Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Երևանի շախմատի ֆեդերացիան գլխավորելու փաստը զանգվածային լրատվամիջոցներում, նաև սոցցանցերում բուռն արձագանք ունեցավ: Ընդ որում, հատկապես սոցցանցերի օգտատերերի մեծ մասը հեռու էր նրբանկատությունից: Մասնավորապես հիշվում էր, որ Մարգարյանի` Անաստասիա Վոլոչկովայի հետ լուսանկարվելը, մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու, տնտեսագիտության թեկնածուի գաղտնի գիտական թեզ պաշտպանելու անհաջող փորձերից հետո, նրա համար Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ դառնալը, անլիարժեքության բարդույթ է, կասկած էր հայտնվել նաև, որ հնարավոր է իմաստուն խաղի Երևանի ֆեդերացիայի նախագահ դարձած Մարգարյանն անգամ շախմատ խաղալ չգիտի, մի բան, որն այնքան էլ չկարևորվելով, այդպես էլ չի հստակեցվել, և այլն: Այդուհանդերձ, այս իրողություններն իշխանություններին ոչ ձեռնտու են, ծաղր, քանի որ նպաստել են, որպեսզի Տարոնը հասարակության աչքից է ավելի ընկնի:
Ինչևէ, փորձենք պարզել, թե Մարգարյանը որևէ կապ ունի՞ շախմատի հետ, ին՞չ դրդապատճառներ են թելադրել, որ նա գլխավորել է այդ կազմակերպությունը, ինչպիսի՞ հետևանքներ են հղի, ի վերջո, ինչպե՞ս է ընդունվում կատարվածը շախմատի ներկայացուցիչների շրջանում:
Տարոն Մարգարյանի հայրը` Հայաստանի վաղամեռիկ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ժամանակին օգնել էր, որպեսզի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հիմնի Հայաստանի շախմատի ակադեմիան, Երևանի կենտրոնում ունենա իր կենտրոնը: Այժմ ակադեմիան Շենգավիթի համայնքում հսկայական համալիր է զբաղեցնում: Հետագայում էլ նրա որդին, երբ Ավանի համայնքն էր ղեկավարում, որոշակի քայլեր էր ձեռնարկել, որ համայնքի մարզօջախներում շախմատը զարգանա:
Ի դեպ, քիչ չեն խոսակցությունները, որ Տարոն Մարգարյանի Երևանի քաղաքապետ դառնալու գործում ազդեցություն է ունեցել շախմատի ներկայացուցիչը, միջնորդելով, որ եթե, ի տարբերություն մյուս թեկնածուների, Տարոնը դառնա քաղաքապետ, շախմատային խնդիրներն ավելի հեշտորեն կլուծվեն: Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:
Ինքնին հարց կարող է առաջանալ`արդյո՞ք Մարգարյանի մինչև շախմատի Երևանի ֆեդերացիայի նախագահ դառնալն այդ պաշտոնը թափուր է եղել: Պարզվում է, որ ոչ, այն զբաղեցրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային ճանաչված մրցավար Աշոտ Վարդապետյանը, որը որպես մրցավար սպասարկել է շախմատային խոշորամասշտաբ մի շարք ստուգատեսներ, մասնավորապես, եղել է շախմատի աշխահի չեմպիոնի կոչման համար վերջին երկու մրցամարտերի` Վիշվանաթհան Անանդ – Բորիս Գելֆանդ, Անանդ – Մագնուս Կառլսեն, գլխավոր մրցավարը: Այդպիսի բան մեր երկրի ոչ մի մարզաձևի տարեգրությունում չկա, թերևս, աշխարհում` նույնպես: Ի դեպ, իր գործը հիանալի իմացող, աշխարհի տարբեր երկրներում ՖԻԴԵ-ի մրցավարների որակավորման սեմինարներ անցկացնող, օտար լեզուների փայլուն տիրապետող մասնագետի աշխատանքը Հայաստանի մարզական ոլորտի ներկայացուցիչների կողմից այդպես էլ ոչ մի վերաբերմունքի, գնահատականի չի արժանացել, էլ չենք ասում խրախուսանքի մասին: Մի տեսակ, աշխատանքը ստվերում է թողնվել: Թերևս, ներկայացնելու խնդիր է, որը չի արվել…
