Հերոս Վարազաբունի անցյալն ու ներկան

varazabun3Օրերս ԼՂՀ Ասկերանի շրջանի Վարազաբուն (Արանզամին) գյուղում անսովոր եռուզեռ էրՀանդիսությամբ բացվեց Մեծ հայրենականում և Արցախյան պատերազմում նահատակված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշակոթողը: Սա էլ, թերևսհարմար առիթ է անդրադառնալու գյուղի անցյալին ու ներկային:

Վարազաբունը՝ Ասկերան շրջկենտրոնից 11 կմ հարավ-արևելք գտնվող գյուղը,  Արցախում հայտնի է  ոչ միայն խաղողագործությամբ ու հացահատիկի մշակությամբ, այլև 1864 թ. կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցով, որն այսօր, ցավոք, անմխիթար վիճակում է, ինչպես նաև 1875 թ. հիմնադրված դպրոցով ու Գյոզալին, Շոր, Շենին աղբյուրներով:

Հայերի Շուշիի հաղթանակից կատաղած թուրքերը տարբեր ուղղություններով  հարձակումներ են նախաձեռնում: Հարձակման թիրախ են դառնում նաև Ասկերանի շրջանի Սառնաղբյուր (Աղբուլաղ) – Դահրավ ուղղությունը, Մարտունին, ինչպես նաև Հայաստանի  Հանրապետության սահմանամերձ շրջանները:

Հակառակորդն առաջին անգամ գյուղ մտավ մայիսի 10-ին:

Վարազաբունում 5 մարդ են սպանում, այդ թվում և Զինային, որ «Մոսինը» ձեռքին կռվում է թուրքի դեմ: Գերեվարում են 10 կնոջ: Թշնամու հարձակումը կասեցնելու ժամանակ մերոնց հաջողվում է գյուղի մատույցներում շարքից հանել հակառակորդի  տանկը: Գերված կանանցից մեկին՝ Երանիկ Սարգսյանին, հաջորդ օրը բաց են թողնում պայմանով: Նրա միջոցով առաջարկում են գերիներին փոխանակել տանկի անձնակազմի երեք դիակների հետ, որոնցից մեկը Թուրքիայի քաղաքացի էր:

Երբ հրադադարից տարիներ անց  գյուղում լինելու բարեբախտություն ունեցա, այցելեցի Երանիկ Սարգսյանին, որի տղան նույնպես զոհվել է: Շատ լռակյաց էր,  ոչինչ չասաց իր սև օրերի մասին, բայց տարիներն  ասես վերքը սպիացրել էին, ու 21 տարի անց որոշել էր սիրտը թեթևացնել  հուշարձանի բացման առիթով գյուղ եկածների առջև. «Ժամը 8-ին թշնամին գյուղ մտավ: Տանկերը մինչև գյուղի վերջը հասան, որտեղ գտնվում է մեր տունը…»:

Հակառակորդը գյուղից դուրս շպրտվեց հաջորդ օրը, բայց իր հետ  տարավ      գյուղի 10 կանանց,  նրանց թվում` Երանիկ Սարգսյանին: Հունիսի 12-ին Վարազաբունը հարևան գյուղերի հետ կրկին գերության  մեջ հայտնվեց: Երեք ամիս անց՝ սեպտեմբերի 4-ին,  հայկական ուժերն արդեն ավերակ դարձած գյուղն ազատագրեցին: Վարազաբունում գեթ մեկ կանգուն տուն չկար:

Գյուղն ադրբեջանական ռազմական որջ հիշեցնող Աղդամից եկող դառը պտուղները ավելի վաղ է ճաշակել: Մահվան սարսուռն այնքան տևեց, մինչև որ ազատագրվեց հրեշավոր Աղդամը: Այդ լուսավոր օրը վրա հասավ 1993 թ.: Վարազաբունցիների գլխով անցածը սահմանապահ գյուղի ճակատագիր  համարեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը. «Այս տարածքի ժողովուրդը, Վարազաբունը,  հարևան գյուղերը, միայն 1992 թ. մայիսին չէ, որ զգացել են պատերազմի շունչը: Սրանք եղել են սահմանապահ գյուղեր:  Պատահական չէ,  որ հենց Շուշիի ազատագրման  հաջորդ օրը ողջ վրեժը, ցասումը, ատելությունը թշնամին թափեց հենց այդ տարածքում ապրող բնակչության վրա, բայց դուք չընկրկեցիք, դուք դիմացաք»:

Մեծ հայրենականին մասնակցած 100 վարազաբունցիներից 70-ը տուն չվերադարձան: Եվ ոչ միայն: Փոքրիկ գյուղը Խորհրդային Միության երկու հերոս է տվել, որոնցով երախտապարտ համագյուղացիները ոչ միայն հպարտացել են, այլև նրանցից մեկի՝ Երեմ Դանիելյանի պատվին ժամանակին հուշարձան են կանգնեցրել: Ադրբեջանական եռամսյա գերությունից հետո ավարառուները տարել էին նաև այդ հուշարձանը: Իսկ Արցախյան պատերազմում գյուղը 5 զոհ, 9 անհայտ կորած է տվել:

1987 թ.150, իսկ 89-ին120 բնակիչ ունեցող գյուղն  այսօր փոքրացել է, բայց որ պատերազմի վերքերը դեռ չամոքած վարազաբունցին բոլոր ժամանակների կորուստները խորհրդանշող  նոր հուշարձան է կառուցում, դա, անկասկած, ոչ միայն գյուղի հզորացման, այլև հավերժության մասին է վկայում:

 

Tags: