Նախորդ շաբաթ Հայաստանի համար մի կարևորագույն իրադարձություն եղավ, որը սկզբում առկայծեց հայկական քաղաքական երկնակամարում, բայց հետո խամրեց «Մեծն Ռուսիո ծագող արևի» շողերի ներքո:
Նոյեմբերի 28-29-ը կայացավ ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության եզրափակիչ գագաթнաժողովը: Այդ գագաթнաժողում, երևի հիշում է երկրագնդի ցանկացած անկյունում ապրող ամեն մի հայ, պետք է Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման և խորն ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրեր: Սակայն սեպտեմբերի 3-ից` Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը Հայաստանի միանալու ցանկության մասին հայտարարությունից հետո, բնականաբար, չեղյալ է հայտարարվել: Չնայած իշխանության որոշ ներկայացուցիչներ դեռ սին հույսեր էին ներշնչում, թե գուցե նման համաձայնագրեր կստորագրվեն:
Հայկական վերլուծական շրջանակներում էլ, մինչև բուն գագաթнաժողովի նախօրեն, երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը կմասնակցի դրան, տարբեր տեսակետներ էին շրջանառվում, որ եթե Սերժ Սարգսյանը գնա, ուրեմն ինչ-որ փաստաթուղթ իրոք պետք է ստորագրվի, իսկ եթե չգնա, ապա ոչ մի փաստաթղթի ստորագրում էլ նախատեսված չի եղել:
Վիլնյուսյան գագաթнաժողովից ընդամենը 1 շաբաթ առաջ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն միայն այս կապակցությամբ լրագրողներին հայտնեց, որ Եվրամիության համապատասխան պաշտոնյաները դեռևս քննարկում են, թե Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանի հետ Եվրամիությունն ինչ փաստաթուղթ է ստորագրելու:
Նա նշեց, որ Հայաստանը հստակ հայտնել է Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու մասին իր ցանկությունը, Եվրամիությունն էլ իր բաժին պատրաստակամությունն է հայտնել, այն է` Հայաստանի հետ շարունակել համագործակցել և խորացնել այդ համագործակցությունը: Որպես դիվանագետ` նա ավելին ասել չէր էլ կարող: Բայց արդեն այդ ժամանակ պարզ էր, որ ԵՄ-ն Հայաստանի հետ որևէ լուրջ կամ ՀՀ իշխանություններին հաճո փաստաթուղթ կստորագրի միայն այն դեպքում, երբ Հայաստանի հետագա եվրաինտեգրման առումով թեկուզ չնչին հույսեր ունենա:
Գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը Հայաստանի գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է:
«Մեր գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձևավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք, մի կողմից, արտացոլում են մեր սոցիալ-քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմից` համատեղելի են համագործակցության այլ ձևաչափերի հետ: Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա` տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Այս իմաստով մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրել առավել ընդգրկուն` բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ: Ակնկալիքները վիլնյուսյան այս գագաթնաժողովից մեծ են: Մենք այս գագաթնաժողովը դիտում ենք որպես Եվրոպայի միության հետ մեր հարաբերություններն առավել իմաստավորված և իրատեսական հիմքերով զարգացնելու կարևոր հանգրվան»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Մի խոսքով` ոչ մի լուրջ ու կշիռ ունեցող փաստաթուղթ էլ չստորագրվեց Վիլնյուսում, այլ ընդամենը` պրոտոկոլային` գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը և Հայաստան-Եվրոպական միություն հռչակագիրը, որոնք նման նշանակություն չունեն:
Բնականաբար կյանքը շարունակվում է, առավել ևս, որ Ռուսաստանն էլ այդ ամբողջ ընթացքում լուռ ու հանգիստ դիտորդի կարգավիճակում չէր, որ հետևում էր մեր երկրի շուրջ զարգացող գործընթացներին:
Գևորգ Ավչյան
Tags: Եվրամիության Արևելյան գործընկերություն, Մաքսային միություն