2013-ի մրցաշրջանի հերոսը ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանն է: Նա դարձավ աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, համաշխարհային ուսանողական խաղերում էլ բավարարվեց արծաթե մեդալով: Կասկած չկա, որ նա տարվա Հայաստանի լավագույն մարզիկն է:
Ընդհանրապես մրցաշրջանը հաջող էր մեր երկրի ըմբիշների համար: Պատահական չէ, որ, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքով նրանցից յոթը լավագույնների տասնյակում են: Ըմբիշները զբաղեցնում են առաջին չորս և վերջին երեք հորիզոնականները: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը ստեղծել է բոլոր պայմաններն այս մարզաձևի ներկայացուցիչների համար: Մարզիկները պրոֆեսիոնալ մոտեցում են դրսևորում, չեն մտածում ժամանակից շուտ մեծ սպորտին հրաժեշտ տալու մասին: Գաղտնիք չէ, որ արժանավորները խրախուսվում են, լավ վարձատրվում: Գնահատվում է ոչ միայն ըմբիշների, այլև մարզիչների, նրանց աշխատանքը, ովքեր օգնում են: Եվ դա տալիս է իր արդյունքը:
Մարմնամարզությունում էլ առաջընթացը շարունակվում է, թեև այս դժվարին մարզաձևն էլ ավելի մեծ ուշադրության կարիք ունի: Ուրախալի է, որ մարմնամարզիկ Արթուր Դավթյան էլ մեդալների իր հավաքածուն 2013-ին հարստացրել է Եվրոպայի առաջնության հենացատկերի բրոնզե մեդալով, նաև մի շարք պարգևների է արժանացել վերջերս Մոսկվայում կազմակերպված միջազգային մրցաշարում:
Սամբոն օլիմպիական մարզաձև չէ, սակայն Աշոտ Դանիելյանի աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու փաստը ևս չի կարող չուրախացնել:
Թեև բռնցքամարտիկ Արամ Ավագյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, այս մարզաձևի ներկայացուցիչներին այդպիսի ցուցանիշը բավարարել չի կարող: Ուշադրությունը մեծ է եղել, հատկացվող ֆինանսները` նույնպես, բայց ինչ-ինչ բաներ խանգարել են: Օրերս բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ գլխավորեց, Հայաստանի տղամարդկանց հավաքականն էլ նոր մարզիչ ունի` օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Թորոսյանը: Վերջինս աշխատել է ԱՄՆ-ում, նախկինում էլ մարզել Հայաստանի հավաքականը, այդուհանդերձ, դժվար է ասել, թե ինչ կստացվի:
Ցավոք, հենակետային մեր մյուս մարզաձևերի ներկայացուցիչները, որոնց սուղ հնարավորությունների պայմաններում մեծ փողեր են տրամադրվում, մեղմ ասած, չեն արդարացրել սպասելիքները:
Այս առումով առաջին տեղում Հայաստանի ծանրորդներն են: Ցավոք, ուրախանալու առիթ չկա, մեծահասակների ներկայացուցչական մրցաշարերում ձեռքբերումները բացակայում են: Եթե ավելացնենք, որ արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար մեր մեկ տասնյակ մարզիկներ որակազրկվել են, հարյուրհազարավոր դոլարների տուգանք է մուծվել, մի մասն էլ պետք է հետո վճարվի, ապա պատկերն էլ ավելի կամբողջանա: Վստահեցնում են, որ հուսադրող հերթափոխ ունենք, և ամեն ինչ արվում է, որպեսզի մեր ծանրորդներին թույլատրվի մրցելույթներ ունենալ միջազգային մրցասպարեզներում:
Ձյուդոյիստներն իրենց անհաջողությունները մոռանալու համար վկայակոչում են, որ նոր սերունդ է աճում:
Մեր շախմատիստների և շախմատիստուհիների համար էլ տարին կարելի է կորած համարել: Ցավոք, չունենք այնպիսի գրոսմայստերներ, որոնք Հայաստանի հավաքականում կարող են փոխարինել մեր առաջատարներին:
Իսկ թե ինչու են հետին պլանում հայտնվել, գրեթե մոռացության մատնվել մեր մյուս մարզաձևերի ներկայացուցիչները, պարզ չէ:
Ստացվում է, որ առաջնային ուշադրության կենտրոնում պահվող մարզաձևերից արդարացրել են միայն ըմբշամարտի ներկայացուցիչները: Փաստորեն, փողերը ծախսվել են, բայց ուրախանալու առիթ չկա:
2014-ի սկզբին Սոչիում կմեկնարկեն ձմեռային օլիմպիական խաղերը: Այդ ստուգատեսում Հայաստանը շատ մասնակիցներ չի ունենա, բայց հայտնի է, որ հանդես կգա մեր երկրի առնվազն մեկ դահուկավազորդ: Այդ ամենը կհստակեցվի հունվարին: Ինչ խոսք, դա լավ է, քանի որ ընթացիկ Համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերում Հայաստանն ընդհարապես ներկայացուցիչ չունի, մեր երկրի դրոշն էլ բացակայում է:
Մտորելու առիթներ կան: Ցանկալի է, որ 2014-ը մարզական առումով ավելի հաջող լինի, քան անցնող տարին:
Գագիկ Բեգլարյան
Tags: սպորտ
