Անցյալ տարվա պես 80-100 սմ-անոց չինական տոնածառն այս տարի էլ արժե 10-15 հազար դրամ, 150 սմ-անոցը` 15-20 հազար դրամ, 160-180 սմ-անոցը` 20-30 հազար դրամ: Դրանցից 10-20 հազարական դրամ ավելի թանկ են նույն չափսերի թաիլանդական տոնածառերը: Իսկ բնական եղևնիները, բնականաբար, ավելի թանկ են: Ամանորին ծառը տոնածառ դարձնող խաղալիքներն ու լույսերն էլ տարբեր երկրների արտադրության ու գների են, բայց համեմատաբար էժան են. գետնանցումներում 24 հատ կլոր փոքր խաղալիքների տուփը կարելի է գնել 1500-2000 դրամով: Ու եթե տոնածառ կա տանը, նշանակում է տոնը նշելու համար այդ ընտանիքի վազվզոցն ու սպառողական որսը սկսված են:
Բայց Ամանորը Ամանոր դարձնողը մեզ մոտ ոչ միայն ու ոչ այնքան տոնածառն է, որքան տոնական ճոխ սեղանը: Հայերս մի «հին ու բարի» ասացվածք ունենք` «Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կանցնի»: Ու դրա համար էլ ամեն տարի`դեկտեմբերի կեսերից սկսած, հայության սպառողական պահանջարկը հասնում է գագաթնակետին: Գնումներ են կատարում գրեթե բոլորը` անկախ սոցիալական վիճակից, յուրաքանչյուրը` իր գրպանին համապատասխան: Ու ամանորյա գնումների, սեղանների ճոխության վրա չեն ազդում ո՛չ պաշտոնական վիճակագրությունը, ո՛չ իրական պատկերը, ո՛չ ժողովրդի կենսամակարդակի ցուցանիշները, ոչինչ: Սակայն այս Նոր տարին Ամանոր սիրող հայության համար մի տեսակ փորձությունների տարի կարող է համարվել, որովհետև պաշտոնական թվերով` Հայաստանում 980 հազար մարդ կամ բնակչության մեկ երրորդը համարվում է աղքատ: Աշխատունակ տարիքի 2 միլիոն 260 հազար 800 քաղաքացիներից փաստացի աշխատանք ունի 1 միլիոն 175 հազարը, իսկ մնացածը կա՛մ գործազուրկ են, կա՛մ տնտեսապես ոչ ակտիվ: Իսկ դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գներն աճել են 6.6 տոկոսով, ընդ որում` սննդամթերքի գնաճը կազմել է 5.4 տոկոս: Այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում պարենամթերքի գնանկում է նկատվում:
Ինչևիցե, Հայաստանում միշտ էլ Ամանորին ընդառաջ պարենամթերքի գներն աճել են, ու այս տարին էլ բացառություն չէր: Հացամթերքի գինը, 2013 թվականի նոյեմբերի տվյալներով, տարեսկզբի համեմատությամբ գրանցել է 1.7 տոկոսային կետով աճ, մսամթերքինը` 2.7 տոկոսային կետի աճ, ձկնամթերքինը` 9.9 տոկոսային կետ, կաթնամթերքինը` 10.8 տոկոսային կետ, ձվինը` 25.3 տոկոսային կետ, կենդանական եւ բուսական յուղերը` 4.4 տոկոսային կետ, այլ մթերքները` 6.4 տոկոսային կետ:
Միրգն ու բանջարեղենն են մի քիչ էժանացել նախորդ տարվա համեմատ ` դեկտեմբերի 1-ի դրությամբ, համապատասխանաբար, նվազելով 3.2 և 18.1 տոկոսային կետերով, սակայն Ամանորի նախօրեին այդ գներն արդեն իսկ աճել են: Շաքարավազն է էժանացել 12.5 տոկոսային կետով:
Ամեն դեպքում, նշենք մի շարք առաջին անհրաժեշտության մթերքների գներն ու կազմենք ամանորյա մթերքների խորհրդանշական զամբյուղ:
Այսպիսով` հացի 1 կգ-ն արժե 395 դրամ, երշիկեղենի գները սկսվում են 950 դրամից, ապուխտները, բնականաբար, 4-5 անգամ ավելի թանկ են: Եթե տավարի մսի 1 կգ-ը 2010 թ. արժեր միջինը 2067 դրամ, ապա այս տարի արդեն միջինը 2590 դրամ է: Խոզի միսը 2010 թ. 2350 դրամի փոխարեն այս տարի միջինն արժե 2954 դրամ, իսկ ոչխարինը` 3180 դրամ` 2010-ի 3106-ի փոխարեն: Զեյթունի մեկ 400 գրամանոց տուփի արժեքը սկսվում է 480 դրամից, եգիպտացորենինը` 320 դրամից, կանաչ ոլոռինը` 500 դրամից: Էականորեն թանկացել է ձուն` 10 հատի փոքր ձվերի գինը սկսվում է 700 դրամից, ձկնեղենի միջին գինը կազմում է 1900-2000 դրամ: 1 լիտր ամենաէժան մածունն արժե 300-350 դրամ, կաթը` 300-400 դրամ, պանրի 1 կգ-ի արժեքը միջինը 1500 դրամի մոտակայքում է: Մանդարին կարելի է շուկայից ձեռք բերել 1 կգ-ը 400 դրամով, նարինջ` 350-400 դրամ, կիվին` 900-1000 դրամ, խնձորը` 150-ից սկսած, արքայանարինջը` 350-400 դրամ, բանանի 1 կգ-ը` 750 դրամ և ավելի: Շոկոլադի գները սկսվում են 1500-1600 դրամից: Կանաչեղենի կապերի գները տատանվում են 300-400 դրամի սահմաններում, կարտոֆիլը` սկսած 120 դրամից: Շաքարավազի 1 կգ-ի միջին գները 350-400 դրամի սահմաններում են, ձեթի 1 լիտրինը` 900 դրամի, ալյուրի 1 կիլոգրամինը` 400-500-ի: Միջին կարգի օղիների արժեքը տատանվում է 1500-2500 դրամի սահմաններում` գինունը` 950-1500 դրամի: Հյութերի գները 1 լ-ի համար միջինը կազմում են 500-700 դրամ, հանքային ջրերինը` 300 դրամ, գազավորված ըմպելիքներինը` սկսած 250 դրամից: Արդեն «հարուստի վայելքի» են վերածվել չրերը, չամիչն ու ընկուզեղենը:
Այս բոլոր թվերը միջինացված են, բայց եթե հաշվի առնենք, որ բերել ենք միավորների գները, իսկ իրականում մարդիկ դրանցից մի քանի հատ են գնում, հաշվի առնենք նաև, որ բազմաթիվ մանր-մունր, բայց վերջին հաշվով ծախսերի մի զգալի մաս զբաղեցնող ապրանքների գներ էլ ուղղակի չենք նշել` այդ թվում` խոզի բուդի մասին ենք «մոռացել», ապա ստացվում է, որ միջին վիճակագրական 3-4 հոգանոց հայ ընտանիքի վրա Ամանորի գիշերվա սովորական` ոչ ճոխ սեղանը կարժենա 100-200 հազար դրամ: Տոնական օրերին սրան կգումարվեն նաև ծանոթ-բարեկամ-հարևան-հարազատ տներով վազվզոցը` 1 շիշ օղով ու բոմբոներկայով, որը նույնպես գումար կարժենա և այլն:
Իհարկե, պետք է հաշվի առնել նաև, որ կան այնպիսի ընտանիքներ, որոնք ընդհանրապես հնարավորություն չեն ունենա Նոր տարի նշելու, ու կան այնպիսիները, որոնց ամանորյա ծախսերը յոթանիշ թվերի սահմաններում էլ չեն տեղավորվի: Բայց մի երկրում, որտեղ պաշտոնապես ամեն երրորդն աղքատ է, նվազագույն սպառողական զամբյուղը` 50 հազար դրամի կարգի, իսկ միջին աշխատավարձը` պաշտոնական «փչված» թվերով 120 հազար դրամի կարգի, ամանորյա այսպիսի ծախսերը չեն կարող անհետևանք մնալ, ու դրանց հետևանքների վերացման համար առաջիկա մի քանի ամիսներին պետք է «գոտիները ձգել»:
Էլ չասենք, որ եթե ընտանիքներում կան երեխաներ, ու նրանց Ամանորը տոն դարձնելու համար ծնողները Ձմեռ պապ ու Ձյունանուշ են հրավիրում, դա արդեն մի այլ պատմություն է:
Ինչևէ, կարևոր չէ, թե սեղանին ինչ կլինի, կարևոր չէ` տոնածառը չինական կլինի, թաիլանդական, թե հոլանդական, կարևոր չէ` խոզի բո՞ւդը կբազմի տոնական սեղանին, թե ինչ-որ այլ ուտեստ, օղին սովորակա՞ն կլինի` թե՞ ոսկյա փաթիլներով, այլ կարևոր է, որ բոլորի սրտերը լինեն երջանկությամբ և ուրախությամբ լի, ու Նոր տարին էլ իր հետ միայն հաջողություն ու երջանկություն բերի հայ ընտանիքներին: Որովհետև ամանորյա տոներից հետո մասնագետները, միևնույն է, հանդես են գալու մամլո ասուլիսներով ու վերլուծեն, թե աղեստամոքսային քանի խանգարում է գրանցվել ամանորյա տոների ժամանակ, քանի հոգի է սննդային թունավորում ստացել, խոսելու են ամանորյա սթրեսներից, իսկ կերկոխ եղածների մասին համեստորեն լռելու են…
Գևորգ ԱՎՉՅԱՆ
Tags: Ամանոր, տնտեսական

