22Մոտ 7 տարի Technology and Science Dynamics Inc. ընկերության նախագահ Վահան Շաքարյանի ամերիկացի ընկեր, իսկ այժմ արդեն նաև գործընկեր Էրիկ Ռայընը նրան համոզում է փոքրիկ ներդրում կատարել իր վարած էլեկտրոնիկայի բիզնեսում: Սկզբնական մի փոքրիկ ներդրում կատարելուց ու շատ կարճ ժամանակում բավականին լավ արդյունք ստանալուց հետո, Շաքարյանը սկսում է ավելի շատ ներգրավվել այդ աշխատանքում որպես ներդրող: Հետո միտք է ծագում: Քանի որ Հայաստանում կան բավականին լավ ծրագրավորող երիտասարդներ, ընկերություններ, մասնագետներ, նա իր ամերիկացի ընկերոջը համոզում է, որ իրենց աշխատանքի մի մասը կարելի է անել Հայաստանում: Որոշ ժամանակ անց Էրիկ Ռայընը մի փոքր ծրագիր, որը ԱՄՆ-ում դժվարանում են անել, փորձնական ուղարկում է Հայաստան` տեսնելու կարո՞ղ են հայ մասնագետներն իրագործել այն, թե՞ ոչ:
«Նա ասում էր` եթե մի 6 ամսվա ընթացքում կարողանան անել, մի չտեսնված բան կլինի: Մեր տղաներն այստեղ դա արեցին մոտ մեկուկես ամսվա ընթացքում, և նա մնաց հիացած: Ու դրանից հետո սկսեցինք աշխատել խելացի հայ տղաների հետ: Բայց ես նրան հենց սկզբում ասացի, որ պայմանը պետք է լինի այն, որ մեր տղաները չպետք է վարձատրվեն, ինչպես չինացի մասնագետները, որովհետև սրանք բարձր որակի մասնագետներ են, և ընդհանրապես մարդը պետք է խթան ունենա, պետք է լավ աշխատավարձ ստանա: Ու սկսեցինք աշխատել»,- պատմում է Վահան Շաքարյանը:
Դրանից հետո սկսվում է աշխարհում IPad-ի իրարանցումը: ԵվՎահան Շաքարյանը նկատում է, որ դպրոցների, ուսումնական հաստատությունների համար դա բավական թանկ հաճույք է. ամեն մարդ չի կարող իրեն թույլ տալ գնել պլանշետային համակարգիչ իր դպրոցահասակ երեխաների համար, բացի այդ, նմանատիպ պլանշետային համակարգիչները հատուկ դպրոցական ուղղվածության ծրագրեր չունեին: Ու երկու ընկերները գաղափար են հղանում սկսել նոր ծրագիր` արտադրել այդպիսի համակարգիչներ դպրոցների և ուսումնական հաստատությունների համար, որոնք ունենան հատուկ ծրագրեր` կրթական հաստատությունների համար:
Նրանք կապ են հաստատում չորս տարբեր համալսարանների դասախոսական կազմերի և դոկտորանտուրայում սովորողների հետ ու կազմում գիտահետազոտական խումբ` ուսումնասիրելու, թե ինչպիսի ծրագրեր կարելի է պատրաստել, ինչն է կարևոր ամերիկյան դպրոցների համար այսօր: Ավելի քան երկու տարի ուսումնասիրելու ընթացքում նրանք նաև փորձում են գտնել համապատասխան արտադրական միջոցներ` բաղադրիչները որտեղից կարելի է գնել, ով կարող է հավաքել, որտեղ պետք է հավաքվի` Չինաստանո՞ւմ, Հոնկոնգո՞ւմ, թե՞ Թայվանում և այլն, մասնակցում են տարբեր շոուների, գնում հարյուրավոր առաջարկներ և օրինակներ, ուսումնասիրում դրանք և այլն:
Այս ամենի արդյունքում ծնվեց ամերիկյան շուկայում հայտնի ապրանքանիշ` «Minno» պլանշետային համակարգիչը: «Minno»-ն վերջին երեք տարում բավականին մեծ հռչակ ձեռք բերեց ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավային Ամերիկայում, և այսօր ընկերներն արդեն նպատակահարմար են գտնում տեղափոխվել եվրոպական մայրցամաք: Եվ քանի որ իրենց արտադրած պլանշետների ծրագրային ու գործիքային համակարգերը, դիզայնը մշակվում էին Հայաստանում, որոշում են արտադրությունը տեղափոխել Հայաստան և ունենալ « Minno»-յի զավակը` «Արմթաբը»:
Այսպիսով, որոշում են Հայաստանում արտադրել հայկական առաջին պլանշետային համակարգիչներն ու սմարթֆոնը:
Վահան Շաքարյանի համար ամենակարևորը մեր ժողովրդի վերաբերմունքն է «Արմթաբի» նկատմամբ, այն ոգևորությունը, որն անսպասելի էր իր համար, և որն ավելի է մեծացնում պատասխանատվության զգացումը:
Այսօր Technology and Science Dynamics Inc. ընկերությունը փորձնական հավաքված տարբերակով ունի 7.8 դյույմանոց` wi-fi -ով, 7.85 դյույմանոց` 3G-ով և հեռախոսով, 9 դյույմանոց, 9.7 դյույմանոց և նաև 10.1 դյույմանոց պլանշետներ: Ընկերությունը փորձնական հավաքել է նաև մեկ սմարթֆոն` հեռախոս: Այս տարբերակը փորձնական էր ոչ միայն «Արմթաբի», այլև «Միննո»-ի համար, քանի որ ընկերությունը երբեք հեռախոսների արտադրությամբ չի զբաղվել. «Ուղղակի Երևանի տղաներն անընդհատ ասում էին` հեռախոս հավաքենք, բերել ենք, հավաքել ենք, հիմա ընկել ենք կրակը, բոլորն ուզում են: Մենք հեռախոսներով ընդհանրապես չենք զբաղվել, սա առաջին ու առայժմ միակ օրինակն է, »,- նշեց Վահան Շաքարյանը:
Հայկական պլանշետների գներն էլ բավականին գրավիչ են` երկու անգամ ավելի էժան նմանատիպ հռչակավոր բրենդներից, սակայն որակով չզիջելով նրանց:
«Այսպիսի գները,- բացատրում է «Արմթաբի» ղեկավարը,- պայմանավորված են ոչ թե բրենդի հայտնիությամբ կամ որակով, այլ ուղղակի IPad-ն ունի ինվեստորների մեծ խումբ: Նրանք պետք է շատ փող աշխատեն, իսկ «Արմթաբը» դրա կարիքը չունի` փորձում է բավարարվել եղածով և քիչ է ավելացնում եկամուտը: Իսկ բաղադրամասերը թե՛ հայկական պլանշետների, թե՛ միջազգային հայտնի բրենդների համար գնվում են միևնույն ընկերություններից:
Արտադրական հզորությունները թույլ են տալիս տարեկան 40 հազար պլանշետ արտադրել
Այն հարցին, թե արտադրության որ փուլերն են Հայաստանում լինելու, որոնք`
Հոնկոնգում ու ԱՄՆ-ում, պրն Շաքարյանը պատասխանեց. գործնականում ոչ մի փուլ Հոնկոնգում կամ ԱՄՆ-ում չի լինելու: Այսինքն` հավաքման պրոցեսն ամբողջովին կատարվելու է Հայաստանում: Հոնկոնգում լինելու է մայր պլատաների արտադրությունը, որոշ անտենաների արտադրությունը, Թայվանից իրաններն ենք առնում և այլն: Բացի մայր պլատայից, բացի դրայվերներից ու չիպերից, այլ բան դրսում չի հավաքվում: Այսօր ուղղակի Հայաստանն ի վիճակի չէ այդ ամենն այստեղ անելու: Մենք հույս ունենք, որ մի երկու տարի հետո հնարավոր կլինի դա էլ այստեղ անել: Մենք համագործակցում ենք հայկական համապատասխան տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի սկսենք աշխատանքները մայր պլատաների ձևավորման, դիզայնի և այլնի համար, բայց դեռևս դրանց արտադրությունը Հայաստանում չունենք»:
Նա նշեց նաև, որ Հայաստանում այսօր կարող են տարեկան արտադրել 40 հազար և ավելի պլանշետներ: «Բայց եթե վաղը մենք պատվեր ունենանք 100 հազարի, ուրեմն կարող ենք 2000 մարդու էլ ընդունել աշխատանքի, սովորեցնել հավաքման պրոցեսը և ավելին արտադրել»:
Ընկերությունն առայժմ տարածք չունի, սպասում է կառավարության որոշմանը, քանի որ նախնական պայմանավորվածություն ունի «Մարս» գործարանի հետ, որտեղ համապատասխան արտադրատարածք կա:
Բացվելիք աշխատատեղերի մասին Վահան Շաքարյանը նշեց, թե բավականին մեծ թվով աշխատատեղեր կբացվեն: Նույնիսկ, ինչպես ասաց նա, այնքան աշխատատեղ կարող է ստեղծվել, որ կոնկրետ թվեր ասել ինքը վախենում է:
Ամբողջությամբ Հայաստանում հավաքված ու վրան «Արմթաբի» տարբերանշանով «Ա» տառով պլանշետներն էլ շուտով կհայտնվեն վաճառքում: Չնայած արդեն վաճառքում է «Մինո» պլանշետը, որն «Արմթաբի», այսպես ասած, «ծնողն» է: «Արմթաբում» հույս ունեն, որ մի օր հնարավոր կլինի նաև հայկական օպերացիոն համակարգերն էլ տեղադրել պլանշետների վրա:
Գևորգ Ավչյան
Tags: տնտեսական
