2013 թվականը ավարտվում է, նշանակում է, որ պետք հանրագումարի բերվեն մրցաշրջանի արդյունքները, նաև հրապարակվեն Հայաստանի տասը լավագույն մարզիկների անունները: Վերջինս Հայաստանում խորհրդանշական բնույթ ունի, մարզիկների համար պարգև չի նախատեսված, սակայն հեղինակավոր է, քանի որ որոշվում է մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքով: Բայց վերջին տարիներին հրապարակումներին հաջորդում է մեծ աղմուկը: Ընդ որում, բարձրաձայնում, տեսակետներ են հայտնում ավելի շատ նրանք, ովքեր կապ չունեն սպորտի ու մարզական լրագրության հետ:
Փաստն այն է, որ սահմանված չափորոշիչներով հրապարակվում է լավագույնների ցանկը, նախապատվությունը տրվում է օլիմպիական մարզաձևերի, տարածում ունեցող մարզաձևերի ներկայացուցիչներին: Իսկ մնացածն այնքանով է կարևոր, որ Հայաստանի սպորտի պետական կառույցը հնուց ի վեր այդ քվեարկության արդյունքը համարում է նախընտրելի:
Ուշագրավն այն է, որ վերջինս տասնամյակներ շարունակ անցկացնում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, մի կազմակերպություն, որի մասին քիչ բան է հայտնի, քիչ էլ խոսվում է: Բայց կա սահամանված կարգ: Նախապես հրապարակված մարզիկների անունների հիման վրա էլ քվեարկությանը մասնակցում են որոշակի փորձ, լրագրության ոլորտում աշխատող կամ աշխատած մարզական լրագրողները: Ընդ որում, ոչ բոլոր ցանկացողներին է թույլատրվում քվեարկել, պետք է որոշակի մասնագիտական աշխատանքի ստաժ ունենալ: Եվ յուրաքանչյուր քվեարկող ներկայացնում է լավագույնների տասնյակի իր տարբերակը: Առաջին տեղում հայտնվողին տրվում է 10 միավոր, երկրորդ տեղում գտնվողին` 9 միավոր, և այդպես շարունակ: Տասնյակը եզրափակող մարզիկը ստանում է 1 միավոր: Ապա հանրագումարի են բերվում արդյունքները, և ամենից շատ միավորներ վաստակած մարզիկը ճանաչվում է լավագույնը:
Թվում է, թե ամեն ինչ պարզից էլ պարզ է, բայց քվեարկությունից հետո վեճերն անպակաս են: Հավանականությունը քիչ է, որ նույն բանն այս տարի էլ չի կրկնվի:
Եվ ահա, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նախաձեռնություն է հանդես բերել: Եվ որպեսզի հարվածի թիրախ չդառնա, գերատեսչությունը խորհրդակցություն է հրավիրել, թե ինչպես կարելի է որոշել լավագույններին, որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն:
Ինքնին հասկանալի է, որ դա անելն անիմաստ էր, քանի որ հասարակական կազմակերպությունն է որոշողը:
Առաջարկվել էր սահմանել չափորոշիչների և միավորների սահմանման նոր կարգ: Բայց պարզ չէր, թե ինչպես պետք է միավորներ ստանան խաղային մարզաձևերի ներկայացուցիչները, նաև արտասահմանյան ակումբների պատիվը պաշտպանող մեր ֆուտբոլիստները: Արդյոք, նրանք կարո՞ղ են հավակնել Հայաստանի լավագույն մարզիկների շարքում տեղ գրավելուն, եթե ազգային հավաքականի կազմում առանձնապես աչքի չեն ընկել:
Ի վերջո, ժամեր տևած քննարկումներն անպտուղ էին: Տարվա լավագույն մարզիկի որոշման հարցում այդպես էլ ոչ մի փոփոխություն չկատարվեց: Այդուհանդերձ, մեկ նորամուծություն արվեց. որոշվեց, որ այդ կոչմանը հավակնող թեկնածուների ցանկը պետք է ներկայացնի Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Ի դեպ, նախկինում թեկնածուների ցանկ չէր էլ ներկայացվում, իսկ հետագայում դա արվում էր, որպեսզի քվեարկողները կողմնորոշվեն և աղաղակող փաստեր չգրանցվեն:
Ինչևէ, եթե նախարարությունն է թեկնածուների ցանկը ներկայացնելու, ուրեմն ստացվում է, որ նախաձեռնությունը ոչ թե հասարակական կազմակերպությանն է, այլ գերատեսչությանը: Ինքնին հարց է ծագում, թե ինչու նախարարությունը չի հրապարակում մարզիկների լավագույն տասնյակը: Թերևս գլխացավանքից, անախորժ հարձակումներից խուսափելու համար:
Գագիկ Բեգլարյան
Tags: սպորտ