Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի կազմակերպած «հեղափոխությունը», որքան էլ շատերի համար անհասկանալի ու անբացատրելի էր, նույնքան էլ բնական իրողություն էր, որ մի վատ միտումի մասին է ահազանգում:
ՀՀ քաղաքական ղեկավարությունը վերջին շրջանում` համապետական ընտրություններից հետո, չափից ավելի սկսեց ընդգծել ընդդիմության «անաշխատունակությունը»:
Ընդունենք, թե ոչ, ուզենք, թե ոչ, փաստը մնում է փաստ, որ քաղաքական պայքարում քաղաքական մեծամասնությանը հաջողվեց հաղթել ու չեզոքացնել ընդդիմությանը: Եվ ընդդիմությունն այժմ, բացի հատուկենտ հուսահատ ճիչերից, որևէ լուրջ գործընթաց չի նախաձեռնում: Բայց դրանից հետո իշխանություններն իրենց դրեցին բարդ իրավիճակում:
Խոսքը հասարակական ակտիվության բարձրացման մասին է: Առհասարակ բնության մեջ ու կյանքում ամեն ինչ միտված է հավասարակշռության մեջ, այդ թվում նաև քաղաքական գործընթացները: Գաղտնիք չէ` աշխարհում չկա գոնե մի երկիր, որի իշխանությունները բավարարեն տվյալ երկրի բոլոր քաղաքացիների պահանջները: Բացառված է: Ու եթե կան դժգոհներ, պետք է նրանց տեսակետներն էլ հնչեն, ներկայացվեն: Այսինքն` քաղաքական գործընթացներում պետք է լինի իշխանությունների ներկայացրած ծրագրերի, քաղաքականության, գործընթացների նկատմամբ հակառակ տրամադրված ուժ կամ սուբյեկտներ, որոնք կներկայացնեն հակառակ տեսակետը:
Հայաստանում ընդդիմությունը խաղից, ճիշտ է, դուրս եկավ, բայց միամտություն կլինի կարծել, որ իշխանությունների համար եկել են «ոսկե ժամանակներ»: Սովորաբար, երբ ընդդիմությունը սկսում է իր դերը չկատարել, ակտիվանում են հասարակական շարժումները: Հայաստանը ևս բացառություն չէ, ինչպես տեսանք: Եվ իշխանություններն այս առումով մտածելու շատ բան ունեն: Հասարակական շարժումները կարող են առաջանալ ամենաչնչին մանրուքից, բորբոքվել, զարգանալ ու դառնալ լուրջ «գլխացավանք»:
Իսկ Հայաստանում իրադրությունն առավել քան բարենպաստ է: Նախ` միայն պաշտոնական վիճակագրությամբ` Հայաստանում ապրում է մոտ 1 մլն 400 հազար աղքատ: Այս մարդիկ, բնականաբար, դժգոհ են իշխանություններից: Այս պայմաններում իշխանություններն էլ իրենց քայլերով կարծես պարարտ հող են ստեղծում հասարակական ընդվզումների համար:
Նայենք վերջին շրջանի իրադարձություններին. կառավարությունը որոշեց, որ ինչ-որ պահից սկսած` Հայաստանում պետք է տեղադրվեն արագաչափ ու տեսադիտման համակարգեր: Այդ համակարգերը պետք է տեղադրի, խախտումների համար վարորդներին տուգանի ինչ-որ մասնավոր ընկերություն, և այդ տուգանքներից հավաքված միջոցների 70 տոկոսը պետք է հոսի նրա գրպանը: Հիմա մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ տուգանելու իրավասությունը բացառապես պատկանում է երկրի իշխանության համապատասխան ճյուղերին և ոչ մի դեպքում չի կարող կիրառվել մասնավորի կողմից: Հարցն այն է, որ հազարավոր վարորդներ դժգոհ են այս որոշումից, բայց ոչ ոք այդ դժգոհությունը բանի տեղ չի դնում:
Կամ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին սպանեց մարդու, վիրավորեց բանակի սպայի, բայց վերջում «պարզվեց», որ մեղավորը սպանվողն ու տուժողն են, իսկ Խաչատրյանի որդին ազատ արձակվեց: Սա, բացի հասարակական դժգոհության ալիք բարձրացնելուց, բնականաբար, մարդկանց մեջ առաջացնում է անապահովության զգացում, քանի որ ոչ ոք վստահ չի կարող ասել, որ իրեն չի սպանի մեկ այլ իշխանավորի որդի ու չի շրջի ազատության մեջ: Դրանով խաթարվում է նաև վստահությունը արդարադատության նկատմամբ: Իսկ երբ դրանից հետո հայտնի դերասանին, որն ուղղակի դժբախտ պատահարի կիզակետում է հայտնվել, որի հետևանքով երկու երիտասարդ է զոհվել, ուզում են ազատազրկել` հիմնավորելով, թե ամեն դեպքում` մարդ է մահացել:
Մի օր էլ քաղաքապետարանը որոշեց, որ պետք է ամբողջ քաղաքում հանրային սեփականություն հանդիսացող փողոցները պատվեն կարմիր գծանշումներով` վերածվելով ավտոկայանատեղերի, և դա պետք է իրականացնի էլի մի ընկերություն, և ստացված ամբողջ միջոցները դարձյալ պետք է հոսեն մասնավոր ընկերության գրպանը: Սա ևս դժգոհություն առաջացրեց, որը, սակայն, սուր դրսևորումներ չունեցավ:
Հիմա «եփվում է» Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» վերակառուցման հարցը, որը ինչպես գիտենք, Աժ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը քանդեց ու իր ուզած ձևով վերափոխեց: Շինությունը համարվում է մշակութային հուշարձան, որի հետ կապված յուրաքանչյուր գործողություն պետք է համապատասխան ընթացակարգերով իրականացվեր: Թե՛ համապատասխան պետական կառույցը` մշակույթի նախարարությունը, թե՛ համապատասխան մարմինները արձանագրեցին, որ այդ շինարարությունն ու ձևափոխումն անթույլատրելի են, ապօրինի, բայց դա չխանգարեց, ու Սամվել Ալեքսանյանը հասներ իր ուզածին: Նա շատ համոզիչ ապացուցեց, որ Հայաստանում կան անձինք, որոնք վեր են թե՛ օրենքից, թե՛ պետությունից: Սա ևս մի կաթիլ էր հասարակության համբերության բաժակում:
Դա էլ քիչ էր, մեր կառավարությունը որոշեց, նախաձեռնեց ու իրագործեց նոր ՀԴՄ-ներ ներդնելու ծրագիրը, սահմանեց պետական մենաշնորհ, սկզբում այդ ՀԴՄ-ների համար սահմանեց մոտ հազար դոլար գին, որը գերազանցում էր սարքերի ինքնարժեքը: Եվ այն մարդիկ, որոնք պետք է այդ ՀԴՄ-ներից ունենան, եթե մինչ այդ չէին էլ հարում, ապա հիմա համալրեցին դժգոհների շարքերը: Իսկ նրանք, ինչպես հասկանում ենք, այս երկրի տնտեսապես ակտիվ հատվածն են ` տարբեր չափի ու տրամաչափի գործարարների ու ձեռնարկատերերի բանակը:
Այս ամենին զուգընթաց` ծավալվում են բողոքի ցույցեր մարդկանց ունեցվածքը հանրային գերակա շահ հռչակելու և քանդելու, նրանց անտուն ու անտեր թողնելու, տարբեր բակերում ու փողոցներում անհասկանալի շինարարություններ սկսելու գործընթացները, ինչպես, օրինակ` Կոմիտաս 5, Սայաթ-Նովա 10 և 12 հասցեներում: Այսինքն` մարդիկ արդեն դուրս են եկել պաշտպանելու իրենց բակը, տարածքը, երեխայի խաղահրապարակը, տունն ու ունեցվածքը:
Դեռ չենք նշում հասարակական տրանսպորտի ուղեվարձերի թանկացման փորձերը, որոնք եղան ու դեռ հաստատ կլինեն, գազի, էլեկտրաէներգիայի թանկացումները և այլն: Մնացած փոքր ու մեծ իրադարձությունների մասին չենք էլ խոսում, մանավանդ չենք խոսում այն մասին, որ մի ամբողջ երկրի ապագան վճռեց մեկ մարդ, մի գիշերում:
Ամենացավալին այն է, որ ոստիկաններն էլ միշտ նման իրադրություններում «կենդանի պատով» ապահովում են հերթական անարդարության, օրենքի խախտման կամ կամայականության ազատ ու անկաշկանդ իրականացումը:
Մի խոսքով, ամեն մի թեկուզ փոքր առիթ մարդկանց արդեն փողոց է հանում ու պայքարի մղում իրենց տարրական իրավունքների, արժանապատվության, կյանքի ու գույքի համար: Եվ այսպիսի պայմաններում ամենևին էլ պատահական չէ, որ Շանթ Հարությունյանը կարողացավ օրը ցերեկով մայրաքաղաքի կենտրոնում բախումնային իրավիճակ ստեղծել, հետևորդներ ունենալ և որակվել որպես քաղբանտարկյալ:
Այսպիսի իրադրություններում, երբ մարդկանց մի փոքր խմբի կողմից անընդհատ ոտնահարվում են մեծամասնության իրավունքները, արժանապատվությունը, երբ անգամ բողոքի ակցիաների են դուրս գալիս երկիր ու հայրենիք պաշտպանած ազատամարտիկները, ավելի վատ բաներ էլ են լինում: Միշտ գտնվում է մեկը, որ դիմում է ամենածայրահեղ քայլի: 1999 թ. հոկտեմբերի 27-ն էլ ձեզ օրինակ: Այն ժամանակ էլ նույն իրավիճակն էր` որոշ տարբերություններով, իհարկե:
Եվ կարևոր չէ` Շանթ Հարությունյանը հոգեկան խնդիրներ ունի, թե ոչ, ինչպես պնդում են ոմանք: Անշուտ, իրավացի են այն մարդիկ, որոնք նշում են, որ եթե անգամ հոգեկան խնդիրներ ունեցողներն են կարողանում այդպիսի վիճակ ստեղծել, իշխանությունները փառք պետք է տան Աստծուն, որ մի այլ ավելի ծանրակշիռ, հանրահայտ ու վստահելի լիդեր չի դիմում վճռական քայլերի:
Tags: հեղաշրջում, Շանթ Հարությունյան, քաղաքական