Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը վերջերս Վարշավայում և Անթալիայում մասնակցեց Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնություններին` զբաղեցնելով, համապատասխանաբար, 4-րդ և 5-րդ տեղերը: Մերոնք անմասն մնացին մրցանակներից, նաև կորցրին աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Թե ինչո՞ւ, փորձեցինք պարզել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, սպորտի վարպետ Հրաչյա Թավադյանից, որը Հայաստանի հավաքականից անբաժան էր, Լեհաստանում և Թուրքիայում` գլխավորում էր մեր երկրի պատվիրակությունը:
- Շուրջ մեկ ամիս բացակայել եմ Երևանից: Սկզբում Վարշավայում էինք, հետո Անթալիա ուղևորվեցինք, ապա վերդարձանք Երևան:
- Ինչո՞ւ հավաքականը Լեհաստանից մեկնեց Թուրքիա, աշխահի առաջնության նախապատրաստությունը չշարունակեց Հայաստանում:
- Այդպիսի որոշում էր կայացրել Հայաստանի հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը: Նպատակն այն էր, որ թիմն Անթալիայում հանգստանա, հետո էլ ժամանակ չկորցնի մրցավայր հասնելու համար: Նախապատրաստվելու համար Թուրքիայում լավագույն պայմաններ էին, մերոնք իջևանել էին ծովափնյա հարմարավետ հյուրանոցում:
- Ի՞չն է Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնություններում մերոնց ձախողման պատճառը:
- Վարշավայում թիմը բաժանեց 2-4-րդ տեղերը և միայն լրացուցիչ ցուցանիշներով չդարձավ մրցանակակիր: Բախտը մեր շախմատիստներին ուղեկից չէր: Եթե նրանք վերջին տուրում հաղթեին Ադրբեջանի հավաքականին, թեկուզ նվազագույն առավելությամբ` 2,5:1,5 հաշվով, չեմպիոն էին դառնալու: Այդպիսի հրավիճակում էին մերոնք հայտնվել նաև Հունաստանում կայացած Եվրոպայի առաջնության վերջին տուրում, և այն անգամ էլ չհաջողվեց հաղթել Գերմանիայի ընտրանուն, մինչդեռ կրկին չեմպիոն հռչակվելու հնարավորություն կար: Պատմությունը կրկնվեց: Լեհաստանում Հայաստանի հավաքականը վերջին խաղում բավարարվեց խաղաղ արդյունքով (2:2) և մնաց ձեռնունայն: Ի դեպ, սկզբում էլ Հայաստանի հավաքականին բախտը չէր ժպտում: Գաբրիել Սարգսյանը մի շարք մրցամարտերում նպաստավոր դիրքեր էր ստանում, սակայն չէր հաջողվում պարտիաները հասցնել հաղթական վերջաբանի: Նա իր լավագույն մարզավիճակում չէր: Մինչդեռ, այն հանդիպումներում, որոնք Սարգսյանը պետք է հեշտորեն հաղթեր, վրիպումների պատճառով ոչ ցանկալի ելքեր էին գրանցվում: Դեպքեր եղան, երբ Գաբրիելը շատ մոտ էր հաջողությանը, նրան մեկ քայլ էր բաժանում հաղթանակից, բայց մեր մարզիկը չէր նկատում ցանկալի շարունակությունը, և դրանից տուժում էր թիմը:
- Իսկ Սերգեյ Մովսիսյանի՞ն ինչ էր պատահել, որ անգամ չմասնակցեց վերջին վճռական մրցամարտերին: Նա վատառո՞ղջ էր:
- Սերգեյի ինքնազգացողությունը լավ էր, բայց նա շատ վատ էր խաղում: Մեր գրոսմայստերը, երբ նույնիսկ հանդես էր գալիս սպիտակ ֆիգուրներով, սկզբնախաղից հետո պարտիաների մեծ մասում հայտնվում էր վատ դիրքերում: Դժվար է ասել, թե ինչն էր պատճառը: Հնարավոր է, որ նրան խանգարում էր հոգնածությունը: Մովսիսյանն ինքն էլ խոստովանեց, որ խաղը չի ստացվում, և դա անդրադառնում էր թիմի ցույց տված արդյունքի վրա: Նա այնպիսի սխալներ էր թույլ տալիս, որ վարպետներն անգամ այդ չէին անի, անհասկանալի էր: Այնուհանդերձ, հեշտ չէ կարճ ժամանակահատվածում` մեկ ամսվա ընթացքում, լարված մրցաշարերում 17-18 պարտիա անցկացնել: Անկասկած, դա ճիշտ չէր, բայց հանգամանքների բերումով երկու առաջնություններն այս տարի իրար էին հաջորդում, և որոշվել էր, որ մերոնք երկու մրցավայրում էլ առանց կազմի փոփոխության են խաղալու: Ընդ որում, մարզիչն այդ որոշումը միայնակ չէր ընդունել, նա խորհրդակցել էր խաղացողների հետ և ստացել նրանց համաձայնությունը:
Թիմի անդամներն այն կարծիքին էին, որ եթե Վարշավայից հետո Անթալիա հասնեն, մեկ շաբաթը լիովին բավական է ուժերը վերականգնելու և նոր մրցամարտին պատրաստ լինելու համար: Բայց աշխարհի առաջնության առաջին իսկ տուրից ակնհայտ էր, որ հավաքականի անդամները հոգնած են: Մասնավորապես, առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Ռուսաստանի թիմի հետ, և Սարգսյանի մրցակիցը` Յան Նեպոմնյաշչին, պետք է ուղղակի հանձնվեր, բայց պարտիան խաղաղ ելք ունեցավ, մրցամարտը` նույնպես: Նույն պատմությունը կրկնվեց, երբ մերոնք մրցում էին չինացի շախմատիստների հետ: Մերոնք պետք է հաղթեին առնվազն 3:1 հաշվով, բայց Գաբրիելը ոչ-ոքի ավարտեց պարտիան Յու Յանյիի հետ: Վլադիմիր Հակոբյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը, վերջում էլ պարտվեց Բու Քսյանջիին:
- Եվրոպայի առաջնությանը մասնակցած հավաքականները, այդ թվում նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, աշխարհի առաջնությանը ներկայացել էին փոփոխված կազմերով: Մի՞թե ավելի նպատակահարմար չէր, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնեին մեր երիտասարդ շախմատիստները, նաև միջազգային ստուգատեսներում հանդես գալու փորձ ձեռք բերեին:
- Ադրբեջանցիները Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին ոչ ուժեղ կազմով և, չեմպիոն դառնալուց հետո իմաստ չէին գտել աշխարհի առաջնությանը ներկայանալ նույն թիմով: Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, որպես կանոն, իրար հաջորդաբար չեն կազմակերպվում, բայց այս անգամ այդպես էր ստացվել: Թերևս, նախապատրաստական աշխատանքի լավագույն տարբերակը չէինք ընտրել, այդուհանդերձ, խաղացողների կողմից դժգոհություն չկար, որ չեն կարող խաղալ: Թիմը համաձայնվել էր, որ այդ կազմով խաղա, մասնակցի նաև Եվրոպայի առաջնությանը: Ցավալի է, որ այս անգամ էլ այսպես ստացվեց, անցանկալի բացթողումներ շատ եղան: Թերևս, իմաստ չուներ 18 օր Անթալիայում մնալ: Ընդ որում, շարունակ նույն սնունդն էր, նույն պայմանները: Ավելի նպատակահարմար կլիներ, որ հավաքականը այդ 8 օրը, եթե Հայաստանում չէր անցկացնելու, գոնե լիներ Ստամբուլում: Անակնկալ էր, որ Անթալիայում այս եղանակին կյանքը լրիվ ուրիշ էր, մեռյալ շրջան էր: Գներն էժան էին, սակայն հաստատությունների մեծ մասը` ժամանցի վայրերը, սրճարանները, ռեստորանները, չէին գործում: Լևոն Արոնյանը գերադասել էր հանգստանալ Ստամբուլում և միայն աշխահի առաջնության մեկնարկից առաջ ժամանեց մրցավայր: Ընդ որում, Արոնյանը լավ խաղաց և առաջին խաղատախտակի առջև հադես եկող շախմատիստների պայքարում արժանացավ ոսկե մեդալի: Նա 8 հնարավորից վաստակեց 6 միավոր:
- Այդուհանդերձ, Գերմանիայի ներկայացուցիչ Գեորգ Մեյերի հետ հանդիպումն Արոնյանն անփույթ անցկացրեց, բավարարվեց կես միավորով: Մինչդեռ մրցամարտը մերոնց համար կարևոր էր և, ի վերջո, տանուլ տրվեց 1:3 հաշվով:
- Նա բոլոր պարտիաներում հաղթանակի էր ձգտում, իսկ սևերով դժվար է այդ անել: Հնարավոր է, որ մեկ-մեկ էլ այդպես ստացվի:
- Փաստորեն, 2013-ը Հայաստանի շախմատիստների համար այնքան էլ հաջողակ չէր, ի՞նչ պետք է արվի, որ գալիք տարում նույնը չկրկնվի:
- Այժմվանից պետք է մտածենք, որ մեր երկրի տղամարդկանց հավաքականը 2014-ի օգոստոսին հաջող խաղա Նորվեգիայում կայանալիք Շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Մեր շախմատիստները պետք է ուշադրություն դարձնեն հատկապես սկզբնախաղերին, դրանք կիրառելու հարուստ զինանոց ունենան:
- Հավաքականի կազմում որևէ փոփոխություն կկատարվի՞:
- Հունվարի 11-21-ը Երևանում կկայանա Հայաստանի առաջնությունը, չեմպիոնը կհամալրի հավաքականի կազմը: Մյուս թեկնածուներից կընտրվեն նրանք, ովքեր ամենաբարձր վարկանիշն ունեն: Բայց մեծ փոփոխություններ չեն լինի: Վերջին 10 տարվա փորձը դա է վկայում:
- Ճի՞շտ է դա: 1990-ականների Հայաստանի տղամարդկանց հավաքականի համար ասվում էր, որ դեռ 20 տարի կխաղա, բայց այդ մոտեցումը տխուր հետևանքներ ունեցավ, երիտասարդներից շատերը նեղացան, ոմանք էլ հեռացան: Ի դեպ, վերջիններիս թվում էին նաև Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը:
- Վատ է, որ արժանի հերթափոխ չկա: Հայաստանի շախմատի ֆեդերացիան այդ և մի շարք այլ հարցեր կքննարկի, հնարավոր քայլերը կձեռնակի: Մրցակցություն չկա, թերևս այդ է պատճառը, որ թիմը շարունակ գրեթե նույն կազմով է խաղում:
Գագիկ Բեգլարյան
Tags: շախմատ
