Հրաչյա Ռոստոմյան. «Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը որոշելը հանդիսականների համակրանքի մրցույթ չէ»

2013- լավագույն տասնյակը2013-ը մոտենում է ավարտին: Ինչպիսի՞ն էր այն անձնական կյանքում, մարզաշխարհի մեր երկրի ներկայացուցիչների համար: Ավանդական այս հարցերին խնդրեցինք պատասխանել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին:

- Անձնական կյանքում հիշարժան է այն առումով, որ ամուսնացել եմ: Կինս` Մարինա Մանուչարյանը,  սպորտի ոլորտից չէ: Ընդհանրապես տարին բուռն է եղել, ծանրաբեռնված: Ինքնին հասկանալի է` հետօլիմպիական ժամանակահատվածում սկսվում է հաջորդ օլիմպիական խաղերի նախապատրաստությունը: Այդ առումով պակաս բարդ չէ, քան օլիմպիական խաղերին նախապատրաստվելուց առաջ: Փաստորեն, սկսվել է 2016-ին Բրազիլիայում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստության քառամյա փուլը: Խնդիրներ կան: Մի շարք մարզաձևերում սերնդափոխություն է կատարվում: Դա օրինաչափ է, պարտադիր:

Այս գործընթացն իրականացնելիս հնարավոր է` պակասեն նաև մեդալները, բայց վերջնական  գլխավոր նպատակը հաջողությունների հասնելն է օլիմպիական խաղերում: Մասնավորապես, քիչ չեն քննադատողները, որ մեր ծանրորդների պարգևները նվազել են: Սակայն պետք է նայել նաև մեդալի հակառակ երեսը: Ունենք հուսադրող երիտասարդ և պատանի մարզիկներ, որոնք ներկայացուցչական  ստուգատեսներում մեդալների են արժանացել: Վստահորեն կարելի է ասել, որ  նրանք նոր բարձունքներ կնվաճեն, և ապագան հուսադրող է:

 - Այնուամենայնիվ, 2013 թվականը Հայաստանի մարզիկների համար բերքառատ չէ: Մի՞թե անհանգստանալու առիթներ չկան:

- Ոչ միայն ծանրորդների, այլև մեր մյուս մարզաձևերի ներկայացուցիչների համար սերնդափոխության շրջան է: Եվ միշտ չէ, որ այն ցավոտ չի լինում, անցումը հեշտորեն է տրվում: Մասնավորապես, Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկների միջին տարիքը 20-21 տարեկան է: Եվ թիմի անդամների մեջ կան այնպիսիք, որոնք աշխարհի, Եվրոպայի  առաջնություններում 5-7-րդ տեղեր են գրավել, շատ մոտ են եղել հաջողությանը: Եթե հետևողական և ճիշտ աշխատանք կատարվի, ապա մինչև օլիմպիական խաղերը, երբ նրանք  23-24 տարեկան դառնան, արդեն թրծված բարձրակարգ բռնցքամարտիկներ կլինեն:

 - ՀԱՕԿ-ը համակարգում է Հայաստանի տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների աշխատանքը: Վերջիններում փոփոխություններ են կատարվում, ընտրվում են նոր նախագահներ: Այդ ամենի շուրջը տարաբնույթ խոսակցությունները քիչ չեն, ի՞նչն է պատճառը:

- ՀԱՕԿ-ն աջակցում է, համակարգում աշխատանքը, սակայն չի միջամտում փոփոխություններ կատարելու, նոր ղեկավարներ ընտրելու հարցերում: Այդուհանդերձ, կարևորվում է, որ ամեն բան արվի օրենքի սահմաններում: Ֆեդերացիաները չեն կարող դառնալ այս կամ այն մարդու սեփականությունը: ՀԱՕԿ-ը շարունակելու է  հետևողականություն դրսևորել: Օրերս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց, նույնը հնարավոր է  նաև տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներում: Անձնավորված որևէ խնդիր չկա: Ընտրությունը կատարում են տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները:

 - Այդ դեպքում, ինչո՞վ կարելի է բացատրել այն աղմուկը, որ բարձրացել էր Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունից հետո, երբ այդ պաշտոնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին փոխարինեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

- Դա արդեն տվյալ ֆեդերացիայի հիմնախնդիրն է, թող այդ կազմակերպության ներկայացուցիչները հետևություններ անեն: Արդեն քանիցս ասվել է, որ ՀԱՕԿ-ը օրինական չի համարել, չի ճանաչել այդ ընտրությունը:

հրաչյա - Հայտնի, որ ՀԱՕԿ-ը մեծածավալ շինարարական աշխատանքներ է կատարում: Հետաքրքիր է` դրանք որտե՞ղ են իրականացվում, ինչպիսի՞ նոր մարզաբազաներ են կառուցվում, ի՞նչ վիճակում են և ե՞րբ շահագործման կհանձնվեն:

- Շինարարական աշխատանքներ են կատարվում Գյումրիում, Սիսիանում և Երևանի Դավիթաշեն համայնքում: Դրանք մեծ թափով են ընթանում, և մարզական կառույցները 2014-ի սեպտեմբերին պատրաստ կլինեն, կշահագործվեն: Գյումրիի մարզական օլիմպիական քոլեջը 3500 քմ կառուցապատում կունենա: Կսարքավորվեն ճաշարան, 5 նոր մարզասրահ: Սիսիանում կկառուցվի համալիր մարզասրահ: Ի դեպ, բոլոր մարզակառույցներում շինարարական աշխատանքները սկսվել են հիմքից: Իսկ Դավիթաշենում 6500 քմ տարածքում կառուցվելու է մարզահամալիր: Մարզասրահներ են սարքավորվելու, որոնցում կպարապեն հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, թհեքվանդոյիստները, ձյուդոյիստները, բռնցքամարտիկները, բասկետբոլիստները, հանդբոլիստները, մինի ֆուտբոլիստները, ծանրորդները և այլ մարզաձևերի ներկայացուցիչները:  Այստեղ են աշխատելու ՀԱՕԿ-ի հակադոպինգային և վերկանգնողական  կենտրոնի  մասնագետները: Դա նոր կենտրոն է լինելու: Կառուցվելու է 300-տեղանոց հյուրանոց, նաև լողավազան: Ի դեպ, լողորդներից բացի, պարապելու հնարավորություն են ունենալու նաև ջրացատկորդները, գեղալողի ներկայացուցիչները, ջրագնդորդները: Պայմաններ են ստեղծվել, որ պարապմունքներ անցկացնեն ակրոբատները, գեղարվեստական մարմնամարզուհիները: Այսպիսով, շուրջ մեկուկես տասնյակ մարզաձևերի ներկայացուցիչներ հարմարավետ պայմաններում մարզումներ անցկացնելու հնարավորություն կունենան: Բացումը նախատեսված է սեպտեմբերի 20-ին: Սեպտեմբերից կգործի նաև Սիսիանի մարզակառույցը: Իսկ Գյումրիի մարզահամալիրը կբացվի հոկտեմբերին` քաղաքի տոնակատարության օրը:

 - ՀԱՕԿ-ն ինչպե՞ս է համագործակցում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

- Ազատ: Դեռևս դեպք չի եղել, որ որևէ լրատվամիջոցի ներկայացուցիչ ցանկանա այս կամ այն տեղեկատվությունը ստանա, համագործակցելու առաջարկ անի և մերժում ստանա: Տևական ժամանակ է, որ սպորտում եմ, ճանաչում եմ մարզական բոլոր լրագրողներին, և ովքեր ցանկանում են անաչառ լուսաբանել մեր երկրի մարզական անցուդարձը, ոչ մի խոչընդոտի չեն հանդիպում: Չի եղել որևէ դեպք, որ լրագրողին արգելվի լուսաբանելու նպատակով ներկա գտնվել որևէ մարզական միջոցառման: Արվում է հնարավորը` թափանցիկ աշխատելու համար: Բայց երբեմն այնպիսի խոսակցություններ են տարածվում, որ միայն զարմանալ կարելի է: Պատրաստ ենք ցանկացած հարցում զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցել և օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել  բոլոր լրագրողներին, որոնք բարեխղճորեն և օբյեկտիվորեն կատարում են իրենց առաքելությունը:

 - Դուք զբաղեցրել եք նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը և այն ազատել կառավարության կազմի փոփոխությունից հետո: Երբ նախարար էիք, մեծ հարձակումներ եղան, թե ինչու մեր երկրի մարզական պետական կառույցր չի միջամտում, երբ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հարցման միջոցով որոշում է Հայաստանի 10 լավագույն մարզիկներին, տարվա լավագույնին: Մինչդեռ, այս տարի աննախադեպ  բաներ կատարվեցին: Նախ, սպորտի նախարարությունն առաջարկեց քվեարկության ներկայացնել թեկնածուների ցուցակ, դրանով չսահմանափակվելով` հետո էլ պարզապես առանձին քվեարկություն անցկացրեց, երբ արդեն ՀՄԼՖ-ն որոշել էր լավագույններին:

- Պաշտոնը ժամանակավոր է, այն զբաղեցնողը պետք է աշխատի օգտակար լինել: Ցավոք, ոմանք պատեհապաշտ են, հաճոյանում են վերադասին և ինչ ուզում, այն էլ ասում են: Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը որոշելը հանդիսականների համակրանքի մրցույթ չէ: Դա մարզական արդյունքների արտացոլում է, գնահատելու համար այլ չափորոշիչներ չեն պահանջվում: Ինքս երբևէ չեմ խառնվել, չեմ խառնվում և չեմ էլ խառնվելու եմ այդ գործին: Վստահ եմ, որ մեր մարզական լրագրողները, որոնց թիվն իրականում  Հայաստանում 20-25-ի է հասնում (չեմ հաշվում նրանց, ովքեր գրագրող են, թարգմանիչ, մարզաբազաների տեղը չգիտեն, ոչ էլ մարզիկներին են դեմքով ճանաչում), մի քանի անգամ ավելի շատ մարզական գիտելիքներ ունեն, քան անգամ մեր երկրի մարզական կառույցի բարձրաստիճան պաշտոնյաների 80 տոկոսը: Եթե չեն վստահում մարզական լրագրողներին և լավագույնին ինքնուրույն են ցանկանում որոշել, բոլորը տեսան, թե ինչ կատարվեց: Քվեարկության համար 57 թեկնածուի ցուցակ ներկայացվեց, որը պարզապես զավեշտական է: Ինչ վերաբերում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիային, ապա նա իր չափորոշիչներն ունի և իր սկզբունքներին անդավաճան անցկացնում է հարցումը: Ի դեպ,  Միջազգային մարզական լրագրողների ֆեդերացիան (AIPS) շատ հզոր կազմակերպություն է և որոշում է աշխարհի տարվա լավագույն մարզիկին: ՀԱՕԿ-ը, կարծում եմ` նաև Հայաստանի մարզաշխարհի ներկայացուցիչներն ընդունելի են համարում ՀՄԼՖ-ի տարբերակը: Այդպես եղել է և շարունակվելու է: Իսկ լավագույններին կարող են բոլորը որոշել, ամեն ընտանիքում էլ նույն բանը հնարավոր է անել:

 - Հնարավո՞ր է, որ ՀԱՕԿ-ը որոշի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին:

- Բացառվում է: Անցած տարի այդ առումով մեծ ճնշումներ եղան, բայց դավաճանական քայլի չդիմեցինք` վստահ լինելով, որ իրավացի ենք: Ընդ որում, դժգոհությունները մարզական բնագավառի ներկայացուցիչներինը չեն, կողքից են հրահարում:

 - Դժգոհության հիմնական պատճառն այն է, որ լավագույնների թվում անպայման ֆուտբոլիստներ լինեն: Այս տարի քվեարկությունից առաջ ՀՖՖ նախագահը հանդիպել էր Հայաստանի սպորտի նախարարին: Հետևանքը եղավ այն` ինչը եղավՀՖՖ շատ ավելի մեծ փողերի հետ գործ ունի, քան մարզական մյուս բոլոր ֆեդերացիաները միասին: Դա դեր խաղում է, որ այդ կազմակերպության ղեկավարն ինքնիշխան լինի, հաշվի չնստի, չընդունի այն կանոնները, որոնք սահմանված են տարբեր ֆեդերացիաների հետ համատեղ աշխատելու համար: ՀՖՖ-ի հետ ի՞նչ փոխհարաբերությունների մեջ է ՀԱՕԿ-ը:

- Որևէ խնդիր չկա: Աշխատում ենք սահմանված կարգով: Համագործակցության համար մեզ չեն դիմել: Ամեն դեպքում, եթե անհրաժեշտություն կա, պատրաստ ենք աջակցել: ՀՖՖ-ն մեր կոլեկտիվի անդամ է, առանց դրա հնարավոր չէ անդամակցել միջազգային կազմակերպությանը, և որևէ խնդիր չի եղել:

 

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Tags: