Աստվածների գոտեմարտը

նեմրութԱզգերի ու ժողովուրդների պայքարը քաղաքակրթությունների պայքար է:

Կապված աշխարհագրական միջավայրի հետ` այն երբեմն դրսևորվել է որպես պայքար Արևելքի և Արևմուտքի (Հայաստան-Արևմուտք, Իրան-Հռոմ, Արաբական խալիֆայություն-Բյուզանդիա), երբեմն` պայքար Հյուսիսի և Հարավի (Ռուսաստան-Իրան, Ռուսաստան-Թուրքիա, քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում) միջև:

Խոսքը, բնականաբար, չի վերաբերում սոսկ պայքարող երկրների բնապատմական կամ աշխարհագրական միջավայրին: Խոսքը մշակույթների և քաղաքակրթությունների պայքարի մասին է, ինչն իր  ցայտուն  դրսևորումն ունի նաև այսօր, երբ արևմտյան կեղծ ու հակամարդկային արժեքներն աննկատ, երբեմն նաև պարտադրանքով սողոսկում են մեր իրականություն, կենցաղ:

Ոմանց կարող է թվալ, թե արևելյան և արևմտյան արժեհամակարգերի միջև պայքարը նոր է կամ միայն կենցաղում ու քաղաքականության մեջ է արտահայտվում:

Ոչ, արմատները խորն են: Գալիս են աշխարհընկալումից և դիցաբանությունից: Այլաբանորեն ասած` միմյանց դեմ պայքարել են ոչ միայն մարդիկ, մշակույթները, այլև`  Աստվածները:

301 թ. նոր կրոնը` քրիստոնեությունը (արևմտյան արժեհամակարգ), բռնությամբ մտնելով Հայաստան, ամբողջովին կործանեց հայոց մշակույթն ու արժեհամակարգը: Թե ինչ սոսկալի մշակութային ջարդ եղավ Հայաստանում, հատուկ ուսումնասիրության թեմա է:

Սակայն պարզ է մի բան. Հայաստանը կորցրեց իր աստվածների պաշտամունքը, փոխվեց աշխարհայացքը, գրեթե ամեն ինչ: Պահպանված պատառիկներն են միայն հնարավորություն տալիս պատկերացում կազմելու հնի` կորսվածի մասին:

Նույնը չարվեց Հունաստանում: Ճիշտ է, քրիստոնեությունը արգելանքի տակ պահեց անտիկ մշակույթը, սակայն չվերացրեց, արմատախիլ չարեց այն դաժանությամբ, ինչես Հայաստանում էր:

Ինչու՞:

Հայաստանում հին հայոց դավանանքն իր արժեհամակարգով շատ ավելի բարձր էր, վեհ, քան նորամուտ հրեական-արևմտյան արժեքները:

Ամեն մի բարբարոս, նվաճելով որևէ երկիր, նախ քանդում ու թալանում է հինը:

Այսօր շատերը, խոսելով նախաքրիստոնեական արժեքներից, միտումնավոր հայոց հին դիցարանը նմանեցնում, երբեմն` բխեցնում են հին հունականից: Սա չիմացությունից զատ նաև որոշակի միտում ունի. հունական դիցարանի աստվածները, հունական էպիկական հերոսները, գրեթե բոլորն անբարո են, դաժան, արյունարբու, նրանք չունեն որևէ արժեհամակարգ, բարոյական չափանիշ:

Մինչդեռ Հայաստանը հնուց կոչվել է Սրբազան օրենքների երկիր, Աստվածային արժեքների երկիր: Մարդիկ այստեղ ապրել ու արարել են սրբազան` աստվածային օրենքներով ու արժեքներով: Եվ պայքարն Արևելքի ու Արևմուտքի միջև մեր տարածաշրջանում եղել է նաև պայքար աշխարհայացքի ու կենցաղավարության համար:

Հիմա փորձենք տեսնել թե ինչ են իրենցից ներկայացրել արևմտյան արժեքներն իրենց մեջ ամփոփող հունական դիցարանի աստվածները, և համեմատության մեջ տեսնենք հայոց աստվածներին:

Սկսենք գլխավորից:

Զևս – հին հունական դիցարանում Զևսը երկնքի, կրակի, ամպրոպի, կայծակի աստվածն էր, Օլիմպոսի գլխավոր աստվածը և աշխարհի տիրակալը: Նա ամուսնացել էր իր իսկ քրոջ` Հերայի հետ: Ի դեպ, Հերան Զևսի միակ կինը չէր: Զևսի առաջին կինը Մետիսն էր: Ըստ ավանդության` Մետիսը շատ խելացի կին էր, և երբ Զևսը տեսավ, որ նա հղիացել է, վախեցավ, թե կծնվի իրենից խելացի ու քաջ զավակ և կտիրի գահին։ Այդ պատճառով կուլ տվեց կնոջը։ Լրանում էր կնոջ հղիության շրջանը, որը և ցավ էր պատճառում Զևսին։ Հեփեստոսը՝ Զևսի որդին, հոր հրամանով ճեղքեց Զևսի գլուխը, և հոր գանգից դուրս եկավ զինավառ Աթենասը։

Ահա արևմտյան արժեքները, ահա թե որտեղից է ծագում մերձամուսնությունը, դաժանությունը, սադիզմը:

Այն, ի դեպ, տարածված ու ընդունված էր նաև հրեաների մոտ, հետևաբար մերձամուսնությունների արգելքն ամենևին էլ քրիստոնեությունը չմտցրեց Հայաստան և «յոթ պորտի» քրմարգելքը  հայոց կենսակերպի մեջ էր հնուց:

Զևսն ինքն էր բաշխում երկրի վրա բարին ու չարը:

Առհասարակ, հունական դիցարանի աստվածները շատ հեռու էին սուրբ լինելուց, և նրանց վարքն օրինակելի չէր:

Այլ էր հայոց մեջ: Արարչապաշտ մեր ազգի դիցարանում աստվածահայր Արան բարի, արարիչ ու հոգատար է, առհասարակ մեր դիցարանում չկա չար աստված:

Աթենաս –Իմաստության, պատերազմի, գիտությունների, աշխատանքի հովանավոր աստվածուհին:

Հունաստանում` ռազմի աստվածուհի, Հայաստանում` Վահագն  աստված:

Վահագնը կռվեց, սպանեց Վիշապին ու երկիրն ազատեց չարի պղծությունից: Վահագնը առնական է, հզոր է, քաջ. պատերազմելը տղամարդուն վայել գործ է:

Վահագնը հայոց ամենապաշտելի աստվածությունն է եղել: Նրա ծնունդը մարտի 21-ին էր, երբ ողջ հայությունը տոնել է Ամանորը:

Աթենասի պաշտամունքի հետ ինչ-որ չափով համեմատելի է նաև Անահիտ աստվածամոր պաշտամունքը, քանզի Աթենասը Աթենքի, իսկ Անահիտը հայոց մայրաքաղաք Արտաշատի պահապան ու հովանավոր աստվածուհին էր: Սակայն Անահիտը նաև խոհեմության աստվածուհի էր, Մեծ մայր, որ չի պատերազմում, արյուն չի թափում:

Հունաստանում, Աթենասից զատ, ռազմի աստված էր համարվում նաև Արեսը: Նա միաժամանակ Աֆրոդիտեի սիրեկանն էր: Արեսին ամենուր ուղեկցում էին Դեյմոսը (Սարսափ) և Փոբոսը (Երկյուղ): Դարձյալ անհամատեղելի է Վահագնի հետ, որ երբեք սարսափ ու երկյուղ չի տարածել, այլ հզոր լինելով հանդերձ` թույլերի ու անպաշտպանների ապավենն էր:

Հայոց դիցարանում սիրո և գեղեցկության աստվածուհին Աստղիկն է, որ որևէ կապ չունի ցոփության, շվայտության հետ: Նա Վահագն աստծո սիրելին էր: Աստղիկին է նվիրված Վարդավառը` վարդատոնը: Աստղիկը նաև խոհեմության աստվածուհի էր: Երբ Աստղիկը լողանում է Արածանի գետում, մշով է պատում ողջ երկիրը, որ իր մերկությունը միայն Վահագնը տեսնի:

Հունական դիցարանում սիրո աստվածուհին Աֆրոդիտեն է, որ ամենևին էլ խոհեմ չէ և առանձնակի ջանք չի թափում մտածելու պարկեշտության մասին: Նա Հեփեստոսի կինն է, միաժամանակ` Արեսի սիրուհին: Աֆրոդիտեի պատգամն է, որ յուրաքանչյուր կին կյանքում գոնե մեկ անգամ Բաբելոնի իր տաճարում տրվի պատահական այցելուներին: Ի դեպ, տարփածուները նաև պարտադիր վճարում էին հույն կանանց: Սա փաստորեն սրբազան պոռնկության սկզբնավորողն էր, ինչը չի եղել երբևէ Հայաստանում: Աֆրոդիտեն միայն Արեսին չէ, որ տրվում էր. նա շատ անգամ առանց մտորելու դա անում էր ամեն պատահածի հետ:

Առհասարակ, հունական դիցարանի աստվածները աչքի չեն ընկել բարոյական արժեքներով: Ահավասիկ Հեփեստոսը` կրակի ու դարբնության աստվածը: Նրա ծննդից հետո մայրը` Հերան, ցանկանում է սպանել որդուն: Որդին, խույս տալով, ինքն է դավ նյութում մոր դեմ:

Արևի աստված Հելիոսի թոռնուհին` Մեդեան սպանում է իր իսկ եղբորը, կտրտում մարմինը և ծովը նետում: Հետագայում սպանում է իր իսկ որդիներին:

Պելիասի աղջիկներն իրենց հորը կտրտում են ու եփում կաթսայում:

Կրոնոս աստվածն ամուսնանում է հարազատ քրոջ հետ, ապա ուտում սեփական զավակներին:

Ապոլոնը հայտնի էր իր արյունարբու վարքով: Նույն կերպ` նրա քույր Արտեմիսը:

Շարքը կարելի է անվերջ շարունակել:

Բայց մեր խնդիրն այլ է: Հայոց դիցարանը, հայոց ծիսական համակարգը լիովին արտահայտել են հայի բարոյա-հոգեբանական չափորոշիչները, հայի կենցաղն ու կեցվածքը: Եվ այսօր արևմտյան կեղծ արժեքներից խույս տալու համար տեղին է նաև քայլ անել` վերադառնալ դեպի հայոց ծիսական համակարգ: Քրիստոնեությունը մոռացության փոշու մեջ թաղեց շատ հայկական տոներ և ծեսեր: Եվ այսօր էլ կկորցնենք, եթե աչալուրջ չլինենք. տարիներ անց Տրնդեզին, Վարդավառին կփոխարինեն սուրբ վալենտիններն ու հելուինները:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Անկախ

Tags: