Վերահսկելի՞ է հակադոպինգային իրավիճակը հայկական ծանրամարտում

ծանրաձողՄարզասերները տեղյակ են, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած 2013-ի հակադոպինգային ստուգումների արդյունքով Հայաստանի 6 ներկայացուցիչ որակազրկվել Է: Տխրահռչակ այս ռեկորդի հետևանքը կարող է լինել այն, որ ստիպված լինենք որպես տուգանք վճարել հարյուրհազարավոր դոլարներ: Ի դեպ, միայն այս տարի նախկինում  ունեցած  որակազրկումների համար Հայաստանի ներկայացուցիչները  նույն կարգի մեծ տուգանքներ են վճարել, որպեսզի կրկին մերոնց թույլատրվի մրցահարթակ դուրս գալ: Իսկ այժմ ավելի խիստ ֆինանսական մտրակումներ են սպասվում: Իսկ դա նշանակում է, որ փողերը կրկին ջուրն են գցվելու:

Ինքնին հարցեր են առաջանում` ի՞նչ անել, ինչքանո՞վ է նպատակահարմար ծանրամարտը զարգացնելու համար փողեր ծախսել, երբ վերջին շրջանում խոշորամասշտաբ ստուգատեսներում հուսադրող արդյունքներ գրեթե չկան: Հավելենք, որ 2013-ին աջակցության կարգով Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային պետությունը հատկացրել է 165 մլն դրամ:

Իսկ կատարվածի մասին, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները քար լռություն են պահպանում, գերադասում են պաշտոնապես ոչ մի բան չհայտնել, ասես արտասովոր ոչ մի բան էլ չկա:

Իսկ արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար երկու տարով որակազրկվել են Աշոտ Բեգզադյանը, Դավիթ Գասպարյանը, Անդրանիկ Կարապետյանը, Գոռ Մինասյանը, Մարգարիտա Ղազարյանը: Նաիրա Հարությունյանն էլ որակազրկվել է ցմահ:

Ընդ որում, մեր ծանրորդներից երկուսը պետք է վերադարձնեն Պերուի մայրաքաղաք Լիմայում նվաճած աշխարհի երիտասարդական առաջնության մեդալները:

Հիշեցնենք, որ Ադրանիկ Կարապետյանը (77 կգ) երկամարտի

340 (160+180) կգ արդյունքով դարձել էր բրոնզե մեդալակիր, պոկում և հրում վարժություններում էլ պարգևատրվել արծաթե և բրոնզե մեդալներով: Գերծանրքաշային Գոռ Մինասյանն էլ երկամարտում 403 (183+220) կգ արդյունքով դարձել էր փոխչեմպիոն, նաև արծաթե մեդալների տիրացել առանձին վարժություններում:

Մարզիչները կատարվածի մասին գերադասում են չխոսել և մեղքը բարդում են մարզիկների վրա: Ստացվում է, որ վերջիններս սեփական հայեցողությամբ են դիմել այդ դատապարտելի քայլին: Պատճառը պարզ է:  Քանի որ մեծ պարգևներ են սահմանված մեդալների տիրացողների համար, ծանրորդները ոչ մի բանի առջև չեն կանգնում, որպեսզի նպատակին հասնեն:

Գաղտնիք չէ, որ մեր մարզիկները մինչև մրցումների ուղևորվելը քանիցս ներքին կարգով ստուգվում են: Եվ չորակազրկվելու համար կա մի պարզ հնարք. հայտնվում է, որ այս կամ այն մարզիկը վերջին  պահին վնասվածք է ստացել: Ընդ որում, այս տարի մեր երկրի ծանրորդները տարբեր ստուգատեսներին սահմանափակ թվով մարզիկներով են մասնակցել: Թե ինչու է որակազրկվածների թիվն այդքան մեծ, պարզ չէ:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Արմեն Շահազիզյանը Մոսկվայում է բնակվում և լրագրողների հետ չի հանդիպում: Ֆեդերացիայի գլխավոր քատուղար Փաշիկ Ալավերդյանն էլ տեղեկացրել է, որ նոյեմբերի 21-ին Մոսկվա  է մեկնելու, ուր կհանդիպի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին և կպարզի, թե ինչ է կատարվել իրականում:

Հիշեցնենք, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան գլխավորում է մեր հայրենակից Թոմաշ Այանը:

Ամեն դեպքում, խայտառակությունն ակնառու է, և ամենից ցավալին այն է, որ մեր երիտասարդ մարզիկները դիմում են կյանքի համար վտանգավոր դեղամիջոցների օգնությանը, և այն տպավորությունն է, որ իրավիճակն անվերահսկելի է:

 

Tags: