Հայ գիտնականների ստեղծած սարքերով կյանքը կարող էր ավելի հեշտ լինել, բայց…

Picture4 059Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի մասին, համացանցը փորփրելով, շատ տեղեկություններ չեք գտնի: Խորհրդային տարիներին ինստիտուտը կիսափակ կառույց է եղել, և այժմ էլ գաղտնապահության միտումը շարունակվում է: Բայց այստեղ վստահ են, որ ինստիտուտում իսկապես հետաքրքրվողները կգտնեն անհրաժեշտ տեղեկությունները:
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտով (ՖԿՊԻ) «Անկախի» հետաքրքրության առիթն ինստիտուտի տնօրենի 50-ամյակն էր: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը 1983-ից աշխատում է Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, իսկ 2006-ից այդ հաստատության տնօրենն է: Ասում է, որ ժամանակին, ըստ ընտանեկան ավանդույթի, կա՛մ պետք է գիտնական դառնար, կա՛մ դիվանագետ: Ինքն ընտրեց առաջինը և չի զղջում իր ընտրության ու անցած ճանապարհի համար:
ՖԿՊԻ-ն հիմնվել է 1980-ին, Խորհրդային Միության տարածքում ռազմական արդյունաբերության ոլորտում մասնագիտացած և կիրառական հետազոտություններով զբաղվող չորս ինստիտուտներից մեկն էր: Սակայն, ինչպես Մկրտչյանն է նշում, ԽՄ փլուզումից հետո անունը մնաց, բայց գործունեությունը փոխվեց: Համապատասխան պատվերների բացակայության պատճառով այժմ զբաղվում են հիմնարար հետազոտություններով:
«Մեր տենդենցը չենք կորցրել, հիմա էլ կարողանում ենք սարքեր ստեղծել, որոնք կիրառում ենք գիտական փորձերի ժամանակ, ստեղծում ենք սարքեր, որոնց ներկայությունը շուկայում, մեր կարծիքով, ցանկալի կլինի, բայց, ցավոք սրտի, շուկա գոյություն չունի, սարքերի պահանջարկ չկա: Իսկ միջազգային շուկա դուրս գալու համար փող է պետք, ինչը չունենք»,- ասում է Մկրտչյանը:
Մի քանի տարի առաջ ՖԿՊԻ-ում անգամ գիտական արդյունքի շուկայականացման բաժին են ստեղծել, սակայն հետագայում այն փակվել է, քանի որ չի արդարացրել սպասելիքները. «Հայաստանյան շուկան փոքր է և դեռ ձևավորման փուլում է, պահանջարկն էլ քիչ է: Շուկան իր համար է ապրում, գիտությունն էլ` իր համար, տարանջատված են»:
Մկրտչյանը նշում է, որ պահանջարկի դեպքում իրենք կիրառական նշանակության գաղափարների պակաս չեն ունենա, միայն հնարավոր է, որ նոր սարքավորումների կարիք լինի. խորհրդային տարիներից հետո նոր սարքավորումներ ինստիտուտը ձեռք չի բերել: Իսկ առայժմ ինստիտուտում մեծ մասամբ հիմնարար գիտությամբ են զբաղվում, քանի որ ստացված կիրառական արդյունքը գոնե մեկ նմուշով կյանքի կոչելու համար 3-4 անգամ ավելի շատ գումար է հարկավոր, քան հիմնարար հետազոտության համար:
Չնայած այս իրողությանը` ՖԿՊԻ-ի գիտաշխատողները հնարավորության սահմաններում փորձում են գոնե մեկ օրինակով ստեղծել իրենց բացահայտումների կիրառական արդյունքները:
ՖԿՊԻ-ում առանձին բաժին է հատկացված իրենց ստեղծած սարքավորումներին: «Այն, ինչ մեր հնարավորություններով ստեղծել ենք, զուտ էնտուզիազմի հաշվին ենք ստեղծել»,- ասում է Մկրտչյանը` մինչ «Անկախի» թղթակցի համար ՖԿՊԻ-ի «թանգարանում» էքսկուրսիա կազմակերպելը:
Picture4 058Առաջինը շարժական ֆիլտրող սարք է, որը ջուրը մաքրում է վնասակար մանրէներից: Մկրտչյանը հիշում է, որ ջրի միկրոկենսաբանական աղտոտվածությունը խնդիր էր Արցախյան ազատամարտի տարիներին: Ոչ հեռավոր անցյալը նկատի ունենալով էլ ստեղծել են այդ սարքը:
Սրահում տեղադրված մեկ այլ սարք էլ նախատեսված է օդը տհաճ հոտերից մաքրելու համար: Ըստ Մկրտչյանի` այն հատկապես կիրառելի կլինի հիվանդանոցներում, որտեղ դեղորայքի հոտը օդը ծանրացնում է ու տհաճություն պատճառում:
Երրորդը էլեկտրական ցերեկային լույսի լամպ է, որը ստեղծել են դեռ 1997-ին: Բայց դրա ստեղծումից 16 տարի անց այն դեռևս չգերազանցված է իր պարամետրերով: Մկրտչյանն ասում է, որ աշխարհի առաջատար ընկերությունները տարեկան միլիոնավոր դոլարներ են ծախսում իրենց լաբորատորիաներում ավելի որակյալ լամպեր ստանալու համար: Սակայն ՖԿՊԻ-ի` միջազգային ընկերություններին իրենց բացահայտումը ներկայացնելու փորձն ապարդյուն է անցել:
Մկրտչյանն ասում է, որ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հետաքրքրված էր այդ գյուտով: «Փորձեր արվեցին, որ այստեղ արտադրություն կազմակերպվի նախկին լամպերի գործարանի հիմքի վրա, բայց նրա մահից հետո գործն այդպես կիսատ էլ մնաց»,- ասում է նա:
Հաջորդը լազերային գեներատոր է, որի համար հայ գիտնականները ստացել են ՌԴ Պրոխորովի անվան մրցանակը:
Ցուցադրվում է նաև մի սարք, որը խորհրդային տարիներին պահանջարկ է ունեցել, իսկ ԽՄ փլուզումից հետո ռազմական նշանակության սարքը վերածվել է ցուցանմուշի. այն փակ տարածությունում արձանագրում է մարդու ներկայությունը:
Սարքավորումները բազմաթիվ են` ոչ մետաղական տաքացուցիչ, որը կարող է էլեկտրական վարսահարդարիչների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել, ծառայության ժամկետն էլ երկարացնել, տեղական կավից ստացված կղմինդր (անգամ թղթի բարակության կղմինդրը կոտրելը բարդ է, չնայած համառ ջանքերին` «Անկախի» թղթակցին չհաջողվեց կոտրել): Այն կարող է օգտագործվել թե՛ որպես կղմինդր տանիքների համար և թե՛ որպես հումք կաթիլային ոռոգման համակարգի խողովակներ ստեղծելու համար:
Մկրտչյանն ասում է, որ վերջին կարևոր բացահայտումներից մեկն էլ ատամի մածուկն է, որը մի քանի անգամ ավելի արդյունավետ է կարիեսի դեմ պայքարում, քան ներկայումս գոյություն ունեցողները: Այն ստեղծվել է ՖԿՊԻ-ի նյութագիտության լաբորատորիայում:
Մկրտչյանն ասում է, որ մեկը մյուսից արժեքավոր գաղափարներ ունեն, միայն թե դրանք կյանքի կոչելը խնդիր է: Անգամ այն ծրագրերը, որոնք կառավարության մակարդակով հավանության են արժանանում, ֆինանսավորման խնդիր են ունենում. բանկերը ինովացիան ռիսկային են համարում և հրաժարվում են գումար տալ` պատճառաբանելով ցածր եկամտաբերությունը:
Չնայած այս ամենին, Մկրտչյանն ասում է, որ գիտաշխատողների մեջ հիասթափություն չկա, նվիրված աշխատում են: 255 աշխատող ունեցող ՖԿՊԻ-ի կադրերի մոտ 40 տոկոսը մինչև 35 տարեկան երիտասարդներ են: Մկրտչյանի խոսքով` ուղեղների արտահոսքն էլ մեծ չէ. վերջին 10 տարվա ընթացքում 6 երիտասարդ է արտերկիր մեկնել, բայց նրանք էլ շարունակում են կապ պահպանել ՖԿՊԻ-ի հետ: Ըստ Մկրտչյանի` կարողանում է երիտասարդներին գրավել նաև ազատ աշխատանքային գրաֆիկի շնորհիվ: Այդպիսով, երիտասարդները կարողանում են և՛ ապրուստի գումար վաստակել այլ աշխատանքով, և՛ զբաղվել գիտությամբ: «Մեկ էլ ժամը 6-ին մի 30 հոգի հավաքվում է ու սկսում գործ անել, մինչև 10-ն էլ մնում են, երբ դա տեսնում ես` շատ հաճելի է»,- ասում է նա:
ՖԿՊԻ-ն մասնաճյուղեր ունի Կապանում և Մեղրիում, ռուսական կողմի հետ փոխադարձ պայմանագրով լաբորատորիա է գործում և Ռուսաստանում, ընթացքի մեջ է հայ-ռուսական համատեղ ասպիրանտական ծրագրի մեկնարկը: Այժմ նախատեսվում է ինստիտուտի մասնաճյուղ ունենալ և Իտալիայում:
Մկրտչյանն ասում է, որ լավատեսորեն է տրամադրված. գիտության վիճակը, ի վերջո, կբարելավվի, աշխատանքն էլ նպատակին կծառայի: Իսկ «գնացողներին» այստեղ չեն մեղադրում. «Առաջ գնացողներին մեղադրում էի, բայց հիմա էլ չէ, եթե այստեղ երիտասարդի սոցիալական վիճակը բավարար լիներ` չէր հեռանա»:

 

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

Tags: ,