Ուխտագնացություն 20 տարի անց

ուխտագնացություն (2)1994 թ. ապրիլ 21-ին Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մատույցներում շրջափակման մեջ հայտնվեց մայրաքաղաքի Շենգավիթի շրջանի «Մուշ» ջոկատի 272 ազատամարտիկ: Թեև վիրավոր` շատերը դուրս եկան շրջափակումից: Իսկ 14-ն այդպես էլ մնացին մահվան ճիրաններում:

Իրականում ի՞նչ կատարվեց այդ չարաբաստիկ օրը, և որն էր զոհված տղաների հետքերով 20 տարի անց ուխտագնացության մեկնելու շարժառիթը, որը նախաձեռնել էին նրանց մարտական ընկերները` շրջանի թաղապետը, համայնքի երկրապահի նախագահը և հրամանատարը: Ուստի, վերջինիս հետ իմ հանդիպումը, կարծում եմ, միանգամայն արդարացված է:

Նպատակը մեկն էր. 20 տարին, նաև մարտական ընկերների հիշատակը հավերժացնող մի խաչքար դնել շրջկենտրոնի ֆիդայիների այգում, որի հարևանությամբ նաև Մարտակերտի ահեղ մարտերում նահատակվածների հիշատակին կառուցված հուշակոթողն ու թանգարանն են:

Շարժման առաջին օրից տարբեր մարտերի մասնակցած «Մուշ» ջոկատն իր 272 մարտիկներով 1994 թ. հունվարին կրկին Արցախում էր: Այս անգամ նրանց կցեցին Շուշիի բրիգադին, ու ջոկատն ինքնըստինքյան գումարտակ դարձավ, որն իր առջև դրված բոլոր խնդիրները միշտ էլ պատշաճ կատարեց` հրամանատար Մուշեղ Ղազարյանին հպարտանալու բազմաթիվ առիթներ տալով: «Գումարտակը եղել է Արցախի սիրտը, միշտ իր դիրքերում, նահանջ չի ունեցել, մի սանտիմետր հող չի տվել: Բայց 1994 թ. ապրիլի 10-ի մարտական գործողության ընթացքում առաջին վիրավորն ունեցանք: 11 օր ջոկատը պատերազմական թեժ գործողությունների մեջ եղավ, որի հետևանքով զոհերի թիվը 16-ի հասավ»,- խոստովանում է հրամանատարը:

Որպեսզի գնդապետ հրամանատարի պատմությունն առավել պատկերավոր լինի, մի պահ կտրվենք նրա խոսքից և վերհիշենք մինչ այդ Կարմիրավանի գլխով անցածը, քանզի մարտական թեժ գործողությունները հենց այստեղ են ընթացել:

ԿԱՐՄԻՐԱՎԱՆ

Մարտակերտից 14 կմ հեռավորության վրա գտնվող գյուղի դիրքը հարթավայրային էր, գյուղ, որ 1989 թ. ուներ 518 բնակիչ: Կոլտնտեսությունը կազմավորվել է 1930 թ.: 1950-ին միավորվել է Սեյսուլանի կոլտնտեսությանը, իսկ 1964 թ.` Մարտակերտի պետական տնտեսությանը: Մասնագիտացված էր խաղողագործության և անասնապահության ոլորտներում:

Կարմիրավանը, Լենինավանը, Մարաղան, Այգեստանը (Չայլու) հարևան գյուղեր էին, և, ցավոք, պատերազմի ժամանակ գրեթե նույն ճակատագրին արժանացան: Երբ 1992 թ. հունիսի 16-ին դատարկվեց Այգեստանը, մահվան օղակում կրկին հայտնվեց Մարաղան, իսկ հունիսի 28-29-ին արդեն ընկան Լենինավանն ու Կարմիրավանը:

Ուրեմն, գումարտակը պիտի հետ վերադարձներ կորցրածը… «Առաջադրանքն այն էր, որ մենք հնարավորինս վերցնենք մեր հողերից. խրամատավորվենք, դիրքավորվենք և պաշտպանության անցնենք: Իսկ մեր 14 զոհված ընկերները Շուշվա բրիգադի հետախուզական վաշտի մեջ էին, որի ղեկավարը նույն բրիգադի հրամանատարն էր: Նրանց 1994թ. ապրիլի 20-ին իրականացրած հետախուզությունը պարզել էր, որ մեր դիմացն ազատ է, թուրքեր չկան, հենց այդպես էլ զեկուցել էին, որ թուրքերը միայն պահակակետերում են: Այդպես ինձ զեկուցեց նաև իմ հետախույզ Վահագն Վարդևանյանը, թե իրականում առջևում դատարկություն է, ոչ ոք չկա: Բայց երեկոյան թուրք ասկյարները մոտավորապես 3 հազար մոջահեդ վարձկան դեսանտ իջեցրին»,- ասում է հրամանատարը` այսօր արդեն մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների վարչության պետը:

Դեսանտ իջեցրին, երբ միակ հարվածային ուժը Շենգավիթի տղաներն էին, որոնք, կռիվ տալով, դիրքավորվում էին, թեև նրանց էին կցել նաև Սովետական շրջանի գումարտակը, որը դեպի Մարտունի ձգվող թևն էր պահում: «Մենք միշտ խրամատավորվել ենք, որովհետև դա շատ ճիշտ է, հակառակ դեպքում մեր զոհերն ավելի շատ կլինեին»,- վստահեցնում է հրամանատարն ու հիշեցնում 1992 թ. «Արաբո» ջոկատի Կարմիրավանում տված 70 զոհերի մասին:

ԿՌԻՎԸ ԹԵԺԱՑԱՎ ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ

ուխտագնացություն (1)1994 թ.ապրիլի 21-ի առավոտյան ժամը 4-անց 20 րոպե սկսվեց հակառակորդի հարձակումը շենգավիթցիների կողմից պահվող 3 կմ ձգվող դիրքերի վրա: 25-30 մետրի վրա խրամատավորված պահակակետեր էին, որոնք տղաները փորել էին ընդամենը 4 ժամում: Դժվար է չհավատալ հրամանատարին, որ եթե խրամատավորված չլինեին` զոհերն ավելի շատ կլինեին, քանզի ուժային հարաբերակցությունն ակնհայտ էր: Այնուհանդերձ, գումարտակը չնահանջեց: Իսկ Կարմիրավանի «չանի բոչկաների» ուղղությամբ հետախուզման գնացած 14 տղաները հակառակորդի հարձակման ժամանակ ուղղակի չկարողացան հետադարձ ճանապարհն անցնել ու հասնել գումարտակին: Հետդարձի ճանապարհն արդեն փակ էր: Տղաներն իրենց վերջին մարտը տվեցին: Անձնվիրաբար կռվեցին, մինչև պարպվեց վերջին փամփուշտը:

Մինչ այդ հետախույզ տղաները տեղեկացրել էին, որ գումարտակը մոջահեդների շրջափակման մեջ է հայտնվել: Այդ մասին իր մոտ եղած ռադիոկապով նույնիսկ Վահագն Վարդևանյանն է հայտնել հրամանատարին: «Տանկերը եկան ու բարձրացան մեր պահակակետերի դիրքերի վրա: Նման բան միայն ֆաշիստական ֆիլմերում էինք տեսել, թե ինչպես է տանկը խրամատի վրա բարձրանում, պտտվում, խրամատը հողին հավասարեցնելով` առաջ շարժվում: Անգամ նման իրավիճակում մենք առանց խուճապի, նահանջի պահել ենք մեր դիրքերը»,- ոչ այն է հպարտությամբ, ոչ այն է ցավով նշում է գնդապետը, որովհետև վերջնարդյունքում 76 վիրավոր տվեցին, այդ թվում նաև հրամանատարը, և 14 զոհ, որոնց մեջ էին նաև հրամանատարի մանկության ընկերներն ու բարեկամը: Բայց գումարտակն էլ իր հերթին գերիներ, վիրավորներ և դիակներ վերցրեց փոխանակումների համար:

Այյս ամենից հետո չես կարող չհամաձայնել նախաձեռնության հեղինակների այն մտքին, որ Մարտակերտում խաչքար տեղադրելու նպատակը ոչ միայն մարտական ընկերների հիշատակի հավերժացումն է, այլև եկող սերունդներին զգոն պահելը: Իսկ արդյունքը երկար սպասեցնել չտվեց: Օրեր անց` ապրիլի 24-ին, խաչքարի մոտ հանդիսավոր մոմավառության եղավ:

Ի՞ՆՉ ՏԵՍԱՎ ՈՒ ԶԳԱՑ ՄՈՐ ՍԻՐՏԸ

Տիկին Լալան ուխտագնացության մեկնած միակ մայրն էր: Իհարկե, ոչ այն պատճառով, որ մյուսները չէին ցանկացել. արդեն կենդանի չէին: Ասենք, ի՞նչ մայր լիներ, որ առողջություն ունենար ու դիմանար: Փոխարենը` հայրերը, կանայք ու զավակներն էին գնացել: Իսկ Տիկին Լալան էլ, ինչպես ասում են, մեռնելով գնացել ու արդեն 10 օր է, ինչ գամվել է անկողնուն, խելքի չի գալիս: Թեև առաջին անգամ չէր Արցախում, բայց անչափ հուզված էր, այն աստիճան, որ երբ սահմանամերձ N զորամաս գնացին, որտեղ ժամանակին վրաններում մնացել էին տղաները, ուխտ էր արել մի բուռ հող բերել ու խառնել որդու շիրիմին: Նրանք երկար ու լուռ հեռվից դիտեցին տղաների «մարտադաշտը», զննեցին շրջապատը, հիշողությունների գիրկն ընկան: Տիկին Լալան ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ սահմանապահ 60 զինվորներին թաղապետի կողմից տրամադրված անհրաժեշտ պարագաներով նվերների փաթեթը հանձնելու պահը եկավ: Զորամասին էլ հեռուստացույց նվիրեցին:

Իսկ երբ էջմիածնեցի զինվորին մայրաբար համբուրելով, բարի ծառայություն մաղթելով հանձնեց փաթեթը, ասես որդու ջերմությունը զգաց, կրկին շփոթվեց` մոռանալով իր ուխտի մասին:

Թեև մոր վիշտը թարմացավ, կրկին վերապրեց 88-ից Արցախյան հողում կռիվ տվող Արմեն որդու կորստի վիշտը, բայց լավ էր,որ այստեղ շատերն իմացան ապրիլյան այս պատմության մասին: Պարզվեց, որ անտեղյակներն էլ քիչ չէին, այն էլ` Մարտակերտի զոհված ազատամարտիկների թանգարանում, որի հարևանությամբ տեղադրվեց խաչքարը: Ուխտագնացները թանգարանում 14 զոհերի լուսանկարները չտեսան, պատմությանն այստեղ տեղյակ չէին:
Կարևորը` խոստացան կարճ ժամանակում բացը լրացնել:

Իսկ ԼՂՀ ՊՆ նախարարը տիկին Լալային պատվոգիր, իսկ 13 զոհերի հայրերին, հարազատներին անվանական ժամացույցներ հանձնեց: Չմերժվեց նաև ուխտագնացների` N զորամասի մի քանի զինվորի արձակուրդ ուղարկելու խնդրանքը: Գուցե այդ երեք զինվորն արդեն կարճատև հանգստի են մեկնել:

1999 թ. Արմեն Հովհաննիսյանի և Վահագն Վարդևանյանի դպրոցները հերոս զինվորների անուններով են անվանակոչվել: Թաղապետ Արմեն Սարգսյանն էլ պատվախնդիր է առաջիկայում Արշակ Ղամբարյանի դպրոցն ազատամարտիկի անունով անվանակոչելուն:

1994 թ. ապրիլյան այս իրադարձությունից օրեր անց` մայիսի 12-ին, հրադադար կնքվեց, որով մեր Արցախ աշխարհի բազմաթիվ բեկորներ մնացին շան բերանում…

 

 

Մարաղայի գողգոթայի 22-ամյա մորմոքը

մարաղայի ողբերգությունը2014 թ. ապրիլի 10-ին կլրանա Մարաղայի ողբերգության 20տարին: Այն ինչ կատարվեց այդ

չարաբաստիկ օրը Մարտակերտ

շրջկենտրոնից 16 կմ հյուսիս–արևելք  գտնվող այդ գյուղում, իր դաժանությամբ շարունակությունն

էր Մեծ Եղեռնի և Սումգայիթի:

 1915-ի և 1992-ի ապրիլ…

 Կյանքի զարթոնքի, սիրո ու երազանքի ամիս, որ հայոց պատմության մեջ երկու ցեղասպանությամբ դաջվեց:

Ասում են` Մարտակերտի սև օրն ասես սկսվեց Մարաղայից: Եվ ոչ մի մարտակերտցի չէր կարող մտածել, որ 1915 թ. Եղեռնը պիտի 1992-ին կրկնվի իր հողում, և այնպիսի ահավոր սպանդ պիտի տեղի ունենա, որ հետո մարդկային միտքն անգամ անկարող պիտի լինի այն անգամ նկարագրել, վերարտադրել:

Մարաղայի ողբերգության մասին պատմություններ շատ եմ լսել, բայց արցախյան գոյամարտի տարեգրությամբ հետամուտ լրագրողիս այդ ցավն ու կսկիծը հանգիստ չէր տալիս այնքան ժամանակ, քանի դեռ այդ եղեռնագործությունն ապրած, աշխարհով մեկ սփռված մարաղացու հետ հանդիպելու իմ համառ ցանկությունը չէր իրականացել:

Իրականում ի՞նչ կատարվեց 20 տարի առաջ այդ գյուղում. պատմության այդ տխուր էջերը թերթենք հենց ողբերգությունը վերապրածների օգնությամբ:

Արյունոտ առավոտ

 

Մարաղայում ծնված, գյուղում ամուսնացած, չորս երեխաների մայր Ռայա Հայրապետյանն էլ շատերի նման նոր բացվող օրը ահ ու դողով դիմավորեց, դա արդեն սովորական էր դարձել: Հետո իր բան ու գործին անցավ, բայց սկսած գործը ավարտին հասցնել չկարողացավ, որովհետև թշնամու այդ օրվա գործն էլ մարաղացուն սպանդի ենթարկելն  ու տնավեր անելն էր: Եվ դա նրան հաջողվեց, քանի որ ձեռքը բռնող չկար: «Ժողովուդն արդեն դուրս էր գալիս, երբ գյուղ մտան տանկերը: Բախտներս այնքանով բերեց, որ գյուղ մտնող տանկիստները ռուսներ էին և կարող էին մեզ տանկի տակ ճզմել կամ կրակել, բայց գլուխները խցիկներից հանած բղավում էին` փախե՛ք, փախե՛ք, մարդի՛կ: Տանկերի հետևից էլ թուրքն էր բեռնատարով գալիս»,- ասում է Ռայան ու նկուղում թաքնված իր հարևաններ Լենայի ու Վարդուշի գլխով անցած դաժան իրականությունը ներկայացնում: Թե ինչպես թուրք հրեշը, մտնելով նկուղ, ինքնազենի խզակոթով դուրս է հանում նրանց: Վարդուշը, արնաքամ լինելով, ընկնում է: Այդ պահին հայտնվում է մի տանկ ու անցնում Վարդուշի վրայով, իսկ Լենային այլ համագյուղացիների հետ Միրբաշիր  են տանում: Սերյոժային մանր-մանր կտրտում են, իսկ կնոջը` Ասյային, սպանում: Ամուսիններ Էդիկին ու Օֆելյային այնպիսի կտտանքների են ենթարկում, որ հարազատ դուստրը դժվարությամբ է ճանաչում դիակները: Անգամ չխնայեցին 85-ամյա տրակտորիստ Համոյին, որին լավ էին ճանաչում թուրքերը: Երկար ժամանակ միրբաշիրցիների մեխանիզմներն էր նորոգում: Կացնով կտրել էին նրա գլուխը… Հրասայլի տակ ճզմեցին նաև Իզաբելլա Բայրամյանին:

Այդ ամենից հետո բա ինչպես չասես, խեղճ, միամիտ Ռայա, ռուսը որ չլիներ, թուրքը քո հողն ասպատակողը չէր: Լկտիաբար խոսելու և ավազակի պես վարվելու այդ իրավունքը նրանց ռուսական իշխանությունն էր տվել  դեռևս շարժման առաջին իսկ օրերից, որը սումգայիթյան ոճրագործության դեպքերը պարզելու, կատարվածին անհրաժեշտ գնահատական տալու փոխարեն հետագայում բազմաթիվ սխալներ թույլ տվեց: Առաջին սխալն այն էր, որ ԼՂԻՄ-ի Կազմկոմիտեի նախագահ նշանակեց Ադրբեջանի Կենտկոմի երկրորդ քարտուղար, տխրահռչակ Պոլյանիչկոյին, իսկ երբ 1990 թ. հունվարի 15-ին այդ հողում արտակարգ իրադրություն հայտարարվեց, պարետն էլ գեներալ Սաֆոնովը դարձավ: Արցախյան տարեգրությունը «հարուստ» է նրանց «արարչագործություններով», բայց դա այլ խոսակցության թեմա է: Միայն փաստեմ, որ Արցախում արցախցու իրական որս սկսվեց: Իսկ նպատակը մեկն էր` նպաստել մարզի հայաթափմանը: Չի լինի արցախցին, չի լինի ազգամիջյան խնդիր:

Տներում, մարագներում, բակերում գազանաբար սպանվեց 51 մարաղացի, 50-ից ավելի մարդու էլ, նաև երեխաներ, պատանդ վերցրին: Իսկ պատանդների հետ «աշխատում» էր անձամբ ոստիկանապետը, որը «լավ» ոստիկանապետ լինելուց զատ նաև լավ վաշխառու էր: Նա հայ պատանդներին «լավ գնով» վաճառում էր Մինգեչաուրում, Բաքվում, Կիրովաբադում:

Փրկվածներին է հասել նաև Մարաղայի դպրոցի ուսուցչուհի` Ալվինա Բաղդասարյանի հերոսական, սակայն ողբերգական վախճանի պատմությունը: Թուրքերը նրան անպատկերացնելի խոշտանգումների են ենթարկել, աքցանով քաշել ատամները, ստիպել ասել, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: Սակայն ուսուցչուհին անդրդվելի է մնում: Արնախեղդ լինելով` շարունակ կրկնում է. «Ոչ,Ղարաբաղը եղել է ու կլինի հայկական»: Եվ այդ խոսքերը շուրթերին էլ մեռնում է:  Սա է ժանիքը միշտ արյունոտ «քաղաքակիրթ» թուրքը, այն էլ` XX դարավերջին, «քաղաքակիրթ» աշխարհի հովանու ներքո: Ինչպես կասեր Մեծ եղեռնից մազապուրծ առաջին սերնդի ներկայացուցիչներից մեկը` սփյուռքահայ գրող Արամ Հայկազը, «թուրքը արարչագործության մեծագույն սխալն է ու ամոթը, շնչավորներուն ամենեն վայրագն ու ստորինը»:

Սա ընդամենը մի կարճ դրվագ է այդ մեծ ողբերգությունից:

Հաջորդ օրն իսկ գյուղն ազատագրվեց: Մարդիկ գյուղ  վերադարձան, բայց մի քանի ժամվա ընթացքում թշնամին  իր սև գործն արդեն արել էր: Վերադարձողները հողին  հանձնեցին իրենց մեռելներին:

«Մարաղացուց շատ իր հողն ու հայրենիքը սիրող քիչ մարդ կա, և մարաղացին մինչև վերջին պահն էլ կռվեց հերոսաբար: Երեք անգամ կարողացանք թշնամուն հետ շպրտել, իսկ երբ Կիրովաբադում տեղակայված ռուսական տանկերի օգնությամբ մոտավորապես 15 միավոր տեխնիկայով հարձակվեցին գյուղի վրա, նրանց հաջողվեց ճեղքել այսպես կոչված պաշտպանական առաջին և երկրորդ դիրքերը: Այդ ուժին 210 մարաղացի էր դիմակայում,   օգնության էր հասել նաև Հասանղայայի 38 հոգանոց ջոկատը: Ինքնապաշտպանների  թիվը 250-ի էր հասել, բայց միայն զրահատեխնիկայի ճնշմամբ թողեցինք գյուղը: Այնուամենայնիվ, մարաղացին հերոս ժողովուրդ է: Այստեղ հերոսամարտ է եղել ոչ մեկ անգամ»,- հավատացած է գյուղի ջոկատի հրամանատար Ռոմա Ապրեսյանը:Շարունակությունը կարդացեք այստեղ:

Անկախ

ՍՈՒՄԳԱՅԻԹ. 26 տարի անց

սումգայիթի ջարդեր26 տարի առաջ փետրվարյան այս օրերին,իսկ ավելի ստույգ` 26-ից 28-ը, մարդկայինկերպարանքը կորցրած թուրք խառնամբոխըդաժանաբար սպանում էր Սումգայիթի հայությանը: Արդեն 26 տարի է, ինչ այդ մասին գրում, խոսում ենք, բայց թեման չի սպառվում, ինչպես չի սպառվում նաև եղեռնի թեման: Արդեն մեկ դար է, ինչ բարձրաձայնում ենք մեր ցավի մասին ու դեռ մի դար էլ կխոսենք… Սակայն այսօր այդ խնդրին այլ տեսանկյունից եմ ուզում նայել:

Սումգայիթում միտինգները սկսվել էին 1988-ի փետրվարի 26-ից, որոնց ընթացքում որոշակի կոչեր էին հնչում հայության դեմ. «Պատժել հայերին Ղարաբաղի հարցի համար», «Մահ հայերին»: Զավեշտալին այն էր, որ հայերին անգամ այն բանում էին մեղադրում, որ իրենց քաղաքում ազերիներից շատ ավելի լավ են ապրում, լավ բնակարաններում, և հիմնականում զբաղվում են մտավոր աշխատանքով: Դե արի ու մի ասա` խելք ու միտք ունեի՞ք, որ ստեղծեիք: Այդ մասին հետո պիտի խոստովաներ, մորմոքար նրանց «հայր» Ալիևը. «Մեր ուղեղները գնացին, ոսկե ատամներով կանաչի վաճառողները եկան»:

Եկել է պահը, որ թրքի թրքության մասին շիտակ խոսք ասվի: Փետրվարի 27-ի երեկոյան սադրիչ ելույթներն արդեն կյանքի կոչվեցին: Միտինգի կոչերից, միտինգի ժամանակ անվճար բաժանված ոգելից խմիչքներից գլուխը տաքացրած, արյունը գլխին տված խառնամբոխը գործի անցավ: Թեև այնքան էլ հակված չեմ կարծելու, որ պատճառը միայն խմիչքն ու կոչերն էին, այդ ամենը նախապես ծրագրված ջարդեր էին: Ասեմ ինչու:

Պարզվում է, որ թուրք լինելուց զատ, նաև կացնասեր ժողովուրդ են: Ու դա գալիս է ոչ թե ժանիքն արյունոտ Սաֆարովի ժամանակից, այլև սումգայիթյան կոտորածներից: Գուցե նաև ավելի վաղուցվանից: Ինչ մեղքս թաքցնեմ, վաղեմության մասին անտեղյակ եմ: Բայց այդ օրերին Ադրբեջանի խողովակաշինական գործարանում կացիններ ու դանակներ արտադրելու դեպքեր են գրանցվել, որոնք էլ օգտագործվել են արյունահեղության ժամանակ: Սա, իհարկե, Գյուլնազ տատի հեքիաթի ժանրից չէ, այլ այդ մասին ժամանակին գրել է «Սումգայիթի կոմունիստ» թերթն իր մայիսյան համարներից մեկում:

Իսկ հաջորդ օրը զգալով, որ իրենց ձեռքը բռնող չկա, կացիններով, մետաղալարերով, մուրճերով զինված ամբոխը կրկին փողոց դուրս եկավ: Սպանում էին բոլորին` չխնայելով ո՛չ ծերերին, ո՛չ էլ երեխաներին:

40-ական թվականներին ցրցամ տրված քաղաքն իր այդյունաբերության զարգացմամբ բնակչության մեծ հոսք ապահովեց: Եվ երբ 1950 թ. արդեն Ադրբեջանի երրորդ քաղաքի կարգավիճակ ստացավ, քաղաքի զարգացման այդ աննախադեպ ընթացքին նպաստեցին նաև Ղարաբաղից տեղափոխված հայերը: Այդ նրանց ջանքերով էր, որ քաղաքը քաղաք դարձավ: Դա Ադրբեջանի իշխանությունների հերթական խորամանկ քայլն էր,Ղարաբաղը թեկուզ այս ճանապարհով հայաթափելու վերջին հույսն ու հնարավորությունը: Եվ դա, կարելի է ասել, նրանց հաջողվեց, քանզի Ադրբեջանի կառավարությունը հետզհետե մարզը փակուղի էր տանում: Զրկել էր բյուջեից, Ղարաբաղի համար խնայում էր ամեն ինչ: Մեղադրելու չէ, որ ղարաբաղցին աշխատանք ու ապրուստ արդեն դրսերում, այդ թվում նաև Սումգայիթում էր փնտրում:

Երկար, շատ երկար եմ ուսումնասիրել սումգայիթյան ջարդերի 34-զոհերի կենսագրությունները (թեև պաշտոնապես ընդունված այս թիվը խիստ կասկածելի է) ու բացահայտել եմ մի բան. բոլորն էլ մի ծննդավայր ունեն` Լեռնային Ղարաբաղ:

Օրինակ` 1930 թ. ծնված էմմա Գրիգորյանը ծնունդով Շահումյանի Հայ Պարիս գյուղից էր, որին դաժանաբար կտտանքների են ենթարկել, այնուհետև սպանել: Կամ Ասկերանի շրջանի Բադարա գյուղից ամուսիններ Նիկոլայ Դանիելյանն ու Սեդա Դանիելյանը: Երկուսն էլ արնախումնների զոհն են դառնում, իսկ ծանր վիրավոր որդին փրկվում է:

Առավել դաժան ճակատագիր է բաժին հասնում ծնունդով Հադրութի շրջանի Ջիլան գյուղից Սումգայիթ տեղափոխված Մելքումյան ամուսիններին: Սողոմոնին և Լարիսային իրենց երեք զավակների հետ դաժանաբար սպանում ու փողոց են նետում, որտեղ դիակներով «զվարճանալու» հերթն արդեն դեռահասներինն էր:

Չգիտես ինչ անուն տաս Իգոր Մելքոնյանի ընտանիքին բաժին հասած ողբերգությանը, ընտանիք, որը նույնպես Հադրութի շրջանի Ջիլան գյուղից էր Սումգայիթ եկել: Իգորին, ծնողներին, քրոջն ու եղբորը դաժանաբար սպանել, այնուհետև այրել են գազանության հետքերը թաքցնելու նպատակով:

250 հազար բնակիչ ունեցող Սումգայիթ քաղաքը, որի18 հազար բնակիչը հայեր էին, երկու օրում սպանդանոցի վերածվեց: Միայն փետրվարի 29-ին բանակային զորքը մտավ Սումգայիթ, այն էլ առանց զենք գործադրելու հրամանի, երբ բանը բանից անցել էր: Իսկ Գորբաչովը կոկորդ էր պատռում, որ ընդամենը 3 ժամով ուշացան:

Պակաս զավեշտալի չէ նաև այն, որ այս ցեղասպանության հետաքննությունը շատ կարճ կյանք ունեցավ. 10 օրվա ընթացքում դատախազը հապճեպ գործը փակեց և մեկ շաբաթից մեղադրական եզրակացությունն արդեն Ադրբեջանի գերագույն դատարան ներկայացրեց: Իսկ այդ խայտառակ դատավարության վերջնարդյունքում սումգայիթյան սպանդն իրականացնողների վիթխարի բանակից «մեղմ» պատիժներ ստացավ 100-ից էլ պակաս հանցագործ: Հիմնականում` դեռահասներ և երիտասարդներ: Դա էլ արեցին միջազգային կառույցների աչքերը փակելու համար, իսկ իրական «շնագայլերը» պաշտոններ զբաղեցրին Ադրբեջանի վերին էշելոններում:Շարունակությունը կարդացեք հետևելով հղմանը:

Անկախ

Հայոց միջնաբերդ Քարվաճառի ազատագրման 21-ամյա ոդիսականը

Քարվաճառ

 

1993 թ. մարտի 27-ին ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները երեք ուղղությամբ սկսեցին Քարվաճառի (Շահումյանի շրջան)ռազմական հենակետերի ոչնչացման օպերացիան: Օրեր անց` ապրիլի 1-ին, հայ ազատամարտիկներն արդեն ազատագրեցին Քարվաճառ քաղաքը, որի երկրագիտական թանգարանում ցուցադրված հայ մշակույթի մի շարք արժեքներից ազատամարտիկներն առանձնացրին Քարվաճառի ազնիվ քարից պատրաստված, «916 թվական» և «ՀԿԵ»դաջվածքներով մի խաչքար, որը երկար ժամանակ պահվում էր Գանձասարում: Ապրիլի 5-ին հայկական զինված ուժերը դաժան մարտերից հետո դուրս եկան Օմարի լեռնանցք:Ադրբեջանական բանակը մեծ կորուստներով անցավ Մռավի լեռնաշղթան` թողնելով շրջանը:Մեր ուժերը Քարվաճառ մտան միայն այն ժամանակ, երբ վերջին բնակիչը դուրս եկավ քաղաքից: Բայց հեռացող խաղաղ բնակչության մեջ, այնուամենայնիվ, նշմարվում էին կնոջ  զգեստով փախչող թուրք ասկյարները: Թող փախչեն, գող` սիրտը դող…

 

Քարվաճառ1Քարվաճառ

Պատմական Վայկունիք` գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում: Տրտու (Թարթառ) գետի վերին հոսանքում գտնվող այդ բնակավայրը ժամանակին հայտնի է եղել իր հանքային ջրերով: Այնտեղ կառուցվել է «Բաղնիք արքունականք», որը հետագայում կոչվել է Իսթիսու: Պատմական տարածքի ազատագրման կարևորության մասին ես չէ, որ պիտի գնահատական տամ: Դրա անհրաժեշտությունը հիրավի ժամանակին զգացել են մեր ռազմական գործիչներն ու հավուր պատշաճի լուծել այդ խնդիրը:

 

Փառք ու պատիվ բոլորին: Եթե այդպիսի ռազմավարություն չիրականացվեր, ապա այսօր ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի անվտանգության գոտին երբեք հուսալի չէր լինի: Չմոռանանք, որ «Խոջալուի սպանդի» թևերով իշխանության եկած Էլչիբեյը Վարդենիսով Սևան հասնելու և լճում ոտքերը թրջելու կայծակնային պլան-օպերացիա էր մտմտում: Եվ ոչ միայն: Քարվաճառի ազատագրմամբ էր, որ անվտանգ դարձան Լաչինի (Քաշաթաղ) միջանցքը, Մարտակերտի, Գորիսի թիկունքը: Էլ չեմ խոսում պատմական արդարությունը վերականգնելու մասին: Չգիտեմ, թե ով է ասել, բայց լավ է ասել, որ մեր խաչքարերը, եկեղեցիները Աստծո կնիքն են հային պատկանող հողատարածքներում: Հենց միայն 1-ին դարի ծնունդ Դադիվանքն այդ տարածքի հայկականության ծննդյան վկայականն ու լուռ վկան է: Այնպես որ Շուշիից ոչ պակաս անհրաժեշտություն էր նաև Քարվաճառի ազատագրումը, և ամեն կասկածից վեր էր, որ մեզանում երբևէ մի հայ մարդ կգտնվի, որը ծանրութեթև կանի այդ իրողությունը:

 

Բայց, ինչպես կյանքը ցույց տվեց, նման մի մարդ եղել է, և նա, ոչ ավելի, ոչ պակաս, հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Ինչպես ժամանակը ցույց տվեց` Արցախի թևերով իշխանության եկած մարդու ոչ միայն սրտովը չէր, այլև նա Արցախի իշխանություններին ստիպում է հանձնել այն: Հավաստիացնելու համար փաստեմ 2008 թ. նախագահական ընտրությունների շեմին` փետրվարի 17-ին, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պակաս անսպասելի գաղտնազերծումը հայաստանյան մի շարք հեռուստաընկերությունների եթերով: Թեև շատ բան ասվեց, բայց միայն Քարվաճառին վերաբերող մասն արձանագրեմ: «…Ամենամեծ հակասությունը, որ լուրջ կոնֆլիկտներ էր առաջացնում, վերաբերում էր ռազմական գործողությունների մարտավարությանն ու ռազմավարությանը: Մենք համոզված էինք, որ Ղարաբաղի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի: Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը բոլորովին այլ էր: Առաջին մեծ կոնֆլիկտը եղավ 1993 թ. հունիսի 12-ին: Գորիսում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ, որին մասնակցում էին նաև ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Գեորգի Պետրոսյանը և Վազգեն Սարգսյանը: Մեզ պարտադրում էին հանձնել Քարվաճառը` փաստարկելով, որ կա միջազգային հանրության ճնշումը: Նաև Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ ինքը խոստացել է, և սա է միակ հնարավոր լուծումը…Պնդում էր, որ եթե Քարվաճառը չհանձնենք, Հայաստանը կկործանվի»,- հայտնեց նախագահ Քոչարյանը:

 

Քարվաճառը չհանձնվեց, իսկ եթե Հայաստանն էլ ինչ-որ բան կորցրեց, ապա մինչև Քարվաճառը, երբ 1992 թ. օգոստոսի 8-ին հանձնվեց Արծվաշենը: Իսկ եթե ավելի անկեղծ լինենք ու խոստովանենք, որ եթե հայաստանյան իշխանությունները պատվախնդրություն ունենային, ապա Քարվաճառի ազատագրումից հետո, երբ արդեն կոտրվել էր թշնամու ողնաշարը, կազատագրվեր նաև Արծվաշենը, եթե ցանկություն լիներ:

 

Այդ կարծիքին էր նաև Վազգեն Մանուկյանը, որի հետ հանդիպեցի տարիներ առաջ` Արծվաշենի անկման 15-ամյակի առիթով: «Արծվաշենը պահելու համար հարկավոր էր առաջ գնալ, վերցնել Ադրբեջանի մի հատվածը` լեռնաշղթան, որպեսզի ապահովեինք արծվաշենցիների խաղաղությունը: … Սարսափելին այն էր, որ մինչև վերջին պահը ժողովրդին ասվեց, որ մենք ձեզ պաշտպանելու ենք: Տեղաբնակների համար Արծվաշենի հանձնումը անսպասելի էր: Մինչդեռ ազնվորեն պետք է ասվեր. կա՛մ մենք առաջ ենք գնում, կա՛մ մեր ուժերից վեր է Արծվաշենը պահելը… Երբ ես ՀՀ պաշտպանության նախարար էի, Քարվաճառը վերցրեցինք, ու մեր բանակն արդեն առաջ` դեպի Աղդամ էր շարժվում, և ադրբեջանական բանակի ողնաշարն արդեն կոտրվել էր, այդ ժամանակ շատ խնդիրներ, այդ թվում նաև Արծվաշենը վերցնելու հարցը կարող էինք լուծել և քննարկում էինք այդ օպերացիան, բայց խոսքը միայն Արծվաշենի մասին չէր, այլ ավելի առաջ գնալու…»,- պարզաբանում է Վազգեն Մանուկյանը:

 

Ավելի առաջ գնալ նշանակում էր վերցնել Ադրբեջանին պատկանող լեռնաշղթան, ինչն էն գլխից, բնականաբար, Լևոն Տեր-Պետրոսյանի սրտովը չէր, գուցե նաև շահեկան էլ չէր, երբ փոխարենն արդեն քոսոտ Քյարքին ունեինք` մոռանալով, որ հայրենիքի մի հատվածը մյուսով չեն փոխանակում…

 

Հայրենի իշխանությունների այդ չար խաղը ոչ միայն հայրենիքի մի հատվածի կորուստի պատճառ դարձավ, այլև բազմաթիվ կյանքերի: Նրանցից 12-ը Կիրովականի 016 մոտոհրաձգային, դեսանտային վաշտի փոխհրամանատարն ու իր զինվորներն էին: Շատերի 20 տարին դեռ չէր բոլորել, իսկ այդ տարիքում մահվան մասին գրեթե չեն մտածում, այլ ապրում են երազներով:Շարունակությունը կարդացեք հետևելով հղմանը:

Անկախ

Հերոս Վարազաբունի անցյալն ու ներկան

varazabun3Օրերս ԼՂՀ Ասկերանի շրջանի Վարազաբուն (Արանզամին) գյուղում անսովոր եռուզեռ էր:  Հանդիսությամբ բացվեց Մեծ հայրենականում և Արցախյան պատերազմում նահատակված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշակոթողը: Սա էլ, թերևս,  հարմար առիթ է անդրադառնալու գյուղի անցյալին ու ներկային:

Վարազաբունը՝ Ասկերան շրջկենտրոնից 11 կմ հարավ-արևելք գտնվող գյուղը,  Արցախում հայտնի է  ոչ միայն խաղողագործությամբ ու հացահատիկի մշակությամբ, այլև 1864 թ. կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցով, որն այսօր, ցավոք, անմխիթար վիճակում է, ինչպես նաև 1875 թ. հիմնադրված դպրոցով ու Գյոզալին, Շոր, Շենին աղբյուրներով:

Հայերի Շուշիի հաղթանակից կատաղած թուրքերը տարբեր ուղղություններով  հարձակումներ են նախաձեռնում: Հարձակման թիրախ են դառնում նաև Ասկերանի շրջանի Սառնաղբյուր (Աղբուլաղ) – Դահրավ ուղղությունը, Մարտունին, ինչպես նաև Հայաստանի  Հանրապետության սահմանամերձ շրջանները:

Հակառակորդն առաջին անգամ գյուղ մտավ մայիսի 10-ին:

Վարազաբունում 5 մարդ են սպանում, այդ թվում և Զինային, որ «Մոսինը» ձեռքին կռվում է թուրքի դեմ: Գերեվարում են 10 կնոջ: Թշնամու հարձակումը կասեցնելու ժամանակ մերոնց հաջողվում է գյուղի մատույցներում շարքից հանել հակառակորդի  տանկը: Գերված կանանցից մեկին՝ Երանիկ Սարգսյանին, հաջորդ օրը բաց են թողնում պայմանով: Նրա միջոցով առաջարկում են գերիներին փոխանակել տանկի անձնակազմի երեք դիակների հետ, որոնցից մեկը Թուրքիայի քաղաքացի էր:

Երբ հրադադարից տարիներ անց  գյուղում լինելու բարեբախտություն ունեցա, այցելեցի Երանիկ Սարգսյանին, որի տղան նույնպես զոհվել է: Շատ լռակյաց էր,  ոչինչ չասաց իր սև օրերի մասին, բայց տարիներն  ասես վերքը սպիացրել էին, ու 21 տարի անց որոշել էր սիրտը թեթևացնել  հուշարձանի բացման առիթով գյուղ եկածների առջև. «Ժամը 8-ին թշնամին գյուղ մտավ: Տանկերը մինչև գյուղի վերջը հասան, որտեղ գտնվում է մեր տունը…»:

Հակառակորդը գյուղից դուրս շպրտվեց հաջորդ օրը, բայց իր հետ  տարավ      գյուղի 10 կանանց,  նրանց թվում` Երանիկ Սարգսյանին: Հունիսի 12-ին Վարազաբունը հարևան գյուղերի հետ կրկին գերության  մեջ հայտնվեց: Երեք ամիս անց՝ սեպտեմբերի 4-ին,  հայկական ուժերն արդեն ավերակ դարձած գյուղն ազատագրեցին: Վարազաբունում գեթ մեկ կանգուն տուն չկար:

Գյուղն ադրբեջանական ռազմական որջ հիշեցնող Աղդամից եկող դառը պտուղները ավելի վաղ է ճաշակել: Մահվան սարսուռն այնքան տևեց, մինչև որ ազատագրվեց հրեշավոր Աղդամը: Այդ լուսավոր օրը վրա հասավ 1993 թ.: Վարազաբունցիների գլխով անցածը սահմանապահ գյուղի ճակատագիր  համարեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը. «Այս տարածքի ժողովուրդը, Վարազաբունը,  հարևան գյուղերը, միայն 1992 թ. մայիսին չէ, որ զգացել են պատերազմի շունչը: Սրանք եղել են սահմանապահ գյուղեր:  Պատահական չէ,  որ հենց Շուշիի ազատագրման  հաջորդ օրը ողջ վրեժը, ցասումը, ատելությունը թշնամին թափեց հենց այդ տարածքում ապրող բնակչության վրա, բայց դուք չընկրկեցիք, դուք դիմացաք»:

Մեծ հայրենականին մասնակցած 100 վարազաբունցիներից 70-ը տուն չվերադարձան: Եվ ոչ միայն: Փոքրիկ գյուղը Խորհրդային Միության երկու հերոս է տվել, որոնցով երախտապարտ համագյուղացիները ոչ միայն հպարտացել են, այլև նրանցից մեկի՝ Երեմ Դանիելյանի պատվին ժամանակին հուշարձան են կանգնեցրել: Ադրբեջանական եռամսյա գերությունից հետո ավարառուները տարել էին նաև այդ հուշարձանը: Իսկ Արցախյան պատերազմում գյուղը 5 զոհ, 9 անհայտ կորած է տվել:

1987 թ.150, իսկ 89-ին120 բնակիչ ունեցող գյուղն  այսօր փոքրացել է, բայց որ պատերազմի վերքերը դեռ չամոքած վարազաբունցին բոլոր ժամանակների կորուստները խորհրդանշող  նոր հուշարձան է կառուցում, դա, անկասկած, ոչ միայն գյուղի հզորացման, այլև հավերժության մասին է վկայում:

 

Տոնաշենի 20-ամյա փառավոր ուղու հանգրվանը…

1315938790_leonid-azgaldian-13Օգոստոսի 25-ին Մարտակերտի շրջանի հյուսիսային դարպասը համարվող   Տոնաշենում մեծ տոն էր, որպիսին հնամենի գյուղը չէր տեսել 1993 թ. ազատագրումից ի վեր:

Մինչ 1989 թ. 160 բնակիչ և հազար ու մի խնդիր ունեցող գյուղն այսօր էլ ապրում է իր խնդիրներով և հոգսերով, որոնք նույնն են մնացել, միայն թե, ցավոք, բնակիչների թիվն է պակասել: Գյուղն ասես մարդաթափ է եղել: Անշուշտ, գյուղն  առանց հոգսի չի լինում, առավել ևս, եթե երկու անգամ թշնամու կողմից ոտնակոխ է արվել, բայց այսօր խնդիրների մասին չէ  որ  ուզում եմ խոսել, քանզի առիթը տոնական է:

Օրերս մեծ հանդիսությամբ բացվեց Մեծ հայրենականում զոհված և Արցախյան պատերազմում մարտիրոսացած տոնաշենցիների, ինչպես նաև գյուղի ազատագրման համար զոհված հայորդիների հիշատակը  հավերժացնող  վեհաշուք  հուշակոթողը: Տոնաշենցիների ուրախությանը մասնակցելու էին եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարարը, հարևան գյուղերի բնակիչներ:

Ի դեպ, Թարթառի ձախափնյա գեղատեսիլ վայրում գտնվող այս  հնամենի գյուղի պատմությունը դարերի խորքից է գալիս: Այդ են վկայում գյուղի գերեզմանոցի հուշաքարերը: Իսկ ըստ ավանդության` գյուղը հիմնադրել է Վաչագան թագավորի տոհմակից Տոնին, որի պատվին էլ անվանակոչվել է: Գյուղի Ս. Գևորգ եկեղեցին մինչև 1930 թ. կանգուն է եղել, իսկ «Երեք մանկուք» եկեղեցին, որտեղ ծվարել են շատ շահումյանցիներ բռնագաղթի տարիներին, լավագույնն է  համարվել վերջին  500 տարում կառուցվածների մեջ:  Կոլտնտեսությունն էլ 1930 թ. է կազմավորվել, իսկ 1950 թ. միավորվել է Մադաղիսի, այնուհետև Այգեստանի (Չայլու) հետ:

OLYMPUS DIGITAL CAMERAԻնչպես կյանքն ապացուցեց, արցախյան շարժումն ամեն ինչից զատ նաև երկրի կենսունակության ստուգման լուրջ քննություն էր, որովհետև հոգևոր զարթոնքը, որն օծվեց ազգային-ազատագրական պայքարի մեռոնով, անմահացրեց մեր շատ սիրասուն զավակների կյանքը կրակի մեջ, հանուն Արցախի, որի համար ոտքի ելան հազարավորները: Ոմանց կենսագրությունը  պատմություն դարձավ, շատերինն էլ՝ քարե մատյան, հուշակոթող՝ դարեդար մնալու հավատամքով:

20-ամյա հաղթանակից հետո  առաջին անգամ իսկական տոն էր Տոնաշենում:  Արցախյան այս փոքրիկ հողակտորի համար իրենց կյանքն են նվիրաբերել շատ նվիրյալներ, այդ թվում նաև «Անկախության բանակի» լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը, որպեսզի քայլենք գլուխներս բարձր,  հպարտ: «Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի: Թուրքը կկորցնի` ուրեմն թուրքը, հայը՝ ուրեմն հայը: Դրա համար Արցախում շատ կարևոր հարցեր են լուծվում, սա միայն մի  փոքր կտոր հողի հարց չէ: Սա Հայաստան է,   և վերջ»,- համոզված էր ազգի մտավորական զինվորականը: Նա առաջիններից էր, որ մարգարեաբար կանխատեսում էր, որ արթնացած շարժումը զինված պայքարի է վերածվելու: Սին երազներով ապրող մարդ չէր ամենևին, անգամ կանխազգում էր իր մոտալուտ մահը… 1992 թ. հունիսի 21-ին զարկվեց  Տոնաշենում, երբ այն թիկունք էր համարվում, ավելին՝ Շահումյանի, Այգեստանի բնակիչների առաջին հանգրվանը,  որտեղ թուրքի սմբակը դեռ չէր հասել: Իսկ թե ում արձակած գնդակը եկավ ու ազգի նվիրյալ զավակին դիպավ, մինչ օրս առեղծված է մնում…

Մեր ազատամարտիկների թափած արյան ամեն մի կաթիլն ըստ արժանվույն պիտի գնահատվի, արժևորվի, որպեսզի մեր հայրենիքն  արժանապատվորեն ժառանգություն թողնենք մեր սերունդներին, որոնք էլ իրենց հերթին պիտի դասեր քաղեն  կատարվածից՝ գիտակցելով, որ արցախյան այս փոքրիկ գյուղի ամեն մի հողակտորի վաղվա տերն ու տիրականն իրենք են: Իսկ հուշակոթողը դրա առհավատչյան է, որովհետև հետայսու այն հերոսների փառքն ու ոգին է թևածելու Տոնաշենում ու նրա բարձունքներում, որոնց շնորհիվ մենք ապրում ենք հպարտ ու արժանապատիվ:

Իսկ որպեսզի կարողանանք հավերժ պահել մեր Արցախ աշխարհը, փոքրիկ Տոնաշենը, ապա ամեն տոնաշենցի իր մեջ պիտի փնտրի  իր հողի համար ընկած տղաներին… Նրանց ներկայությունն այսուհետ հավերժական է: Ներկաներին այդ մասին է հիշեցրեց նաև  Արցախի ՊՆ նախարար Մովսես Հակոբյանը:

«Արցախյան գոյապայքարի ժամանակ, երբ բռնազավթված է եղել Հյուսիսային Արցախը, Մարտակերտի մեծ մասը, մենք այս տարածաշրջանում ունեցել ենք զինվորական ներկայացուցչություն՝ «Եղնիկներ» կոչված ջոկատը:  Եվ այս հուշարձանը արտացոլում է նաև այս տղաների սխրագործությունը: Այսօրվա բանակը պահապան է այս տարածաշրջանին, և մենք այս հուշարձանի կառուցմամբ փաստում ենք այն, որ եկել ենք մշտական ու հավերժական: Սա նաև հիմք պետք է հանդիսանա մեր հետագա խնդիրները կատարելու  համար»,- հավատացրեց նախարարը:

Կասկած չկա, որ այսուհետ հուշակոթողը ոչ միայն տոնաշենցիների, այլև հարևան բնակիչների ու զորամասի զինվորների համար սրբատեղի  է դառնալու:

Էլ ինչ տոն առանց պարգևների` պատվոգրերի ու մեդալների, այդ թվում՝ դրամական, Արցախի նախագահից, ՊՆ նախարարից և Արցախի ազատամարտիկների միության կողմից, որոնց արժանացան ինչպես համայնքի բնակիչները, այնպես էլ  ազատամարտիկներ ու զինվորականներ: Իսկ բարերար Սերժիկ  Հայիրյանը Տոնաշենի պատվավոր քաղաքացի ընտրվեց…

«Հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունը որբ է»

ազատամարտՋոն Քենեդու այս խոսքերը հիշեցի, որովհետև մոտենում է Շահումյանի բռնագաղթի 21-րդ տարին:  Օր, որ անցնում է գրեթե սուսուփուս: Լավագույն դեպքում ադրբեջանահայության ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի մամուլի ասուլիսով, որ հավակնում է Ադրբեջանի նախագահ դառնալ և իր թեկնածությունն է առաջադրելու աշնանը կայանալիք ընտրություններում: Մինչդեռ յուրաքանչյուր շահումյանցի  քայլող ու դեռ չընթերցված պատմություն է:

Շահումյանը գտնվում էր ԼՂՀ-ի հյուսիսային մասում և համարվում պատմական Արցախի Գյուլիստան գավառ:  600 քկմ տարածք և 16 բնակավայր ունեցող շրջանը 1989 թ. մարդահամարի տվյալներով`ավելի քան 20 հազար բնակիչ  ուներ, որից  17 հազարը` հայեր:  Առանձնանում էր իր մշակութային օջախներով, խաչքարաշատ գերեզմաններով, ուներ հայկական և ռուսական դպրոց, ավերակ եկեղեցի, կենցաղային այլ հաստատություններ…

Եթե մենք լռության ենք մատնել ու հաշտվել այդ կորստի հետ, ապա 1939 թ.  Շահումյանում ծնված Վիկա Զինավորի Հայրյանը համոզված է,որ օրերից մի օր հրաշք կկատարվի և ինքն իր ծննդավայր կվերադառնա ու կփարվի որդու շիրիմին: Հինգ զավակ` 1 տղա 4 դուստր ունեցող մայրը հավատացած է, որ եթե ինքը չտեսնի այդ օրը, ապա իր փոխարեն դա կանեն դուստրերը: Աններելի է,որ իրենք եկան, իսկ միակ որդու շիրիմը թողեցին Շահումյանում:

1992 թ. հունվարի 1-ին Վիկա մայրիկը պիտի տոներ ազատամարտիկ Արսեն որդու  ծննդյան 24-ամյակը: Երբ 1991 թ. դեկտեմբերի 26-ին Արսենը, հերթափոխը հանձնելով,  դիրքերից տուն վերադարձավ, որպեսզի մի փոքր հանգստանա ու ծննդյան օրը նշի, մայրը հետաքրքրվեց. «Արսեն, Երևանից փոխարինող ջոկատ եկա՞վ»: «Չէ մամա, չեկան, Բուզլուխի ջոկատն է պոստը պահում, իրենք էլ վախկոտ են, բայց ոչինչ, մի երկու օր կդիմանան, հունվարի 2-ին կգնամ»,- մորը հանգստացնում է որդին:

Ու մինչ մայրը որդու ծնունդը նշելու վերջին մանր-մունր գործերն էր անում, կարճատև հանգստի եկած որդին հասցրեց նաև Թալիշում լինել, որտեղից զանգահարել և օգնություն էին խնդրել: Բայց շուտ վերադարձավ, թեև  ծնունդն այնտեղ նշելու բազմաթիվ առաջարկներ ստացավ:  Տիկին Վիկան նկուղում էր, երբ  վերևից ձայներ լսելով` անմիջապես տուն  բարձրացավ ու դռան մեջ ավտոմատը գրկած  որդուն տեսավ: «Արսեն, ո՞ւր»,- տեսարանից անակնկալի եկած` հարցրեց մայրը: «Մամա, կես ժամից տանը կլիեմ, դու սեղանը գցիր»,- պատասխանեց որդին ու նետի պես սլացավ, որովհետև իրադրությունը Ջամբազի դիրքերում կտրուկ սրվել էր:

երիտասարդ1991 թ. դեկտեմբերի 31-ի օրն արդեն իրիկնանում էր: Պայթյուններն ու դղրդյունները, որ բնակչության հոգին արդեն հանել էին, այդ օրվա իրիկնամուտից  ավելի ուժգնացան: Այնպես որ դեկտեմբերի 31-ի իրիկունը ահավոր ծանր օր էր ոչ միայն տիկին Վիկայի համար, որ սրտատրոփ որդուն էր սպասում, այլև բոլոր շահումյանցիների, որոնք, բան ու գործ թողած, պաշարել էին հիվանդանոցը: Վիրավոր է, որ բերում էին: Վիկա մոր սիրտն անչափ անհանգիստ էր:  Հերթական արկը հիվանդանոցի մուտքին ընկավ` ցրելով հավաքվածներին:

