Մետաղագործության զարգացումը Հայաստանում

downloadՍարգոն թագավորը մ.թ.ա. 714 թ. միայն Մուսասիրի տաճարից թալանեց ավելի քան 2 տ ոսկի, 10 տ արծաթ,100 տ երկաթ:

Հայաստանը մետաղագործության հայրենիքն է:
Առհասարակ Հայկական լեռնաշխարհը հարուստ է մետաղով, ինչը նպաստել է մետաղագործության մշակույթի սկզբնավորմանն ու ձևավորմանը:
Հնագիտական պեղումները փաստում են, որ մետաղագործությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի: Առաջին մետաղը, որին տիրապետել է մարդը, պղինձն է: Դա պայմանավորված է պղնձի հալման համեմատաբար ցածր ջերմաստիճանով և այն հանգամանքով, որ պղնձի հանքանյութը երկրի վերին մակերեսում է: Պղնձեդարյան մշակույթի բնակավայրերը Հայաստանի տարածքում գրեթե ամենուր են:
Պատահական չէ, որ աշխարհի հնագույն մետաղաձուլարանը, որ հայտնի է, դարձյալ գտնվում է Հայաստանում` Մեծամորում:
Հենց մետաղագործության շնորհիվ հին հայկական ցեղախմբերից մեկը` հյուքսոսները, կարողացան հեշտությամբ նվաճել Եգիպտոսը, քանզի հայկական բանակը եգիպտական բանակի զինվորների փայտյա սրերի դեմ կռվում էր երկաթյա սրերով:

Արարատյան թագավորության ժամանակ երկրում մետաղագործությունը մեծ թափով զարգացավ: Դեռ նախնադարից հայոց երկրում զարգացած էր բրոնզի կիրառումը, իսկ երկաթը տարածաշրջանում առաջինը երևան եկավ հենց Հայաստանում: Ուրարտական զարգացած մշակույթը հենց կապված էր մետաղագործության բարձր զարգացման հետ: Դեռևս երեք հազարամյակ առաջ ուրարտական մետաղներն արտահանվել են արտերկիր` Հյուսիսային Կովկաս (Մայկոպ, Կելերմես), ինչպես նաև Ասորիք և Միջագետք (Կարքեմիշ, Բաբելոն), ինչպես նաև Մարաստան, Իրան, Առաջավոր Ասիայի երկրներ, անգամ Էգեյան ծովի ավազան: Այս փաստը վկայում են հնագիտական պեղումները. ուրարտական քաղաքների պեղումներից ավելի շատ մետաղական իրեր են հայտնաբերվել, քան նույն ժամանակահատվածում այլ երկրներում: Այս մետաղական իրերը բազմաբնույթ են. զենքեր, աշխատանքային գործիքներ, զարդեր, կենցաղային զանազան իրեր: Ուրարտական մետաղագործությունն ապահովված էր տեղական հումքով, և հայերն այդ ժամանակներից արտահանում էին մետաղ: Ասվածի վկայությունն է նաև այն, որ ասորական Սարգոն Բ արքան իր արշավանքի ժամանակ բացառապես մետաղական իրեր էր ռազմավար տանում: Մասնավորապես, մ.թ.ա. 714 թ. նա միայն Մուսասիրի տաճարից թալանեց ավելի քան 2 տ ոսկի, 10 տ արծաթ,100 տ երկաթ, ինչպես նաև որպես ռազմավար ձեռք բերեց բրոնզ ու թանկագին քարեր, գավազաններ, փղոսկրի և եբենոսի փայտից, ոսկի պատյաններով արքայական իշխանության նշաններ, զանազան անոթներ, զենքեր թանկագին նյութերից, 13 բրոնզե ավազան, 130 բրոնզե առարկա, 130 գունագեղ զգեստներ և վուշե շապիկներ, 6 ոսկե վահան, 12 արծաթե վահան` վիշապի գլուխներով, ոսկե կողպեքներ, բանալիներ, սրեր, 96 նիզակ, 33 արծաթե կառք, 394 արծաթե անոթ, 25212 բրոնզե վահան, 1514 բրոնզե նիզակ, 305412 բրոնզե սուր, 607 բրոնզե ավազան, աստվածների բրոնզե 4 արձան: Այս ավարը անգամ մեր ժամանակներում հսկայական արժեք ունի:
Մետաղական հանքավայրերի առկայությունն էլ միշտ գրգռում էր օտար նվաճողների ախորժակը, և նրանք արշավում էին Հայաստան:
Դեկորատիվ կիրառմամբ զարգացած էր հատկապես բրոնզագործությունը: Էրեբունի թանգարանում պահպանվող Արգիշտի Ա և Սարդուրի Բ արքաների բրոնզաձույլ վահաններն ու սաղավարտներն այդ մասին են վկայում: Դրանք աչքի են ընկնում ոչ միայն իրենց որակով ու ճաշակով, այլև պատրաստման տեխնիկայով: Դրանք ձուլվել են մոմե կաղապարների և մոդելների միջոցով:
Հատուկ գեղագիտական արժեք են ներկայացնում մեծ կաթսաների բրոնզե բռնակները, որոնք մարդկանց, մեծ մասամբ` կանանց պատկերներ են ներկայացնում: Նրանց թևերի միջև պատկերված սկավառակը արևն է և վկայում է, որ դրանց մեծ մասը ծիսական նշանակություն են ունեցել:
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում բրոնզե ձիասարքերը, որ բաղկացած են ճակատի թիթեղներից, այտի վահանակներից, զանգակներից:
Ուրարտական բրոնզագործությունն ու պղնձագործությունը շատ զարգացած են եղել: Առկա նյութերը վկայում են, որ երկրում մետաղագործությունը եղել է պետական հոգածության առարկա, այդ իրերը ձուլվել են հատուկ արհեստանոցներում ու ձուլարաններում:
Զարգացած էր նաև ոսկերչությունը: Նույն Մուսասիրի տաճարի պատերը ծածկված էին ոսկե վահաններով ու զարդերով: Պեղումներից հայտնի է, որ ուրարտացիները ոսկին ավելի հաճախ են կիրառել ծիսական նպատակներով, և շատ են գտնված ապարանջանները, կախազարդերը` աստվածների պատկերով: Մուսասիրի տաճարից թալանվել են նաև ոսկե և արծաթե բազկաթոռներ, զենքեր…
Ուրարտական հնավայր Թոփրակ-Կալայի պեղումների ժամանակ հայտնաբերվել է ոսկե կլոր մեդալ վզից կախելու համար: Նրանում պատկերված է երկու կին. մեկը նստած է բարձր թիկնակով աթոռի վրա և անշուշտ մարմնավորում է աստվածուհու, մյուսը բազկատարած կանգնած է նրա առջև: Կանգնած կինը հագին երկար զարդարուն զգեստ ունի:
Մետաղյա իրերի չափման միավորը մինան էր, որ հավասար էր 505 գրամի: Ապրանքափոխանակությունն ու առևտուրը կատարվում էր մետաղներով: Ուրարտական թագավորները հպատակ երկրներից տուրքերը հավաքում էին մետաղի ձևով:
Մետաղական հանքավայրերը համաշխարհային ողջ պատմության ընթացքում պատերազմների պատճառ են եղել: Հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացին, ցանկանալով գրավել Սպեր գավառի ոսկու հանքերը, մեծ բանակով Հայաստան է ուղարկում Մենոն զորավարին: Սակայն հայոց բանակը ծանր պարտության է մատնում մակեդոնացիներին:
Հետագայում ֆրանսիացիները և գերմանացիները շարունակաբար պատերազմում էին Ռուրի ավազանի մետաղական հանքավայրերի համար:
Մետաղագործությունը նպաստեց դրամական շրջանառությանը Հայաստանում: Դեռևս Երվանդունի թագավորները ոսկուց, արծաթից և պղնձից մետաղներ ձուլեցին:
Հայաստանում հայտնի դրամահատարանները Արտաշատում, Դվինում, Պարտավում, Ախթալայի պղնձահանքում էին: Վերջինս միջնադարում դարձավ նաև վրաց Բագրատունի թագավորների դրամահատարանը:
Հայտնի է, որ Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի ճակատային մասի հայտնի չորս պղնձաձույլ ձիերը հայկական ծագում ունեն. դրանք I դարում հայոց Տրդատ Ա Արշակունի թագավորն է նվիրել Հռոմի Ներոն կայսրին:
IX-XI դարերում Հայաստանում մեծացավ մետաղի արդյունահանումը: Հայաստանից արտահանվում էր երկաթ, պղինձ, կապար, ոսկի, արծաթ, ծծումբ, մկնդեղ, բորակ… Արաբ պատմիչ Յակուտի հավաստմամբ` հարուստ հանքավայրեր կային Վասպուրականում, Լոռիում, Տարոնում, Բարձր Հայքում: Հայտնի էին մանավանդ Աղձնիքի ու Տուրուբերանի երկաթե հանքերը:
Նույն Յակուտ պատմիչի հավաստմամբ` արաբական երկրներում շրջանառվող երկաթի ամենալավ որակի բորակը ներմուծվում էր Հայաստանից: Բորակը հենց արաբերեն հայտնի է «պուրե արմանի» անունով: Արաբական ալքիմիական ձեռագրերում էլ նշվում է, որ բորակը ներմուծվում է բացառապես Հայաստանից:
Պղինձ արդյունահանում էին Լոռիում (Ախթալա), Սյունիքում (Կապան), Վասպուրականում:
Ոսկու հարուստ հանքավայրեր կային Սպերում, Տայքում, Աղիովիտում, Սոթքում:
Մետաղագործության շնորհիվ զարգացան նաև նրա հետ կապված արհեստները` դարբնությունը, զինագործությունը, պայտագործությունը:
Մխիթար Գոշի առակներում պահպանվել է հետաքրքիր պատմություն: Երկաթագործն ու պղնձագործը վիճում են, թե ում արհեստն է ավելի օգտակար մարդկանց համար, ու վեճը լուծելու համար գնում են ծերերի խորհրդի մոտ: Խորհուրդը որոշում է, որ ամենաօգտակար արհեստը մարդկության համար երկաթագործությունն է:
Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորի Աղթամարի պալատի շինարարության վրա ծախսվել է շուրջ 200000 լիտր (80 տոննա) երկաթ:
Հին հայերը նաև պողպատ ստանալու յուրահատուկ եղանակ էին մշակել. նրանք կաղնու ածուխի միջոցով երկաթը եռացրել են. ածուխից երկաթը ստանում էր ածխածնի որոշ քանակ, և առաջանում էր պողպատը:
Հայ վարպետների պատրաստած երկաթյա առարկաները մինչ օրս հիացմունք են առաջացնում:
Երկաթից հետո ամենակիրառականը պղինձն էր: Պղնձից ստանում էին նաև բրոնզ: Պղնձե և բրոնզե իրերը հիմնականում կենցաղային նշանակության էին:
Ոսկերչությունը Հայաստանում զարգացած էր հնագույն ժամանակներից: Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են բազում գեղեցիկ առարկաներ ու զարդեր, որոնք մինչ օրս գեղագիտական մեծ արժեք են ներկայացնում:
Նորագույն ժամանակներում մետաղագործության դերը Հայաստանում շատ ավելի մեծացավ: Հայաստանում մետաղի արդյունահանման և մետաղաձուլական գործարանների սկզբնավորումը կապված է Լոռիի` Ախթալայի հետ, որտեղ 1763 թ. հիմնվեց Կովկասի առաջին գործարանը` Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը: Դրանից յոթ տարի անց գործարան բացվեց Ալավերդիում:
Հենց Ախթալայի պղնձի արդյունահանման հեռանկարը վճռական եղավ, որ հետագայում հայկական երկաթուղին անցավ Լոռու ձորով, չնայած կային նվազ ծախսատար նախագծեր:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Անկախ

Tags: