2014 թվականը տնտեսության համար դրական տարի կարող է լինել, եթե…

անկումՆախորդ տարվա ընթացքում շատ բուռն զարգացումներ եղան Հայաստանի տնտեսական կյանքում, որոնք մեծ նշանակություն ունեն և դեռ կունենան Հայաստանի ապագայի վրա: Ընդհանուր միտումները պահպանվեցին արտահանման աճի առումով, որը կրկնակի գերազանցում էր ներմուծման աճի տեմպերը: 2013 թվականը, այնուամենայնիվ, աճի տեմպերի առումով ավելի դանդաղ էր, քան  նախորդ տարիները: Ճիշտ է, նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության առջև դրեց առնվազն 7 տոկոս տնտեսական աճի պահանջ, բայց տարեվերջին արդեն պարզ էր, որ կառավարությունը նախագահի այդ հանձնարարականը չի կատարել, քանի որ տնտեսական աճը կազմեց ընդամենը 4 տոկոս:

 Հանուն արդարության` դրական մանր երևույթներ կային

Որոշակի առաջընթաց գրանցվեց գյուղատնտեսության ոլորտում, որը, սակայն, ինչպես այն բնորոշում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ավելի շատ պայմանավորված էր բնակլիմայական պայմաններով, քան հստակ ագրարային արդյունավետ քաղաքականությամբ: «Հույս  ունենք, որ 2014 թ. փոքր-ինչ ավելի նոր վերաբերմունք կդրսևորվի, և միայն եղանակային պայմաններով պայմանավորված չեն լինի գյուղատնտեսության զարգացումները»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետի դիտարկմամբ` մտահոգիչ է, որ վերամշակող արդյունաբերությունը բավարար տեմպերով չի զարգանում, և հատկապես արտահանման մեջ գերակշռում է հանքարդյունահանման մասը` 75 տոկոսից ավելի: Մեզ համար դա բարենպաստ միջավայր չի կարող ստեղծել. երկրի տնտեսությունն այնքանով կարող է մրցունակ լինել, որքանով  վերամշակող արդյունաբերությունը զարգացած լինի:

Բայց 2013 թ. տնտեսական կյանքում Թաթուլ Մանասերանը ձեռքբերումներ էլ է նկատել: Դրանցից նա առաձնացնում է արտահանման աճի առաջանցիկ տեմպերը ներմուծման տեմպերի համեմատ` գրեթե կրկնակի: Երկրորդ` որոշակիորեն սկսվում է  վերանայվել պետության դերը, այսինքն` եթե նախկինում գերիշխում էր նեոլիբերալ գաղափարախոսությունը, և հիմնականում ասում էին, թե կառավարությունն անելիք չունի տնտեսության մեջ, ապա այժմ, ճիշտ է ոչ բավարար, բայց գոնե նկատվում են մոտեցումների որոշ փոփոխություններ:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, սակայն, հակված չէ  2013 թ. տնտեսական գործընթացներում դրական միտումներ նկատել:  «Համենայն դեպս չեմ կարծում, որ եթե ինչ-որ բան էլ դրական է եղել, հիմա արժե դրանց մասին բարձրաձայնել: Եթե անգամ դրական ինչ-որ բաներ էլ եղել են, ապա աննշան են»,- շեշտեց նա:

Այս կարծիքին է նաև ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: Նրա կարծիքով` 2013 թ. ընթացքում Հայաստանի տնտեսությունը որակական որևէ առաջընթաց չունեցավ: Ավելին` շարունակվում են տնտեսական կառուցվածքում ոչ համաչափ զարգացումները, մասնավորապես` տնտեսության կառուցվածքի մեջ շարունակում է անկում ապրել շինարարությունը, ինչը, ըստ էության, նաև զբաղվածության ոլորտում մեծ դեր ուներ, և բացի ավելացված արժեք ստեղծելուց, ապահովում էր նաև հսկայական աշխատատեղեր: Իսկ դրա անկումը նշանակում է, որ մենք շարունակում ենք արձանագրել զբաղվածության ցուցանիշների վատթարացում:

Գործազրկության խնդիրը մատնանշում է նաև Թաթուլ Մանասերյանը: «Մեր հաշվարկներով` երիտասարդության շրջանում գործազրկությունը 60 տոկոսից ավելի է: Պետք է նաև անպայման քայլեր ձեռնարկվեն աշխատատեղերի ստեղծման առումով, բայց ընդհանուր վերացական չհնչելու համար պետք է ասել, որ գիտելիքը դեռևս բավարար պահանջարկվածություն չունի, որակյալ աշխատուժը նույնպես, որն էլ իր հետ բերում է նաև զանգվածային արտագաղթ»,- ասաց Մանասերյանը:

Հարկ է նշել, որ շինարարության ճյուղի անկումը չփոխհատուցվեց տնտեսության այլ ճյուղերում էական և որակական այլ զարգացումներով:

«Դրա համար անհրաժեշտ էր, որ պետության, կառավարության դերակատարությունը տնտեսության կառուցվածքային  փոփոխության հարցում լիներ ավելի բարձր մակարդակում: Խոսքն ամենևին պետական տնտեսություն վարելու մասին չէ, այլ տնտեսության կարգավորման  ոլորտում մրցակցային միջավայրը բարելավելուն, տնտեսության ճյուղային կառուցվածքում առկա անհամամասնությունները վերացնելուն ուղղված կոնկրետ ծրագրեր իրականացնելու և  մանավանդ շինարարության ծավալների հնարավորինս աճ ապահովելու մասին է: Այդ ամենը չարվեց. փոխարենն ավելի խստացվեցին պայմանները փոքր ու միջին  բիզնեսի հատվածում, որի արդյունքում մենք անկում ունեցանք: Եվ այս միտումը  շարունակվելու է ցավալիորեն նաև 2014 թվականին»,- նշեց Արծվիկ Մինասյանը` արձանագրելով, որ փոքր ու միջին բիզնեսը խեղդվելով փակվում է և տեղը զիջում է խոշոր բիզնեսի կլաններին:

Տնտեսական աճը նախ պետք է մարդկանց կյանքը բարելավի

Եթե վերլուծենք տնտեսական  զարգացումը նաև կենսամակարդակի տեսանկյունից, պետք է  արձանագրենք, որ թե՛ պաշտոնական վիճակագրությունը, թե՛ փորձագիտական գնահատումները հնարավորություն  են տալիս ասելու, որ բնակչության իրական կենսամակարդակը 2013 թվականին ավելի ցածր էր, քան անգամ 2012-ին: Այլ կերպ ասած` անգամ չնչին տնտեսական ակտիվության ցուցանիշի բարձրացումը  չի վերածվել կենսամակարդակի վիճակի թեկուզ տոկոսային հարաբերությամբ  բարելավման: Միայն այն ցուցանիշը, որ 11 ամիսների կտրվածքով գնաճի մակարդակն ավելի բարձր է եղել, քան աշխատավարձերի աճը, արդեն ցույց է տալիս, որ  կենսամակարդակի իրական ցուցանիշն անկում է ապրել, էլ չասենք աղքատության և  սոցիալական իրացվելիության մասին:

Քաղաքացիների կենսամակարդակի առումով Թաթուլ Մանասերյանը նշում է, որ պետք է  հասնել նրան, որ նվազագույն աշխատավարձերի ու կենսաթոշակների հիմքում դրված լինի կենսապահովման նվազագույն զամբյուղը, որը դեռ չի ապահովվել, սակայն հնարավոր է անել: Այսինքն` բավարար ռեսուրսներ կան այս ուղղությամբ, հատկապես` ստվերային  տնտեսության կրճատման և գործարարության աշխուժացման հաշվին:

2013 թվականը հատկապես նշանավորվեց մի քանի իրադարձություններով, որոնք, թերևս, ներքաղաքական կամ արտաքին քաղաքականության խնդիրներ էին, բայց ազդեցություն ունեցան երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա. նախագահական ընտրություններ, Երևանի ավագանու ընտրություններ, շրջադարձ Եվրոպայից Մաքսային միություն, կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը, գազի գների աճի և տրանսպորտի գների փոփոխության հետ կապված հարցերը:

Այս ամենը, բնականաբար, տնտեսական տարվա վրա  ունեցան կտրուկ բացասական ազդեցություն, բայց նաև ներդրումների վրա ազդեցություն ունեցան, ինչի մասին են վկայում նաև միջազգայն կազամակեպությունների զեկույցները Հայաստանում ներդրումների, հատկապես օտարերկրյա ներդրումների վերաբերյալ:  Իսկ դա նշանակում է, որ ներդրումային միջավայրը դարձել է Հայաստանի խոցելի տեղերից մեկը:

«Գազային հարթությունում» ունեցանք ոչ թափանցիկություն, ավելորդ քաշքշուկ, որը մինչ օրս շարունակվում է: Մասնավորապես` պարտքային պարտավորություններ են ստեղծված, որոնց մասին հասարակությունը չգիտի, բայց այդուհանդերձ դրա հետևանքները պետք է կրի: Ըստ Թաթուլ Մանասերյանի` վերջին պահին չի կարելի հանրությանն ասել, թե 3 տարիների ընթացքում կուտակվել է 300 միլիոն դոլարի պարտք: Այսպիսի վարվելակերպը նա անընդունելի է համարում և շեշտում հատկապես այն փաստը, որ տարեցտարի  միջազգային կառույցներին ՀՀ իշխանությունների կողմից ներկայացվել են բոլորովին այլ հաշվետվություններ, և հանկարծ պարզվում է, որ պարտքեր են կուտակվել: «Այսինքն` այստեղ ինչ-որ բան այն չէ, և որքան պարզ ու անկեղծ լինեն հանրության հետ, այնքան ավելի լավ»,- նշում է տնտեսագետը:

Բացասական միտումներից հաջորդն արդեն այս տարվա հունվարի մեկից գործող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին է վերաբերում, ինչի մասին արդեն համակարգի դեմ պայքարողները հայտարարել են, որ ակտիվ գործողությունների են անցնելու:

2014 թվականը, ինչպես համոզված է Վարդան Բոստանջյանը, անկախ ամեն ինչից, լինելու է շատ լավ տարի, որովհետև, այն, ինչ եղավ 2013 թվականին, դրանից վատ այլևս հնարավոր չէ, և  2014 թվականին կլինեն ավելի տրամաբանված, հավասարակշռված մոտեցումներ:

Որպեսզի դրական նոտայով ավարտենք ամփոփումը, նշենք, որ 2014 թվականի սկզբնական հատվածում տնտեսական լավագույն ձեռքբերում կարող է դառնալ տեղական արտադրության մի շարք ապրանքների,  հատկապես  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղական արտադրության համակարգիչների միջազգային շուկա մտնելու հնարավորության լիարժեք ընձեռումը:

Երկրորդ կարևոր ուղղությունը վերաբերում է աշխատավարձերի համակարգային քաղաքականության գործադրմանը: Ինչպես գիտենք, պետական ոլորտում աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում  2014 թվականի երկրորդ կիսամյակում:

«Հուսով եմ, որ սա կբերի նաև մասնավոր սեկտորի ակտիվ աշխատավարձային քաղաքականության իրականացում, որի արդյունքում մենք կարող ենք տարվա երկրորդ կեսին ակնկալել նաև աշխատավարձերի իրական բարձրացում, ինչը նշանակում է պահանջարկին միտված քաղաքականություն, և սրա արդյունքում կարող ենք ակնկալել տնտեսության ավելի ակտիվ և դինամիկ զարգացում»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Այսպես թե այնպես, 2014 թվականի տնտեսական զարգացումները, ըստ էության, անցյալ տարվա զարգացումների շարունակությունն են լինելու:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Tags: , ,