Անցած շաբաթը բավականին բուռն ու հարուստ էր քաղաքական, աշխարհաքաղաքական զարգացումներով, որոնք այսպես թե այնպես ազդեցություն ունեն կամ ունենալու են մեր երկրի վրա: Մասնավորապես, կայացան Սարգսյան-Ալիև, Էրդողան-Պուտին հանդիպումները, Իրանի միջուկային ճգնաժամի շուրջ ձեռք բերվեց «պատմական» համաձայնություն, Ուկրաինան էլ հայտարարեց Եվրամիության հետ ինտեգրացիոն գործընթացները դադարեցնելու մասին:
Հայաստանի շուրջ, երբեմն էլ մասնակցությամբ, լուրջ գործընթացներ են «եփվում»
Հայաստանին վերաբերող ամենաանմիջական իրադարձությունը, թերևս, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն էր Վիեննայում: Այս հանդիպումն էական էր այնքանով, որ վերջին 1.5 տարվա ընթացքում նման հանդիպումները` երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով, ուղղակի դադարել էին, և անընդհատ մատնանշվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փակուղի մտնելու փաստը: Բայց ԱՄՆ-ի ակտիվ դերակատարությամբ ու անմիջական ներգործությամբ այդ հանդիպումը կայացավ, ինչը և սպասելի էր:
Նախ` այն օրվանից հետո, ինչ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին, սպասվում էր Արևմուտքի, մասնավորապես` ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից որոշակի ակտիվացում Հայաստանին առնչվող հարաբերություններում: Ու թեև այդ ակտիվությունը չէր դրսևորվում ԵՄ-ի կողմից, քանի որ առջևում Վիլնյուսի գագաթաժողովն էր, որի ժամանակ որոշակի գործընթացներ պետք է լինեին, ապա ԱՄՆ-ի ակտիվացումը տրամաբանական էր` թեկուզ Հայաստանին ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական դերի մասին հիշեցնելու և տարածաշրջանում ռուսական քաղաքական գործունեությանն ինչ-որ բան հակադրելու առումներով:
Նախագահների հանդիպումը կայացավ, դրանից անմիջապես հետո էլ Սերժ Սարգսյանն այն որակեց «նորմալ»: ՀՅԴ Հայդատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այս առումով նշում է, թե չի կարծում, որ նախագահն ավելին կուզենար ասել, քանի որ այդ հանդիպման ժամանակ չէր էլ կարող ավելին լինել: Երկու նախագահները չուզենալով էին հանդիպում, ուրեմն նորմալ էր, եղավ-պրծավ, ըստ էության` ոչինչ չասող հանդիպում էր:
Բայց մի ճշմարտություն կա` երբ խոսում են մարդիկ, լռում են զենքերը, իսկ երբ դադարում են խոսել, զենքերը բարձրացնում են իրենց ձայնը: Եվ այս առումով, նման հանդիպումները գոնե պետք է ազդեն հրադադարի ռեժիմի պահպանման վրա, ու եթե թեկուզ մեկ օր նախագահների հանդիպման կապակցությամբ սահմանին կրակոցներ չեն հնչում, մարդկային կյանքեր չեն խլվում, արդեն ձեռքբերում է:
Նախագահները նաև հանձնարարեցին երկու երկրների արտգործնախարարներին մեկ անգամ ևս հանդիպել, իսկ իրենք էլ նորից հանդիպելու պատրաստակամություն հայտնեցին: Այդ պատրաստակամությունը լավատեսություն է ներշնչում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին: Նա ողջունել է Վիեննայում նոյեմբերի 19-ին կայացած հանդիպումը և հայտարարել, թե ԵՄ-ն պատրաստ է նպաստել ԼՂ հակամարության կարգավորմանն ուղղված վերսկսված ջանքերին և ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ երկու երկրների միջև վստահության մթնոլորտ ստեղծելուն: ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Լեոնիդ Կոժարայի հայտարարությունում էլ նշվում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը կօժանդակի կողմերի միջև փոխադարձ վստահության ու փոխըմբռնման ամրապնդմանը, ինչպես նաև դրական խթան կդառնա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջխաղացման համար:
ԼՂ հակամարտության հարցը, ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները, քննարկվել է նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի ԱԳՆ ղեկավարներ Ահմեդ Դավութօղլուի և Ջոն Քերիի հանդիպման ժամանակ: Հանդիպման ավարտից հետո թուրք նախարարը լրագրողներին ասել է, որ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի շարք մեխանիզմներ և հույս ունեն, որ այդ սառեցված հակամարտությունը շուտով կկարգավորվի, ինչը խաղաղություն կբերի Կովկասին և ողջ տարածաշրջանին:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Անկարան, ինչպես նշում է թուրքական milliyet.com-ը, Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանն է պատրաստվում: Թուրքիան, բնականաբար, այս հարցում բավականին ակտիվություն է դրսևորում: Ու այս առումով հայերի համար պակաս հետաքրքիր չէ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, ինչը, ըստ Կիրո Մանոյանի, պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի, քանի որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները, հատկապես` տնտեսական, բավական սերտ են, մեծանում են և, ի վերջո, իրենց քաղաքական ազդեցությունը կունենան երկու երկրների հարաբերությունների, հետևաբար նաև տարածաշրջանային զարգացումների վրա:
Անշուշտ, ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը կարող է մեզ համար ինչ-ինչ վտանգներ պարունակել: Որովհետև տնտեսական հարաբերությունների սերտացումը կարող է դրականորեն անդրադառնալ երկու երկրների քաղաքական հարաբերությունների վրա, ինչն էլ, իր հերթին, կարող է անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա: Հայաստանն էլ այդ հարաբերությունների վրա ազդելու որևէ հնարավորություն չունի:
Այդ հանդիպումը մեծ և էական ազդեցություն չունեցավ Հայաստանի համար, չնայած, ինչպես նշում էր Կիրո Մանոյանը, շատ լավ էր, որ այն տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո և Պուտինի` Հայաստան այցելությունից առաջ:
Առանձնակի նշանակություն ունի Հայաստանի համար եկող ամսվա սկզբին Պուտինի սպասվող այցը Հայաստան: Դրանով ինչպես ՄՄ հետ հետագա հարաբերությունների, այնպես էլ հայ-ռուսական ռազմա-տեխնիկական, քաղաքական և այլ կարգի հարաբերություների հետագա ընթացքն է պայմանավորված: Ռուսաստանը վերջին շրջանում բավականին ակտիվացրեց իր արտաքին քաղաքականությունը միջազգային բոլոր հնարավոր ասպարեզներում` Սիրիայի հարցում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ, Եվրոպայի Արևելյան գործընկերության ճակատագրի մասով և այլն: Ինչպես նշում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը, Ռուսաստանն ակտիվության ու վերելքի նոր ցիկլ է սկսում, ինչը, բնականաբար, անդրադառնալու է աշխարհաքաղաքական հետագա զարգացումների վրա: Ռուսաստանը, քաղաքագետի խոսքով, պատրաստվում է իր դաշնակիցների հետ նոր առանցք ստեղծել: Իսկ հարավային ուղղությամբ Ռուսաստանը քիչ դաշնակիցներ ունի, թերևս միայն` Տաջիկստանը, Սիրիան, որի ճակատագիրն էլ դեռ մշուշոտ է, և Հայաստանը:
Հայաստան այցից անմիջապես առաջ Պուտինը հայտարարեց, թե Հայաստանի հետ պետք է ՀՕՊ միասնական համակարգեր ստեղծվեն. «Հնարավոր է, որ Պուտինի այդ հայտարարությունը Հայաստան գալուց առաջ մեսիջ է ոչ միայն Հայաստանին, այլև Արևմուտքին` ընդհանրապես, որպեսզի նա տարածաշրջանային իր ծրագրերում ուշադիր լինի»,- այս առումով նշում է Կիրո Մանոյանը:
Իրանի շուրջ էլ են կրքերը հանդարտվում
Այս համատեքստում ամենևին պատահական չէր Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցյալ կիրակի ձեռք բերված «պատմական» համաձայնությունը:
Կիրակի օրը Ժնևում «վեցյակը» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանը ստորագրեցին միջանկյալ համաձայնագիր, որով նախատեսվում է սահմանափակումներ մտցնել իրանական միջուկային ծրագրում, ինչի դիմաց աստիճանաբար մեղմացվելու են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Ըստ այդմ, Իրանը պարտավորվում է 6-ամսյա ժամկետում հրաժարվել ուրանը 5 տոկոսից ավելի հարստացնելու աշխատանքներից: Սրա հետ մեկտեղ, մինչև 20 տոկոս հարստացված մոտ 200 կիլոգրամ ուրանը պետք է ոչնչացվի: Բացի այդ, Իրանը պարտավորվում է Ֆորդուի և Նաթանզի միջուկային կենտրոնները դնել ՄԱԳԱՏԵ-ի տեսուչների վերահսկողության տակ, ինչպես նաև դադարեցնել Արակում կառուցվող ռեակտորի շինարարությունը:
Այս ամենի դիմաց Վեցյակը ճանաչել է Իրանի` ցածր հարստացված ուրան արտադրելու իրավունքը: Արդյունքում Իրանի ակտիվներից մոտ 8 մլրդ դոլար, ինչպես հայտնել էր Իրանի վարչակազմի մամուլի քարտուղար Մոհամեդ Բաքեր Նոբախտը, «հալեցվել» է ԱՄՆ-ի կողմից: Սա նշանակում է Իրանի շուրջ ստեղծված լարվածության որոշակի թուլացում, ինչը, բնականաբար, չի կարող չազդել Հայաստանի վրա թե՛ որպես Իրանի հարևան-պետության, թե՛ որպես Իրանի հետ առևտրա-տնտեսական սերտ հարաբերություններ ունեցող գործընկերոջ:
Հետագայում, համոզմունք է հայտնում քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը, կստեղծվի Թեհրան-Երևան-Մոսկվա ռազմա-քաղաքական, տնտեսական առանցքը, և ստեղծված իրավիճակը նպաստավոր է Հայաստանի համար:
Այս առումով, իհարկե, հնարավոր չէ նորից չդիտարկել Հայաստանի` ՄՄ-ին անդամակցության հարցը, առավել ևս, երբ նոյեմբերի 28-29-ին վերջապես կկայանա Վիլնյուսի այնքան սպասված գագաթաժողովը, որին, ինչպես արդեն պաշտոնապես հայտարարվել է, կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա մասնակցությունը ենթադրել է տալիս, որ Վիլնյուսում Հայաստանը ԵՄ-ի հետ ինչ-որ փաստաթուղթ կստորագրի, որի մասին վերջերս շատ է խոսվում, բայց ոչ ոք այդպես էլ մանրամասները չի նշում:
Ահա ուշագրավ է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի մեկնաբանությունը, թե Վիլնյուսի գագաթաժողովում պետք է քննարկվի վերջին երկու տարիներին Հայաստան-ԵՄ աշխատանքները և հեռանկարները, որով էլ պարզ կլինի հետագա ընթացքը: Նա նշել էր, որ չնայած ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ԵՄ-ն կաջակցի Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումներին, թեև այդ բարեփոխումների իրավակիրարկումը մնում է թերի:
Տրայան Հրիսթեայի խոսքով` Վիլնյուսի գագաթաժողովից հետո ԵՄ-ն կփորձի գտնել Հայաստանի հետ հետագա համագործակցության այնպիսի ուղիներ, որոնք կհամապատասխանեն Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությանը: Այսինքն` ԵՄ-ն ամենևին էլ վերջնականապես չի խզում իր հարաբերություները մեր երկրի հետ, չնայած Արևելյան գործընկերության և 6 գործընկերների` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու ծրագիրը կարծես տապալվում է:
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս նոյեմբերի 21-ին դադարեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական աշխատանքները:
Կառավարությունն իր որոշումը բացատրել է Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների հետ տնտեսական կապերը զարգացնելու անհրաժեշտությամբ, քանի որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում, ինչպես ավելի վաղ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, հնարավոր ֆինանսական կորուստների փոխհատուցման ոչ մի աղբյուր չկա: Նա նշել է, որ Ուկրաինային ոչ ոք չխոստացավ փոխհատուցել այդ վնասները: Սակայն Ազարովը հավաստիացրել էր նաև, որ Ուկրաինան վերջնականապես չի հրաժարվում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից, Կիևը միայն դադար է տալիս: Դա, ըստ Ուկրաինայի վարչապետի, չի նշանակում, որ Կիևը ցանկանում է Մաքսային միություն մտնել:
Միաժամանակ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Կիևը կշարունակի իր եվրաինտեգրման ուղին` չնայած բոլոր բարդություններին: Սա անշուշտ, նման է այն հայտարարությանը, որ անում էին հայ ղեկավարները ՄՄ-ին անդամակցելու ցանկություն հայտնելուց հետո: Ամեն դեպքում, ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ հիասթափություն է հայտնվում Ասոցացման համաձայնագրի կնքումից հրաժարվելու կապակցությամբ, սակայն Վաշինգտոնը խորհուրդ է տվել ԵՄ-ին «Ուկրաինայի համար դուռը բաց պահել»:
Եվ Ուկրաինայում բազմահազարանոց բողոքի ցույցեր են անցկացվում` կառավարությունից պահանջելով ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Բայց Ուկրաինայի դեպքը, որին ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության, ԱՄՆ-ը «պատմական» նշանակություն էր տվել, գումարվելով վերոհիշյալ բոլոր գործոններին, ինքնըստինքյան ստիպում է մի պահ մտածել, որ Հայաստանի համար, անկախ նույնիսկ իր կամքից ու քաղաքական պլանավորումից, իրոք ստեղծվում են բարենպաստ պայմաններ:
Գևորգ Ավչյան
Tags: թուրքիա, Հայաստան, ռուսաստան