Վիկտոր Պոլոտենկո. «Եվրոպան շատ է առաջ գնացել, հեռացել է, իսկ մենք մնացել ենք նույն վիճակում»

Viktor Polotenko«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարում մեր երկրի երիտասարդական հավաքականը, առաջ անցնելով Ուկրաինայի ներկայացուցիչներից, Վրաստանի, Ռուսաստանի թիմերից հետո գրավեց 3-րդ տեղը: Չնայած զբաղվածությանը` մեկ օրով Երևան էր այցելել Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վիկտոր Պոլոտենկոն: Որպես Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ, Եվրոպայի գավաթի խաղարկության շրջանակում անցկացվող խաղին ներկա գտնվելու համար, նա Հայաստանի մայրաքաղաքից ուղևորվեց Սերբիա: Իսկ մինչ այդ Պոլոտենկոն  սիրով պատասխանեց «Անկախի» հարցերին:

 - Ինչպիսի՞ն են Ռուսաստանի և Հայաստանի հանդբոլի ֆեդերացիաների համագործակցության հիմնական ուղղությունները:

- Հնարավորն արվում է, որպեսզի ավելի շատ համատեղ միջոցառումներ կազմակերպվեն, երկու երկրների հանդբոլիստները խաղան մրցաշարերում, մրցափորձ կուտակեն: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի հետ կապերը սերտ են, և կազմակերպության նախագահ Սարգիս Գրիգորյանի հետ զրուցել, նոր ծրագրեր ենք կազմել, պայմանավորվել ենք, որ թիմերը միասին պարապեն, խաղեր անցկացնեն: Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի հետ համատեղ Հայաստանում սեմինարներ կկազմակերպվեն, որոնց կգործուղվեն ռուսաստանցի մասնագետները: Կօգնենք մրցավարների պատրաստման հարցում: Ի դեպ, Ռուսաստանում քիչ չեն բարձրակարգ հայ մասնագետները: Ճանաչված են նաև մրցավարներ Զոպունյան քույրերը: Նրանք բնակվում են Կրասնոդարում: Կաջակցենք նաև տեսուչների պատրաստման հարցում: Մարզիչների աճեցման խնդիրը մի փոքր ուրիշ է, ավելի դժվար: Բայց գլխավորն այն է, որ Ռուսաստանի, Հայաստանի  պատանիները և աղջիկները միմյանց հետ մրցումների մասնակցեն: Նախընտրելի է, որ Հայաստանին մոտ Ռուսաստանի տարածաշրջանների հետ այդ կապը լինի: Գաղտնիք չէ, որ փոխադրամիջոցներից օգտվելու համար զգալի ծախսեր են պահանջվում: Վրաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները երևանյան մրցաշարին մասնակցելու համար ավտոբուսներով էին ժամանել Հայաստան: Մենք կարող էինք հնարավորություն տալ ինքնաթիռով գալու, բայց տոմսերը զեղչով էինք գնել, քանի որ ֆինանսների պակասը ներկայումս հիմնախնդիրներ է առաջացնում: Մտածում ենք պարբերաբար միջազգային պատանեկան մրցաշարեր կազմակերպել և հրավիրել նախկին Խորհրդային  Միության հանրապետությունների հանդբոլիստների թիմեր: Տոլյատիում այդպիսի մրցաշար է անցկացվելու, շուրջ 5 տասնյակ թիմ է հավաքվելու: 9-16 տարեկանների թիմեր են հանդես գալու: Ցանկալի է, որ Հայաստանի ներկայացուցիչներն էլ խաղան:

 - Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի ֆինանսական վիճակը կայո՞ւն է, որո՞նք են հիմնական խնդիրները:

- Ցանկալի է, որ ֆինանսական վիճակն ավելի լավ լինի: Գլխավոր հիմնախնդիրը ֆեդերացիայի հովանավորներ գտնելն է:

հանդբոլ - Ինչքա՞ն է Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի բյուջեն: Ինչպիսի՞ն այն պետք է լինի, որ աշխատանքը բնականոն կազմակերպվի:

- Մեր երկում այլ համակարգ է: Հավաքականներին ֆինանսավորում է պետությունը` սպորտի նախարարությունը: Իսկ մյուս հարցերը կարգավորվում են այն միջոցների հաշվին, որոնք հայթայթվում են: Հեռարձակումների խնդիր կա: Ցուցադրության համար ֆեդերացիան է վճարում, քանի որ քարոզչության խնդիր կա: Հետխորհրդային շրջանի մեծ տարբերությունը Արևմուտքի հետ դա է: Եվրոպական երկրներում հեռուստաընկերություններն են վճարում, որպեսզի սպորտ ցուցադրեն, իսկ ներկայումս Ռուսաստանում սպորտի ներկայացուցիչներն են ցուցադրության համար փողեր տրամադրում հեռուստաընկերություններին: Դուք էլ այդ խնդիրն ունեք: Մինչև դա չկարգավորվի, իրավիճակը չի փոխվի: Իսկ Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան պահանջում է, որ տարբեր երկրներում խաղերը պարտադիր հեռարձակվեն: Եվ եթե Հայաստանում կազմակերպվի եվրոպական պաշտոնական ստուգատեսի շրջանակում  մրցաշար, Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան խնդիր է դնելու, որ Հայաստանից հեռարձակման ազդանշան լինի, իսկ դրա համար պետք է վճարի Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան: Այս առումով իրավիճակը բարդ է, և շատ բան կախված է զանգվածային լրատվամիջոցներից և հովանավորներից: Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիան պետությունից աջակցության կարգով տարեկան շուրջ մեկ միլիոն դոլար է ստանում: Ռուսաստանի նման խոշոր երկրի համար դա քիչ է, եթե հաշվի առնենք, որ 10 հավաքական կա: Տարբեր տարիքային խմբերի հանդբոլիստների և հանդբոլիստուհիների 3-ական թիմեր ունենք, մարզիկների և մարզուհիների  2-ական թիմ էլ լողափնյա հանդբոլում է: Դրանք մասնակցում են միջազգային բոլոր ստուգատեսներին, և պարզ է, թե ինչպիսի ահռելի ծախսեր են անհրաժեշտ: Դժվար է ասել, թե ինքան փող կպահանջվի աշխատանքը բարձր մակարդակով կազմակերպելու համար, դա կախված է այն հանգամանքից, թե տվյալ տարին ինչ մրցումներ են անցկացվելու: Ցանկալի արդյունքի հասնելու համար ֆինանսներն ինչքան շատ լինեն, այնքան լավ:

 - Հայաստանում գործարարները խուսափում են հանդբոլը զարգացնելու համար փողեր ներդնելուց: Ռուսաստանո՞ւմ էլ նույն պատկերն է:

- Պետությունից չդժգոհելու խնդիր չկա, քանի որ ղեկավար այրերի համար այդ ամենն ավելի տեսանելի է: Ցավալին այն է, որ մեխանիզմ չկա, որպեսզի հովանավորները շահագրգռված լինեն սպորտին օգնել, փողեր ներդնել: Այդ պարագայում ինչպե՞ս կարող է խաղային մարզաձևերի պրոֆեսիոնալ ակումբը գոյատևել: Խաղերի քանի՞ տոմս է պահանջվում վաճառել, որպեսզի թիմերը փող ունենան: Ենթադրենք` հազար հանդիսական է հավաքվում, դա հարցի լուծում չէ: Նախկին խորհրդային հանրապետություններում սպորտը սոցիալական բաղադրիչ էր համարվում: Մինչդեռ ներկայումս սպորտը պրոֆեսիոնալ է դարձել, մարդիկ դրա միջոցով փորձում են վաստակել:

 - Նախագիծ կար հետխորհրդային երկրների, դրանց հարակից երկրների հետ համատեղ լիգա ստեղծելու: Այն ուժի մե՞ջ է մնում:

- Չորս տարի առաջ էր, որ այդ մասին խոսակցություններ սկսվեցին: Բայց կրկին հովանավորների խնդիր կա: Եթե բասկետբոլում, տափօղակով հոկեյում հովանավորների օգնությամբ լիգաներ են ստեղծվել, ապա հանդբոլում դա դժվար է: Գաղափարը կա, մնում է: Բարդ է այն իրագործելը: Հարց է, թե  ով պետք է վճարի, ասենք, Տաշքենդից ինքնաթիռով Տալլին ուղևորվող թիմի ծախսերը, կամ էլ Դուշանբեի թիմն ինչպես, ինչ միջոցներով պետք է հասնի Երևան և այլն:

 

- Ձեր կարծիքով` ներկայումս Հայաստանում հանդբոլն ի՞նչ մակարդակ ունի:

- Խնդիրները նույնն են, որոնք կան նաև մեր երկրում: Ինչքան հաճախակի հանդիպեն, միասին պարապեն, խաղան Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներն իրար հետ, այնքան արագ էլ մարզաձևը երկու երկրներում կզարգանա: Ռուսաստանը ներկայումս հանդբոլի առաջատար երկիր չէ: Հետ ենք մնացել, և այդ մասին աներկյուղ ասում եմ: Հետ ենք մնացել մարզիչների, խաղացողների պատրաստման հարցերում: Եվրոպան շատ է առաջ գնացել, հեռացել է, իսկ մենք մնացել ենք նույն վիճակում: Հայաստանի ներկայացուցիչներն էլ համանման խնդիրներ ունեն: Օրինակ` երևանյան միջազգային մրցաշարն անցկացվում է «Դինամո» մարզասրահում, որի դահլիճը հանդբոլ խաղալու համար փոքր է: Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդիպումներ է անցկացնելու այստեղ, իսկ հունվարին խաղալու է Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, ուժերն է չափելու տանտերերի, Թուրքիայի հավաքականների հետ: Դժվար է լինելու այն առումով, որ Ռումինիայում միջազգային չափանիշներին համապատասխանող մարզասրահում են խաղերն անցկացվելու: Ստացվում է, որ Հայաստանի հավաքականն առաջին անգամ է միջազգային չափանիշներին համապատասխանող դահլիճում մրցելու: Ընդ որում, Ռումինիայի հավաքականից վախենում է անգամ Ռուսաստանի ընտրանին:

 - Ռուսաստանի հավաքականի առաջատարներից է Սամվել Ասլանյանը, որը «Չեխովսկիե մեդվեդի» ակումբից տեղափոխվել է ուժեղ նոր թիմ: Նա իրեն ինչպե՞ս է զգում «Պերմսկիե մեդվեդի» թիմի կազմում:

- Առաջինը Մոսկվայի մարզի թիմ է: Եվ փոխվել է քաղաքանությունը, պրոֆեսիոնալ ակումբն այլևս պետական աջակցություն չի ստանում: Ինչպես հայտնի է, այդ թիմում էին հանդես գալիս Ռուսաստանի հավաքականի բոլոր հանդբոլիստները: Այժմ այդ խաղացողները կարողություններն են փորձում արտասահմանյան տարբեր ակումբներում: Հնարավոր է, որ դա ավելի լավ է: Ժամանակը ցույց կտա: Մեծ մասը տեղափոխվել է Մակեդոնիա և խաղում է մի թիմում, որը ռուսաստանցի գործարար է հովանավորում: Ստացվում է, որ այդ երկրում փողեր ներդնելը հանդբոլում ավելի ձեռնտու է, քան Ռուսաստանում: Ընդ որում, նա ֆինանսավորում է հանդբոլիստների և հանդբոլիստուհիների թիմեր: Դա որոշ առումով վիրավորական է: Ինչ վերաբերում է Ասլանյանին, ապա նոր թիմում նա պետք է կրկին փորձի իրեն առաջատար դրսևորել:

 - Ռուսական թիմերում կա՞ն հայ խաղացողներ: Արգելքներ չե՞ն ծագի, եթե ոմանք ցանկանան խաղալ Հայաստանի դրոշի ներքո:

- Ոչ մի խնդիր չկա: Երջանիկ կլինի ամեն հայ, եթե ազգային թիմի պատիվը պաշտպանի: Այդպիսի հնարավորությունն օգտագործելուց հրաժարվել չի կարելի:

 

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Tags: ,