Հնդկաստանի Չեննայ քաղաքում օրերս ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը, որում նորվեգացի Մագնուս Կառլսենը հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդին: Եվ այդ մրցամարտի գլխավոր մրցավարը երևանցի միջազգային մրցավար, Շախմատի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ, Շախմատի Երևանի ֆեդերացիայի նախագահ Աշոտ Վարդապետյանն էր: Ի դեպ, նա երկրորդ անգամ էր մրցամարտ սպասարկում գլխավոր մրցավարի կարգավիճակով: Նախորդ` Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի և Անանդի մրցամարտը ևս Վարդապետյանն է վարել: Սա աննախադեպ էր հայկական շախմատում, նաև այլ մարզաձևերում: Վերադարձից հետո ճանաչված մասնագետը մանրամասներ պատմեց Հնդկաստանում կատարվածի մասին:
- Չեննայը նախկին Մադրասն է և ոչ միայն Հնդկաստանի այլև Ասիայի խոշորագույն քաղաքներից է: Անգլիայի տիրապետության տարիներին այդ տարածաշրջանի կենտրոն է համարվել և Անգլիայից նշանակված ղեկավարի նստավայրն է եղել: Չեննայի նավահանգստում մեծ նավատորմ է եղել, քաղաքում էլ առևտուրը ծաղկել է: Մադրասում բնակված հայերն ունեցել են իրենց նավատորմը, որը ոչ միայն մրցել, այլև գերազանցել է անգլիական նավատորմին: Անգլիացիները չեն կարողացել դիմանալ հայերի առևտրի թափին: Մրցակցությունը տանուլ տալու պատճառով, անգլիացիները գործարքի մեջ են մտել ծովահենների հետ և նրանց միջոցով կործանել են հայկական նավատորմը: Ներկայումս քաղաքը տխուր տպավորություն է թողնում: Հին շենքերը, շինությունները, աղքատները շատ են: Բայց նաև եվրոպական մակարդակի շինություններ կան:
Գիտեի, որ հայկական եկեղեցի կա և այցելեցի այն: Բայց ականատես դարձա տհաճ պատկերի: Եկեղեցու ճակատին գրված էր, որ այն հիմնադրվել է 1717-ին և Հարավային Ասիայում հայկական ամենահին եկեղեցին է: Մտնել չհաջողվեց, թեև կիրակի օր էր, կեսօր: Մտածում էի, որ նաև մեր հայրենակիցների կհանդիպեմ: Հայաստանի անունը կրող փողոցում գտնվող եկեղեցին փակ էր: Փողոցն էլ աղքատներով և մուրացկաններով լեցուն, կեղտոտ: Տեղաբնակներից իմացա, որ եկեղեցու միակ աշխատողը պահակն է, որը տիրություն է անում: Ասացին, որ եկեղեցու ներսում լավ վիճակ է, բայց դրսից այն խղճուկ տեսք ուներ: Լավ էր, որ ինձ հետ չէին արտասահմանցի գործընկերներս, որոնց ասել էի, որ այդ քաղաքում հայկական եկեղեցի կա: Ոչ մի հայրենակցի չհանդիպեցի, հայերի թիվը քաղաքում փոքր է: Թերևս դա է պատճառը, որ եկեղեցին չի գործում:
Ի դեպ, հայկական եկեղեցուց 50 մ հեռու հունահռոմեական մի եկեղեցի կա, և այն մեծ թվով տեղացիներ էին այցելում, քանի որ 10 մլն բնակիչ ունեցող Հնդկաստանի այդ քաղաքում տարբեր դավանանքի մարդիկ են բնակվում, և քրիստոնյաները քիչ չեն: Իմ կարծիքով` Չեննայի բնակչության թիվն ավելի մեծ է, քան պաշտոնական տվյալը: Բանն այն է, որ բոլորին հաշվառել հնարավոր չէ: Հազարավոր մարդիկ փողոցներում, լողափին են բնակվում` բաց երկնքի տակ և այդտեղ էլ մահանում են: Ի դեպ, փողոցում քայլելիս` երկու անգամ դիակ եմ տեսել: Բայց մրցամարտի մասնակիցները բոլորովին այլ պայմաններում էին:
