Հայաստան. սիրիահայ երիտասարդի ամենադժվար, բայց ամենանախընտրելի տարբերակը

IMG_1860Սիրիահայ Հարութ Լախոյանը Հայաստան է եկել մինչ սիրիական ճգնաժամը: 2001-ին նա ընդունվել Երևանի ճարտարագիտական համալսարան, ծրագրավորողի մասնագիտություն ստացել և որոշել մնալ Հայաստանում: Ճիշտ է, ինչպես շատ տեղացիներ, նա էլ իր մասնագիտությամբ աշխատանք չգտնելու պատճառով աշխատել է լրիվ այլ ոլորտում, սակայն ի վերջո հարմարվել է հայաստանյան իրավիճակին. «Սփյուռքահայերի համար հարմարվելը շատ դժվար է, որովհետև մենք Հայաստանը մի քիչ ուրիշ ձևով ենք պատկերացնում, ավելի երազային, եթերային, իսկ իրականությունը ավելի դաժան է»,- ասում է նա:

Հարութի ծնողներն այնքան էլ գոհ չէին որդու որոշումից, որովհետև եթե նա վերադառնար Հալեպ, այնտեղ շատ ավելի հեշտ աշխատանք կգտներ, կյանքը շատ ավելի հեշտ կդասավորվեր: «Ինձ համար ավելի հեշտ կլիներ նույնիսկ մեկ ուրիշ երկրում, քան Հայաստանում: Ամենադժվար տարբերակը Հայաստանն էր, բայց և ամենանախընտրելին»:

Սիրիայի բարեկեցիկ կյանքը Հարութի համար չէր, քանի որ նրա ցանկություններն ու ձգտումներն ավելին էին, քան Սիրիայի հնարավորությունները. «Իմ ծննդավայրը` Սիրիան, մշակութային առումով մի քիչ ավելի ցածր էր, շատ առումներով` սահմանափակ, և հինգ տարի Երևանում ապրելուց հետո, Երևան-Հալեպ կոնտրաստն ինձ համար շատ մեծ էր»,- խոստովանում է նա` միաժամանակ նկատելով, որ չնայած այդ ամենին` Հալեպում մարդկային փոխհարաբերությունները շատ ավելի բարձր մակարդակի վրա էին, քան Հայաստանում,- այնտեղ  անգամ արաբ ժողովուրդն ավելի մարդկային, հասնող, օգնող էր»:

Եվ չնայած բազում հիասթափություններին` նա Հայաստանում նույնպես հանդիպում է լավ մարդկանց և հենց մարդկային գործոնն էլ նրան համոզում է ամեն ինչի մեջ միայն բացասականը, սևը չտեսնել և մնալ Հայաստանում:

2006-ին ավարտելով համալսարանը և իր մասնագիտությամբ հարմար աշխատանք չգտնելով` Հարութն աշխատում է անշարժ գույքի գործակալությունում որպես գործակալ: Խոստովանում է, որ գործը լավ էր անում: Երբ սիրիական ճգնաժամի հետևանքով սկսվում է սիրիահայերի ներհոսքը Հայաստան, այդ գործի մեջ լինելով` շատ բան է տեսնում: Բացահայտում է հայաստանյան հակասությունների մի նոր շարք. մարդիկ, որոնք առիթից օգտվելով` չարաշահումներ արեցին անշարժ գույքի ոլորտում` ի վնաս սիրիահայերի, և մարդիկ, որոնք ունեին բնակարան Երևանում, բայց ապրում էին արտասահմանում, առանց որևէ վճարի տրամադրեցին դրանք սոցիալապես անապահով սիրիահայերին: Իհարկե, առաջին երևույթը գերակշռող էր:

Հարութը մեկ տարի է` ամուսնացել է, կինը հայաստանցի է: Ապրում են վարձով, քանի որ բնակարան ձեռք բերելը, ըստ նրա, խնդիր է ոչ միայն իր, այլև շատ երիտասարդների համար, որոնք պետությունից աջակցություն չունեն, ծնողներից էլ` ժառանգություն:

ՍիրիահայՉնայած դժվարություններին` նա այսօր լուրջ բիզնեսի հիմք է դնում երկու գործընկերների հետ: Անցյալ տարի երկարատև բանակցությունների շնորհիվ նրանք դարձել են  շվեյցարական հայտնի Swissbacks ընկերության բացառիկ ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլև 20 երկրներում` Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Իրանում և այլն:

Ընկերությունն աշխարհին ներկայացնում է նորարարություն ոսկերչության ոլորտում`  ականջօղերի նոր փականներ, որի գյուտի հեղինակը ֆրանսիացի ոսկերիչ Սեբաստիան Բարիերն է: Այն մեկ մասից բաղկացած ուղիղ, բայց ճկվող փական է, որն ընդամենը մեկ շարժումով ականջօղն ամրացնում է ականջին: Swissbacks-ը հիմնվել է 2006-ին, և այդ ժամանակվանից սկսած` նմանատիպ փական ստեղծելու փորձեր են արվել: Առաջին մոդելը չի հաջողվել, քանի որ երեք անգամ բացել-փակելուց հետո կոտրվել է: Այժմ փականը կարող է բացվել-փակվել մոտ 15 հազար անգամ: Սակայն մինչ այդ արդյունքին հասնելը 60 000 զույգ ականջօղ է փչացել: Այսօր փականն այնքան կատարելագործված մեխանիզմ ունի, որ անգամ չինացիները չեն կարողանում կրկնօրինակել: Միակ ընկերությունը, որին հաջողվել է կատարելագործել այն, շվեյցարական աշխարհահռչակ Rollex ընկերությունն է:

Այդ փականների հիմքի վրա հայ ոսկերչի կողմից տեղծվել է նաև ականջօղերի շուրջ 70 տարբերակ, որոնք շուտով կցուցադրվեն և վաճառքի կհանվեն «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում:

Swissbacks-ի ոսկյա փականները` որպես նորարարություն, սովորական ոսկուց ավելի թանկ են: Սակայն փականի առավելությունը միայն նոր տեսքը չէ, այլև հարմարավետությունը: Նախ` այն միաձուլված է ականջօղին, և կորչելու վտանգը բացառված է, բացի այդ, բոլորովին չի ցավեցնում ականջը, դրանցով անգամ կարելի է քնել` առանց որևէ անհարմարության:

Հարութը հույս ունի, որ իրենց բիզնեսը հաջողություն կունենա, քանի որ այն նորույթ է և մրցակցության խնդիր չկա: Իրենք էլ իրենց հերթին են ամեն ինչ անում օրենքի տառին համաձայն: Չնայած դրան` նա կարծում է, որ Հայաստանում կա մի համընդհանուր օրենսդրական խնդիր. «Եթե մենք` հայերս, ցանկանում ենք մեր երկիրը մոտեցնել ավելի զարգացած երկրներին, ապա դա պետք է անենք փուլային տարբերակով, աստիճանաբար, ոչ թե  տվյալ երկրի մոդելը բերենք և ուղղակիորեն կիրառենք: Դա նույնն է, որ ասենք` սովետական հին մեքենայի վրա «Ֆեռարիի»  շարժիչ դնես: Այդ մեքենան շարքից դուրս կգա»:

Նա տեսնում է, որ գործարարության առումով Հայաստանը շատ ցավալի պատկեր ունի, և փոխանակ օրենքներն այնպես  կատարելագործվեն, որ նպաստեն գործարարության զարգացմանը, ընդհակառակը` խոչընդոտում են:

Չնայած այս ամենին` նա սիրում է Հայաստանը և փաստում, որ ինքը հայրենադարձվել է: «Այսօր ես չեմ պատկերացնում իմ կյանքը Հայաստանից դուրս: Միգուցե դա կա՛մ իմ համբերությունից է, որ այսքան հիասթափվելով հանդերձ` դեռ դիմանում եմ, կա՛մ էլ դեռ այդքան չեմ հիասթափվել: Բացի այդ, հաղթահարել եմ այն վախը, որն ունի ամեն մի սփյուռքահայ Հայաստան գալիս. խաբվելու վախը: Ես արդեն շատ եմ խաբվել, շատ բան կորցրել և այդ փուլն անցել եմ»,- ծիծաղում է նա:

Որպես իսկական հայրենադարձ` նա համալրել է նաև «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) կազմակերպության շուրջ 5 հարյուր հայրենադարձների շարքերը, որոնք սեփական օրինակով կոչ են անում արտերկրում ապրող հայերին վերադառնալ հայրենիք:

 

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

Tags: , ,