Գազը էժանացավ, բայց ոչ շարքային քաղաքացիների համար

ARMRUSGASPROMՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի ժամանակ, ի թիվս 12 համաձայնագրերի, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվեց Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ, Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին, ինչպես նաև ՀՀ կառավարության ու  «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև` ՀՀ կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը և 2014-2018 թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազ ներմուծելու «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Գազպրոմ էքսպորտ» բաց բաժնետիրական ընկերության միջև  գործարքը: 

Այս ամենի արդյունքում հայտարարվեց, որ դեպի Հայաստան միակողմանի` Ռուսաստանից նավթամթերքի, գազի, ադամանդի հումքի ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը չեն գանձվի և Հայաստանը, օրինակ, գազ կստանա ներռուսաստանյան գներով: Այսինքն` ավելի էժան:

Այդ ուրախ լուրը սկսեցինք բերնեբերան տարածել, մի փոքր, նույնիսկ, ոգևորություն նկատվեց, թե գազը Հայաստանում կէժանանա և այլն: Ավաղ:

Առաջինն այս մասին հանրությանը հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` նշելով, որ Հայաստանում սպառողների համար գազի սակագինը ստորագրված հայ-ռուսական համաձայնագրերի գործողության արդյունքում փոփոխությունների չի ենթարկվի: «Գազի առումով մենք երեկ ունեցանք շատ կարևոր պայմանավորվածություն: Մենք ֆիքսեցինք 5 տարով գազի մատակարարման սակագնի հաշվարկման ֆորմուլան, և դա շատ կարևոր է, որովհետև նախկին 5 տարվա ընթացքում մենք 5 անգամ գնի փոփոխություն ենք ունեցել: Եվ թեև դա սպառողի համար ամեն անգամ չի արտացոլվել գնի բարձրացմամբ, բայց ամեն անգամ որոնվել են ճանապարհներ, որոնցով հնարավոր է եղել փոխհատուցել դա` առանց սպառողի շահերին հարվածելու»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Հենց Վիգեն Սարգսյանն էլ լրագրողների միջոցով հանրությանը տեղեկացրեց, որ նախորդ տարիների ընթացքում գազի սակագնի բարձրացման հետևանքով լրացուցիչ բեռ է ստեղծվել տնտեսության, բյուջեի համար, որը ռուսական կողմին փոխհատուցվել է «Հայռուսգազարդ» ընկերության 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու ձևով:

Նրա խոսքով` Հայաստանի կառավարությանը պատկանող մասնաբաժինը ռուսական կողմին փոխանցվել է` փոխհատուցելու համար գազի գնի այն տարբերությունը, որը գոյանում էր սահմանի վրա հաշվարկվող մատակարարման գնի և սպառողի համար հաշվարկված գնի միջև:

Ռուսաստանը հիշյալ համաձայնություններով զրոյացնում է գազի արտահանման մաքսատուրքը, այսինքն` Հայաստանն այսուհետ ձեռք կբերի բանակցված սակագնից մոտ 30 տոկոսով էժան գազ,  սակայն Հայաստանի տարածքում իրացման սակագները չեն վերանայվի:

Հարց է առաջանում` ինչո՞ւ: 2013 թ. ապրիլի 1-ից ռուսական գազը Հայաստան է առաքվում 270 դոլարով (1000 խմ-ի համար): 2013 թ. հուլիսի 7-ից բնակչության համար 1 խմ գազի սակագինը բարձրացրել է 18, իսկ խոշոր գազասպառողների համար` 14 տոկոսով: Բնակչությանը մատակարարվող գազի սակագինը դրանից հետո սահմանվեց 156 դրամ` 1 խմ-ի համար: Այդ սակագինը սահմանելիս հաշվի էր առնվել, որ կառավարությունը սուբսիդավորելու է «ՀայՌուսգազարդի» կողմից սահմանին ձեռք բերվող գազի գնի 30 տոկոսը: Այսինքն` վերջնական սպառողների համար սակագին հաշվարկելիս հիմք ընդունվեց ոչ թե 1000 խմ գազի համար 270 դոլար, այլ 189 դոլար գինը` նախկին 180 դոլարի փոխարեն: Այսինքն` շարքային քաղաքացիների համար գազի սակագնի հաշվարկներ կատարելիս ի սկզբանե վերցված է եղել 1000 խմ-ի համար 189 դոլար գինը, քանի որ գնի մնացած մասը` 30 տոկոսը, պետք է սուբսիդավորեր կառավարությունը:

Եվ դեռ այն ժամանակ արդեն կասկածներ էին հնչում, թե որտեղից պետք է կառավարությունը գտնի համապատասխան միջոցներ գազի գնի 30 տոկոսը սուբսիդավորելու համար: Ու հենց այդ ժամանակ էլ պաշտոնապես հաստատվեց այն տեղեկատվությունը, որ հայկական կողմը այդ 30 տոկոս սուբսիդավորման համար անհրաժեշտ միջոցները «հայթայթելու», ինչպես նաև առաջիկա 5 տարիներին գազի գինն անփոփոխ պահելու համար պետք է «Գազպրոմին» հանձնի «Հայռուսգազարդ»-ում իր ունեցած 20 տոկոս բաժնեմասը:

Այսինքն` երբ ռուսական կողմը հայտարարում է, որ չեն գործի գազի արտահանման համար մաքսատուրքերը, որոնք կազմում են ՀՀ առաքվող գազի գնի 30 տոկոսը, դա նշանակում է ընդամենը, որ կառավարությունն իր բաժին սուբսիդավորումն այլևս չի կատարի, ոչ թե հասարակությանը մատակարարվող գազի սակագինը 30 տոկոսով կէժանանա:

Եվ այսպես` Երևանում պայմանագիր ստորագրվեց «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին վաճառելու վերաբերյալ: Ու հետաքրքիրն այն է, որ այս լուրը ևս ՀՀ ազգաբնակչությունն իմացավ ոչ թե ՀՀ համապատասխան մարմիններից կամ պաշտոնյաներից, այլ ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերից  (Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի բացման արարողության ժամանակ):

Մեզ մնում է մխիթարվել, որ գազի գինը չի նվազի, բայց նաև առաջիկա 5 տարիներին չի  ավելանա, ինչպես նշում էր նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Բայց պարզվում է, որ «չի թանկանա» եզրույթն էլ հարաբերական է: ՌԴ էներգետիկայի նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի պետի տեղակալ Միխայիլ Պլեշկինը Yerkir.am-ի հետ զրույցում այս առումով նշել է. «Ինչքան ես գիտեմ, այն գինը, որը հայտարարվեց, թե կգործի Հայաստանին մատակարարվող գազի համար, կպահպանվի և հետագայում կփոփոխվի միմիայն  ինֆլյացիայով պայմանավորված դեպքերում»:

Ռուս պաշտոնյայի կարծիքով` ամեն դեպքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինն ավելի բարձր չի լինի, քան ներռուսաստանյան գներն են:

Գևորգ Ավչյան

Անկախ

 

Tags: , ,