- Հետաքրքիր է` ինչպիսի՞:
- Մրցամարտը կազմակերպվել էր շատ շքեղ, «Հայաթ Ռեջերսի» հինգաստղանի հյուրանոցում: Այն քաղաքի կենտրոնում էր, պարսպով շրջափակված: Երբ ներս էիր մտնում, թվում էր, թե այլ աշխարհում ես: Սպասարկումը բարձր մակարդակի էր: Կարելի է ասել, որ հինգաստղանի եվրոպական շատ հյուրանոցներում այդպիսի սպասարկում չկա: Դահլիճը, որում կայանում էին պարտիաները, մեծ չէր: Այն ուներ շուրջ 400 նստատեղ: Ընդ որում, դասակարգում կար: Մրցամարտի հովանավորները հատուկ տեղեր ունեին, որտեղ ուտելիք, զովացուցիչ ըմպելիքներ էին մատուցվում: Պաշտոնական հյուրերի համար տեղեր էին առանձնացվել առաջին շարքում: Իսկ մնացած տեղերի համար տարբեր գների տոմսեր էին վաճառվում: Ուշագրավն այն է, որ ամբողջ մրցամարտի ընթացքում թեկուզ մեկ աթոռ ազատ չէր: Մրցամարտը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում էր: Տեղի լրագրողները շատ էին: Ու թեև արտասահմանյան տարբեր երկրների լրագրողներն էլ քիչ չէին, տեղացիների հոծ շարքերում նրանք աննկատ էին մնում: Հարյուրից ավելի լուսանկարիչներ էին աշխատում: Պարտիաների ավարտից հետո, երբ մրցամարտի մասնակիցներն ասուլիսների համար նախատեսված սրահում հանդիպում էին լրագրողներին, ուղղակի ասեղ գցելու տեղ չկար: Շախմատի պատմության ընթացքում առաջին անգամ ամբողջ մրցամարտը, ամեն պարտիայի առաջին քայլից մինչև վերջինն ուղիղ եթերով հեռարձակվում էր: Այդ իրավունքը գնել էր Հնդկաստանի հեռուստալիքներից մեկը: Նորվեգիայի մի հեռուստաալիք հնդկական այդ հեռուստաընկերության հետ ընդհանուր հայտարարի էր եկել և նույնպես ուղիղ եթերով հեռարձակում էր հանդիպումները:
- Երկու շախմատիստնեը նո՞ւյն հյուրանոցում էին իջևանել:
- Այո: Բայց այնպես էր դասավորված, որ նրանք միմյանց հետ շփվեն միայն շախմատի խաղասեղանի առջև: Հանդիպելու ոչ մի այլ հնարավորություն չկար: Երկուսին էլ առանձին տարածքներ էին հատկացվել, և նրանք այդտեղ էլ սնվում էին: Ի դեպ, Կառլսենը եկել էր իր խոհարարի հետ, որը սպասարկում էր գրոսմայստերին նաև պարտիաների ընթացքում, հանգստի սենյակում էր լինում: Ընդ որում, մթերքն ամբողջովին բերվել էր Նորվեգիայից: Նույնիսկ հնդկական ընկույզը, որով հայտնի է Հնդկաստանը, բերվել էր Նորվեգիայից:
- Իսկ ինչպե՞ս էիք սնվում Դուք և մյուսները, որոնք սպասարկում էին մրցաշարը:
- Կազմակերպիչները երեք ռեստորան էին տրամադրել, մեկում հնդկական կերակուրներ էին, մյուսում` չինական, երրորդում` իտալական: Եվ յուրաքանչյուր ոք կարող էր սնվել ըստ իր նախասիրության:
