Վերջին շրջանում բավականին ակտիվացան բնապահպանները, այս անգամ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ծկնաբուծության զարգացման ծրագրի շուրջ:
Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի` սեպտեմբերի 7-ին, ՀՀ նախագահին առընթեր Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ Սևանի էնդեմիկ ձկնատեսակների վերարտադրության ցանցավանդակային մեթոդի կիրառման պիլոտային ծրագիրը հոկտեմբերին կներկայացվի կառավարության հաստատմանը: Եվ շեշտել էր, որ ծրագրով նախատեսվում է մինչև 2021 թ. 50 հազար տոննա իշխան տեսակի ձուկ բուծել, դանիական կազմակերպությունների հետ համատեղ այդ ծրագիրը փորձարկվել է, ինչի արդյունքում պարզվել է, որ այն չի խախտում լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Այն ժամանակ ոչ մի արձագանք չեղավ: Հետո Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին կարգադրություն ստորագրեց Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ ստեղծելու մասին: Նախագահն այդ ժամանակ խորհրդին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ամփոփել լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի արդյունքները, մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել Սևանա լճում իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը:
Ըստ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի»` ուսանելի համարվեց լճերի մակերևույթներին էկոլոգիապես մաքուր ձկան արտադրության միջազգային փորձը, մասնավորապես` ձկնաբուծություն լճերում, ծովերում կամ ջրամբարներում տեղադրվող ցանցավանդակներում, որոնք պատրաստված են էկոլոգիապես անվնաս նյութերից և չեն վնասում լճի էկոհամակարգը:
«Միայն Սևանա լճում, որի մակերեսը ներկայումս շուրջ 127 720 հա է, օգտագործելով լճի մակերևույթի առավելագույնը 0.1տոկոսը, հնարավոր է տարեկան արտադրել 50 000 տ ձուկ: Եվս 50 000 տ հնարավոր է աճեցնել ՀՀ արհեստական ջրամբարներում, որոնց ընդհանուր մակերեսը շուրջ 930 021 հա է, և Արմաշի լճակային ձկնաբուծական տնտեսությունում` մոտ 1200 հա ջրային մակերեսով: Արդյունքում միայն ցանցավանդակային եղանակով Հայաստանում հնարավոր է արտադրել շուրջ 100 000 տ ձուկ»,- նշվում է ծրագրում:
Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծության զարգացման արտադրական և բնապահպանական արդյունավետությունը գնահատելու համար իրականացվում է փորձնական փուլ (15.08.2012-15.08.2014): Ծրագրի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2011 թ. հոկտեմբերին, իսկ ցանցավանդակները Սևանա լճում տեղադրվել են 2012 թ. օգոստոսին: Փորձնական փուլն իրականացնում են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը և «Էմի Ֆրութ» ՍՊԸ-ն, որը նաև ներդրողն է: Փորձնական ծրագրի իրականացման նպատակով Սևանա լճում` Շորժա գյուղին հարող տարածքում, տեղադրվել է 4 ցանցավանդակ, յուրաքանչյուրը` 16 մ տրամագծով և 8 մ խորությամբ: Ցանցավանդակների գումարային ծավալը շուրջ 6400 խմ է, տնտեսության հզորությունը` շուրջ 50 տ: Սարքավորումների հիմնական մասը ներմուծվել է Դանիայից: Տնտեսության ստեղծման և շահագործման համար ներդրվել է շուրջ 290 մլն դրամ` 1 տ հզորության համար` շուրջ 6 մլն դրամ:
Ծրագրով նախատեսվում է 2015 թ. կառուցել 4 ցանցավանդակային տնտեսություն, 2016-ին` 10, 2017-ին` 18, 2018-ին` 20 և 2019-ին` 22: Արդյունքում ցանցավանդակային տնտեսությունների թիվը հասցվելու է 74-ի` յուրաքանչյուրը տարեկան մոտ 668 տ արտադրողականությամբ: Ցանցավանդակային տնտեսությունները պարտավորված կլինեն ձեռք բերել միայն մանրաձկան տնտեսության բուծած մանրաձուկը:
Ծրագրի բնապահպանական արդյունքներից մեկն էլ պետք է լինի Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի և ամառային իշխանի պաշարների վերականգնման ինքնաշխատ համակարգի ստեղծումը և վերականգնման կայուն ու արագ ընթացքի ապահովումը: Ամեն տարի նախատեսվում է լիճ բաց թողնել արտադրվող ձկան 1.5%-ը, ինչը ծրագրված հզորության ապահովման պարագայում կկազմի տարեկան 750 տ:
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 19-ի նիստին որոշեց «Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» նախագիծը ներկայացնել բնապահպանական պետական և տնտեսագիտական անկախ փորձաքննության: Նշենք, որ կառավարությունը հաստատել է նախագիծը, ըստ որի` նախատեսված է ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրությունը մինչ 2023 թ. հասցնել տարեկան մինչև 50.000 տ-ի: Դրա համար տարեկան լիճ պետք է լցվի 50.000 տ արհեստական կեր, որն էլ կապահովի ձկան արագ աճը:
Կերի հարցը լուծվել է . Յու Ջավադյան
Ու ահա այդ ժամանակ բնապահպանները սկսեցին բարձրացնել խնդիրները: Դեկտեմբերի 21-ին Էկոլոգիական հասարակական դաշինքը քաղաքական ու հասարակական գործիչներին, գործարարներին, քաղաքացիական նախաձեռնություններին, ստեղծագործական միություններին, երկրի քաղաքացիներին ուղղեց բաց նամակ, որով կոչ էր անում փրկել Սևանը էկոհամակարգին սպառնացող և չվերահսկվող ծրագրերից: «Բոլորին, բոլորին, բոլորին` Սևանը ցանկանում են վերածել ձկնաբուծական գործարանի»,- այս խոսքերով էր սկսվում բաց նամակը, որում բնապահպանների հիմնական մտահոգությունը կապված էր առաջարկվող ծրագրով նախատեսված ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրության հետ: Ինչպես նշում էին բնապահպանները, տարեկան լիճ պետք է լցվի նաև ֆոսֆոր և ազոտ պարունակող 50 000 տոննա արհեստական կեր, որոնց շնորհիվ է ապահովվում ձկան արագ աճը:
«Մենք չունենք տվյալներ այն մասին, թե ինչ է տեղի ունենում ձկան հետ արհեստական կերակրումից հետո: Նման տեսակի գիտական աշխատանքները պահանջում են երկար ժամանակ և մեծ միջոցներ: Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտն անցկացնում է կերի և ձկների համար տեղադրված ցանցավանդակների տարածքներից վերցված ջրի նմուշի ուսումնասիրություն` հայտնաբերելու աղտոտող նյութերի, ֆոսֆորի և ազոտի պարունակությունը: Ջրի նմուշների վերլուծության արդյունքները չեն կարող փոխարինել թանկարժեք ուսումնասիրություններին, որոնք անհրաժեշտ են նման ծրագրերի հաստատման համար: Մյուս կողմից, ազոտը և ֆոսֆորն այն աղտոտիչներից են, որոնք նպաստում են Սևանի ճահճացմանը»,- ասված էր բնապահպանների հայտարարության մեջ:
Դիմեցինք «Հայ ձկնաբույծների միավորման» նախագահին, որպեսզի գոնե նա պարզաբանի, թե ինչ է տեղի ունենում կերակրումից հետո: Սակայն «Հայ ձկնաբույծների միավորման» նախագահ կարեն Աթոյանն ասաց, որ իր ղեկավարած կազմակերպությունը չի զբաղվում Սևանի հարցով: Ձկնաբուծության ոլորտում էլ ոչ թե տեխնոլոգիական ու մասնագիտական հարցերով է զբաղվում, այլ իրավական-կազմակերպչական: Իսկ Սևանի իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման ծրագրի մասին որևէ հայտարարություն անել չի կարող, քանի որ միավորումը դեռ բավարար տվյալներ չունի համապատասխան հայտարարությամբ հանդես գալու համար:
Մի խոսքով` ոլորտը ներկայացնող միավորման ներկայացուցիչը չգիտեր, թե ինչ կպատահի, բնապահպանները` ևս: Ուստի նորից դիմեցինք բուն ծրագրի` ռիսկերի գնահատման հատվածին: Այնտեղ նշված էր, որ ծրագրի ռիսկերը բաժանվում են երկու խմբի` բնապահպանական և տնտեսական:
Մի կողմ թողնելով տնտեսականը, ասենք, որ համաձայն ծրագրի` բնապահպանական ռիսկերը, ինչպես և փորձնական փուլում, հիմնականում կապված են արհեստական կերի օգտագործման հետ (ֆոսֆորի, ազոտի և օրգանական նյութի արտանետում և կուտակում ցանցավանդակների տակ, որն առաջանում է լճի հատակին ավելցուկային կերի և ձկան արտաթորանքի կուտակումից): Բայց և կան այդ կուտակումները նվազագույնի հասցնելու մի շարք հնարավորություններ. լճում ցանցավանդակների թիվը և ձկան արտադրության ծավալներն ավելացնել աստիճանաբար, ձևավորել հատուկ մոնիթորինգի հանձնաժողով, ցանցավանդակների տեղադրման համար օգտագործել լճի տարածքի անվտանգ օգտագործման 1.5 տոկոսի սահմանից 50 անգամ քիչ, օգտագործել օրգանական ձկնաբուծության համար նախատեսված ձկան կեր, զբաղվել բացառապես օրգանական ձկնաբուծությամբ, օպտիմալացնել կերակրման նորմերը և վերահսկել կերակրման գործընթացը, ցանցավանդակների տակ` լճի հատակին, աճեցնել խեցգետիններ, որոնք կյուրացնեն կերի մնացորդները, անհրաժեշտության դեպքում ցանցավանդակների տակ ամրացնել կոնաձև ափսեներ, որոնց մեջ կկուտակվեն կերի մնացորդները և ձկան արտաթորանքը, որոնք էլ պարբերաբար կմաքրվեն պոմպերի միջոցով, ցանցավանդակների տակ տեղադրել թթվածին մղող սարքավորումներ, ինչը կնպաստի օրգանական նյութի քայքայմանը, հնարավորության դեպքում օգտագործել լողացող կեր, որը չի սուզվում, հետևաբար` չի կարող կուտակվել լճի հատակին, և այլն:
Այս խնդրին տեղյակ է նաև «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը, որ մեզ հետ զրույցում նշեց, թե հիմանական խնդիրը կերն էր, ուրիշ խնդիր չկար, իսկ կերի խնդիրն էլ արդեն լուծվել է. հիմա օրգանական կերեր են բերելու ու դրանով կերակրելու բուծվող ձկներին: «Դե չգիտեմ, թե ինչ կերեր էր այն ժամանակ բերում, համենայն դեպս, բավարար չէր, իսկ հիմա արդեն բավարար է բերում, ու ոչ մի բնապահպանական խնդիր չկա: Բնապահպանները մեկ բաժակ ջրում փոթորիկ էին բարձրացնում, 120 հազար հեկտարի մեջ ընդամենը 34 հեկտարի մասին է խոսքը»,- նշեց Յուրի Ջավադյանը:
Գևորգ ԱՎՉՅԱՆ
