Աթլետիկան անվանում են սպորտի թագուհի: Հայաստանի` այս գրավիչ մարզաձևի ներկայացուցիչները, չնայած ունեցած սուղ պայմաններին, ձմեռային ցուրտ օրերին էլ շարունակում են մարզումները: 2014-ի մրցաշրջանը հագեցած է միջազգային տարբեր մեկնարկներով: Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աթլետիկայի ամբիոնի դոցենտ Միշա Հայրապետյանը ներկայացրեց, թե ինչ փորձություններ են սպասում մերոնց:
- Կազմվել է մեր երկրի ներկայացուցիչների մեկնարկների նախապատրաստության օրացուցային պլանը, Հայաստանի հավաքականի թեկնածուների ցուցակը: Այնպես որ, աշխատանքն առջևում է: 2013-ի համեմատությամբ` որոշվել է ավելի շատ ուշադրություն դարձնել մանկապատանեկան աթլետիկայի զարգացմանը: Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան այդ ուղղությամբ աշխատանքների ծրագիր է մշակել: Այն հետաքրքիր է, նորություն, մնում է, որ Հայաստանում իրականացվի: Ի դեպ, միջազգային կազմակերպությունն այդ նպատակով զգալի մարզագույք է տրամադրել, տեսականին մեկ տասնյակ է: Այդ ամենն օգտագործվելու է մարզումները կազմակերպելու, մրցումներն անցկացնելու ժամանակ:
Փորձը ցույց է տվել, որ աշխատանքն արդյունավետ է, երբ աթլետիկան ուսուցանվում է պատանեկան վաղ հասակից: 2013-ին ունեցել ենք Եվրոպայի պատանիների չեմպիոն: Այդ հաջողությանը հասել է կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը: Փետրվարի 12-ին Հայաստանի հավաքականի 21 մարզիկ-մարզուհիները կուղևորվեն Վրաստան: Թբիլիսիում կկազմակերպվի կարճատև ուսումնամարզական հավաք: Փետրվարի 16-ից մերոնք կարողությունները կփորձեն Վրաստանի մայրաքաղաքում կազմակերպվելիք միջազգային մրցումներում: Դրանց ավարտից հետո ուսումնամարզական պարապմունքները տեղում կշարունակվեն մինչև փետրվարի 21-ը: Ապա մեր ընտրանին կմեկնի Ստամբուլ, որպեսզի մասնակցի բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը: Հայաստանի աթլետներն այս ստուգատեսում երկրորդ անգամ են կարողությունները փորձելու: Նորամուտը նշել ենք 2013-ին: Մեր երկրի մարզուհիների հավաքականը 11 պետությունների ներկայացուցիչների պայքարում զբաղեցրել է 5-րդ տեղը, որը լավ արդյունք է: Իսկ Հայաստանի տղամարդկանց հավաքականը բավարարվել է 9-րդ տեղով: Անցյալ տարի մրցանակակիր չենք ունեցել: Դրան մոտ էր 4-րդ տեղը գրաված հեռացատկորդ Սաթենիկ Հովհաննիսյանը:
Այս տարի կփորձենք լրացնել այդ բացը: Ցույց տված արդյունքներով դրան կարող են հավակնել մեր երկրի հեռացատկորդները: Հունվարի 17-ին, երբ ձմեռային մրցաշրջանի բացման մրցում անցկացրինք «Հայաստան» մարզական միության Երևանի մարզասրահում, մյուս մրցաձևերում առանձնակի բարձր արդյունքեր չարձանագրվեցին: Մարտի սկզբին աշխարհի ձմեռային առաջնությունն անցկացվելու է Լեհաստանում: Հայտավորել ենք Վարդան Փահլևանյանին, որը 2013 թ. հեռացատկել է 7 մ 89 սմ: Հնարավոր է, որ փոփոխություն կատարվի, եթե ավելի բարձր արդյունք ցույց տվող գտնվի:
- Հայաստանից մարզուհի չի՞ մեկնելու աշխարհի առաջնություն: Որպես կանոն, տարբեր մարզաձևերում մասնակցելու հրավեր ուղարկվում է այս կամ այն երկրի երկու սեռի ներկայացուցիչների:
- Միայն մեկ տեղ է հատկացվել: Մինչև 2013-ը աթլետիկայի աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավեր էր ուղակվում 1-ական մարզիկի և մարզուհու: Բայց այդ մոտեցումը վերանայվել է:
- Հայաստանի հավաքականից հեռացողներ, կանոնավոր մարզումները թողնողներ կա՞ն:
- Չի մարզվում 400 մ վազորդուհի Անահիտ Աբրահամյանը: Նա երիտասարդ է, 2013-ին Եվրոպայի 3-րդ խմբի թիմային առաջնությունում 6-րդ տեղ է գրավել: Աբրահամյանը Գյումրիում է բնակվում, մարզվելու համար պայմաններ չկան: Եթե նա Սանկտ Պետերբուրգ գնա, ապա հնարավոր է` այնտեղ վերսկսի պարապմունքները: Սպասում ենք, թե ինչ կլինի:
- Ի՞նչ պայմաններում են պարապում Հայաստանի աթլետները ձմռանը:
- Մարզումները կազմակերպվում են «Հայաստան» մարզական միության մարզասրահում, որը լավ վիճակում չէ: Տանիքը քամիներից վնասվել է, դրա հետևանքով անձրևաջրերն ավերածություներ են արել: Տուժել են պատերը, նաև մարզահատվածները. արհեստական ծածկը որոշ տեղերում պոկվել է: Մարզասրահի ջերմությունն էլ այն չէ, բայց արդեն համակերպվել ենք:
- Իսկ նիզականետորդները, գնդահրորդները որտե՞ղ են պարապում:
- Մեզ տրամադրված մարզաբազայում միայն գնդահրորդները կարող են մարզվել: Թբիլիսիում և Ստամբուլում կայանալիք միջազգային մրցումների ծրագրերում գնդահրորդների մրցումներ անցկացվելու են, այդ է պատճառը, որ նախապատրաստվում ենք: Տարեսկզբին կազմակերպված մրցումներում ինձ համար հայտնություն էր գյումրեցի Հերմինե Ավետիսյանը, որի նետած գործիքն անցավ 11 մ-ի սահմանագիծը: Ուժեղ սեռի ներկայացուցիչներից երեք մարզիկ է պայքարում հավաքականում ընդգրկվելու համար: Նրանք հավասար արդյունքներ են ցույց տալիս:
- Ոչինչ չասացիք նիզականետորդների մասին: Մինչդեռ վերջին օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներում Հայաստանի ներկայացուցիչը հենց այդ մրցաձևում է ուղեգրի արժանացել:
- Գյումրեցի Մելիք Ջանոյանը շարունակում է այդ մարզաձևով զբաղվել: Բայց կարելի է ասել, որ նա միայն օլիմպիական խաղերից առաջ է ակտիվություն դրսևորում, մարզվում է արտերկրում, մրցումների մասնակցում և կարողանում է օլիմպիական խաղերի ուղեգրերի արժանանալ: Նա իրեն հավասար մրցակից Հայաստանում չունի:
- Մերոնց` 2014-ի մրցաշրջանի միջազգային ո՞ր մրցումների մասնակցությունն եք առավել կարևորում:
- Եվրոպայի 3-րդ խմբի թիմային առաջնությունը, որը կայանալու է հունիսին, Թբիլիսիում: Նախատեսվում է մրցումների շեմին Վրաստանում ուսումնամարզական հավաք անցկացնել: 2013-ին այդ ստուգատեսը կայացել էր Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում: Հայաստանից 20 մասնակից կար: Այս տարի 25-26 մարզիկ-մարզուհի մրցասպարեզ կհանենք: Անցյալ տարի15 երկրների հավաքականների պայքարում ընդհանուր հաշվարկով զբաղեցրել ենք 9-րդ տեղը:
- Աթլետիկայի վիճակի բարելավման ի՞նչ հուսադրող սպասումներ կան:
- 2013-ից խոսվում է այն մասին, որ Երևանի «Հրազդան» մարզադաշտում արհեստական ծածկ է տեղադրվելու, աթլետիկայի ժամանակակից պայմաններ են ստեղծվելու: Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարությունը հայտնել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները սկսելու թույլտվություն ստացվել է, բայց տեղաշարժ առայժմ չկա: Ներկայումս այդ մարզաբազայում պարապել հնարավոր չէ: Եթե հարցը լուծվի, ապա Հայաստանի հավաքականը մարզվելու վայր կունենա: Փաստն այն է, որ աթլետների ամառային մարզումների համար Հայաստանում ոչ մի մարզաբազա չկա:
- Իսկ Ծաղկաձորի աթլետիկայի երկու մարզաբազանե՞րը:
- Այնտեղ էլ պայմաններ չկան: Վերին հատվածի մարզաբազան, որում տարիներ առաջ անցկացվում էին Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի սահմանած պարգևների խաղարկության միջազգային մրցումները, այժմ մասնավոր սեփականություն է, նոր տեր ունի, այլևս աթլետների համար գոյություն չունի: Իսկ ստորին հատվածում կառուցված հին մարզաբազան ավերված է: Այն հարմարեցվում է, որպեսզի կազմակերպվեն Հայաստանի նախագահի սահմանած մրցանակների համար ընտանիքների մրցումները:
- Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Ֆրանսիայում բնակվող Ռոբերտ էմմիյանի նախաձեռնությամբ, ամեն տարի մեր աթլետները Ֆրանսիայում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում այդ երկրի ներկայացուցիչների հետ: 2014-ին նախատեսվո՞ւմ է այդպիսի ուսումնամարզական հավաք:
- Դա ամեն տարի արվում է, բայց առայժմ այդ մասին խոսակցություն չի եղել:
- Հայաստանի պատանի աթլետներին ի՞նչ փորձութուններ են սպասում, նրանցից ի՞նչ նոր սպասելիքներ կարելի է ունենալ:
- Միջազգային մրցումներ շատ կան: Սպասելիքները հիմնականում Աղասյանից են: Նա ներկայումս բանակում է ծառայում, դժվար է այնպես անել, որ մարզումների մասնակցի, նախապատրաստվի և մրցումներում հանդես գա:
- Ամեն տարի այս ժամանակահատվածում Հայաստանի աթլետներն Իրանում միջազգային մեկնարկների մասնակցելու հրավեր էին ստանում: Այս առումով որևէ լուր կա՞:
- Ինչքան էլ տարօրինակ է, այս տարի հրավեր չստացանք: Մրցումները, որպես կանոն, կազմակերպվում են փետրվարի սկզբին, իսկ հրավերը ստանում էինք դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին: Պատճառի մասին ոչին չեմ կարող ասել: 2013-ին Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները Իրանում թիմային պայքարում գրավել են առաջին և երկրորդ տեղերը:
Tags: աթլետիկա, սպորտ