    ԶՈՀՎԵՑ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Կես ժամով տնից դուրս եկած Արսենն այդպես էլ չվերադարձավ, որովհետև իր ծննդյան օրը զոհվեց Ջամբազի մարտական գործողություններում: Մեկ շաբաթ մոր աչքը որդու ճամփին էր, թե ուր որ է կգա: Ամեն աստծո առավոտ մայրը որդու համար ուտելիք է պատրաստում, տաք հագուստներ դնում: Հայրը լուռումունջ տանում է, նրա ձեռքից ընկերները վերցնում են` ոչինչ չասելով:  Բայց որդու մեկշաբաթյա լռությունն անչափ տարօրինակ էր մոր համար, քանզի, երբ նա մարտից դուրս էր գալիս, առաջինը մորն էր զանգահարում: Մի անգամ էլ մորը խոստովանել էր. «Երբ ասեն, որ Արսենը  գերի է ընկել, չհավատաս, մայր, կնշանակի, որ ես այլևս չկամ, որովհետև Արսենը գերի ընկնող չէ: Ավելի շուտ ինձ կսպանեմ, քան գերի կընկնեմ»:

Գերի չընկավ, բայց նրա անկենդան մարմինը մի շաբաթ մնաց Ջամբազի դիրքերում: Այդ բարձունքի համար մղվող մարտական գործողությունների ժամանակ էլ ընկան Արսենն ու տիկին Վիկայի քեռորդի Աշոտը: Վեց օր շարունակ մայրն  Աստծուն աղաչանք ու պաղատանք արեց, որ գոնե որդու դին բերեն ու իրեն տան: Մոր աղաչանքը տեղ հասավ. տարածքն ազատագրեցին, և որդուն էլ հավուր պատշաճի հուղարկավորեցին  շրջկենտրոնի պատերազմի զոհերի հուշակոթողում:

Երբ 1992 թ. հունիսի 13-ին շահումյանցին բռնեց գաղթի ճամփան, Վիկա մայրիկը  Երևանում էր: Որդու քառասունքը նոր էր լրացել, երբ 15-ամյա դուստրը ականի պայթյունից ծանր վիրավորվեց: Երկար ու տևական բուժում անցավ Երևանի հիվանդանոցներից մեկում: Ուրիշ էլ ով, եթե ոչ մայրը պիտի խնամեր դստերը: Երբ Շուշին ազատագրեցին ու բոլոր հիվանդներն ու բժիշկները ցնծության մեջ էին,  տիկին Վիկայի հոգին խռովված էր: «Տիկին Վիկա, ինչո՞ւ չես ուրախանում»,- հարցնում է բժիշկ Արտավազդ Բագրատիչը: «Ի՞նչ ուրախանամ, երբ շուտով Շահումյանն ենք կորցնելու: Սիրտս ու բանականությունս է դա վկայում, որովհետև երբ Գետաշենը չկա, մենք միշտ փշից կախված ենք»,- ահա այդպես մարգարեաբար պատասխանում է տիկին Վիկան: Բայց որ ընդմիշտ կթողնեն, անպատկերացնելի էր:

Ուստի ամեն ինչ, այդ թվում նաև որդու իրերը, լուսանկարները հիշողությունների հետ միասին մնացին Շահումյանում, որովհետև աղջկա ապաքինվելուց հետո դեռ Շահումյան պիտի վերադառնար: Միակ  սուրբ մասունքը, որ միշտ իր հետ էր, որդու անձնագրի լուսանկարն էր` արված 14 տարեկանում:  Դատարկաձեռն մնաց նաև 80-ամյա սկեսուրը, որ այդ չարաբաստիկ օրը վաղ առավոտյան  կովն արոտավայր էր տարել, ու երբ տուն էր վերադարձել, հարևանը զգուշացրել էր, թե Շուշիկ տատի, էլ տուն մի մտիր… Տարեց կինն էլ այդպես լռելյայն հեռացել է իր դարավոր օջախից: Տրակտորով նրան Գյուլիստան են ճամփել, այնտեղ էլ պատահմամբ հանդիպել է  Ալինա դստերը ու նրա օգնությամբ դուրս եկել այդ փախեփախից:

«ՓՐԿԻՉ ՖԻԴԱՅԻՆԵՐԸ»

Քիչ չեն եղել նաև գաղթի ճամփեքին մնացածները, ինչպես, օրինակ` Վելյան Մուրադը, որ գերադասել է իրեն սարից ցած նետել, քան հեռանալ իր ոստանից: Շատ տարեցներ էլ Նապատում են մնացել: Այդ պատմությունները դաժան են ու սրտաճմլիկ: Իսկ երբ  Նապատը ռմբակոծության թիրախ  դարձավ, շատերը ցաքուցրիվ եղան:

Չեմ ուզում հավատալ, բայց բերնեբերան փոխանցված մի պատմություն կա, որը տիկին Վիկային է  պատմել Գաբուլյան Քրիստափորը, որի աղջիկն ու տղան  վերահաս նախճիրից հրաշքով են փրկվել: Նրանք ականատես են եղել, թե ինչպես հայերեն խոսող մի խումբ «ֆիդայիներ» իրենց շուրջն են   հավաքել մի խումբ մոլորյալ հայերի, այդ թվում իրենց, ու հարմար առիթի սպասել: «Իսկ երբ տեքրակնոջս քույրն ու եղբայրը որոշել են շարունակել իրենց ճանապարհը, «ֆիդայիներից» մեկը բղավել է, թե քույրիկ, ինչո՞ւ եք գնում, վերադարձեք, հիմա ուղղաթիռը կգա ու ձեզ կտանի: Ի՞նչ ուղղաթիռ, երբ քիչ անց ուժգին կրակոցներ են լսվում»,- պատմում է տկն. Վիկան` հավելելով, որ այդ  չակերտավոր ֆիդայիները  Հայաստանից հեռացած հայախոս ադրբեջանցիներ էին:

Մինչ օրս տիկին Վիկան չի ըմբռնել քրոջ այն քայլը, երբ հոգնած մի եկեղեցում նստած են եղել, քույրը, «Թմկաբերդի առումն» արտասանելով, իր տան բանալիները ջուրն է գցել: Ինչո՞ւ, երբ շատերը հավատացած էին, որ այդ ամենը ժամանակավոր է, մի քանի օր անտառներում կմնան ու կրկին տուն կվերադառնան, չէ՞ որ դա առաջին անգամ չէր: Հակառակ դեպքում գոնե տան բանալիները որպես հուշ կունենար: «Շահումյանի կյանքն ու ապրուստը որևէ տեղ էլ երբեք չեմ տեսնի, բայց ոչինչ չեմ ուզում, գիտեմ, որ տունուտեղ չկա, ոչինչ չկա, բայց միայն Շահումյանի դատարկ հողն ու իմ որդու շիրիմն եմ ուզում»,-  իր խոսքն է ավարտում տիկին Վիկան` հիշեցնելով, որ եթե ռուսը չլիներ, թուրքը երբեք մեր մեջքը չէր կոտրի: Թեև մի բանով էլ մեզ է օգնել` ասելով` դուրս եկեք, որ չկոտորվեք` մարդակերները, մարդասպանները գալիս են…

Ուրիշ ի՞նչ անեին, եթե  պաշտպան չկար…  Համենայն դեպս, տպավորությունն այդպիսին էր:

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