Ինչո՞ւ է տրանսպորտի և կապի նախարարությունն աչք փակում խախտումների վրա
Եթե ուզում եք մեկին անիծել, պարզապես մաղթեք, որ միկրոավտոբուսով Երևանից Մարտունի գնա: Դա պատիժ է, որը մարդու թե՛ նյարդերը, թե՛ առողջությունն է քայքայում:
Մարտունեցի 21-ամյա Մարիամն ուսանող է, արդեն 5-րդ տարին է` ապրում է Երևանում: Ասում է, որ առաջին կուրսում կարոտին չէր դիմանում ու ընտանիքին այցելության էր գնում ամեն երկու շաբաթը մեկ, սակայն երբ ձմեռը վրա հասավ` ստիպված հայրենի քաղաք այցելությունների պարբերականությունը կրճատեց. չդիմացավ Երևանից Մարտունի գնալու, ապա վերադառնալու ճանապարհի դժվարություններին: Հիմա 4-6 շաբաթը մեկ է Մարտունի գնում. «Երթուղայինի վատ աշխատելու պատճառով հարազատներիս շաբաթներով չեմ տեսնում: Ավտոկայանում ամռանը շոգին, ասֆալտի վրա, արևի տակ ենք դաղվելով երթուղայինին սպասում, ձմռանը` ձյան, սառույցի վրա: Տարիների ընթացքում ճարպկացել եմ` սովորել եմ կողքիններիս արմունկներով լավ հրել, որ կարողանամ տեղ զբաղեցնել միկրոավտոբուսում. առաջին կուրսում մինչ երկու քայլ էի անում դեպի միկրոավտոբուսը, մարդիկ, իրար հրելով, բոլոր տեղերը զբաղեցնում էին»:
Հակոբն էլ, որ երեք տարվա ուսանող է, ասում է, որ չի հիշում, թե վերջին անգամ երբ է միկրոավտոբուսով Մարտունի գնացել: «Ուրբաթ օրը կեսօրից հետո Մարտունի գնացող գազել չկա, կիրակի էլ առավոտյան 11-ից հետո Երևան եկող գազել չկա: Ո՞նց գնամ»,- ասում է նա` հավելելով, որ տաքսիով է գնում-գալիս. ճիշտ է` կրկնակի թանկ է, փոխարենը խնայում է առողջությունն ու ժամանակը:
Տողերիս հեղինակը Երևան-Մարտունի և Մարտունի-Երևան միջքաղաքային երթուղուց օգտվելու տասը տարվա փորձ ունի: Ցավոք, պետք է փաստել, որ տարեցտարի երթուղայինի աշխատանքի որակը վատանում է, չնայած այն երբեք էլ բավարար չի եղել:
Եթե նախկինում հարկավոր էր Հյուսիսային ավտոկայանում լինել 18:30-19:00-ին վերջին երթուղայինով գնալու համար, ապա այժմ ժամը 17-ից հետո Մարտունի գնալն իրատեսական չէ: Նույնը և Մարտունուց Երևան հասնելուն է վերաբերում:
Եթե տարիներ առաջ վարորդները բավարարվում էին լրացուցիչ աթոռիկների վրա 2 ուղևոր նստեցնելով, ապա այժմ պարտադիր է 3-4 լրացուցիչ ուղևորի առկայությունը, այլապես մեքենան տեղից ժամերով չի շարժվի (մի քանի օր առաջ եմ Մարտունուց Երևան հասել միկրոավտոբուսով, որը 19 ուղևոր էր փոխադրում , վարորդն էլ հետը` 20):
Գնալով ավելի ու ավելի է վատանում նաև միկրոավտոբուսների սանիտարական վիճակը. կեղտոտ ու ջարդված նստարաններ, անգամ զզվելի է դրանց վրա նստելը, ջարդոտված հատակ, կեղտից խամրած ապակիներ ու ամեն կողմից անցքեր, որտեղից ձմռանը ցուրտը ներս է սողոսկում:
Տարիների ընթացքում միայն մի բան չի փոխվել` վարորդները շարունակում են ճանապարհին ռաբիս երգեր լսել ու անդադար ծխել:
Պակասել է նաև երթուղին սպասարկող միկրոավտոբուսների թիվը, կամ գուցե ուղևորահոսքերն են շատացել: Այժմ առավոտյան առաջին միկրոավտոբուսին հասար` լավ, եթե ոչ, ապա ստիպված կլինես դրսում ժամերով սպասել, մինչև մի միկրոավտոբուս հայտնվի: Սակայն, եթե միկրոավտոբուսը կարող է 18-19 ուղևոր տանել, ապա այդ ժամերի ընթացքում դրսում առնվազն 30 մարդ է հավաքվում: Ու մշտապես քաշքշուկից ու լեզվակռվից (երբեմն ոչ միայն) հետո 8-10 մարդ դրսում է մնում, եթե օրվա վերջ է, նաև Երևան կամ Մարտունի չի հասնում:
Պետք է նշել, որ չնայած միկրոավտոբուսները չեն հասցնում բավարարել պահանջարկը և պատշաճ կերպով սպասարկել ուղևորներին, տաքսիների աշխատանքը Հյուսիսային ավտոկայանում արգելված է: Մի անգամ չէ, որ պատահել է. ժամեր շարունակ միկրորավտոբուսի սպասելուց հետո փորձել եմ տաքսի կանչել Մարտունի հասնելու համար: Ամեն անգամ մերժում եմ ստացել: Իսկ ծանոթ վարորդներից մեկն էլ բացատրեց. «Եթե տեսնեն, որ ուղևոր եմ վերցնում Մարտունի տանելու համար` կծեծեն»:
Չնայած իրավիճակին, տրանսպորտի և կապի նախարարությունից հավաստիացնում են, որ երթուղու վատ աշխատանքի մասին դիմում-բողոքներ չեն ստացել:
Տրանսպորտի և կապի նախարարությունից, «Անկախի» հարցմանն ի պատասխան, տեղեկացնում են, որ թիվ 306 Երևան-Մարտունի երթուղու սպասարկման վերջին մրցույթն անցկացվել է 2012 թ. հոկտեմբերի 18-ին, 4 տարի շահագործման ժամկետով` մինչև 2016 թվականի նոյեմբերի 16-ը, իսկ թիվ 307 Մարտունի-Երևան երթուղունը` 2013 թ. փետրվարի 8-ին, նույնպես 4 տարի շահագործման ժամկետով` մինչև 2017 թ. փետրվարի 19-ը:
Միջմարզային երկու միկրոավտոբուսային երթուղիներն էլ շահագործում է «ԱՐՍՄԱՇ-ԱՎՏՈ» ՍՊԸ-ն:
Պետք է նշել, որ մինչ այդ էլ երթուղին նույն ընկերությունն է շահագործել, և հարց է առաջանում. նման սարսափելի սպասարկման պարագայում ինչպե՞ս է ընկերությունը կրկին շահել մրցույթը:
Երևան-Մարտունի երթուղին սպասարկում են 5, իսկ Մարտունի-Երևան երթուղին` 4 միկրոավտոբուսներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունից «Անկախին» տեղեկացնում են, որ երթուղին աշխատում է հստակ չվացուցակով` առաջին երթուղայինը Երևանից Մարտունի է ուղևորվում 10-ին, վերջինը` 18:30-ին, իսկ Մարտունուց Երևան` առաջինը 8-ին, վերջինը` 18:00-ին: Ըստ չվացուցակի` ամեն 1-1,5 ժամվա ընթացքում մեկ երթուղային է ճանապարհ դուրս գալիս: Սակայն իրականում որևէ չվացուցակ չի գործում, և միկրոավտոբուսը (եթե, իհարկե, լինում է) ճանապարհ է ընկնում այն ժամանակ, երբ իր ուզած թվով ուղևորներ է հավաքում: Երկրորդ` տրամաբանական հարց է առաջանում, այդ ինչպե՞ս է, որ Վարդենիսի կամ Գավառի տարածաշրջաններից ավելի շատ բնակիչներ ունեցող Մարտունիում երթուղայինը կրկնակի նվազ պարբերականությամբ է աշխատում: Գավառում և Վարդենիսում Երևան մեկնող հասարակական տրանսպորտն աշխատում է 30-40 րոպեն մեկ պարբերականությամբ, երթուղի են դուրս գալիս չվացուցակում նշված ժամին, եթե անգամ մի քանի ուղևոր է նստած:
«ԱՐՍՄԱՇ-ԱՎՏՈ» ՍՊԸ-ում վերջին թեմատիկ ստուգումը նախարարությունն անցկացրել է 2013-ի հոկտեմբերին: Ստուգման ժամանակ, ըստ ՏԿՆ-ի, հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնք «սահմանված ժամկետում ընկերության կողմից վերացվել են» (սակայն վերոնշյալ խնդիրներից և ոչ մեկը չի լուծվել ու չի մեղմվել):
Համացանցը փորփրելուց պարզ դարձավ, որ «ԱՐՍՄԱՇ ԱՎՏՈ» ՍՊԸ-ն գրանցված է Երևանում` Նորագյուղ 119 հասցեում, պատկանում է ոմն Բոգոյի, որը պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավորներից է: Բոգո մականունով անձի հետ «Անկախն» առնչվել է 2013-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Նորագյուղի 9/27 և 9/28 ընտրատեղամասերում Բոգո անունով անձն ընտրողներին ազատ ուղղորդում էր, թե որ քվեատուփին մոտենան, հանձնարարականներ էր տալիս Ընտրատեղամասային հանձնաժողովի անդամներին և հասցրեց անգամ սպառնալ տվյալ պահին ընտրատեղամասում գտնվող դիտորդին, որը բարձրաձայնել էր իր տեսած խախտման մասին:
«ԱՐՍՄԱՇ ԱՎՏՈ» ՍՊԸ-ի մասին ողջ տեղեկատվությունը խնամքով քողարկված է. այն գրանցված չէ որևէ տեղեկատվական համակարգում, հատուկենտ հրապարակումները չհաշված, ընկերության անվանումը առկա է միայն ՏԿՆ կայքում:
Հաշվի առնելով այն, թե ում է պատկանում երթուղին սպասարկող ընկերությունը, հասկանում ես, թե ինչու է երթուղին այդքան վատ սպասարկվում, ինչու է հենց այդ ընկերությունը հաղթել մրցույթում և ինչու ՏԿՆ-ն բողոքներ չի ստանում և տեղյակ էլ չէ «ԱՐՍՄԱՇ ԱՎՏՈ»-ի խախտումների մասին: Մեկ այլ հարց էլ է առաջանում. էլ ինչի՞ համար են ոլորտը կարգավորող օրենքները և տրանսպորտի ու կապի նախարարությունը, եթե ոմն քրեական հեղինակություն կարող է բացահայտ անտեսել այդ ամենը:
Tags: հասարակական տրանսպորտ, միջմարզային երթուղի, Տրանսպորտի և կապի նախարարություն