«Եղեգան փողը» աշակերտների գրչով կպատմի աշակերտների առօրյայից

153 դպրոց«Եղեգան փող». այսպես է կոչվում դպրոցական ամսագիրը, որն արդեն պատրաստ է հրատարակության  և  մի  քանի օրից  կներկայացվի Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի աշակերտների ու ծնողների դատին:

Ամսագիրը  հրատարակվում է դպրոցի մանկավարժական կազմի և աշակերտական խորհրդի անդամների ջանքերով:  Դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ, ամսագրի  խմբագիր  Անահիտ Դուրգարյանն ասում է, որ նյութերի հեղինակները դպրոցի աշակերտներն են, որոնց, բնականաբար, օգնում են հայոց լեզվի և գրականության ուսուցիչները. «Երբ երեխային արժևորում ես,  համարձակություն ես ներշնչում, շատ ավելի լավ է աշխատում: Երբեք չենք ասում` ընդունակ չես, չես կարող: Երեխաներն էլ իրար մեջ մրցում են, թե ով ավելի լավ նյութ կգրի, որպեսզի իր նյութը հայտնվի թերթում»:

Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանն ասում է, որ թերթի հրատարակումով նախ և առաջ նպատակ ունեն դպրոցական անցուդարձից տեղյակ պահել թե աշակերտներին, թե ծնողներին: Այդ իսկ պատճառով  թերթի համար ընտրել են «Եղեգան փող» անվանումը, քանի որ այն դպրոցի կյանքն է լուսաբանում, «դպրոցի եղեգան փողն է»:

Նախկինում դպրոցը թերթ հրատարակելու փորձ ունեցել է: Ըստ այդմ, Սարգսյանն ասում է, որ պահանջարկը մեծ է, ծնողներից յուրաքանչյուրը ցանկանում է ժամանակին տեղեկանալ, թե ինչ է կատարվում դպրոցում, որտեղ իր երեխան է սովորում: Պարզապես աշակերտների թվաքանակով թերթը տպելը ծախսատար է, ուստի կտպեն այնքան, որքան դպրոցի միջոցները կբավարարեն: Հույս ունեն, որ «Եղեգան փողը» լույս կընծայվի երկու ամիսը մեկ, չնայած ասելիքը շատ է, և ամեն ինչ լուսաբանելու համար շաբաթական պարբերականությունը հազիվ բավարարեր:

Թերթն ունի մի քանի բաժիններ, որոնք կոչված են թե՛ կրթելու ընթերցողին, թե՛ տեղեկացնելու դպրոցի կյանքից:

Խորագրերից մեկը երեխաներին տեղեկացնելու է, թե դպրոցին հարակից փողոցներն ում անունով են կոչված, երբվանից և ինչու, նաև ներկայացնելու է անվանակրի վաստակը, կենսագրությունը:

Անահիտ Դուրգարյանն ասում է, որ նման միտք առաջացել է, երբ աշակերտներից մեկը չի իմացել, թե իր բնակության փողոցն ում անունով է: «Երեխան պիտի իմանա գոնե իր բնակավայրի կենսագրությունը:  Այս խորագրով  երեխայի մեջ ձևավորվելու է հետաքրքրասիրություն, որը  փողոցից անցնելու է մեկ այլ ոլորտ, օրինակ` երաժշտություն լսելիս էլ պիտի փորձի հասկանալ, թե ով է հեղինակը, որ գործն է հնչում, ինչ բովանդակություն ունի: Այսինքն` սրանով փորձում ենք այդ անտարբերության քողը երեխայից մի կողմ  տանել»,- ասում է Անուշ Սարգսյանը:

Հաջորդ խորագիրը կոչվում է «Մեր թոթովանքները»: Այստեղ զետեղվում են դպրոցի շնորհաշատ աշակերտների ստեղծագործությունները` բանաստեղծություններ, արձակ գործեր, անգամ կտավների լուսանկարներ: Սարգսյանի խոսքով` խորագրի անվանումը  պատահական չէ. ներկայացվածը երեխաների առաջին քայլերն են, թոթովանքներն արվեստի ոլորտում. «Ստեղծագործող երեխային գոնե խթան պիտի տանք,  ուշադրության կենտրոնում պահենք, որպեսզի երեխան հասկանա, որ իր աշխատանքը նկատել ու գնահատել են»:

Ամսագրում  տեղ է հատկացված նաև տարբեր մրցույթներում դպրոցի աշակերտների արձանագրած հաջողությունները լուսաբանելուն: Առաջիկա համարում, օրինակ, կներկայացվեն դպրոցի  կարատեի երեք չեմպիոնները, որոնք վերջերս են մրցանակի արժանացել տարբեր տարիքային խմբերում:

«Չեմպիոնների դպրոց ենք առանց սպորտդահլիճի»,- արձանագրում է Սարգսյանը:

Թերթի առանցքային նպատակներից է լինելու  Ռաֆայել Իշխանյան անձի, քաղաքացու ճանաչումը. « Երեխան պիտի իմանա, թե ում անվան դպրոցում է սովորում, ինչու է դպրոցն անվանակոչվել Ռաֆայել Իշխանյանի անունով, ի վերջո,  սովորի, որպեսզի անցյալի բազմաթիվ սխալները չկրկնի, ապագան պիտի լինի սխալների ուղղման, դաս քաղելու ապագա»:

Թերթի առաջին համարում կներկայացվի Իշխանյանի կենսագրությունը,  նաև տարվա կտրվածքով Իշխանյանին նվիրված միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ, տարրական դասարաններում աշակերտները վայելչագրության տետրերում կարտագրեն Ռաֆայել Իշխանյանի մտքերը, որոնք թևավոր խոսքերի են վերածվել` վայելչագրության մրցույթի նյութ դառնալով: Սարգսյանն ասում է, որ այսպիսով երեխաները, մի կողմից,  Իշխանյան են սովորում, մյուս կողմից` վայելուչ գրելու արվեստին են տիրապետում:

Միջին դասարաններում շեշտը կդրվի ուղղագրության ուսուցման վրա, ինչի համար կկիրառվի Ռաֆայել Իշխանյանի «600 բառ» գրքույկը: Մի քանի դասարանների կհանձնարարվի սերտել որևէ բաժին, ապա ուղղագրությունից կմրցեն միմյանց հետ, որից հետո նաև կհանձնարարվի բառերի բացատրությունը ներկայացնել  հոմանիշներով: «Այսպես խաղը վերածվում է գիտելիքների բազայի հարստացման մի յուրատեսակ մեթոդի»:

թերթՆախատեսվում է նաև Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ  պատմություն հայոց» նոր հրատարակված  գրքի շնորհանդես-միջոցառում իրականացնել  դպրոցում, որտեղ գրքից վերցված պատմական դրվագները  կներկայացվեն թատերականացված ձևով:

Իսկ Իշխանյանի ծննդյանը նախորդող շաբաթվա ընթացքում  դասղեկական ժամերը կանցկացվեն Իշխանյանի անվան սենյակում, որտեղ աշակերտները ևս մեկ անգամ կկարողանան մոտիկից ծանոթանալ նրա  վաստակին ու գաղափարներին:

Ամսագրի խորագրերից մեկն էլ լուսաբանում է դպրոցի համագործակցությունը ծնողների հետ: Այս տարվա սեպտեմբերին աշակերտական խորհուրդն առաջարկել  և մանկավարժական խորհուրդն էլ հավանության է արժանացրել դասղեկական ժամերին որոշակի պարբերականությամբ տարբեր մասնագիտությունների տեր ծնողների հրավիրելը, որպեսզի դասաժամը նրանք վարեն: Ծնողներն աշակերտներին են ներկայացնում իրենց մասնագիտության յուրահատկությունները, խորհուրդներ տալիս ոլորտով հետաքրքրվողներին:  Նախաձեռնությանը միացել է նաև դպրոցի հոգեբանը, որ տարբեր թեմաներով քննարկումներ է կազմակերպում դպրոցականների հետ:

«Սա  խթան է մասնագիտական կողմնորոշման համար, որովհետև հիմնական դպրոցի առաքելությունն է նաև աշակերտի մասնագիտական կողմնորոշումը, քանի որ երեխան ավագ դպրոց գնալիս արդեն  պիտի կողմնորոշված լինի, թե  որ մասնագիտացված խումբը պիտի գնա և ինչ ոլորտ է նախընտրում: Ահա սա երեխաներին կողմնորոշելու ձևերից մեկն է»,- ասում է Սարգսյանը` հավելելով, որ սա նաև ամրապնդում է ծնող-դպրոց կապը:

Ամսագրի վերջին էջը հատկացված է վիկտորինային: Այստեղ ներառված են հարցեր, որոնց պատասխաններն աշակերտները կարող են գտնել «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքում: Առաջիկա համարում, օրինակ` աշակերտից կպահանջվի իմանալ, թե որն է հայերի մարդաբանական տեսակը, ինչ առանձնահատկություններ ունի, ինչպես էին հայկական լեռնաշխարհն անվանում Միջագետքի հին բնակիչները` աքքադացիները, Արտաշեսյան արքայատոհմի որ թագավորն էր, որ գլուխ չխոնարհեց Կլեոպատրայի առջև և գլխատվեց, ով է Տիգրան  Մեծին կնքել Արքայից արքա տիտղոսով և այլն:

Հայկուհի Բարսեղյան

Անկախ

 

Tags: , ,