- Կառլսենի շախմատային կնքահայրը համարվում է Գարրի Կասպարովը: Նա խոստացել էր հնարավորն անել, որ նորվեգացին աշխարհի չեմպիոն դառնա, և այժմ դա փաստ է: Աշխարհի 13-րդ չեմպիոնն ի՞նչ դեր ուներ մրցավայրում:
- Նա եկավ երբ մրցամարտում մի քանի պարտիա արդեն խաղացվել էր, և այդ օրն էլ Կառլսենն իր առաջին հաղթանակը տարավ: Կասպարովը երկու օրով էր եկել: Նրա այցելությունը մեծ աղմուկ առաջացրեց: Ընդ որում, դա արդարացված չէր: Բանն այն է, Կասպարովի այցը պաշտոնական չէր: Նա նույնիսկ կազմակերպիչներին տեղյակ չէր պահել, որ գալու է: Նա ներկայացավ որպես զբոսաշրջիկ: Հետագայում, երբ շախմատի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները բացահայտեցին, որ Կասպարովը մրցավայրում է, հնարավորն արվեց, որ նա իրեն ավելի անկաշկանդ զգա, բայց դրա կարիքը չկար: Չգիտեմ` Կասպարովը հանդիպե՞ց Կառլսենին, թե՞ ոչ, քանի որ վերջինս ընդհանրապես խուսափում էր շփումներից: Հնարավոր է, որ նրանք խորհրդակցել են, բայց դա գաղտնի է պահվել: Ուշագրավն այն է, որ նորվեգացի գրոսմայստերը և Անանդն իրենց զբաղեցրած հարկաբաժիններից առանձին վերելակներով էին իջնում, և անպես էր կազմակերպված, որ նրանք իրենց ճանապարհին ոչ ոքի հետ չտեսնվեն:
- Կառլսենը չէր ցանկանում, որ այդ մրցամարտը կայանա Հնդկաստանում, զգուշանում էր, քանի որ մրցակիցը տանն էր խաղալու: Այդ տագնապների համար հիմքեր կայի՞ն:
- Կառլսենը չեմպիոն դառնալուց հետո հրապարակավ հայտարարեց, որ երբևէ չի մասնակցել այդպիսի բարձր մակարդակով կազմակերպված մրցամարտի: Կազմակերպիչները հնարավորն արել էին, որ ոչ մի բաղթողում չլինի: Այդուհանդերձ, եթե նորվեգացի գրոսմայստերը սկզբում այդպիսի խնդիրներ նրանց առջև չդներ, հնարավոր է տարբեր հարցեր ծագեին, մրցամարտն էլ այդպիսի բարձր մակարդակի չլիներ: Մրցամարտից հետո Կառլսենը, իր շքախմբի ուղեկցությամբ, անկաշկանդ հանդիպումներ էր ունենում: Ի դեպ, սկզբում գաղտնի էր պահվում, բայց հետո բացահայտվեց, որ Կառլսենը հանգստյան օրն անցկացնում էր օվկիանոսի ափին գտնվող շքեղ մի առանձնատանը: Պարզ չէ` նա վարձե՞լ էր, թե՞ մտերիմներից մեկն էր տրամադրել: Այն հիանալի պայմաններ ուներ, մարզասրահ: Կառլսենն այնտեղ բասկետբոլ, ֆուտբոլ էր խաղում, ընկերների միջավարում լիցքաթափվում: Փաստորեն, նա և Անանդը տարբեր ձևով էին անցկացնում հանգիստը: Վերջինս իր հարկաբաժնից ընդհանրապես դուրս չէր գալիս, նախընտրում էր տնային պայմաններում և միջավայրում նախապատրաստվել, իսկ Կառլսենը նախըտրում էր ակտիվ հանգիստը:
- Օրնաչա՞փ էր, որ նորվեգացին մրցամարտում հաղթեց 6,5 : 3,5 հաշվով:
