Դեռ անկախության առաջին տարիներից պարզ էր մի շատ կարևոր ու հասարակ ճշմարտություն. Հայաստանը գտնվում է աշխարհի ուժային կենտրոնների համար անչափ կարևոր ու հետաքրքրական տարածաշրջանում, և իր արտաքին քաղաքականությունը պետք է վարի` հավասարակշռելով այդ կենտրոնների շահերը:
Հավասարակշռված արտաքին քաղաքականությանն այլընտրանք չկար, մինչև…
Այս սկզբունքին հավատարիմ էին Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում, համենայն դեպս նրա թիմի անդամներից Լևոն Զուրաբյանը, Հրանտ Բագրատյանը և այլք բազմիցս բարձրաձայնել են այս մասին, իսկ Ռոբերտ Քոչարյանի թիմն ընդհանրապես հրապարակորեն հայտարարեց կոմպլեմենտար արտաքին քաղաքականության մասին:
Այդ սկզբունքը խախտվեց Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո, երբ հայտարարվեց «ակտիվ նախաձեռնողական» արտաքին քաղաքականության մասին: Դրանից հետո ՀՀ երրորդ նախագահի թիմը սկսեց Արևմուտքի հետ մերձեցման քաղաքականությունը Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, որի արդյունքում պետք է ստորագրվեին Եվրամիության հետ ասոցացման և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը: Դա, բնականաբար, հանգեցրեց նրան, որ ռուսական կողմը նախ գազի թանկացմամբ, ապա զենքերի վաճառքով, էլի ինչ-որ միջոցներով նեղ վիճակի մեջ դրեց ՀՀ իշխանություններին, և սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մասին: Սա արդն ոչ թե արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռության մի փոքր, այլ առանցքային խախտում էր:
Իսկ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո 100-տոկոսանոց վստահությամբ կարելի է ասել, որ Եվրամիության հետ ասոցացման ծրագրերը հօդս ցնդեցին: Համենայն դեպս, մամուլում արդեն լուրեր շրջանառվեցին, թե Եվրամիության մի շարք պաշտոնյաների այցը Հայաստան չեղյալ է հայտարարվել, օրերս էլ նշվեց, որ եվրոպական կողմի պահանջով չեղյալ է համարվել Հայաստանի կառավարական պատվիրակության ծրագրած այցը Բրյուսել: Այդ պատվիրակությունը, որը պետք է ղեկավարեր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, պետք է Բրյուսել մեկներ անցյալ շաբաթ` օրակարգում ունենալով Եվրամիության հետ հետագա համագործակցության հարցի քննարկումը: Սակայն Սերժ Սարգսյանի` դեպի Մաքսային միություն ճանապարհը եվրոպացիներին ստիպել է հայկական պատվիրակության համար նախապես նշանակված հանդիպումները չեղյալ հայտարարել:
Սա, իհարկե, չի նշանակում, թե Արևմուտքը` ի դեմս Եվրամիության ու ԱՄՆ-ի, երկաթե վարագույրների քաղաքականություն կսկսի Հայաստանի նկատմամբ: Ամենևին, հակառակը` այժմ «բլիթի ու մտրակի» մեխանիզմները կսկսենք զգալ իրենց ողջ «հմայքով»:
Արդեն այս օրերին էլ զգացվում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ասպարեզում ինչ-որ շիլա է եփվում:
Նախ` Մաքսային միությանն անդամակցելու ցանկություն հայտնելուց անմիջապես հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Եվրոպական մի շարք պաշտոնյաներ սկսեցին «միամիտ» խոսակցություններ տարածել, թե 2014 թ. ընթացքում ԼՂ կարգավորման գործընթացում ինչ-որ տեղաշարժեր են լինելու, որ սա վճռական ու կարևոր փուլ է և այլն: Թե խոսքն ինչի մասին է, դեռ մնում է հանելուկ: Սակայն պարզ է մի այլ բան: Վերջերս Ադրբեջան այցելեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, իսկ հետո արդեն Երևանում հայտարարեց, որ սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում:
Նա նաև նշել է, որ ԼՂ հիմնահարցի կարգավորման մասին համաձայնագրի ձեռքբերման պատուհան է բացվել:
Այսպիսով, ամերիկացի պաշտոնյան խոսում է համաձայնագրի մասին: Ինչպես գիտենք, բանակցությունները մինչ օրս որևէ շոշափելի առաջընթաց չեն ունեցել, քանի որ խնդրի համար չի գտնվել բոլոր կողմերին գոհացնող լուծում: Ու եթե ամերիկացի համանախագահը նշում է համաձայնագրի ստորագրման մասին, նշանակում է, որ կողմերին արվելու են այնպիսի «առաջարկություններ», որոնք ընդունելի են լինելու:
Օրեր առաջ էլ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը itar-tass.com-ի հետ հարցազրույցում նշել է, թե ԵԱՀԿ-ի` ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում կան դրական փոփոխություններ: Ճիշտ է` նա նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն արդեն իսկ դրական քայլ է, բայց նաև շեշտել է, որ ԵԱՀԿ-ի խնդիրն այս հարցին քաղաքական լուծում տալն է, ոչ թե այլ տարբերակների քննարկումը:
