Երկու մեծանուն արվեստագետների անցած ուղիների հատման կետերն են ամփոփված «Փարաջանով: Կոլաժ երկուսի համար» գրքում: Հեղինակը կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցն է: Գիրքը հանրությանն է ներկայացվել նախորդ տարեվերջին:
Գրքի շապիկը գուցե այնքան էլ գրավիչ չէ, սակայն բովանդակությունն անկրկնելի է. մի քանի տող կարդացած անձը կարծես «ծուղակն է ընկնում» ու չի կարողանում դադար տալ, քանի դեռ գիրքը չի կարդացել-վերջացրել:
Հեղինակի մասնագիտությունը մեծապես ազդել է գրքի շարադրանքի վրա. սեղմ, բայց գրավիչ ու բովանդակալից: Երբ կարդում ես` թվում է, թե ֆիլմ ես դիտում, այնքան կենդանի, պատկերավոր է գրքի լեզուն:
Հենց գրքի յուրահատկության` շարադրանքի շնորհիվ մոռանում ես, որ Փարաջանովին տեսնում ես Գևորգյանցի աչքերով, զուգահեռաբար էլ ծանոթանում ես նաև Գևորգյանցի անցած ուղուն: Թվում է, թե դա քո կյանքի ճանապարհն է, Փարաջանովի երիտասարդ ընկերն էլ դու ես` ընթերցողդ:
«Այս գիրքը գեղարվեստական ստեղծագործության հավակնություն չունի: Միայն ուրվագծեր, ճեպանկարներ, էտյուդներ, սրտազարկերի կորագիծ, հուշեր իմ ու Սերգեյ Փարաջանովի հանդիպումներից, որի հետ, չնայած տարիքների տարբերությանը, ընկերություն էինք անում: Այս գիրքը նաև այն ժամանակների մասին է, նաև այն ժամանակվա մարդկանց մասին, նաև Փարաջանովի ժամանակի մասին»,- ընթերցողին իրազեկում է Գևորգյանցը` մինչ բուն պատմությանն անցնելը:
Գևորգյանցի հուշերից բացի, գրքում ներառված են նաև պատառիկներ Փարաջանովի անձնական նամակներից, ինչպես նաև աշխարհահռչակ գործիչների հուշերից:
«Ուղիղ մեկ տարի առաջ Երևանում ընկերներիս հետ զրուցում էինք սրճարանում: Ես ինչ-որ դրվագներ էի պատմում Փարաջանովի հետ իմ հանդիպումներից: «Դե բավական է պատմես, նստիր ու գրիր, ինչ որ պատմում ես»,- ասաց Դավիթ Մուրադյանը: Դա էլ հենց եղավ շարժառիթը: Հենց հաջորդ օրը նստեցի ու սկսեցի գրել` իմ առջև հստակ պահանջ դնելով ամեն օր գրել առնվազն մեկ էջ: Հանեցի իմ բոլոր 14 նոթատետրերը, որոնց մեջ տարիների ընթացքում փոքրիկ գրառումներ էի արել, առանձնացրեցի այն ամենը, ինչ առնչվում էր Սերգեյ Փարաջանովին: Պարզվեց, որ բավականին հետաքրքրիր նյութ կա կուտակված, որովհետև նրա հետ շատ հանդիպումներ էի ունեցել»,- գրքի շնորհանդեսին, ըստ «Կինոաշխարհ» պարբերականի, ասել է Ռուբեն Գևորգյանցը` անդրադառնալով գիրքը գրելու դրդապատճառներին:
Մեկ այլ դրդապատճառի Գևորգյանցը նաև գրքում է անդրադարձել` կինոռեժիսոր Օթար Իոսելիանիի հայտարարությանը, թե Փարաջանովը հայ չէ և ընդհանուր ոչինչ չունի Հայաստանի հետ, «պարզապես հայերը գողացել են Փարաջանովի ամբողջ արխիվը, նրան էլ տարել-թաղել են կագեբեական Արամ !աչատրյանի կողքին»: Գիրքը կարծես պատասխան է հակահայկական տրամադրվածություն ունեցող կինոռեժիսորին: Փարաջանովի տողերը` գրված իր մասին, լավագույն հերքումն են. «Ինձ համար Հայաստանն արվեստ է ու պատմություն, Հայաստանը իմ ընկերներն են, իմ բերկրանքը, մեր ստեղծագործական կորուստները….Բոլորը գիտեն, որ ես երեք հայրենիք ունեմ: Ծնվել եմ Վրաստանում, աշխատել եմ Ուկրաինայում և պատրաստվում եմ մեռնել Հայաստանում»:
Պատմությունը սկսվում է հեռավոր 1978-ի մի ձմեռային առավոտից, երբ Գևորգյանցն ու իր ընկերը րոպեներն էին հաշվում, թե երբ գնացքը կշարժվի դեպի Թբիլիսի, ուր կկարողանային տեսնել բանտից նոր ազատված Փարաջանովին:
Պատմության ընթացքը միագիծ չէ ժամանակային առումով: Ինչպե՞ս է մարդկային հիշողությունը, որ ժամանակից ժամանակ է թռչում, սկսում մի տեղից, հետո մի այլ բան հիշում, հետո երրորդը, ապա նորից վերադառնում առաջինին: Հենց այսպես էլ շարադրված է, բայց այդ ամենն այնքան բնական է, որ թվում է` այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ դու` ընթերցողդ ես այդ ամենը վերհիշում:
Գրքում տեսնում ենք Փարաջանով ընկերոջը, մարդուն, հանճարին, պարզապես քաղաքացուն` կյանքի տարբեր ոլորտներում ու դրսևորումներում:
«Հագնվում էր շատ պարզ ու հարմարավետ` վելվետե տաբատ, վար թողած մգագույն վերնաշապիկ` որպես կանոն, խոշոր վրադիր գրպաններով: Շրջում էր փողոցներով, ուր նրա համար ամեն ինչ հետաքրքիր էր (և ի՞նչն էր լինում հետևանքը): Օրինակ` ճաշի էր գալիս մեզ մոտ, իսկ 10-15 րոպե անց նրա այցելությունը վերածվում էր 60-100 հոգիանոց երթի: Կանգ էր առնում ամեն քարի, պատի, հուշարձանի մոտ, ինչ-որ բաներ էր մեկնաբանում, մատնացույց անում, կատակում: Եվ շուրջը հավաքվածները լսում էին նրան բերանները բաց: Հիմնականում նրանք պարզ մարդիկ էին` վարորդներ, բանվորներ, վարսավիրներ և այլն: Նրանք, որպես կանոն, ոչինչ չէին հասկանում, թե ինչեր է ասում (և ոչ այն պատճառով, որ խոսում էր ռուսերեն): Բայց մարդիկ գնում էին նրա հետևից, ասես մեսիա լիներ…»,- այսպես է Գևորգյանցը ներկայացնում, թե որքան սիրված ու ընդունված էր Փարաջանովը:
Այնպես է ստացվում, որ Գևորգյանցն առաջիններից է իմանում թե՛ Փարաջանովի ձերբակալության, թե՛ ազատ արձակման մասին: «70-ականներին քաղաքական մոտիվներով ձերբակալություններ էին լինում, բայց դրանք մեզ չէին վերաբերում, մեր հոգը չէին: Իսկ հիմա վերաբերում էր…»,- հիշում է նա:
Անդրադառնալով մեղադրանքին, որը մինչ օրս էլ շահարկումների թեմա է, Գևորգյանցը գրում է. «Փարաջանովի համար հորինել էին կեղտոտ մեղադրանք` արվամոլություն, բռնաբարություն, նույնիսկ գտել էին մի տուժածի` երիտասարդի, որը երկու անգամ մարմնեղ էր Սերգեյ Իոսիֆովիչից: Եվ դրան բռնաբարել էր Փարաջանովը: Եվ մեկ էլ նրան մեղադրում էին պոռնոգրաֆիա տարածելու համար: Մոտը մի ինքնահոս գրիչ էին գտել, որպիսին այն ժամանակ ունեին նույնիսկ շատ դպրոցականներ: Թեքում ես գրիչը, և լողազգեստով աղջիկը մերկանում է: Ծիծաղելի է, չէ՞: Եվ տվեցին հինգ տարի»:
Հետագայում Գևորգյանցը հնարավորություն է ունեցել իր «Փարաջանով. վերջին կոլաժը» վավերաֆիլմի նկարահանման ժամանակ Փարաջանովի գործը վարած քննիչին հարցնել. «Պարոն Մաշկով, իսկ ձեզ խիղճը չի՞ տանջում»: Ապա եզրակացրել է. «Ես միամիտ հարց տվեցի խղճի մասին: Այդպիսի մարդկանց խիղճը երբեք չի տանջում»:
Վերջաբանում, ամփոփելով աշխատանքը, Գևորգյանցը գրում է. «Փարաջանովի մասին կարելի է գրել ու գրել: Ճիշտ է, նրա հետ կապված պատմություններից շատերը հորինված են: Գրում, պատմում են մարդիկ, ովքեր թերևս կյանքում սոսկ մեկ անգամ են տեսել նրան, այն էլ` հեռվից: Բայց սա, երևի, վատ չէ: Նա լեգենդ է դարձել, քանզի եղել ու մնում է լեգենդ»:
