Պուտինը եկավ ու… գնաց

պուտինի այցը հայաստանՊուտինը եկավ Հայաստան ու գնաց, բայց այդ այցի հետ կապված մանրամասները դեռ երկար կքննարկվեն հայ իրականության մեջ: Ըստ պաշտոնական  տեղեկությունների` ստորագրվեցին երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցության, միջուկային անվտանգության, էներգետիկայի, կրթության և զբոսաշրջության հարցերի վերաբերյալ:

 Մասնավորապես` ՀՀ և ՌԴ միջև մինչև 2020 թ. երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017 թթ. միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ, ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին,  միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին, զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերը:

Հաստատվեց ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև 2014-2015 թթ. խորհրդատվությունների ծրագիրը, ստորագրվեց կրթության և գիտության նախարարությունների միջև 2014-2015 թթ. միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման հետագա միջոցների մասին հուշագիրը, ՀՀ կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև ՀՀ կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ զբոսաշրջության դաշնային գործակալության միջև 2014-2016 թթ. համատեղ գործողությունների ծրագիրը:

Կայացան նաև 2014-2018 թթ. «ՀայՌուսգազարդ»-ի և «Գազպրոմ էքսպորտ»-ի բաց բաժնետիրական ընկերության միջև ՀՀ բնական գազ ներմուծելու գործարքն ու «Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության և «Ռոսնեֆտ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիր և բաժնետիրական համաձայնագիր:

«Այս համաձայնագրերը կլրացնեն ավելի քան 2 հարյուր միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող մեր հարաբերությունների իրավապայմանագրային բազան: Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ամռանը ստորագրված «Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագիրը, որը լայն հնարավորություններ է բացում Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններում ներքին գներով սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Դրանից հետո երկկողմ կամ ՀԱՊԿ ձևաչափով այլևս ոչ մի փաստաթուղթ չի մնա, որը վավերացված չլինի հայկական կողմից»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովում  ունեցած իր ելույթում, բացի նման հարցերի ժամանակ նշվող ընդհանրական ու ոչինչ չասող «հաշվետվություններից», մի ուշագրավ ակնարկ էլ արեց. «Հայաստանն ամենահարմար և կարճ ճանապարհն է Իրանի և Պարսից ծոցի երկրների շուկա դուրս գալու համար: Մենք ընդունել ենք ազատ տնտեսական գոտիներ ստեղծելուն ուղղված անհրաժեշտ օրենսդրական ամբողջ փաթեթը, ինչը Հայաստանը դարձնում է ներդրումների համար ավելի գրավիչ, այդ թվում` արտահանմանն ուղղված»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Այս արտահայտությունն ուշագրավ է այնքանով, որ դեռևս շաբաթներ առաջ նման միտք էր արտահայտել ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն  Երևան-Մոսկվա- Մինսկ տեսակամուրջի ժամանակ` նշելով, որ Հայաստանն էլ ՄՄ-ին կարող է դեպի Իրան ամենակարճ ու հուսալի ճանապարհն ապահովել: Այս միտքը, ինչպես արդեն տեսանք, շրջաբառվել է նախագահականում ու դառնում է ՄՄ մյուս անդամների այն հարցի պատասխանը, թե ինչ կարող է տալ Հայաստանը ՄՄ-ին:

Դիվանագիտության մեջ չասված խոսքերն ավելի կարևոր են

Սա գրեթե այն ամենն էր, ինչ վերաբերում էր այցի պաշտոնական կողմին: Բայց սովորաբար նման այցերի դեպքում կարևոր է ոչ միայն պաշտոնական` արարողակարգային ընթացքը, այլև` մանրուքները:

Եվ այսպես, դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Երևանի կոնտրոնում բացվեց հայ-ռուսական բարեկամության «Միասնության խաչ» հուշարձանը: Թեև նախապես նշվում էր, որ հուշարձանը պետք է բացեն ՀՀ և ՌԴ նախագահները, բացեցին ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը, որոնք նաև հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են: Ընդ որում, հուշարձանի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահը տարբեր նախարարների, գերատեսչությունների ղեկավարների հետ միասին: Բացման հանդիսության ժամանակ էլ ՀՀ վարչապետը ռուսերեն ելույթ ունեցավ: Այս երևույթը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Կանադայում ՀՀ-ի նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, ընդունելի չէր, որովհետև ելույթ ունեցողը ՀՀ վարչապետն էր:

«Այդ պրոտոկոլ կոչվածում, որը դարերով ձևավորվել է, իրավահավասարության խնդիր կա, սեփական լեզվի նկատմամբ հարգանքի խնդիր կա: Այսինքն` մեր վարչապետը ուզում էր ցույց տալ, որ ռուսերե՞ն գիտի: Ռուսերեն ելույթ ունենալը ընդունելի չէ, որովհետեւ այդ հուշարձանի բացումն արարողակարգային իրադարձություն էր, ուստի արարողակարգային բոլոր նորմերը պետք է պահպանվեին: Խորը սիմվոլիզմ կա այդ ամենի մեջ»,- նշեց Արա Պապյանը:

Բայց այդ դիվանագիտական «ապտակը» դեռ վերջինը չէր դիվանագիտական օրակարգով գերհագեցած օրվա ընթացքում: Երկրորդ «ապտակը» Հայաստանը ստացավ Պուտինի այցի բուն օրակարգից: ՌԴ նախագահը, ինչպես և հայտարարվել էր, Հայաստանում էր պետական այցով: Բայց այդ այցը սկսվեց ոչ թե Երևանից, այլ Գյումրիից: Ու տպավորություն ստեղծվեց, որ դա ոչ թե պետական այց է, այլ աշխատանքային:

«Ես սովորել եմ տարբեր դիվանագիտական ակադեմիաներում, նաև Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիայում, ու կան պետական արարողակարգի համապատասխան դասագրքեր: Այն, ինչ  ինձ սովորեցրել են ռուսները, այն է, որ պետական` պաշտոնական այցերն ունեն որոշակի արարողակարգ: Այն է` այցելություն մայրաքաղաք, դիմավորում` տարբեր զորատեսակների շքերթով, նաև մայրաքաղաքում հատուկ նստավայրի հատկացում և այլն: Այսինքն` կան որոշակի բաներ, որ պետք է պահպանվեն: Այդ ամբողջից պրոտոկոլային որևէ նորմ չի պահպանվել»,- ասաց Արա Պապյանը` հավելելով, որ բնավ գեղեցիկ չէր, երբ մեր նախագահը Ռուսաստանի ինչ-որ տրանսպորտի նախարարի հետ միասին բացում էր այդ արձանը ու շեշտեց, որ եթե նախագահը ներկա էր այդ արարողությանը, ուրեմն Հայաստանը ներկայացված է եղել ամենաբարձր մակարդակով:

Այս փաստն առավել ցցուն է դառնում, երբ հիշում ենք հատկապես,  որ Մոսկվայում հայկական եկեղեցու բացման ժամանակ ներկա չէին ՌԴ նախագահն ու վարչապետը, նույնիսկ` Մոսկվայի քաղաքապետը:

Մի խոսքով, դիվանագիտական այսպիսի նվաստացումներից հետո Պուտինը Գյումրիում` «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում, անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկությանը, հայտարարեց, որ «դա հայ ժողովրդի, իշխանությունների սուվերեն ընտրություն էր», ու հավելեց, որ Ռուսաստանը կօգնի ՀՀ-ին ՄՄ-ին առավելագույնս արագ անդամակցելու հարցում:

Այս «մանրուքին» իր երեկվա համարում անդրադարձել է նաև ռուսական թերթերից մեկը`նշելով, թե այդ հայտարարության ժամանակ Սերժ Սարգսյանը ժպտում էր:

Իր ելույթում Վլադիմիր Պուտինը մի նուրբ «կատակ» էլ արեց. «Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Կովկասից: Ընդհակառակը` Ռուսաստանը փորձելու է ուժեղացնել իր դիրքերը տարածաշրջանում` հիմնվելով տարածաշրջանի երկրների, այդ թվում` Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների վրա»:

Այս ակնարկի կապակցությամբ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը նշեց, թե երբեք գաղտնիք չի եղել, որ 1803 թվականից սկսած` Ռուսաստանը համաձայն չէ և չի ուզեցել հեռանալ Հարավային Կովկասից: Իսկ այն, որ չի ուզում հեռանալ, ամենևին չի նշանակում, թե ուզում է մեզ տիրել:

«Ես դա հասկանում եմ աշխարհաքաղաքական իմաստով: Այդ իմաստով Հայաստանին էլ ձեռնտու չէ, որ Ռուսաստանը հեռանա մեր տարածաշրջանից: Համենայն դեպս, պետք է հիշել 1993 թվականը, երբ թուրքական զորքերը մոտեցել էին մեր սահմանին, և միայն Ռուսաստանի հայտարարությունն ու ՌԴ պաշտպանության նախարարի դիրքորոշումը կասեցրեցին Թուրքիայի հնարավոր հարձակումը Հայաստանի վրա: Այսօր էլ Ռուսաստանն ինչ-որ չափով, ես կասեի` մեծապես, մեր տարածաշրջանում խաղաղության երաշխավոր է»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Նմանատիպ արտահայտությունները սովորաբար ունենում են նաև հասցեատեր կամ հասցեատերեր: Այս դեպքում հասցեատերերի մասին կարելի է կռահել: Նախ` առաջին հասցեատերը հենց Հայաստանն է, որը մինչև սեպտեմբերի 3-ն իր հայացքը համառորեն հառել էր Արևմուտքի ուղղությամբ: Երկրորդ, ինչպես նշեց լևոն Մելիք-Շահնազարյանը, ընդունված երևույթ է, որ պետությունների առաջին դեմքերն օգտվում են այն հանգամանքից, թե որ տարածքում են խոսում ու այդ տարածքի հարևան պետություններին կամ իշխանություններին ինչ ազդանշաններ են ուղարկում: Իսկ այս դեպքում թուրքական լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են Պուտինի Գյումրի գալուն և նմանատիպ հայտարարություններին  ու նշել, որ դրանք ավելի շատ ուղղված են Թուրքիային և Ադրբեջանին:

«Պուտինը չէր կարող ոչինչ չասել, ոչ մի ազդանշան չուղղել այն երկրներին ու երկրների ղեկավարություններին, որոնք Ռուսաստանի հետ, համենայն դեպս, գաղափարախոսական հակառակորդներ են: Այսինքն` առաջին հերթին ուղղված էր նրանց: Բայց, մյուս կողմից, ուղղված էր նաև մեզ: Հարցն այն է, թե ինչ իմաստով ենք ուզում հասկանալ այդ հայտարարությունը, փոխգործակցության ու դաշնակիցներ լինելու կոնտեքստո՞ւմ, թե՞ Հայաստանի դեմ, որը տվյալ դեպքում ես կհամարեի սխալ»,- տեսակետ հայտնեց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Tags: ,