Ադրբեջանի քաղաքական վերլուծությունների ու տեղեկատվության վարչության պետ Էլնուր Ասլանովն էլ ասել է, որ եթե Հայաստանը կառուցողական դիրքորոշում ցուցաբերի, ապա կարելի է ինչ-որ բան ակնկալել նախագահների հանդիպումից:
Արջի հետ ընկերություն անողը արջի պես էլ կփորձի լուծել հարցերը
Այս համատեքստում հետաքրքրական էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզիցկու հայտարարությունը, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով իր իրավասությունը վերականգնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ապա ռազմակայանը կարող է մտնել զինված հակամարտության մեջ` ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտավորություններին համապատասխան:
Սա, ինչպես նկատում է ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը, չի կարող պատահական հայտարարություն լինել:
Դրանից հետո թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրեց, թե հոկտեմբերի կեսերին Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խնդրել է շվեյցարական կողմի օժանդակությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Նա պատրաստակամություն է հայտնել բացել հայ-թուրքական սահմանները, վավերացնել 2009 թ. ստորագրված արձանագրությունները, եթե Շվեյցարիան կարողանա համոզել հայկական կողմին հանձնել Ադրբեջանին ԼՂ-ն շրջապատող 5 շրջանները, և իբր Ադրբեջանն էլ հայտարարել է, որ դեմ չի արտահայտվի Հայաստանի և Թուրքիայի սահմանների բացմանը, եթե Երևանն ազատի 7 շրջաններից առնվազն 5-ը:
Այն փաստը, որ խաղի մեջ է ներքաշվել Թուրքիան, վկայում է այն մասին, որ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումն աշխարհաքաղաքական կենտրոններն ընկալել են որպես տարածաշրջանում հաստատված հավասարակշռությունը Ռուսաստանի օգտին շեղելու դրսևորում: Եվ Ամերիկայի նախաձեռնությամբ ԼՂ բանակցային գործընթացին «նոր շունչ» տալը ուղղված է հենց այդ հավասարակշռության խախտման դեմ: Այդ դեպքում կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի և Արևմուտքի մտադրությունները չեն բխում հայկական կողմի շահերից: Առավել ևս, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակին հայտարարել է, թե աննպատակ բանակցությունների այլևս չի մասնակցելու և շուրջ 2.5 տարի դադարից հետո ահա Սերժ Սարգսյանի հետ նոր հանդիպման առաջարկն ընդունել է:
Այս համատեքստում դիտարկենք ևս երկու կարևոր երևույթ: Հենց այս օրերին, երբ ԼՂՀ բանակցային գործընթացում որոշակի աշխուժացում է նկատվում, ՀՀ ԱԺ-ում նիստերի օրակարգ է բերվել ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը: Ընդ որում դա արվում է այն ժամանակ, երբ Հայաստանում պնդում են, որ շուտով Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ու նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է պաշտոնական այցով մեկնում ԼՂՀ:
Ճիշտ է` ԱԺ-ում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով Ստեփանակերտում կայանալիք Սերժ Սարգսյան- Բակո Սահակյան հանդիպման առիթին, նշեց, որ հատուկ առիթ չկա. «Սերժ Սարգսյանը հաճախակի է գնում Ստեփանակերտ և հաճախակի է հանդիպում Բակո Սահակյանի հետ, այնպես որ պետք չէ այստեղ փնտրել հատուկ առիթ»: Բայց այս այցը պաշտոնական էր, իսկ որ Սերժ Սարգսյանը հաճախակի է պաշտոնական այցով մեկնում ԼՂՀ, իհարկե, ճիշտ չէ:
Ու այդ` «ոչ հատուկ առիթի» ժամանակ էլ Սերժ Սարգսյանը պետք է այցելի զորամասեր, շփման գիծ և ստուգի պաշտպանության բանակի մարտունակությունը:
ԼՂՀ ՊԲ զինվորներն էլ «պատահաբար» այդ ժամանակ կոտրում են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների պատկերներով քարեր, և այդ տեսանյութն էլ ուղղակի «պատահաբար» հայտնվում է համացանցում: Այդպես ժամանակին անում էր ԽՍՀՄ-ը, հետո` Ռուսաստանը դիվանագիտական ասպարեզում նեղ վիճակում հայտնվելիս: Այսինքն` դժվարին պահերին ցույց էին տալիս երկաթե ատամները` բանակը:
Այսքան շատ պատահական համընկնումներ` բոլորն էլ նույն հարթությունում, համաձայնվենք, չեն լինում:
Tags: Հայաստան, Ռուսաստան, քաղաքական