսում» տարբեր տարիներին լույս տեսան «Ջավախք», «Վարանդա», «Սիսիան», «Ղափան», «Գանձակի գավառ», «Բորչալուի գավառ», «Վասպուրական», «Գողթան գավառե», «Վայոց ձոր», «Նախիջևան կամ Նախճավանի ոստիկանական շրջան», «Զանգեզուր», «Նոր Բայազետի գավառ կամ Գեղարքունիք», «Ծիսական կարգերը հայոց մեջ»  աշխատությունները: Լալայանը հավաքել և հրատարակել է չափազանց արժեքավոր բանահյուսական նյութեր. «Ազգագրական հանդես», առանձին գրքերով՝ «Ջավախքի բուրմունք», «Հոբոս», «Մոլլա-Նասրէդոինը», «Պառավաշունչ», «Մարգարիտներ հայ բանահյուսության»  գործերը, գրի է առել հազարավոր հեքիաթներ, առակներ, առածներ: Լայնածավալ պեղումներ է կատարել Շարուր-Դարալագյազի, Նախիջևանի, Նոր Բայազետի գավառներում, Շրեշ բլուրում, Նուխի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում, Էլարում (Կոտայք):

Երվանդ Լալայանը 1900 թ. Թիֆլիսում կազմակերպում է «Ազգագրական հրատարակչական ընկերությունը», որի նպատակը հայ ուսումնասիրողների նորահայտ նյութերի տպագրությունն ու տարածումն էր: Շատ չանցած` 1906 թ., նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում հիմնադրվում է «Հայոց ազգագրական ընկերությունը»: Ըստ կանոնադրության` այս նոր ընկերության նպատակն էր ուսումնասիրել Կովկասը, կից երկրներր և հայկական գաղութները, մասնավորապես` ազգագրական և ընդհանրապես մարդաբանական գիտությունների տեսակետից: Այս ընկերությունը կարճ ժամանակամիջոցում արդյունավետ ու բեղմնավոր գործունեություն ծավալեց: Ընկերության հովանավորն անվանի հայ գործարար, բարեգործ Միքայել Արամյանցն էր, որ առատորեն բացում էր իր քսակը ընկերության գործունեությանը սատարելու համար: Ընկերությունը հնագիտական պեղումներ և ուսումնասիրություններ կատարեց Հայաստանի տարբեր վայրերում, իսկ նրա կատարած ամենաշնորհակալ աշխատանքն, ինչ խոսք, Անի մայրաքաղաքում հնագիտական պեղումներն ու ուսումնասիրություններն են:

Լալայանը մեծ ավանդ ունի ոչ միայն հայագիտության, այլև առհասարակ կովկասագիտության զարգացման բնագավառում: 1907 թ. նա Թիֆլիսում կովկասագիտական մեծ գրադարանի հիմքը դրեց, որը հետագայում մեծացավ և հարուստ գիտական կենտրոնի վերածվեց: Նա տարբեր ամբիոններից  դասախոսություններ է կարդացել հայերի, վրացիների, քրդերի, թուրքերի ծագումնաբանության և մշակույթի մասին:

Լալայանը նաև նկարազարդ ալբոմներ հրատարակեց Հայաստանի պատմական հուշարձանների վերաբերյալ հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն: Իր հետազոտությունների արդյունքում հավաքած արձանագրությունները հրատարակեց առանձին գրքով:

Կարճ ժամանակ անց Հայ ազգագրական ընկերությունն արդեն Թիֆլիսում բավական մեծ թանգարան էր ստեղծել: Թանգարանի առաջին ցուցադրությունը կազմակերպվեց 1913 թ. ապրիլի 24-ին Թիֆլիսում:

Հայաստանում և Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո հենց Երվանդ Լալայանի ջանքերով թանգարանը Թիֆլիսից տեղափոխվեց Երևան, որի հիմքի վրա էլ ձևավորվեց Հայաստանի պատմության պետական թանգարանը, իսկ Լալայանը դարձավ նրա առաջին վարիչ-տնօրենը:

Նա նաև արժեքավոր գիտական թարգմանություններ է կատարել ռուսերենից և ֆրանսերենից:

Վաստակաշատ և երախտավոր գիտնականը մահկանացուն կնքեց 1931 թ. փետրվարի 24-ին, Երևանում: Ինչպես նշել է խաչիկ Սամվելյանը Լալայանին նվիրված մահախոսականում, թե՛ արտասահմանում, թե՛ Ռուսաստանում Լալայանի կատարած աշխատանքը կարող էին կատարել միայն հսկա ընկերություններ, գիտական մեծ հաստատություններ, մինչդեռ ականավոր նվիրյալը գրեթե միայնակ հիմքը դրեց հայ ազգագրության:

Tags: ,