Ինչո՞ւ են մարմնամարզության Հայաստանի մարզիչները գերադասում բախտ որոնել արտասահմանում

Հայոբ սերոբյանՄարմնամարզության Հայաստանի մարզիչների աշխատանքն արտասահմանում բարձր է գնահատվում, և մեծ թիվ են կազմում մեր երկրից հեռացողները: Փաստն այն է, որ դրսում, անգամ սկսնակների խմբերի հետ պարապողները, լավ են վարձատրվում:

Արդեն կես տարի է` Ֆրանսիա է տեղափոխվել Ալբերտ Ազարյանի անվան Երևանի մարմնամարզության դպրոցի մասնագետ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի այժմ արդեն նախկին գլխավոր քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանը: Նա աշխատում է Փարիզում, ամիսը ստանում է 1300 եվրո, որն ամենացածր աշխատավարձն է: Նա ավելի կբարելավի իր ֆինանսական վիճակը, երբ սաները վարպետանան, լավ արդյունքներ ցույց տան: Այդ երկրի մարմնամարզության ակումբների դրվածքն այդպիսին է: Մարզչի աշխատավարձը պայմանավորված է նաև այն հանգամանքից, թե քանի սան ունի: Այնպես որ, ժամանակի ընթացքում տեղաշարժեր ինքնին լինելու են:

Մեր ճանաչված մարմնամարզիկներից Վահագն Ստեփանյանն արդեն 30 տարեկան է և որոշել է թողնել մեծ սպորտը, անցնել մարզչական աշխատանքի: Ստեփանյանն օրերս Սաուդյան Արաբիայի մարմնամարզության ֆեդերացիայի ղեկավարության հրավերով մեկնեց այդ երկիր: Նախատեսվում է, որ նա փորձնական աշխատելու է երեք ամիս: Դրանից հետո, եթե կողմերը համաձայնության գան, աշխատանքային ավելի երկարատև պայմանագիր կկնքվի: Ստեփանյանն ամիսը ստանալու է 1500 դոլար, սակայն, ի տարբերություն Հովհաննիսյանի, նա զերծ է մնալու ուղևորության, կեցության հետ կապված խնդիրներից: Հոգացել են նրա ինքնաթիռով տեղափոխման ծախսը, ապահովել բնակարանով, փոխադրամիջոցով և այլն:

Մի շարք արաբական երկրներից շատ են խնդրում, որ Հայաստանից մասնագետներ աշխատանքի տեղափոխվեն: Այժմ էլ նոր առաջարկներ են ստացվելՀորդանանից և Քուվեյթից:

Հրայր Գասպարյանը, որ աշխատում էր Սիրիայում, պատերազմական իրավիճակի պատճառով վերադարձել է Հայաստան, բայց հավանական է, որ աշխատանքի անցնի Քուվեյթում: Այդ մասին արդեն նախնական համաձայնություն կայացվել է: Հայ մասնագետի վարձատրությունն ամիսը կարող է հասնել մինչև 3 հազար դոլարի:
Իրաքի հավաքականի մարզիչ, երևանցի Կարեն Բաղդասարյանի աշխատավարձը 3 հազար դոլարից էլ բարձր է, նրան նաև բնակարան են տրամադրել, հոգում են ապրելու բոլոր պայմանները:

Քաթարի հավաքականը գլխավորում է նախկինում ճանաչված մարմնամարզիկ, միջազգային կարգի սպորտի վարպետ Էդվարդ Գևորգյանը: Նա նախկինում Սիրիայում է աշխատել:

Անգամ հեռավոր Բրազիլիայում Հայաստանից գնացած մարզիչներ ունենք` Վարդան Սարգսյանը և Վարդան Մովսիսյանը:
Իսկ Հայաստանից տեղափոխված մարմնամարզության մասնագետներ ամենից շատ` շուրջ երեք տասնյակ, Միացյալ Նահանգներում են: Ուշագրավ է, որ այդ երկրում մարմնամարզությունը բարձր մակարդակում է, կան օլիմպիական խաղերի աշխարհի չեմպիոններ: Կարճ ասած, ամերիկացի մարմնամարզիկները և մարմնամարզուհիներն աշխարհում եղանակ են ստեղծում: Եվ հայ մասնագետների սաները ոչ միայն հաջողությամբ են մրցակցում աշխարհի տարբեր պետություններից ԱՄՆ-ում գործի անցած լավագույն մասնագետների աշակերտների հետ, այլև շրջանցում են նրանց:

Օլիմպիական խաղերի չեմպիոն Էդվարդ Ազարյանի սանը ներկայումս ԱՄՆ-ի հավաքականում է և մեծ հույսեր է ներշնչում: Աշխարհի չեմպիոն Արթուր Հակոբյանի գլխավորությամբ պարապող մարզուհին օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի չեմպիոն: Հավելենք, որ ԱՄՆ-ի մարմնամարզուհիների հավաքականի մարզիչներից է միջազգային մրցաշարերի հաղթող, միջազգային կարգի սպորտի վարպետ Արմինե Բարությանը:

Ինչ խոսք, այպիսի կարգավիճակ ունեցող հայ մասնագետների վարձատրությունը շատ բարձր է: Մինչդեռ Հայաստանում մարզիչը լավագույն դեպքում ամիսը վաստակում է 80 հազար դրամ: Թերևս այդ է պատճառը, որ առանց երկմտանքի մերոնք գերդասում են բախտ որոնել արտասահմանում:

Երբ ֆինանսները սահմամափակ են

մարմնամարզիկ2013-ը հաջող էր մեր երկրի մարմնամարզիկների համար: Վահագն Ստեփանյանը նժույգի վրա կատարել էր մի տարր, որը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան անվանել է նրա անունով: Ընդ որում, նա հայ չորրորդ մարմնամարզիկն է լեգենդար Հրանտ Շահինյանից, Ալբերտ Ազարյանից և Արթուր Հակոբյանից հետո, որ այդպիսի նվաճման է հասնում:

Արթուր Դավթյանն էլ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում հենացատկերում դարձել է բրոնզե մեդալակիր: Բազմամարտում նա մրցանակակիր չդարձավ, սակայն Եվրոպայում ճանաչվեց 8-րդը, որը նույնպես բարձր և հուսադրող ցուցանիշ է:

Նրա կողքին կա՞ն մարզիկներ, որոնք հաջողությունների հասնելու հույսեր են ներշնչում առաջիկա խոշորամասշտաբ միջազգային ստուգատեսներում: Այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանին:

- Փորձառու Հարություն Մերդինյանն էլ ավելի է բարդացրել իր նախասիրած մարզագործիքի` նժույգի վրա կատարվող վարժությունների ծրագիրը: Իր բարդությամբ այն աշխարհում երկրորդն է: Ավելի բարդ ծրագիր է կատարում անգլիացի Մաքս Վիտոկը: Նրա ծրագրի բարդության գործակիցն է 17,3, իսկ Մերդինյանի ծրագրի բարդությունը մեկ տասնորդական միավորով պակաս է: 29-ամյա հայ մարմնամարզիկը 2013-ի Եվրոպայի առաջնությունում լավ կատարեց նժույգաթափերը և իր մարզական կենսագրությունում այս մրցաձևում իր ամենաբարձր գնահատականին արժանացավ` 15,366 միավոր: Պարզապես ուժեղ պայքար էր, և նա ստիպված էր բավարարվել 5-րդ տեղով: Ընդ որում Մերդինյանի կատարած վարժությունների ծրագրի գործակիցը 16,4 էր: Եթե նա կարողանա նոր ծրագիրը լավ կատարել, ինչպես դա անում է պարապմունքների ժամանակ, մեդալի հավակնորդ կլինի ցանկացած մրցաշարում: Ի դեպ, աշխարհի առաջնությունում Մերդինյանը 16,9 բարդությամբ ծրագրով հանդես եկավ, սական փոքր-ինչ թափթված կատարեց, և ցանկալի արդյունքը չստացվեց: Չանտեսենք, որ Հարությունը նժույգաթափերի Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր է, արդեն թրծված մարմնամարզիկ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մայիսի վերջին կայանալիք Եվրոպայի առաջնությանը նա նպատակադրված է մասնակցելու, որպեսզի պարգևի արժանանա: Այդ ստուգատեսի մասնակիցները հանդես են գալու միայն բազմամարտի առանձին մրցաձևերում: Զուգահեռ մրցելու են նաև երիտասարդները: Նրանք վիճարկելու են Չինաստանի Նանջին քաղաքում կայանալիք պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի ուղեգրեր: Իրատեսական հույսեր կան, որ մեր երկրի ներկայացուցիչը վարկանիշ ձեռք կբերի:

- Քանի՞ մասնակից ենք ունենալու Եվրոպայի առաջնությունում:
- Կարող էինք 6 մարմնամարզիկ մրցասպարեզ հանել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով կունենանք 4 մեծահասակ և 1 երիտասարդ մարմնամարզիկ: Հայաստանը կներկայացնի երիտասարդ Վիգեն Խաչատրյանը: Եթե անգամ նա իր միջին կարողություններով հանդես գա, ուղեգրի կտիրանա: Դրա համար պահանջվում է, որ երևանցի մարմնամարզիկը 1-19-րդ տեղերը գրավողների խմբում լինի: Իսկ մեծահասակներ Արթուր Դավթյանից, Հարություն Մերդինյանից բացի, հանդես կգան նաև Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը: Վերջինս աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ մրցանակակիր է, իսկ Թովմասյանը աշխարհի գավաթի խաղարկությունում ճանաչվել է 3-րդը: Այնպես որ, մեր բոլոր մարզիկներն էլ լուրջ հավակնություններով են ուղևորվելու մրցավայր, բոլորն էլ պայքարելու են:

- Նախապատրաստական շրջանում խնդիրներ ծագո՞ւմ են:
- Արթուր Դավթյանը ծառայում է բանակում: Նա կանոնավոր մարզվելու հնարավորություն չունի: Այդ է պատճառը, որ դադարից հետո, երբ կրկին սկսել է պարապել, ձեռքի կոշտուկներից վերքեր են առաջանում: Հնարավոր չէ, որ միշտ Արթուրը պարապմունքներում ներգրավվի: Հետևաբար, նա բաց թողեց 2013-ի աշխարհի առաջնությունը: Սեպտեմբերի 29-ին հավաքականը մրցավայր` Բելգիա էր մեկնել առանց Դավթյանի, քանի որ նա զորամասից իր թիմակիցներին էր միացել միայն սեպտեմբերի 25-ին, չէր հասցրել նախապատրաստվել. երկու ամիս չէր մարզվել:

- Մերոնց էլ ի՞նչ փորձություններ են սպասում:
- Մարտի 6-10-ը Հայաստանի հավաքականը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում միջազգային մրցաշարի կմասնակցի: Մարտի 25-30-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվելու է աշխարհի գավաթի խաղարկությունը: Եվրոպայի առաջնությանը մեր 4 նախապատրաստվողներն էլ պետք է հանդես գան: Երիտասարդական մրցաշար չի կազմակերպվելու: Քաթարում աշխատող մարզիչ Էդվարդ Գևորգյանը խոստացել է աջակցել, և առանց լրացուցիչ ծախսեր կատարելու` կարճատև ուսումնամարզական հավաք կանցկացնենք: Դոհայում հիանալի մարզաբազա կա: Արթուր Դավթյանը հնարավորություն կստանա փորձարկելու հենացատկերի իր նոր` բարդ ծրագիրը, Հայաստանում դա անելու համար պայմաններ չկան: Դոհայում մարզիկները մրցելու են բազմամարտի առանձին մրցաձևերում: Իսկ բազմամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը կայանալու է նոյեմբերին Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, որին մասնակցելու են միայն աշխարհի 8 ուժեղագույնները: Հոկտեմբերին էլ Նանջինում կայանալու է աշխարհի առաջնությունը: Հայաստանից սահմանափակ թվով` միայն 2-3 մարզիկ կմասնակցի. ֆինանսների խնդիր է: Նախատեսում ենք Արթուր Դավթյանի և Հարություն Մերդինյանի մրցելույթը: Տարեվերջին էլ մերոնք հանդես կգան Միխայել Վորոնինի ավանդական դարձած հուշամրցաշարում, որն անցկացվում է Մոսկվայում: Հունիսին մեր երիտասարդ մարմնամարզիկներն էլ կարողությունները կփորձեն Պենզայում կազմակերպվելիք ԱՊՀ երկրների առաջնությունում: Միջազգային մրցաշարերի մասնակցելու հրավերներ շատ կան, բայց փող չկա: Միայն դա չէ, մարզագործիքներն էլ տարիներ շարունակ չեն թարմացվել: Խոստանում են, որ կօգնեն, բայց տեղաշարժ չկա:

 

Tags: , ,