Ազգագրագետ. «Ավանդական ամեն ինչ չէ, որ հարկավոր է փոխադրել XXI դար»

Gayane ShagoyanՀարցազրույց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ազգագրագետ, մշակութային մարդաբան Գայանե Շագոյանի հետ

- Հաճախ է խոսվում ավանդական հայկական հարսանիքի մասին: Ի վերջոի՞նչ ասել է ավանդական հայկական հարսանիք, ի՞նչ է այն ենթադրում:

- Նախ պետք է հասկանանք, որ ավանդական բառն ունի տարբեր բովանդակություն` կախված այն բանից, թե որ ժամանակաշրջանի մասին է խոսվում,  ավանդական ասելով` ինչ բովանդակություն է դրանում դրվում: Եթե կոպիտ բաժանենք, այն երկու ընկալում ունի, որոնք էլի շատ պայմանական են:

Մեկը գիտականն է:  Ազգագրության մեջ ավանդական հարսանիք, ավանդական մշակույթ ասելով` հիմնականում հասկանում են XIX դարում գրանցված ծեսերը, քանի որ մինչ այդ հայ ավանդական մշակույթի նման մանրամասնություններով նկարագրություններ չունենք:

Գիտական մեկ այլ մոտեցման համաձայն էլ` ավանդականը ժառանգաբար փոխանցվող բանավոր մշակութային պաշար է: Այսինքն` մի բան, որ կրկնվում է միայն այն պատճառով, որ նախադեպ ունի, որ  արվում է ոչ թե որպես նորարարություն, այլ ինչ-որ բանի կրկնություն, ինքնըստինքյան դառնում է ավանդական:

Ժողովրդի մեջ կա մեկ այլ պատկերացում, եթե ասում ենք ավանդական, ուրեմն այն պետք է շատ հին ժամանակներից գա: Կոնկրետ ժամանակաշրջան, իհարկե, չի նշվում, բայց կարծես չարտաբերելով,  այնուամենայնիվ, ենթադրվում է, որ հազարամյակներ տևող սովորություններ են: Դրա մեջ մի փոքր ճշմարտություն կա այն իմաստով, որ կենցաղային մշակույթը, կախված ժամանակաշրջանից, փոփոխությունների տարբեր արագություն ունի: Այն, ինչ ունենք XXI դարում, շատ արագ է փոփոխվում:  Դա կապված է տեխնոլոգիաների արագ զարգացման հետ: Մինչև մոդեռնացման ժամանակաշրջանն  ունենք այսպես ասած` դանդաղ ընթացող  ժամանակ: Բայց և չենք կարող ասել, թե որևէ փոփոխություն չի եղել:

Այն, ինչ ունեինք XIX դարում, բավականին բազմազան էր ի տարբերություն կենցաղային սպասումների, թե որքան հին, այնքան նույնական: Իրար կողքի գտնվող գյուղերն անգամ ներփակված են եղել, այնպես որ մի գյուղում տեղի ունեցողը կարող էր մեծապես տարբերվել հարևան գյուղի ավանդույթներից: Մեր ազգագրական նյութը ցույց է տալիս, որ նույնիսկ նույն գյուղում գտնվող տարբեր ծագումնաբանություն ունեցող ընտանիքներ ունեն միմյանցից բավականաչափ տարբերվող հարսանիքներ: Նույնական հարսանիք ունենալու արեալը կարող էր  լինել փոքր, մեծ, համընկնել ինչ-որ շրջանի, եթե այն հարթավայրային էր և կոմունիկացիայի խնդիր չկար:

- Ե՞րբ և որտե՞ղ է  սկիզբ առել ժամանակակից սպիտակազգեստ հարսանիքը:

- XIX դարում բրիտանական արքունիքի հարսանիքը դարձավ մոդելային` սկիզբ դնելով սպիտակազգեստ հարսանիքին: Պատճառները մի քանիսն են:  Նախ` հարսանիքի մեջ կա այն գաղափարը, որ սա թագավորական արարողություն է: Այսինքն` ամեն մի հասարակություն իր հարս ու փեսային վերագրում է առաջին մարդու կերպարը: Քանի որ միջնադարում և միջնադարից դեպի մոդեռնացման ժամանակաշրջանը առաջին մարդը թագավորի և թագուհու հետ էր նույնանում, սկսեցին կրկնօրինակել պահպանողական մշակույթի շնորհիվ  պահպանվածը:

Մյուս պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիան  ծովային ամենահզոր կայսրություններից մեկն էր, որի գաղութները սփռված էին աշխարհով մեկ: Նաև շնորհիվ աշխույժ առևտրական հնարավորությունների,   այս դեպքում շուկան դառնում է ամենակարևոր գործոններից մեկը` այն ինչ արտադրում է մետրոպոլիան, շուկայի միջոցով տարածվում է:

- Իսկ Հայաստանում սպիտակազգեստ հարսանիքները երբվանի՞ց են:

- Քաղաքային բնակչության մոտ արդեն XIX դարում սպիտակազգեստ համալիր հանդիպում է: Բայց մինչև Ցեղասպանությունը բոլոր գյուղական բնակավայրերում անխտիր որպես հարսի զգեստ կիրառվել է  ամեն մի շրջանի տեղական տարազի ավելի շքեղ տարբերակը, ընդ որում հարսանիքին այն հագել են առաջին անգամ: Զգեստը  պարտադիր պետք է նոր լիներ,  կային հատուկ ծեսեր, որոնց ընթացքում հագուստը կարվում էր: 1915-ի ցեղասպանությունից հետո այդ մշակույթն ընդհատվում է:

Քաղաքներում, ասենք` Վանում, Երևանում, XIX դարի վերջին և XX-րդ դարի սկզբին  արդեն ունեինք սպիտակազգեստ հարսանիքներ: Դրանք համատարած չեն, հիմնականում վերնախավին են բնորոշ: Պետք է ասեմ, որ քաղաքային միջավայրը, շնորհիվ շուկայի, ավելի է նպաստում այդ նորաձևության տարածմանը:

Բայց նույնիսկ ԽՄ տարիներին, հատկապես պատերազմի պատճառով, երբ ոչ միայն սպիտակ, այլև անգամ նոր զգեստ գնելն էր խնդիր, կարում էին այն, ինչ հնարավոր էր: Երկար ժամանակ ընդունված էր զգեստը պարտքով վերցնել, կամ եթե գնում էին` մի քանի սերունդ էր հագնում:

Այդպիսով հարսանեկան շքեղ զգեստը, որ առաջին անգամ հագնում էին հարսանիքին, բայց հետո կարող էին հագնել նաև այլ տոնական միջոցառումներին, փոխվեց  մի անգամ հագնելու զգեստի: Սպիտակի տարածման հետ հարսանեկան շորը վերածվեց մեկ անգամ հագնելու ծիսական զգեստի: ԽՍՀՄ-ում 60-70-ականներին նոր միայն կարող ենք խոսել դրա համատարած կիրառման  մասին:

- Հայկական հարսանեկան ծեսերից որո՞նք են, որ պահպանվել են և որո՞նք են, որ գլոբալացման ազդեցության հետևանք են:

- Սպիտակ հարսանիք  կոչվող համալիրն ուներ մի քանի բաղադրիչներ, որոնք տարածվեցին: Առաջինը սպիտակ զգեստն էր, երկրորդը ծաղկեփունջն էր, որը չենք ունեցել, մեզ մոտ  դա շատ ուշ մտավ: Խորհրդային տարիներին հարսն ու փեսան մեխակներ էին դնում որևէ հուշարձանի մոտ. դա էր ծաղկեփնջի ողջ գործառույթը: Իսկ փեսայի կողմից հարսին ծաղկեփունջ փոխանցելու երևույթը և հետո այդ ծաղկեփնջով եկեղեցի մտնելը բրիտանական հարսանիքի  մաս է:

Շքախմբով,   երաժշտության ուղեկցությամբ եկեղեցի մտնելը ևս բրիտանական հարսանիքից է վերցված: Մեզ մոտ դա ձևափոխվեց այնպես, որ հանդիսավոր երաժշտության ուղեկցությամբ հարսն ու փեսան մտնում են հարսանեկան հանդիսության դահլիճ, ԽՄ տարիներին` զագս:

Մյուսը` տարոսիկները: Մերօրյա ձևով տարոսիկներ ավանդական տարբերակում չեն եղել: Այն գաղափարը, որ հարս ու փեսայից մյուսներին պետք է քաղցր բան փոխանցվի, եղել է: Օրինակ` հարսի գլխին գաթա են կոտրել և բաժանել կամ չորացրած մրգեր են շաղ տվել և հավաքել, դրան են ասել տարոս: Այսօր այդ գործողությունն էլի փոխվել է արևմտյան տարբերակի, երբ բրինձ և վարդի թերթեր են շաղ տալիս հարսի ու փեսայի գլխին, և դա այլևս չի կոչվում տարոս:

Փոխառվել է դրսից մեկ այլ բան, որ դրսում կոչվում է հարսանեկան հուշանվեր: Մեզ մոտ քաղցրը տանում էին որպես հարսանիքի մի մասնիկ, որը չամուսնացած երիտասարդներին ամուսնանալու խորհուրդը պիտի փոխանցեր: Խորհրդային շրջանում, նմանակելով եվրոպական հուշանվերները, սկսում են կոնֆետները հելունով գործված և շաքարաջրով քարացած զամբյուղներում բաժանել, հիմա քաղցրի գաղափարը վերանում է, և լրիվ փոխարինվում է հուշանվերներով:

kate-william-royal-wedding- Ըստ Ձեզ`  կգա՞ ժամանակ, երբ գլոբալացված շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությամբ  ողջ աշխարհում հարսանիքը քիչ թե շատ նույնական կլինի, այսինքն` չեն լինի տարբերակող  տարրերը, որոնք ավանդական ենք համարում:

- Կարող եմ ասել, որ գրեթե այդ ժամանակաշրջանում ենք: Այն,  ինչ թվարկեցի` սպիտակ զգեստ, ծաղկեփունջ, վարդ ու բրինձ շաղ տալ, կիրառվում են Երկրի  մեծ մասում: Խոսուն օրինակ է, որ  2011-ի բրիտանական արքայական զույգի ամուսնությունը երկու մլրդ մարդ  էր դիտում ուղիղ  եթերով: Եվ հաջորդ օրն իսկ Չինաստանում հարսանեկան զգեստը կրկնօրինակել էին:

- Այսինքն` հարսանեկան ավանդույթի նման փոփոխությունները բնակա՞ն են:

- Չես կարող  ցանկապատ քաշել և ասել` ամեն ինչ կարող է փոխվել, բայց հարսանիքը, որը ես հայտարարում եմ ազգային, պիտի չփոխվի, մանավանդ որ չկա այն խիստ ազգայինը, որ ասես սա է, եկեք փրկենք:

- Տիկին Շագոյան, այսօրվա  հարսանեկան ծեսերից որո՞նք են, որ ավանդական են և  եղել են նաև XIX դարում:

- Այսօրվա հարսանեկան համալիրում ամենապահպանված քայլերի հաջորդականությունը, որը վերցված է ոչ թե սպիտակ հարսանիքից, այլ ընդհանրացված տեղական տարբերակներից, շեմային ծեսերն են, որոնք  սովորաբար կատարում են փեսայի տուն մտնելիս.  ափսե կոտրել, ուսին լավաշ գցել, գաթա պարեցնել, մեղր կերցնել:

Բայց շուկան  իր գործն անում է: Գյուղերում, որտեղ չկան ռեստորանային համալիներ, սկսել են հարսանիք անել որևէ քաղաքի ռեստորանում, որպեսզի ժամանակին համահունչ լինեն: Եվ տեխնիկապես անհարմար է լինում քաղաքից նորից փեսայի տուն վերադառնալ` այդ շեմային ծեսերը կատարելու: Այդպես XIX դարի հարսանիքի վերջին կռվանը  սկսում է քանդվել, քանի որ տեղավորվում է ռեստորան մտնելու համալիրի մեջ, կա՛մ արվում է, կա՛մ չի արվում: Եթե անգամ արվում է, իր բովանդակային տրամաբանությունն է կորցնում, քանի որ  կապված էր հենց տուն տեղափոխվելու գաղափարի հետ:

- Իսկ կա՞ն հարսանեկան ծեսեր, որոնց բովանդակությունը պահպանվել է, բայց ձևը փոխվել է:

- Կան բազմաթիվ ծեսեր, ինձ համար շատ հետաքրքիր են  եզնմորթեքի և տորթ կտրելու ծեսերը: Տորթ կտրելն ամբողջությամբ եվրոպական հարսանիքից է փոխառված:

Եզնմորթեքի ծեսը և հարսանիքն ունեն  այս կամ այն հանրության միասնությունը վերահաստատող գործառույթ: XIX դարի եզնմորթեքի դեպքում հարսանիքի ընթացքում պետք է որևէ մի ուտեստի միջոցով այդ ամբողջ խմբին միավորեին: Եզնմորթեքի ծեսի ժամանակ դա լինում էր մսացուն, որը դառնում էր հարսանիքի խոհանոցային հիմքը: Անասունը մորթելիս կարևոր էր  առաջին կտրվածքը, դա հաճախ անում էր փեսան, եթե անգամ մսագործն էր անում, ապա առաջին արյամբ փեսայի ճակատին խաչ էին հանում, կտրվածքի համար գումար էին տալիս, կտրվածքից հետո  զուռնա էին փչում, պար էին բռնում:  Այսօրվա հարսանիքի դեպքում տորթն է, որ պարտադիր պետք է բոլորը ճաշակեն, որի առաջին կտրվածքը շատ հանդիսավոր ձևով է արվում, զուռնայի  ձայնին կարող է փոխարինել  շամպայնի  բացվելու ձայնը:

- Իսկ պե՞տք է արդյոք պահպանել հայկականության որոշ տարրեր հարսանիքում:

- Այսպես կարող եմ ասել` դա ճաշակի հարց է, երկրորդ` ինքնության հարց է, եթե մարդ ուզում է շեշտել հայկական ինքնությունը, կարող է այդպես անել: Բայց եթե ես հայկական տարրերով հարսանիք չեմ անում, չի նշանակում, որ ես հայ չեմ: Դեմ եմ, երբ պարտադրանք է լինում:

Հիմա հայկական հարսանիք ասելով` հասկանում են նաև սպիտակ զգեստը, այսինքն` հայկականության նշանները փոփոխական են և այն, ինչ այսօր հայտարարվել է, էլի պայմանական բան է:

Այն ինչ այսօր կոչվում է հայկական հարսանիք, իր մեջ պարունակում է, իմ տեսանկյունով, բազմաթիվ անհեթեթություններ: Կարծում եմ, որ ՀՀ քաղաքացին պետք է լինի իր ժամանակին համահունչ: Դա չի նշանակում, որ պետք է հարսանիք անի ինչպես, օրինակ` Ֆրանսիայում: Բայց  ինձ համար առնվազն ծիծաղելի է, երբ ինքնուրույն կյանքով ապրող 30-35 տարեկան հարսնացուն պետք է կարմիր խնձորի ծես կատարի, որին  այսօր ընդունված է հայկականության իմաստ վերագրել: Եթե դրա հաշվին է հարսանիքը լինելու հայկական, ավելի լավ է` չլինի:

Դա բնական էր XIX դարում և բազմաթիվ բացատրություններ ունի, բայց դա անհեթեթ է հնչում XX դարում, էլ չասեմ` XXI դարում:

Վերապահումով եմ մոտենում այն պահանջներին, որ պետք է անենք ճիշտ հայկական ավանդական հարսանիք, քանի որ ավանդականը պայմանական է, ավանդականը տարընթերցումներ ունի, և ավանդական ամեն ինչ չէ, որ հարկավոր է փոխադրել XXI դար:

 

Tags: ,