Անցած ընտրությունների առանձնահատկությունները. բույլերով վստահված անձինք, կողմնակալ դիտորդներ և մկանուտ «անծանոթներ»

ավագանու ընտրություններՄայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց մեկ տարուց ավելի տևած ընտրական եռուզեռի փուլը. առաջիկա չորս տարիներին կկարողանանք հանգիստ շունչ քաշել ու մի փոքր հանգստանալ քաղաքական գզվռտոցի ու միմյանց վրա ցեխ  շպրտելու բացասական մթնոլորտից, որում ապրում էինք վերջին մեկուկես տարիների ընթացքում:

Ավագանու ընտրությունները նախորդ երկուսի` ԱԺ և նախագահի ընտրությունների համատեքստում մի շարք առանձնահատկություններ ունեին:

Նախ և առաջ այս ընտրություններն աչքի էր զարնում չափազանց մեծ ակտիվությամբ, որ անգամ համապետական ընտրություններին չի նկատվել:

Որոշ քաղաքական ուժեր առաջնորդվել էին «վստահված անձը շատ չի լինում» կարգախոսով

Եթե նախագահական ընտրություններին, որ պետք է ամենակարևորը լիներ  բոլոր ընտրություններից, հետևում էր տեղական 6250 դիտորդ, ապա ավագանու ընտրություններից հետևում էր362-ով ավելի` 6612 դիտորդ: Ընդ որում, դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների թվում կան այնպիսիք, որոնք նորելուկ են որպես դիտորդական առաքելություն իրականացնող և կասկած են հարուցում անաչառության առումով:

Օրինակ, «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրը  և նախագահը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է:

Միջազգային միակ դիտորդական խումբն էլ մտահոգություն էր հայտնել այս փաստի առնչությամբ, որ դիտորդների մեջ եղել են տարատեսակ քաղաքական ուժերի համակիրներ, մինչդեռ դիտորդը պետք է անաչառ լինի:

Ի տարբերություն նախագահական ընտրությունների, երբ օրվա վերջում գրանցամատյանի դիտորդ-ԶԼՄ էջը կիսով չափ էլ լրացված չէր, այս անգամ ընտրությունների մեկնարկից րոպեներ անց արդեն մի քանի էջ դիտորդներ էին գրանցված. այսպես, 9/17 ընտրատեղամասում 8:15 րոպե, ընտրությունների մեկնարկից ընդամենը 15 րոպե անց, հանձնաժողովի քարտուղարն արդեն գրանցամատյանում մեկ էջ լրացրել էր: Ու չկար որևէ ընտրատեղամաս, որտեղ մտնեիր ու դիտորդների չհանդիպեիր:

Ընտրատեղամասերում մարդաշատությունն ապահովում էին նաև լրատվամիջոցները. գրեթե բոլոր տեղերում «Կենտրոն» ՀԸ լրագրող ու օպերատոր էին ներկա, որոնք տեսանկարահանում էին իրականացնում: Վստահված անձանց պակաս  ևս չէր զգացվում:

Օրվա ընթացքում «Անկախ»-ի լրագրողը ՔՀԻ դիտորդական խմբի հետ այցելել է մոտ 15 ընտրատեղամաս: Ընտրատեղամասից միայն երեքում է վստահված անձ ունեցել «Բարև Երևան» դաշինքը, ընդ որում 9/28 ընտրատեղամասում դաշինքի վստահված անձին այդպես էլ գտնել չհաջողվեց. բոլորը նշում էին, որ տարածքում է, բայց թե որտեղ, ոչ ոք չգիտեր:

Միայն մեկ ընտրատեղամասում(9/28) է վստահված անձ ունեցել «Առաքելություն» կուսակցությունը: ՀՅԴ-ն,  ՀԱԿ-ը և ՕԵԿ-ը գրեթե բոլոր ընտրատեղամասերում ունեցել են  վստահված անձ:

Yerevan City Council elections 2013Իսկ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի մոտ վստահված անձանց ավելցուկ էր: Այս երկու ուժերը, օրենքը շրջանցելով, ամեն տեղում մի բույլ վստահված անձ ունեին: Մինչդեռ ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 33-րդ հոդվածի` «Ընտրական հանձնաժողովի նիստին և  քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող է ներկա լինել յուրաքանչյուր թեկնածուի և  համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի մեկական վստահված անձ»:

Այսպես, 11/05 ընտրատեղամասում պաշտոնապես միաժամանակ ներկա էին երկուական վստահված անձինք ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից: Հանձնաժողովի անդամները և ընտրատեղամասում ներկա ՀԱԿ-ի և ՕԵԿ-ի վստահված անձինք չէին առարկում երկու վստահված անձանց ներկայությանը և նշում, որ որևէ խախտում չկա:

Իսկ 9/28 ընտրատեղամասում ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն առնվազն 3-ական վստահված անձինք ունեին:

Նորագյուղում վստահված անձինք ակնհայտ խախտումներն էլ չէին նկատում

Դեռ նախագահական ընտրություններին մենք ներկայացրել էինք, որ նույն շենքում գտնվող 9/27 և 9/28 ընտրատեղամասում առանց փաստաթղթերի մարդիկ են շրջում` խումբ-խումբ ուղղորդելով ընտրողներին: Մեքենաներով էլ մարդկանց էին բերում:

Այս ընտրությունները ևս բացառություն չէին: Դեռ մի բան էլ ավելին, ընտրատեղամասում մոտ 15-20 ամրակազմ երիտասարդներ էին հավաքված, բոլորն էլ առանց փաստաթղթերի: Շատ պնդումներից հետո նրանցից մի քանիսը ցույց տվեցին ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի վստահված անձի վկայական:

Ընտրատեղամասում ներկա ՀՅԴ և «Առաքելություն» կուսակցության վստահված անձինք հանգիստ էին ընդունում առանց փաստաթղթերի անձանց ներկայությունը ընտրատեղամասում:  ՀՅԴ քրտնափչած ներկայացուցիչն անգամ նշեց, թե «ջեբերում երևի փաստաթուղթ ունեն»:

Այստեղ բոլորի վրա գոռգոռալով հրամաններ էր աձակում, ընտրողներին ներս ու դուրս ուղեկցում մոխրագույն կոստյումով մի տղամարդ: Վերջինս սկզբում փաստաթուղթ չուներ, ՔՀԻ դիտորդի պնդումներից հետո գրպանում դիտորդի վկայական դրեց, որը, հանգիստ կարող էր իրենը չլինել. վրան պարզապես անուն ազգանուն է գրված (Վերջինս նաև իր պարտքը համարեց դիտորդին հիշեցնել, որ հետագայի մասին մտածի` բա որ ձեզ գողանան):

Այս անգամ ևս ընտրատեղամասում էր Իրինա Միրզոյանը, որը նախագահական ընտրությունների ժամանակ մարդկանց ցուցակներով ներս ու դուրս էր անում: Այս անգամ տիկնոջ մոտ դիտորդի վկայական էր, որի վրա չկար նշված, թե որ կազմակերպությունն է ներկայացնում: Պնդումներից հետո, թե փաստաթուղթը թերի է, փակցրեց ՀՀԿ վստահված անձի վկայականը:

Այս տեղամասում գտնվելու մեկ ժամվա ընթացքում ընտրողների ակտիվությունը մեծ չէր, հատ ու կենտ մարդիկ էին ընտրելու գալիս: Սակայն զարմանալիորեն մեկ ժամ անց` 19:20-ին պարզվեց, որ մեկ ժամվա ընթացքում ընտրել է 200-ից ավել  մարդ. ընտրած անձանց թիվը մոտ 1100-ից հասել էր 1380-ի: Վստահված անձինք դրան որևէ կերպ չարձագանքեցին, իսկ քանի որ այս ընտրատեղամասում վստահված անձանցից ոչ մեկը իր ցուցակում նշում չէր կատարում ընտրողների թվի մասին, որևէ բան ապացուցելն այլևս անհնար էր:

Ամեն ինչ բացի արձանագրությունից

Այս ընտրություններին բնորոշ գծերից էր նաև ընտրացուցակներում անճշտությունները:

13/22 ընտրատեղամասում, օրինակ, ընտրության եկած քաղաքացին հանձնաժողովների անդամներին հերթով տեղեկացրեց, որ իր հասցեում երրորդ անձ է գրանցված, որն արդեն 15 տարի Մեծ Բրիտանիայի քաղաքացի է: Ռոբերտ Ավետիքյանը պնդում էր, որ ամեն անգամ ընտրությունների ժամանակ անհայտ անձի անունը հայտնվում է ընտրացուցակում, չնայած իրազեկում է, որ իր բնակարանում նման մարդ չկա գրանցված:

Հանձնաժողովի նախագահը, ով կարող էր արձանագրել քաղաքացու հայտարարությունը, նրան հանգստացրեց և ճանապարհեց` առանց արձանագրության:

Ընդհանրապես, տպավորություն է ստեղծվում, որ հանձնաժողովների նախագահները պատրաստ են ամեն ինչի, միայն թե հանկարծ արձանագրություն չկազմվի:

Այսպես, 3/07 ընտրատեղամասը, որի կահավորանքը անհարմար էր և երկու կողմից էլ հնարավոր էր խախտել քվեարկության գաղտնիությունը կամ ուղղորդել ընտրողին, մի լրատվամիջոցի ներկայացուցիչ աստիճանների վերևից նկարահանում էր քվեախցիկների ներսի անցուդարձը`խախտելով քվեարկության գաղտնիությունը: Մեր նկատառումից հետո հանձնաժողովի նախագահը միջամտեց և պահանջեց այլ տեղից նկարահանել: Սակայն ամեն կերպ հրաժարվեց արձանագրություն կազմելուց:

1/08 ընտրատեղամասում էլ, որտեղ առավոտյան անհետացել էր անձնագրերի համար նախատեսված դրոշմակնքիը, հանձնաժողովի նախագահն ամեն կերպ փորձում էր թաքցնել փաստը` վստահեցնելով, որ որևէ արձանագրություն չի կազմվել: Այստեղ արձանագրություն չէր կազմվել նաև փաստի վերաբերյալ, որ 30 րոպե շարունակ ընտրատեղամասում ներկա են եղել 15-ից ավելի ընտրողներ, օրվա ընթացքում էլ կուտակումները պարբերաբար կրկնվել են:

Ուշագրավ էր նաև ընտրողների թվացյալ չիմացությունը: 11/05 ընտրատեղամասում մի կին, օրինակ, իր քվեաթրթիկը ծրարով թաքցրել էր քվեախցիկի տակ և փորձում էր աննկատ հեռանալ:  Հանձնաժողովի ՀՅԴ անդամի ուշադրության շնորհիվ կնոջ աննկատ հեռանալը չստացվեց: Ծրարը քվեատուփ գցելուց հետո կինն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել անձնագիրը կնիքելուն, խնդրում էր գոնե առաջին էջում կնիքը դնել, ոչ թե վերջում: Դեմքը մեծ ակնոցների տակ թաքցրած կնոջ «չիմացությունն» առնվազն կասկածելի էր:

1/08-ում էլ, մի տղամարդ, որ դժգոհում էր, որ ստիպված ընտրության է եկել, շտապ ծրարը տուփը գցեց` թույլ չտալով, որ կնքվի:

Երևի ավելորդ է խոսել ամեն տեղ մարդկանց գազելներով ու տաքսիներով խումբ-խումբ բերելու երևույթի մասին. սա կարծես արդեն պարտադիր բնույթ է կրում:

Ամփոփելով, պետք է նշել, որ այս անգամ հիմնական նկատելի խախտումը ընտրատեղամասերում առանց փաստաթղթերի մարդկանց կուտակումն էր, թույլատրելիից ավելի վստահված անձանց ներկայությունը, ընտրողների կուտակումները:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրության նախնական արդյունքների համաձայն հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ստանալով ձայների 55,86 տոկոսը, հետևաբար, համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը վերընտրվել է Երևանի քաղաքապետ:  ՀՀԿ-ին հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 23,05 տոկոս, երրորդ տեղում է «Բարև Երևան» դաշինքը`8,47 տոկոս: Մյուս 4 ուժերը բավարար քանակությամբ քվեներ չեն քավաքել` ավագանու աթոռ ստանալու համար:

Tags: