Օրերս ծանոթներից երկուսը` երկու եղբայր Սոչիից վերադարձան Հայաստան: Նրանք արդեն երեք տարի էր, ինչ շինարարական աշխատանքներ էին կատարում Սոչիի օլիմպիական ավանում: Չնայած սկզբում չէին նշում իրենց վերադարձի բուն պատճառը, բայց համառ ջանքերից հետո պատմեցին. Սոչիից մեծ թվով հայեր են վտարվում Հայաստան, և այդ հանգամանքը կապվում է օլիմպիական խաղերի հետ:
Բայց վտարվողները չեն սիրում պատմել, թե ինչպես են իրենց համապատասխան աշխատանքները ավարտելուց հետո «սիրով» արտաքսում Ռուսաստանից: Ամոթ են համարում: Ծանոթներս էլ համաձայնեցին խոսել իրենց անունները չնշելու պայմանով:
Ռուսների օրենքը հայերի դեմ է՞
Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն այս առումով NEWS.am-ին ասել է. «Վերջերս Ռուսաստանի դաշնային բյուրոյի ծառայության ղեկավարը հայտարարեց, որ օգոստոսից մինչև հիմա 430 հազար անձի մուտք է արգելվել, այդ թվում նաև Հայաստանի քաղաքացիներ կան: Նրանցից 17-18 հազարը հայեր են»:
Հարցի առնչությամբ նույն NEWS.am-ին Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանն ասել էր, որ ներկայումս արտաքսումներ են տեղի ունենում ողջ Ռուսաստանում, իսկ Սոչիի դեպքում օլիմպիական խաղերի նախապատրաստությունը, հավանաբար դեր է խաղում: Ներկայումս Սոչիում Օլիմպիադայից առաջ ինչ-որ հատուկ ռեժիմ է, և հիմնականում արտաքսում են ադրբեջանցիներին, ուզբեկներին ու տաջիկներին:
Ռուսաստանի հայերի միության Սոչիի բաժանմունքի ղեկավար Հրաչ Մակեյանն իր հերթին հայտարարել է, որ հայերին Սոչիից արտաքսում են օրինական փաստաթղթեր չունենալու պատճառով:
Բայց օտարերկրացի, այդ թվում նաև հայ «խոպանչիներին» Ռուսաստանում նոր փորձություններ են սպասում, քանի որ Ռուսաստանի քաղաքականությունը ներգաղթյալների, այդ թվում նաև աշխատանքային միգրանտների նկատմամբ հետևողականորեն խստացվում է: Նախորդ տարեվերջին ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարել է. «Ռուսաստանին պետք են միայն այն այցելուները, որոնք բավարարում են որոշակի չափանիշների»:
2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխություններով` Ռուսաստան ոչ վիզային ռեժիմով մուտք գործած օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, 6 ամսվա ընթացքում Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը 90 օր` 3 ամիս: Այդ ժամկետը խախտելու պարագայում նրանք 3 տարի չեն կարող մուտք գործել ՌԴ տարածք` սկսած այն օրվանից, երբ նրանք կատարել են ժամկետների խախտումը:
Այս պայմանը, սակայն, ունի բացառություններ: Ըստ առաջին բացառության` այդ պայմանը չի տարածվում բարձր որակավորում ունեցող մասնագետների վրա, քանի որ նրանք կարող են 90 օրից ավելի ժամկետով գտնվել Ռուսաստանի տարածքում, եթե կնքել են աշխատանքային պայմանագիր և այդ պայմանագրով սահմանված ժամկետի ամբողջ ընթացքում կարող են գտնվել Ռուսաստանի տարածքում: Ընդ որում, դա տարածվում է ոչ միայն այդ մասնագետների, այլև նրանց ընտանիքների անդամների վրա:
Փաստաբան Լիլիթ Ներսիսյանի պարզաբանմամբ` բարձր որակավորում ունեցող մասնագետներ են համարվում հիմնականում գիտամանկավարժական, գիտահետազոտական գործունեություն իրականացնող անձինք, որոնք մեկնում են ՌԴ համապատասխան աշխատանքներ կատարելու, և նրանց աշխատավարձը ամսական կազմում է նվազագույնը 1 միլիոն ՌԴ ռուբլի, որը հստակ սահմանվում է օրենքով:
Երկրորդ կատեգորիայի մեջ են մտնում արտադրական ոլորտում ամսական նվազագույնը 700 հազար ռուբլի աշխատավարձ ստացող անձինք:
Եվ երրորդ կատեգորիան այլ ոլորտների բարձր որակավորում ունեցող մասնագետներն են, որոնք ստանում են 2 և ավելի միլիոն ռուբլի աշխատավարձ:
Հաջորդ բացառությամբ` 90-օրյա ժամկետից ավելի Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք մեկնում են արտագնա աշխատանքի և իրենց գործատուների հետ կնքում են աշխատանքային պայմանագրեր կամ աշխատանքների կատարման ու ծառայությունների մատուցման պայմանագրեր: Բայց այս դեպքում նրանք Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել ոչ ավելի, քան 1 տարի` սկսած ՌԴ տարածք մուտք գործելու օրվանից:
Սակայն, եթե անգամ արտագնա աշխատանքի մեկնածը կնքել է, օրինակ, 2 տարվա աշխատանքային պայմանագիր, միևնույն է, նա 1 տարին լրանալուց հետո պետք է լքի ՌԴ սահմանը և հետ վերադառնա միայն 3 ամիս անց: Իսկ եթե արտագնա աշխատանքի մեկնողի հետ Ռուսաստանում նրա գործատուն աշխատանքային պայմանագիր չկնքի, ապա նա ստիպված պետք է լքի ՌԴ սահմաններն 90-օրյա ժամկետը լրանալուն պես:
Երրորդ բացառությունն էլ տարածվում է օտարերկրյա այն քաղաքացիների վրա, որոնք ՌԴ են մեկնել կրթություն ստանալու:
Այս դեպքում ՌԴ-ում նրանց 90 օրից ավելի գտնվելու ժամկետը սահմանվում է կրթական հաստատությունում կրթություն ստանալու ժամկետով:
Հայաստանի հայաթափման հարցով ռուսներն են «անհանգստանում»
2013 թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնած ու չվերադարձածների թիվը կազմում էր մոտ 108 հազար մարդ: Հիմնական նպատակակետ երկրների շարքում, ուր մեկնում են հայ միգրանտները, առաջինը Ռուսաստանի Դաշնությունն է` 73,1 տոկոս: Նրանցից մոտ 80 տոկոսից ավելին կազմում են բուն աշխատանքային միգրանտները: Իսկ ընդհանուր աշխատանքային միգրանտների 90 տոկոսից ավելին մեկնում են հենց Ռուսաստան:
Հայ միգրանտները նախընտրում են Ռուսաստանը, որովհետև վիզային ռեժիմ չկա, հեշտ է հաղորդակցվել, ծանոթ-բարեկամներ կան, և աշխատանք գտնելու հնարավորությունը շատ ավելի մեծ է:
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, հիմնականում միջնակարգ կրթությամբ մարդիկ են մեկնում արտագնա աշխատանքի, որոնք կազմում են մեր աշխատանքային միգրանտների 43,3 տոկոսը: Միջին մասնագիտական կրթությամբ միգրանտները կազմում են 33 տոկոսը և բարձրագույն կրթությամբ` մոտ 20 տոկոսը:
Այս 20 տոկոսի մեջ ոչ բոլորն են, որ իրենց կրթությանը համապատասխան աշխատանքի են մեկնում: Նրանց մի ստվար հատվածը մեկնում է այլ` հաճախ ծանր աշխատանքներ կատարելու: Փաստորեն, Հայաստանից դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների ճնշող մեծամասնության վրա չեն տարածվում ՌԴ մուտքի ու ելքի և կացության օրենքների արտոնությունները:
Աշխատանքային միգրացիայի խնդիրներից է միգրանտների հարստահարումը աշխատանքային պայմանագրեր չունենալու հետևանքով: Լինում են դեպքեր, երբ մարդիկ չեն կարողանում իրենց գումարները ստանալ ու չեն կարողանում որևէ կերպ ապացուցել, որ իրենք աշխատել են տվյալ գործատուի մոտ, հաճախ անհրաժեշտ փաստաթղթեր չեն ունենում, ինչի հետևանքով ենթարկվում են ռուս իրավապահների քմահաճ վերաբերմունքին և այլն: Սակայն այս ամենի մասին նրանք լռում են, որովհետև աշխատանքային միգրանտների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են, իսկ նրանք ամաչում են իրենց խնդիրներից խոսել:
«Մի քանի դեպք կա, որ մեր գրասենյակներ դիմել են նման հարցերով,- ասում է «Մարդը կարիքի մեջ» ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տաթևիկ Բեժանյանը:- Մեր աշխատանքային միգրանտների 77 տոկոսը տղամարդիկ են, և հիմնական մասը մեկնում են ՌԴ աշխատելու: Այս մարդիկ վերադառնալուց հետո, եթե անգամ շահագործվել են, շատ քչերն են համարձակվում դիմել ու ասել դրա մասին: Որովհետև կա մենթալիտետի խնդիր. շատ ամոթ է, որ հայ տղամարդը դրսում շահագործվել է»:
Թեև հենց ռուս փորձագետներն են ընդունում, որ տեղացի աշխատողները դժվարությամբ են կատարում ծանր ֆիզիկական աշխատանքը, առավել ևս, որ այն քիչ է վարձատրվում, այնուամենայնիվ, եթե այդ ծանր աշխատանքն ավարտվում է, անցանկալի զանգվածից ազատվելու խնդիր է առաջանում: Ու ամենևին էլ պատահական չէ, որ այս օրերին հաճախակիացել էին Ռուսաստանից, հատկապես Սոչիից հայ աշխատանքային միգրանտների արտաքսումները: Սրանով Ռուսաստանը նաև մեկ այլ հարց է լուծում` չի թողնում, որ մարդաթափվի իր ռազմավարական ֆորպոստը…
Գևորգ ԱՎՉՅԱՆ
Tags: արտագաղթ, միգրացիա, ռուսաստան, Սոչիի Օլիմպիական խաղեր