Թվում է, թե նոր կատարվածն էլ պատահական է: Բայց այն հանգամանքը, որ Վարդապետյանն ընդհանրապես խաղից դուրս է թողնվել, կասկած է ծնում, որ նաև որշակի միտում է առկա, և հարցը միայն Մարգարյանին Երևանի շախմատի ֆեդերացիայի գլուխ կարգելը չէ: Ընդ որում, անկախ այն բանից, թե դա ում է ձեռնտու, առաջին հերթին Երևանի քաղաքապետի դեմ է, առավել ևս, որ բանիմաց ֆեդերացիայի նախկին նախագահն անգամ նրա տեղակալների թվում չէ:
Թերևս, գաղտնիք չէ, որ ֆեդերացիան թեև Մարգարյանն է գլխավորելու, սակայն հիմնական աշխատանքն այլ մարդիկ են օգնելու, որպեսզի նա իրականացնի: Իսկ նախագահի տեղակալներ են նշանակվել թեև շախմատի ներկայացուցիչներ, բայց այնպիսի մարդիկ, ովքեր նախկինում այս ոլորտում չեն աշխատել: Այդ պարտականությունը վստահվել է միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանին և առաջին կարգային Արմեն Գևորգյանին: Առաջինը եղել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ, վերջին տարիներին բախտ է որոնել ԱՄՆ-ում, ապա վերադարձել է, իսկ երկրորդը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի ղեկավարն է:
Իսկ Վարդապետյանը 1991-ից Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Այդ ընթացքում երկու տարի ֆեդերացան գլխավորել է «Դվին» կոնցեռնի փոխտնօրեն Ալիկ Կարապետյանը, նույնքան էլ` «Միկայի» ղեկավար Միխայիլ Բաղդասարովը: Վարդապետյանը երկու նախագահների օրոք փոխնախագահ է աշխատել, փաստորեն, կազմակերպել է ամբողջ աշխատանքը:
Երևանի շախմատի ֆեդերացիան երբեք ձևական կազմակերպություն չի եղել, ունեցել է նախագահություն, որի կազում ընդգրկվել են նաև մայրաքաղաքի շախմատային կենտրոնների ներկայացուցիչներ, մարզիկներ, մարզիչներ և այլն: Տարեկան շուրջ մեկուկես տասնյակ միջոցառում է կազմակերպվել, այդ թվում նաև` Երևանի տղամարդկանց և կանանց առաջնություններ: Այդ ստուգատեսների բովով են անցել մեր երկրի բոլոր բարձրակարգ շախմատիստները, այդ թվում` գրոսմայստերները: Ընդ որում, հասարակական կազմակերպությունը ֆինանսական աջակցություն չի ստացել, հովանավորներից զուրկ է եղել, ինքնուրույն է փորձել միջոցներ հայթայթել և իրականացնել պլանավորված միջոցառումները: Եղել են տարիներ, որ թեև հովանավորներ գտնվել են, բայց դարձյալ ոչ բոլոր մրցաշարերի կազմակերպման համար է փող հատկացվել:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանին, ապա այն քիչ դեպքերում է որևէ ներդրում ունեցել, օգնել, անգամ երբ խոսքը վերաբերել է Երևանի առաջնությունների կազմակերպմանը: Իսկ 2013-ին Երևանի շախմատի ֆեդերացիան և Երևանի քաղաքապետարանը համատեղ անցկացրել են մայրաքաղաքի շախմատի առաջնությունը:
Փաստն այն է, որ ֆեդերացիան ֆինանսների պակաս ունեցել է և Երևանի քաղաքապետարանը միշտ չէ, որ թեկուզ մասամբ օգնել է: Մասնավորապես, շախմատային երկիր համարվելով, 2012-ին, ֆինանսների պակասի պատճառով, ստիպված բաց ենք թողել քաղաքների շախմատի աշխարհի թիմային առաջնությանը:
Հետաքրքիր է, թե ինչով է պայմանավորված, որ տարբեր խնդիրներով հասարակության դժգոհությանն արժանացած Տարոն Մարգարյանը ևս մեկ պարտականություն է ստանձնել և գլխավորել է Երևանի շախմատի ֆեդերացիան:
Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանը շախմատի զարգացման ծրագիր է կազմել, ըստ որի, մայրաքաղաքի բոլոր համայնքներում պետք է քաղաքային ենթակայության շախմատի նոր մարզօջախներ ստեղծվեն և գործեն քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Նախորդ տարի արդեն շախմատի մարզօջախներ են հիմնվել Աջափնյակում և Դավիթաշենում: 2014-ի այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է: Եթե Երևանի քաղաքապետն է մայրաքաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահը, ապա կարելի է ենթադրել, որ շախմատի կենտրոնների տարածքների, կառուցման, կահավորման, նաև մասնագետների վճարման հարցերը կարող են անարգել լուծվել:
