Հարցեր հայկական շախմատում, որոնք կարելի է վերանայել

Արմեն ՆիկողոսյանԵրևանում անցկացվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունները: Հաղթողներ դարձան Տիգրան Քոթանջյանը և Շուշաննա Սարգսյանը, որոնք իրավունք ստացան 2014-ի մրցաշրջանում հանդես գալու Հայաստանի հավաքականի կազմում, նաև խաղալու Շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Երկու առաջնություններն էլ լարված պայքարում ընթացան: Արդյունքներն էլ անսպասելի էին: Մասնավորապես, տղամարդկանց առաջնության չեմպիոնը մրցակիցների համեմատ ուներ ամենացածր վարկանիշը, նա նաև տարիքով ամենամեծն է` 33 տարեկան: Իսկ կանանց առաջնության չեմպիոնուհին անգամ վարպետության թեկնածու չէ:

- Շախմատն օբյետիվ խաղ է, առաջնության մասնակիցների ներուժի մասին են վկայում նրանց ունեցած վարկանիշերը: Ինչո՞վ եք բացատրում կատարվածը,- հարցրինք Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանին:

- Առաջնությանը մասնակցում էին մեր առաջատարներին հաջորդողները: Այդ խմբում բոլորն էլ հավասար ներուժ ունեն: Չկա վառ առաջատար, որը հաղթի և շարունակ խաղա Հայաստանի հավաքականի առաջատարների կողքին: Հայաստանի տղամարդկանց առաջնությունը ՖԻԴԵ-ի դասակարգմամբ14-րդ կարգի էր: Դա Հայաստանի շախմատի տարեգրութունում ամենաբարձր ցուցանիշն է:

 - Մեր առաջատարները խուսափում են Հայաստանի առաջնություններում խաղալուց, պատճառը վարկանիշն իջեցնելու մտավախությո՞ւնն է:

- Չէի ասի, պարզապես, նրանք չեն ցանկանում խանգարել, որ առաջնությունում օբյեկտիվորեն որոշվի Հայաստանի հավաքականի թափուր մեկ տեղի թեկնածուն:

 - Կարո՞ղ են նրանք հանդես գալ հաշվարկից դուրս: Ի դեպ, վստահորեն չի կարելի ասել, որ, Լևոն Արոնյանից բացի, Հայաստանի հավաքականի մյուս թեկնածուները կարող են մասնակցել առաջնությանը և հաղթել: Մասնավորապես, Հայաստանի հավաքականի անդամ, 2013-ի Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն առաջնությունում բավարարվեց սոսկ 8-րդ տեղով:

Քոթանջյան և Սարգսյան- Հնարավոր է, եկել է ժամանակը, որ ինչ-որ բան այդ առումով փոխվի եղած համակարգում: Հայաստանի շախմատի ֆեդերացիան այդ հարցը պետք է քննարկի:

 - Իսկ ինչքանո՞վ է ճիշտ, որ Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների արդյունքով միայն մեկական մարզիկ և մարզուհի են գործուղվում հավաքականներ:

- Այդ որոշումն ընդունվել է ֆեդերացիայի ղելավարության, հավաքականների մարզիչների, առաջատար խաղացողների կողմից: Քանի որ հատկապես տղամարդկանց հավաքականը խնդիրներ ունի, կարելի է հարցը վերանայել:

 - Քոթանջյանը և Սարգսյանը պատահականորե՞ն չեմպիոն դարձան:

- Թեև տղամարդկանց առաջնությունում վրիպումներ թույլ տված շախմատիստներ եղան, բայց Քոթանջյանի հաջողությունն օրինաչափ է: Նա նախկինում եղել է մեր երկրի փոխչեմպիոն: Իսկ կանանց առաջնությունում Շուշաննա Սարգսյանը մյուսների համեմատ լավ էր խաղում, թեև 7-ական միավոր հավաքեցին նաև Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Մտահոգում է միայն այն, որ չկար սահմանված միջազգային վարպետի նորմ: Պետք է հանդես գար թեկուզ ևս մեկ բարձրակարգ մարզուհի, որպեսզի այդ նորմը լիներ: Միջազգային վարպետներից` 2013-ի չեմպիոնուհի Աննա Հայրապետյանից, Նարինե Գասպարյանից սպասելիքներն ավելի մեծ էին, բայց հաղթեց Վայքի ներկայացուցիչ Սարգսյանը, որն անգամ վարպետության թեկնածուի կոչում չունի:

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Tags: ,