ԱԽԹԱԼԱ. Հայաստանի հյուսիսային դարպասը

ախթալաԼոռու մարզում գտնվող այս փոքրիկ քաղաքն իրավամբ կարելի է համարել Հայաստանի հյուսիսային դարպասները, քանզի Ախթալան ամենահյուսիսային քաղաքային բնակավայրն է: Ախթալայում ընդամենը 3000 մարդ է ապրում, բայց քաղաքն աշխարհին շատ բաներով է հայտնի:

Ախթալայում է գտնվում Կովկասի ամենահին գործարանը` լեռնահարստացման կոմբինատը, որ ստեղծվել է 1763 թ.: Ախթալայի պղնձի արտադրությունը հազարամյակների պատմություն ունի: Այդ է վկայում նաև քաղաքի միջնադարյան անունը` Պղնձահանք: Համաձայն մի ավանդույթի` մ.թ.ա. II դարում Ախթալա է այցելում հայոց Արտաշես Ա Աշխարհակալ արքան և մտնում է պղնձի քուրաներ, որպեսզի տեսնի աշխատող վարպետների գործը: Վարպետներից մեկը, տեսնելով արքայի ձեռքի գեղեցիկ մատանին, քուրայից պղնձի հալած շիթ է բարձրացնում, օդում կլոր շրջան գծում և ստանում արքայի մատանու նման մի մատանի: Հիացած թագավորն իր մատանին նվիրում է հմուտ վարպետին:

Դեռևս XIX դարի վերջին Ախթալայում պեղումներ կատարեց ֆրանսիացի լեռնային ինժեներ Ժակ դը Մորգանը, որ այստեղ պեղեց շուրջ 210 քարարկղային դամբարաններ և նրանցում հայտնաբերեց պղնձեդարյան քաղաքակրթության նմուշներ` զենքեր, զարդեր, կենցաղային իրեր:

Առհասարակ, Ախթալայի տարածքում մարդը բնակվել է հազարամյակներ առաջ: Դրա վկայություններն են Ախթալայի տարածքում հայտնաբերված և Լոռու մարզում միակ ժայռապատկերները, որոնք թվագրվում են մ.թ.ա. մոտ III հազարամյակով:

Ախթալայի պղնձով են պատրաստված Ամերիկայի Ազատության արձանը, որ ֆրանսիացիները նվիրեցին ամերիկյան ժողովրդին, Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի ճակատի չորս ձիերի քանդակը. այն առաջին դարում հայոց Տրդատ Ա թագավորն է նվիրել Հռոմի Ներոն կայսրին:

Բացի այդ, այսօր ախթալացիները հավատում են, որ իրենց համաքաղաքացին է եղել Ֆրանսիայի մարշալ և նախագահ դը Գոլը, քանզի 1880-ականներին նման ազգանունով հանքային ինժեներ է աշխատել Ախթալայում: Տեղացիները համոզված են, որ նա էլ եղել է Ֆրանսիայի ապագա նախագահի հայրը:

Ախթալան նաև Հայաստանի ամենաբազմամարդ բնակավայրն է. այստեղ ժամանակին 18 ազգերի ներկայացուցիչներ են բնակվել: Ախթալա-Պղնձահանքը միջնադարում բազմամարդ բնակավայր էր. դրա վկայությունն են քաղաքի տարածքում պահպանված չորս ամրոցները: XV դարում տարածքում հայտնի էր նաև Վարդաշեն գյուղը:

Սակայն միջնադարյան ծաղկուն այս բնակավայրը ավերակների կույտի վերածվեց 1386 թ. Լենկ-Թեմուրի հորդաների կողմից, երբ նրանք գրավեցին քաղաքը և սրակոտոր արեցին բնակչությանը:

Ախթալա անվան ծագման տարբերակներից մեկն էլ դրա հետ է կապված. ախտալի` ախտով լեցուն, քանզի Թեմուրի զորքի հեռանալուց հետո բնակավայրն իսկապես ավերակների կույտ է հիշեցրել:

Այս ամենի հետ Ախթալայի այցեքարտը  Սուրբ Աստվածածին եկեղեցին է:

Ախթալայի եկեղեցին 1188 թ. կառուցել է Լոռու Կյուրիկյան Կյուրիկե Գ արքայի կուսակրոն դուստրը` Մարիամը և այդ մասին խաչքարի վրա թողել է հետևյալ արձանագրությունը.