Ի դեպ, նախկինում Երևանի շախմատի ֆեդերացիան Երևանի քաղաքապետարանին բազմիցս դիմել է` աջակցություն ստանալու տարբեր հարցերով, և դա տրամաբանական է, սակայն իրականում էական աջակցություն, որպես այդպիսին, կարելի է ասել, որ չի էլ եղել: Այժմ քանի որ քաղաքապետը նաև ֆեդերացիայի նախագահ է, հարցը դարձել է հրատապ, ուրեմն իր գործի համար Մարգարյանը պետք է շախմատի զարգացման որոշակի աշխատանքներ իրականացնի, այսինքն կատարելու է ոչ թե օգնելու, այլ` իր անվան համար:
Ի դեպ, դեռ խորհրդային տարիներին Երևանի տարբեր շրջաններում կային շախմատի ակումբներ, կենտրոններ, որոնք հետագայում, աստիճանաբար փոշիացան, տարածքներն էլ այլ սեփականատերեր ունեցան, վաճառվեցին: Վերջիններից մեկը Շենգավիթի համայնքում էր: Մասնավորապես, Նժդեհի փողոցում, նախկին ծածկած շուկայի հարևանությամբ շախմատի կենտրոն կար, որը պատկանում էր Երևանի շախմատի և մարզատրամաբանական խաղերի դպրոցին, բայց դա էլ չօգնեց, այն խլվեց: Այդ տարածքում ներկայումս խանութների շարք է: Երաշխիք չկա, որ նոր մարզօջախներն էլ նույն ճակատագրին չեն արժանանա` երբ Տարոն Մարգարյանը չի լինի քաղաքապետ, Սերժ Սարգսյանն էլ` նախագահ:
Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովն անցկացվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում, որի տնօրենը Երևանի ավագանու անդամ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է: Նա նստած է եղել Մարգարյանի կողքին և տեղյակ է եղել դեպքերի զարգացման սցենարին:
Համաժողովի մասնակիցներից միայն մեկն է Տարոն Մարգարյանին դեմ քվեարկել, մի քանի ձեռնպահ է եղել:
Ինչ վերաբերում է Մարգարյանի նոր պաշտոն զբաղեցնելուն, ապա ոչ թե քաղաքապետն է եկել շախմատ, այլ ձևավորվել է նոր ֆեդերացիա, ղեկավարության նոր կազմ է ստեղծվել: Ինքնին հասկանալի է, որ Երևանի քաղաքապետին, մեղմ ասած, օգնելու են աշխատանքը կատարել: Նախկին նախագահը, որի ներկայությունը կարող էր խանգարել, այդ թիմում չէ: Փոխարենը մարդիկ են, ովքեր թերևս ավելի նախընտրելի են այս փոփոխությունը նախապատրաստողի համար:
Քանի որ նախագահության կազմն անտրամաբանականորեն մեծացված է` 34 մարդ է ընդգրկվել, ապա կարելի է ենթադրել, որ բոլոր հարցերը լուծվելու են նեղ «կրուգում»,
Այժմ արդեն Երևանի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Աշոտ Վարդապետյանը հայտնեց, որ այդպիսի շրջադարձն իր համար անսպասելի չէր, միայն վիրավորականն այն է, որ ամեն բան կատարվել է գաղտնիության պայմաններում, ցանկալի կլիներ, որ իր կատարած աշխատանքը գնահատվեր բնագավառի մարդկանց կողմից, մինչդեռ ամեն բան սոսկ անձնական վերաբերմունքի արդյունք է:
Ցավալի է, որովհետև Հայաստանում շախմատային ընտանիքը, թեկուզ առերևույթ, միշտ միասնական է համարվել, իսկ թե ինչու այս ոլորտում ևս պետք է կամայականության դրսևորումներ լինեն` անհասկանալի է:
Ընդ որում, խոսվում է այն մասին, որ այդպես է տասնամյակներ շարունակ: Ինչևէ, ձևափոխելով հայտնի ասացվածքը, կարելի է միայն նշել, որ շախմատիստների փրկության գործը` շախմատիստների ձեռքերում է…
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Tags: շախմատ, սպորտ
