Մայիսի 5-ից էլ «ընտրացավից» չենք տառապի

voting2Որքան մոտենում են Երևանի ավագանու ընտրությունները, այնքան նախընտրական քարոզարշավներն ու քարոզչամիջոցներն ավելի «մանկապարտեզային» են դառնում: Շատ ու շատ քաղաքական գործիչներ հավանաբար դեռ չեն գիտակցում, թե որն է քաղաքական գործունեությունը, պայքարն ու քաղաքականությունն ընդհանրապես:

 Օրինակ` օրերից մի օր` «Բարև Երևան» դաշինքի քարոզարշավի ժամանակ, դաշինքի ներկայացուցիչներից Անահիտ Բախշյանը կանգնեց ու, ոչ ավելի, ոչ պակաս, շարադրեց իր միտքն այսպես. «Գիտեք, չէ՞, ժողովուրդ, իսկական ընդդիմությունը նա է, որը երբեք իշխանության մաս չի կազմել»: Այսինքն` ըստ Բախշյանի տրամաբանության, նաև չի կեղտոտվել:

Ուղղակի ապշել կարելի է. տպավորություն է ստեղծվում, որ քաղաքագիտական այս ֆարսով Անահիտ Բախշյանը քաղաքական նոր ուղղություն է հիմնադրում: Ու ասենք վաղը, մյուս օրը քաղաքական այս ուղղությունը կոչվելու է, ենթադրենք` քաղաքագիտության «Բախշյանական» դպրոց… Զավեշտ է, որովհետև գոնե Հայաստանում գրանցված են մի քանի տասնյակ տարբեր տրամաչափի` մանր-մունր կուսակցություններ, որոնք երբեք իշխանության մաս չեն կազմել: Ու ի՞նչ է, այդ բոլոր մանրմունրներն ընդդիմությո՞ւն են,  մանավանդ նրանք, որ ընտրությունից ընտրություն այս կամ այն իշխանական ուժին աջակցության առաջարկ են անում:

«Դա լվացք անողի չափանիշ է. այն շորը որը երբեք չես հագել, դրանով փողոց դուրս չես եկել, այլ միշտ  պահարանում կախած է, իհարկե, մի քիչ ավելի մաքուր է, քան այն շորը, որով աշխատում ես: Չես եղել իշխանության մեջ,  նշանակում է` նաև աշխատանքի այն բաժինը չես վերցրել քո ուսերին ու փորձ էլ չես ձեռք բերել: Երբ աշխատում ես, այո՛, կարող ես նաև փոշոտվել, բայց այդ փոշին կարելի է նաև մաքրել, իսկ  պահարանում կախած վերարկուն կարող է երկար կախվել ու մոդայից դուրս գալ»,- այս առումով նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Ինչևէ, չկենտրոնանանք Բախշյանի խոսքերի վրա, համարենք պատահականություն:

Իհարկե, Ինչպես ասում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, «բարևոլյուցիայի» սկզբում բազմաթիվ քաղաքական ուժեր քննադատեցին Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա գլխավորած քաղաքական ուժը,  բայց երբ նույն ոգով և ավելի էժանագին որակումներով արդեն իրենք են հանդես գալիս, դա տունտունիկի է վերածվում: Կամ, ինչպես սիրում էր ասել մեր ծեր հարևանը, «ֆուտբոլի դաշտում զիլինա են խաղում…»:

Օրերս «Բարև Երևան» դաշինքի ակտիվիստները հայտարարեցին, թե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն փող են բաժանում: «Եթե նրանց թվում է, որ նման ապատեղեկատվություն տարածելով` նվազեցնում են ԲՀԿ-ի վարկանիշը, իսկ իրենց ընկած վարկանիշը դրանից բարձրանալու է, ապա սխալվում են: Եվ դա ամենաճիշտ ու ազնիվ ուղին չէ»,- այդ  առիթով ընդգծել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ընտրությունները, հասկանալի է, թանձրացնում են քաղաքական դաշտի գույները, որոշ ուժերի ու գործիչների լարման պատճառ են դառնում: Բայց կան բաներ, որոնք ուղղակի անընդունելի են: Օրինակ` չի կարելի իշխանական մենաշնորհի դեմ պայքարում քար նետել նույն նպատակի համար պայքարող ուժի բոստանը: Դա, մեղմ ասած, պատշաճ չէ, իսկ քաղաքագիտորեն ասած` տակտիկական սխալ է, որը հետագայում կարող է դառնալ ստրատեգիական սխալի սկիզբ: Որովհետև, երբ քաղաքական ուժերը թշնամանում են իրար նկատմամբ և անում են բաներ, որոնք կամուրջ են այրում, հետագա համագործակցության հնարավորությունից  զրկում են այդ ուժերին, ինչը չի կարելի անել նույնիսկ իշխանությունների հետ:  Եթե վաղն անհրաժեշտ լինի Հայաստանի Հանրապետությանը, որ այդ ուժերը համագործակցեն այս կամ այն քաղաքական ուժի հետ, նրանք չպետք է  իրենց  պահվածքով ստեղծած լինեն մի վիճակ, որ դա հնարավոր չլինի:

Ու այնպես չէ, որ ամենաբարձր հայհոյողները իսկական ընդդիմադիր են: Մենք ունենք այս առումով «հաջողված» օրինակ: Երբևէ որևէ մեկն ավելի բարձր հայհոյե՞լ է իշխանություններին, ինչպես ժամանակին Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը:  Հավանաբար` ոչ: Իսկ ո՞ւր են հիմա, ո՞ր դաշտում և ո՞ւմ թիմից են խաղում այժմ նրանք:

ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 30-ի հանրահավաքում կոչ արեց ընդդիմադիր ուժերին համախմբել ուժերը` կանխելու իշխող Հանրապետական կուսակցության հաղթանակը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում: Այդպիսի կոչեր արդեն քանիերորդ անգամ արել են նաև ՀՅԴ-ականները:

Լևոն Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ` ավագանու ընտրություններին հաջորդող չորս տարիներին կարևոր նշանակության ընտրական գործընթաց չի լինելու, այդ պատճառով մայրաքաղաքի ընտրությունները վճռական նշանակություն են ձեռք բերել:

«Ու դեմքերն իսկ սազում են սրանց…»

Սա, ըստ ՀԱԿ առաջնորդի, ավելի լավ հասկանում են նաև իշխանությունները, ու դրա համար նրանք էլ քնած չեն:  Դեռ մի կողմ թողնենք այն, որ հրապարակային քարոզարշավ են իրականացնում, օրինակ` ապրիլի 30-ին ավելի քան 250 կազմակերպություններ ու միություններ հայտարարություն են ընդունել Տարոն Մարգարյանին սատարելու մասին: ՀՀԿ-ն այլ` ստվերային գործողություններ էլ է անցկացնում: Օրինակ` որոշ մարզպետներ «Տարոնին 40 հազար ձայն տալու» խոստումներ են տալիս, թաղային հեղինակությունների համար քեֆեր են կազմակերպում, ցուցակների մանիպուլյացիա են անում և այլն, և այլն:

Այս պահին հետաքրքիր է նաև քաղաքական խաղաքարտերի դասավորումը կոալիցիոն ճամբարում: Օրինակ`  ՕԵԿ-ի համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Երիցյանը, ՕԵԿ-ի կանանց հետ հանդիպման ժամանակ նշել է, թե փորձը ցույց է տալիս, որ վերևներում որոշումներ են կայացվում, իսկ ինչքան իջնում է  ներքև, այնքան այդ որոշումներն ինչ-որ տեղ կորչում են: «Այսօր, երբ երևանցու հետ խոսում ես համատիրության մասին, դա վերջն ա, քիչ ա մնում քեզ տեղում սպանեն: Դրա համար ես հիմա դաստիարակվել եմ: Սկզբում խոսում էի համատիրության մասին, հիմա ավելի քիչ եմ խոսում: Բայց, վերջիվերջո, բնակիչները շարունակում են դժգոհել, որ դրանք միայն փող են հավաքում, իսկ փողը տանելուց հետո էլ նրանց չեն տեսնում: Այդ գումարները, որ հավաքում են, ո՞ւր են գնում: Դրա համար առաջարկում եմ, որ յուրաքանչյուր երևանցի տեսնի, որ այդ կոպեկը, որը երեխայի բերանից կտրում է, տալիս պետությանը, որտեղ և ինչ նպատակների համար է ծառայելու»,- ասել է Արմեն Երիցյանը:

Այ քեզ զարմանալի բան. իշխանությունները սկսել են քննադատել իրենց կոալիցիոն «ավագ եղբորը»: Արդեն սկսում ենք վախենալ Արմեն Երիցյանի հետագա քաղաքական ճակատագրի համար. մարդը դեռևս ԱԻՆ նախարարի պաշտոնակատար է, հանկարծ կարո՞ղ է չափն անցնել, ՀՀԿ-ից էլ ճիշտ չհասկանան, ու մեկ էլ մի օր Երիցյանը զարթնի ու տեսնի, որ իր հետ վարվել են այնպես, ինչպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչների հետ են վարվում…

Զառամախտի է հասնում նաև ՀՀԿ-ական որոշ պատգամավորների «հումորը»: Մասնավորապես` ՀՀԿ-ական պատգամավոր, «փուչիկների գործից» ավելի հայտնի Կարեն Ավագյանը Աժ հայտարարությունների ժամին խնդրեց նախընտրական շրջանում քաղաքական ուժերի նկատմամբ ուշադիր լինել և տարբերել կեղծ քաղաքական ապրանքանիշներից: «Այս նախընտրական շրջանն ուշագրավ էր այն առումով, որ քաղաքական դաշտում հայտնվեցին կեղծ, այսպես ասած, չինական քաղաքական ապրանքանիշներ: ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ն, բայց առանց Նիկոլի: Զգուշացեք կեղծիքներից, իսկական ՀԱԿ-ը` Նիկոլ Փաշինյանով: Իսկական ԲՀԿ-ն առանց Օսկանյանի է, կեղծ ԲՀԿ-ում հոլոգրաֆիկ նշանի վրա երեք գլուխ է: «Ժառանգության» նոր տարբերակը` մայիսի 5-ից հետո, քանի որ հինը արտադրությունից դուրս է մնացել: Իսկ ՀՅԴ-ն կեղծելու կարիք էլ չեղավ, քանի որ դրա պահանջարկը շուկայում չկար»,- «հումոր» էր անում Կարեն Ավագյանն ու շարունակում, թե երկրի կառավարումն արկածախնդրության տեղ չէ. սա շատ լավ ընկալում է ընտրողը, ինչն արտահայտում է իր տված քվեով: Այստեղ են ասում` ով խոսի-չխոսի, դուք պետք է լռեք, երբ խոսքը վերաբերում է արկածախնդրությանը, ընտրողների քաղաքական պահվածքին և այլն:

Հավանաբար պարոն Ավագյանը չի նկատում անգամ, որ հենց իր այդ հայտարարությունը քաղաքական արկածախնդրության, անլրջության  ցայտուն օրինակ է:

Մի խոսքով, բան չմնաց. մայիսի 5-ին կավարտվի քաղաքական այս կլոունադան ևս, ու մի 4-5 տարի էլ «ընտրացավից» չենք տառապի:

Tags: ,