«Ես, Մարիամ, դուստր Կիւրիկէի, կառուցեցի զՊղնձահանացս հողհատի սուրբ Աստվածածինս, որ երկրպագենք: Յաղաւթս յիշեցեք, թւին ՈԼԷ էր»:

Եկեղեցին կառուցված է թերակղզու ձև ունեցող բարձր սարավանդի վրա, ուր տեղակայված է Ախթալայի X դարում կառուցված ամրոցը: Ամրոցի կառուցումը վերագրվում է Լոռու Դավիթ Ա Անհողին թագավորին: Այս ամրոցը ՀՀ տարածքում ամբողջական պահպանված եզակի ամրոցներից է` իր եռաշարք պարիսպներով, բուրգերով, աշտարակներով: Ամրոցի տարածքում է գտնվում նաև Հայաստանում պահպանված եզակի մի շինություն` Իվանե և Ավագ Զաքարյանների երկհարկանի պալատը, որը, իրավամբ, Հայաստանի տարածքում պահպանված միակ արքայական պալատն է: Ամրոցում` պալատի դիմաց, պահպանվել է նաև բաղնիքը, որի պատերը ծեփապատ են, երևում են կավե և երկաթե խողովակները:

Ախթալայի ամրոցը` որպես պաշտպանական կառույց, գործել է մինչև XVIII դարը: Այն ավերվեց 1782 թ. Ավարիայի Օմար խանի ձեռքով, ապա գրավվեց և վերջնականապես ավերվեց 1795 թ. պարսից Աղա Մուհամմեդ խանի կողմից:

Ախթալան Կյուրիկյան թագավորների դրամահատարանն էր: Այստեղ է հատվել Հայաստանի տարածքում միակ հայատառ դրամը, որ պատկանում է Լոռու Կյուրիկե Բ արքային: Հետագայում` Լոռու թագավորության անկումից հետո, Ախթալան դարձավ վրաց Բագրատունի թագավորների դրամահատարանը: Այն գտնվում է հենց ամրոցի և եկեղեցու տարածքում, իսկ գանձարանը` եկեղեցուց ոչ հեռու գտնվող Լենկ-Թեմուրի բերդ կոչված անառիկ ամրոցում:

Սբ. Աստվածածին եկեղեցին առանձնանում է իր գեղեցիկ, վեհ տեսքով: Այն կենտրոնագմբեթ կառույց է: Եկեղեցու շենքը զարդարում են վիթխարի մոնումենտալ խաչերը, որոնք ամենամեծն են Հայաստանի տարածքում: Եկեղեցին եզակի է իր որմնանկարներով: Այստեղ են գտնվում Հայաստանում մոնումենտալ որմնանկարչության ամենամեծ կտորները` շուրջ 960 քմ, որոնք թվագրվում են XIII դարով: 1216 թ. Ախթալայի եկեղեցում է պահպանվել Նորավանքի աստվածընկալ սուրբ խաչը, որ շատ վեճերի ու երկպառակությունների տեղիք է տվել:

Իվանե Զաքարյանի կողմից Ախթալայի եկեղեցու ձեռքբերումից հետո այն վերածվեց քաղկեդոնական տաճարի: Ախթալան դարձավ եպիսկոպոսանիստ և համարվում էր Հայաստանում քաղկեդոնականության կենտրոնը: Այստեղ է գործել միջնադարյան հայ նշանավոր քերական և թարգմանիչ Սիմեոն Պղնձահանեցին, որի աշխատություններն այժմ էլ պահպանվում են մատենադարանում: Այստեղ են ամփոփված Իվանե և Ավագ Զաքարյանների աճյունները: Ախթալայի եկեղեցին ունի իր ուխտի օրը: Ամեն տարի սեպտեմբերի 20-ին այստեղ հազարավոր ուխտավորներ են հավաքվում աշխարհի տարբեր անկյուններից:

Ախթալայում են նկարահանվել Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մի քանի հատվածներ:

Ախթալան Հայաստանի միակ բնակավայրն է, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձան չկա: Քաղաքի բնակիչներից քչերն են մասնակցել պատերազմին, քանզի բնակչության հիմնական մասը աշխատել է կա՛մ Ախթալայի հանքերում, կա՛մ երկաթգծում:

Ախթալայում ամեն տարի սեպտեմբեր ամսին անց է կացվում ավանդական խորովածի փառատոնը:

 

Վահե Անթանեսյան

Անկախ

 

Tags: ,