- Այո, քանի որ Կառլսենը մրցամարտն անցկացրեց բարձր մակարդակով: Նա չզարմացրեց նորույթներ կիրառելով, սկզբանախաղային նորարարություններով, այդուհանդերձ, մրցամարտում հիանալի խաղաց: Իսկ հաջողության հասնելու հիմնական գրավականը հոգեբանական լավ պատրաստվածությունն էր: Անանդն ավելի շատ հոգեբանորեն պարտվեց, քանի որ մեծ ցանկություն ուներ հաղթելու, մանավանդ որ խաղում էր իր ծննդավայրում: Եթե նա 5-րդ և 6-րդ պարտիաներում չկորցներ ոչ-ոքի անելու հնարավորությունները, որոնք ուներ, թերևս ամեն ինչ հոգեբանական առումով այլ հունով ընթանար: Բայց եղավ այն, ինչ եղավ: Ըստ մրցակարգի` վերջին երկու պարտիաները չկայացան, քանի որ Կառլսենն արդեն անհասանելի էր: Մրցամարտն ավելի տևական էր նախատեսվում, մինչդեռ, այն կտրուկ ավարտվեց: 9-րդ պարտիայից հետո ակնհայտ էր, որ 10-րդ պարտիան կարող է վերջինը լինել, և բանակցություններ էին ընթանում, թե ինչպես պետք է կազմակերպվի մրցամարտի փակումը: Կազմակերպիչները ցանկանում էին այնպես անել, որ անպայման ներկա լինի Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի գլխավոր նախարարը, կարելի է ասել` նահանգի ղեկավարը: Եվ ընդմիջումը նախատեսվածից մեկ օր ավելի տևեց:
- Որևէ խնդիր չառաջացա՞վ, Ձեր միջամտության կարիքը չզգացվե՞ց:
- Լավ մրցավարության գաղտնիքն այն է, որ ամեն ինչ այնպես արվի, որ խնդիրներ չառաջանան: Կազմակերպիչներն ամեն բարձրացված հարցին անմիջապես արձագանքում էին և կատարում էին բոլոր պահանջները: Ուրախ եմ, որ մրցամարտն ընթացավ և ավարտվեց մարզական ազնիվ պայքարում: Ի դեպ, խաղացողները միմյանց նկատմամբ շատ հարգալից էին:
- Հաջորդ մրցաշարը ո՞րն է լինելու, որը սպասարկելու եք որպես գլխավոր մրցավար:
- Իրաքի Քուրդիստանում առաջիկայում անցկացվելու է բաց մրցաշար, որին հայտնի շախմատիստներ են մասնակցելու: Ցավոք, Հայաստանից խաղացող չի լինելու:
- Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում Հայաստանի ընտրանին սոսկ 5-րդն էր: Դա անհաջողություն կարելի է համարել, քանի որ մերոնք ստուգատեսին մասնակցում էին աշխարհի չեմպիոնի կարգավիճակով: Ո՞րն է մերոնց կրած մի շարք պարտությունների պատճառը: Ընդ որում, Հայաստանի հավաքականը վերջերս Լեհաստանում կազմակերպված Եվրոպայի թիմային առաջնությունում էլ անմասն էր մնացել խաղարկված մրցանակներից :
- Աշխարհի առաջնության մասնակից 10 հավաքականներից միայն Եգիպտոսի և Թուրքիայի թիմերն էին թույլ, մյուսներն ուժեղ էին: Բայց անգամ այդ թույլ թիմերն անակնկալներ կարող էին մատուցել: Կարծում եմ` Հայաստանի հավաքականի համար դժվար էր իրար հաջորդող երկու մրցամարտի մասնակցել: Եվրոպայի առաջնությունից հետո մի շարք հավաքականներ` Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի ներկայացուցիչները փոփոխված կազմերով էին խաղում: Մինչդեռ Հայաստանի հավաքականն այդպիսի թարմություն չուներ: Թերևս Եվրոպայի առաջնությանը կարելի էր մասնակցելու հնարավորություն տալ մեր երիտասարդ շախմատիստներին: Պետք է մտածել, որ Հայաստանի հավաքականը համալրողներ ունենա:
Գագիկ Բեգլարյան
Tags: շախմատ, սպորտ