Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) վերջերս հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական-վերլուծական զեկույցը, որում ներկայացված է 2008-2012 թթ. Հայաստանի աղքատության պատկերը:
Ըստ այդմ` 2012 թ. Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը կազմել է 32.4 տոկոս. այսինքն` Հայաստանի ազգաբնակչության ամեն երրորդ մարդը եղել է աղքատ: Նրանցից 13.5 տոկոսը` շատ աղքատ, իսկ 2.8 տոկոսը` ծայրահեղ աղքատ: 2012-ին աղքատների թիվը կազմել է մոտ 980 հազար, շատ աղքատների թիվը` 408 հազար մարդ, իսկ ծայրահեղ աղքատների թիվը` մոտ 85 հազար մարդ:
Ընդ որում` 2008 թ. հետ համեմատած` աղքատության մակարդակն աստիճանաբար աճել է: Այսինքն` 2008 թ. աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ է համարվել 17 հազար 644 դրամը, ստորին ընդհանուր գիծ` 24 հազար 388 դրամը և աղքատության վերին ընդհանուր գիծ` 29 հազար 903 դրամը:
Այդ զեկույցի թվերը համեմատելիս պարզ է դառնում, որ սկսած 2008-ից` Հայաստանում աղքատության մակարդակը բարձրացել է մինչև 2011 թ. (ըստ ԱՎԾ թվերի): Աղքատության մակարդակը 2008 թ. եղել է 27,6 տոկոս, այնինչ արդեն 2009 թ. կազմել է 34,1 տոկոս ու շարունակել է աճել` 2010 թ. հասնելով 35,8 տոկոսի: 2011-ին աղքատության մակարդակը նվազել է` կազմելով 35 տոկոս:
Աղքատության մակարդակի աճը ԱՎԾ-ում պայմանավորում են տնտեսության խորը` 14,1 տոկոսանոց անկմամբ:
2008 թ. նկատմամբ 2012 թ. ծայրահեղ աղքատության մակարդակը բարձրացել է ` 1.8 անգամ: Շատ աղքատների թիվն այդ ընթացքում ավելացել է 7.1 տոկոսով, իսկ ընդհանուր աղքատության թիվը` 17.4 տոկոսով:
2008-ից հետո` մինչև 2011 թ., աղքատների ընդհանուր թվաքանակը Հայաստանում աճել է շուրջ 250 000 հոգով` 2011 թ. կազմելով մոտ 1.1 միլիոն մարդ: Իսկ 2012 թ., ինչպես նշում է ՀՀ ԱՎԾ-ն, աղքատների թվաքանակը նվազել է շուրջ 30 000-ով` կազմելով մոտ 980 000 մարդ: ԱՎԾ-ն այս երևույթը փորձում է պարզաբանել տնտեսական աճով:
2012 թ. աղքատության խորությունը գնահատվել է 5.6 տոկոս` 2008 թ. 5.1 տոկոսի համեմատ, իսկ աղքատության սրությունը գնահատվել է 1.6 տոկոս` 2008-ի 1.4 տոկոսի համեմատ:
Ըստ ԱՎԾ զեկույցի` Հայաստանում աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ է համարվում 21 հազար 732 դրամը, աղքատության ստորին ընդհանուր գիծ` 30 հազար 547 դրամը և աղքատության վերին ընդհանուր գիծ` 37 հազար 44 դրամը: Այսինքն` աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ` նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:
Ահա առաջ են գալիս մի շարք ուշագրավ հանգամանքներ: Նույն ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշներով` Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2012 թ., միջին ընթացիկ քաղաքային գներով, մեկ շնչի համար ամսական կտրվածքով, կազմել է 45 հազար 212,5 դրամ, որից միայն նվազագույն պարենային զամբյուղը` ամսական կտրվածքով, կազմել է 25 հազար 548 դրամ: Այսինքն` այն նվազագույն գումարը, որ պետք է մարդը ծախսի մեկ ամսում սնվելու համար` եղել է 25 հազար 548 դրամ, իսկ ընդհանուր նվազագույն ծախսերը` 45 հազար 212 դրամ: Եթե համեմատում ենք նվազագույն սպառողական զամբյուղը` աղքատության վերին շեմի հետ, ստացվում է բավականին հետաքրքիր պատկեր. այսինքն` ըստ պաշտոնական մոտեցման, այն մարդը, որը ամսվա կտրվածքով ծախսում է, օրինակ, 37 հազար 50 դրամ կամ ունի այդքան եկամուտ, այլևս աղքատ չի համարվում: Ու հարց է ծագում` եթե նվազագույն ծախսերը 45 հազար են, ապա ամսական 37 հազար 44 դրամից մինչև 45 հազար դրամ ծախսող քաղաքացին աղքա՞տ է, թե՞ ոչ: ԱՎԾ-ն ասում է` ո՛չ: Բայց տրամաբանությունը հուշում է, որ եթե մարդն ի վիճակի չէ կատարելու իր համար նվազագույն հաշվարկված ծախսերը, ուրեմն աղքատ է: Համենայն դեպս, նորմալ երկրներում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հաշվարկում են նաև հասկանալու համար, թե քանի մարդ ի վիճակի չէ այդ զամբյուղին համապատասխ ծախսեր կատարել, ու այդ մարդիկ համարվում են աղքատ:
Բայց դա էլ դեռ մի կողմ: Ըստ նույն ԱՎԾ-ի մեկ այլ հրապարակման` Հայաստանում աշխատանքային ռեսուրսները կազմում են 2 մլն 260 հազար 800 մարդ: Այիսնքն` այդքան մարդ աշխատունակ տարիքում է` դեռահասությունից մինչև կենսաթոշակային տարիք: Չնայած այդ ցուցանիշը 2010 թ. համեմատ էլի անկում է ապրել շուրջ 130 հազար հոգով, բայց նույնիսկ այդ պայմաններում այդ 2 մլն 260 հազար մարդուց միայն 1 մլն 418 հազար 300 հոգին են տնտեսապես ակտիվ, որից 1 մլն 172 հազարը տնտեսությունում զբաղվածներն են, իսկ 2456 հազար 500 հոգին` գործազուրկները: Աշխատանքային ռեսուրսների մնացյալ հատվածի վերաբերյալ, բացի զբաղվածներից ու գործազուրկներից, մնացած 842 հազար մարդու մասին տվյալներ չկան:
Այստեղ էլ բավականին ուշագրավ իրողություն Է արձանագրվում. պաշտոնապես գործազուրկների թիվը մոտ 3-4 անգամ ավելի փոքր է, քան աղքատների թիվը: Այս դեպքում ստացվում է, որ մարդիկ աշխատում են, բնականաբար` դրա դիմաց ստանում որոշակի աշխատավարձ, եկամուտ և այլն, բայց միևնույն է, չեն կարողանում հաղթահարել աղքատությունը: Սա դեռ միայն պաշտոնական թվերով: Իսկ իրականում ոչ ոք հստակ չգիտի, թե Հայաստանում այդ թվերի իրական մեծությունը որն է:
Բայց խնդիրը նույնիսկ սա էլ չէ, այլ այն, որ իրեն սոցիալական երկիր հռչակած ցանկացած պետություն, ինչպիսին նաև Հայաստանն է, նման պատկերից, մեղմ ասած, պետք է ամաչի: Ու եթե մի որևէ նորմալ երկրում, նույնիսկ պաշտոնական թվերով, մարդիկ աշխատում են, սակայն չեն կարողանում հաղթահարել աղքատությունը, հիանալի առիթ, որ այդ երկրում որևէ մեկը գոնե կառավարության հրաժարականը պահանջի, այն դեպքում, երբ կառավարությունն ինքնուրույն հրաժարական չի տալիս:
Իսկ մեր կառավարությունը հրաժարական չի տալիս: Նույնիսկ ավելին` հաջորդ տարվա բյուջեի նախագիծ է ներկայացնում, որում մեծացնում է բյուջետային մուտքերի չափը, սակայն ոչ ստվերի կրճատման հաշվին: Դրա համար, ինչպես գիտենք, նշում են, թե մուտքերի ավելացումը նախատեսվում է ապահովել տնտեսական աճի միջոցով: Սակայն ի՞նչ տնտեսական աճի մասին կարող է խոսք լինել, եթե ընդամենը 3 միլիոնանոց (սա էլ խիստ վերապահումով,էլի պաշտոնական թվերով) շուկայի մեկ երրորդը աղքատ է:
Գևորգ Ավչյան
Tags: աղքատություն, տնտեսական
