Ինչով կտարբերվեն Հայաստանի ուսանողական մարզական հերթական խաղերը նախորդներից

ռազմիկՀայաստանի ուսանողական մարզական խաղերը բուհերի սովորողների համար երրորդ քննաշրջան են: Մեր երկրում այդպիսի հաստատությունների թիվն անցնում է ութ տասնյակից, սակայն նախկին փորձը ցույց է տվել, որ ոչ բոլորի սովորողներն են մասնակցում խաղերին: Տարիներ ի վեր սա մտահոգող հարց է, այն դեպքում, երբ մեր երկրի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահն ի պաշտոնե Հայաստանի ԿԳ նախարարն է: Թե ինչու վիճակը չի շտկվում, երբ են սկսվելու առաջիկա խաղերը, փորձեցինք պարզել Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանից:

- Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան միայն խաղերի կազմակերպչական հարցերով է զբաղվում: Բուհերի ռեկտորները փորձում են աջակցել, սակայն պատկերը կրկնվում է: Չմասնակցելու պատճառները տարբեր են: Մարտի վերջին կմեկնարկի շախմատի մրցաշարը: Ապա պայքարի ոլորտ կներգրավվեն հանդբոլիստների հավաքականները: Խաղերի բացումն էլ կկայանա ապրիլի 1-ին` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում անցկացվելիք հանդբոլի մրցաշարի ժամանակ: Շախմատի մրցաշարը թիմային է, սակայն կկայանա նաև արագ շախմատի անհատական մրցաշար:
Խաղերի ծրագրում 9 մարզաձև է, դրանց թիվն ավելացել է: Հարաբերությունները որոշելու հնարավորություն կունենան նաև ձյուդոյիստները, հրաձիգները: Հրաձգության մրցումներին օդամղիչ զենքով ամեն բուհից մասնակցելու է 3 մարզիկ: Նշանառուներն առաջին անգամ են մրցելու խաղերում, այդ է պատճառը, որ հնարավորն արվել է, որպեսզի դժվարություններ չառաջանան և մասնակիցների թիվը մեծ լինի: Ձյուդոյի մրցաշարում միայն մարզիկները հանդես կգան: Կկազմակերպվի ձյուդոյի անհատական մրցաշար:
Կանցկացվեն նաև վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտզալի, սեղանի թենիսի, հանդբոլի մրցաշարեր: Բացառությամբ վերջինի, մյուս մարզաձևերի մրցումներում կարողությունները կփորձեն ուսանողները և ուսանողուհիները: Եթե մի քանի թիմ հանդբոլիստուհիների մրցաշարին մասնակցելու հայտ ներկայացնի, ապա այդ մրցաձևի ստուգատես էլ կկազմակերպվի: Ինչ վերաբերում է ֆուտզալին, ապա նախորդ խաղերին գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 6 հավաքական է մասնակցել: Փաստը խոսուն է և վկայում է, որ այդ մարզաձևը բուհերում տարածում ունի: Աթլետիկայի ծրագրում մի քանի մատչելի մրցաձևեր են:
Այս խաղերը տարբերվում են նախորդներից ոչ միայն նրանով, որ ծրագրում նոր մարզաձևեր կան: Հարցն այն է, որ թույլատրվել է մասնակցել բուհերի բոլոր սովորողներին, անկախ այն հանգամանքից, թե այս կամ այն մարզիկն ինչպիսի պատրաստականություն ունի: Նախկինում սահմանափակումներ էին կիրառվում: Ստացվում էր, որ եթե ուսանողը բարձրակարգ մարզիկ է, չի կարող օգնել իր բուհի հավաքականին: Այնպես որ, այս անգամ մարտական կազմով մասնակցելու են նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմերը:

խաղ- Սուպերեզրափակիչներ կայանալո՞ւ են:
- Եթե ցանկություն կլինի, ապա այդպիսի լրացուցիչ մրցամարտեր կացկացվեն. կմրցեն տարբեր մարզաձևերի թիմային մրցումներում առաջին և երկրորդ տեղերը գրավողները: Ի դեպ, խորհրդակցություն է անցկացվել, որին մասնակցել են շուրջ երկու տասնյակ բուհերի ներկայացուցիչներ, և այդ կարգի ամեն խնդիր քննարկվել է: Մինչև փետրվարի վերջը շարունակվելու է խաղերի մասնակցության հայտերի ընդունումը: Միայն դրանից հետո պարզ կդառնա, թե քանի բուհ է մասնակցելու խաղերին:

- Կա՞ն դժվարություններ:
- Համապատասխան մարզակառույցներ ընտրելու խնդիր ունենք: Նպատակն այն է, որ ամեն բան բարձր մակարդակով կազմակերպվի: Անհրաժեշտ չափերի ֆուտզալի մարզասրահներ գտնելու հարց կա: Մասնակցել ցանկացող թիմերի թիվը շատ է: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, կպահանջվի երկու մարզասրահի առկայություն: Հնարավոր է` եզրափակիչն անցկացվի Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի` Ավանում գտնվող դահլիճում:

- Բացի Երևանի բուհերից, խաղերին կմասնակցե՞ն Հայաստանի մյուս բնակավայրերի ներկայացուցիչները:
- Տարիների փորձը ցույց է տվել, որ Գյումրիի, Վանաձորի, Արցախի բուհերը պարտադիր մի քանի մրցաձևերում մասնակցում են: Գավառի ներկայացուցիչները միայն այս կամ այն մրցաձևերում են հանդես գալիս: Ֆինանսական խնդիրների պառճառով է, որ հաստատությունների ներկայացուցիչները չեն կարողանում մեծ թվով պատվիրակներ գործուղել մրցաշարերին մասնակցելու:

- Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է: Գերատեսչությունն ինչո՞ւ չի ուսումնասիրում և պահանջ ներկայացնում, որ բուհերում սովորողների համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանաններ ստեղծվեն, հաստատությունների ղեկավարները մարզաբազաները բարեկարգեն, սարքավորեն նորերը կամ էլ պարզապես դրանք վարձակալեն:
- Մի քանի տարի առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի և ՀՀ ԿԳ նախարարությունները համատեղ ուսումնասիրություններ կատարել են: Պատկերը, մեղմ ասած, գոհացնող չէր, սակայն հետագայում անդրադարձ չեղավ:

- Բայց ՀՀ ԿԳ նախարարությունը կարող է զրկել բուհերին աշխատելու արտոնագրից:
- Դա կարող է կիրառվել այն դեպքում, երբ հաստատությունը մարզական պայմաններ չունի և դրանք չի էլ վարձակալում: Իրականում բուհերը մեծ հնարավորություններ չունեն: Ներկայումս «Հայաստան» մարզական միության սեղանի թենիսի մարզասրահից վարձակալությամբ օգտվում է երեք բուհ և ամիսը վճարում 20 հազար դրամ: Դա բավարար չէ անգամ էլեկտրաէներգիայի, դահլիճը մաքրելու վճարների համար:

- 2015-ի հոկտեմբերին Երևանում անցկացվելու է շախմատի Եվրոպայի ուսանողների առաջնությունը: Այդ ստուգատեսի մասնակիցներին հավուր պատշաճի հյուրընկալելու հնարավորություններ կա՞ն:
- Այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են: Դեռևս հստակցված չէ, սակայն հավանական է` այն անցկացվի Հայաստանի շախմատի ակադեմիայում: Աջակցելու է կառավարությունը: Ամենայն հավանականությամբ, կպահանջվի 20-25 մլն դրամ: Ի դեպ, այս տարի Հայաստանի ժողտնտեսության համալսարանի հավաքականը մասնակցելու է Եվրոպայի ուսանողական մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի մրցաշարին: Ֆիզիկական կուլտուրայի հավաքականն էլ խաղալու է սեղանի թենիսի մրցաշարում: Արդեն այդ թիմերի հայտերն ուղարվել են, և մերոնց մասնակցությունը հաստատել ենք, կանխավճարներն էլ` մուծել: Երկու տարին մեկ կազմակերպվող այդ խաղերն այս տարի կայանալու են օգոստոսին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում:

- Սակայն, խաղերի ծրագրում շատ մարզաձևեր կան, բացի այդ, ամեն տարի կազմակերպվում են Եվրոպայի, աշխարհի ուսանողական տարբեր մարզաձևերի առաջնություններ, որոնց Հայաստանից պատվիրակներ չեն լինում: Ո՞րն է մեր երկրի ներկայացուցիչների խաղերից դուրս մնալու պատճառը:
- Այդ առաջնություններին մասնակցում են տարբեր երկրների բուհեր, և ամեն երկրից կարող են նաև մի քանի բուհեր մասնակցել նույն մրցաձևի առաջնություններին: Իսկ միջազգային ֆեդերացիաները առաջնություններ են անցկացնում ուսանողների ազգային հավաքականների միջև: Մեր երկրից, որպես կանոն, մասնակցում են ծանրորդները: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հնարավորություններ ունի, այդ է պատճառը, որ այդ նպատակով ֆինանսներ են առանձնացվում: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան միայն հաստատում է և երաշխավորում, որ երկաթախաղի մեր վարպետները հանդես գան այդ մեկնարկներում: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են: Օրինակ` 2013-ի դեկտեմբերին ստիպված էինք բաց թողնել Համաշխարհային ձմեռային ուսանողական մարզական խաղերը:

- Մի՞թե միայն փողի պակասն էր պատճառը:
- Մասնակից մարզիկներ էլ չկային:

- Այդուհանդերձ, քաղաքական առումով ճիշտ չէ՞ր լինի, որ մեր երկիրը թեկուզ մեկ պատվիրակ ուղարկեր, որպեսզի մասնակից երկրների դրոշների կողքին նաև Հայաստանի եռագույնը փողփողար:
- Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի ղեկավարության հետ այդ մասին նախապես խոսել էինք: Պայմանավորվել էինք նաև Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Համապատասխան գեղասահորդ չգտնվեց: Կար մեկը, սակայն ուսանող չէր, տարիքն էլ փոքր էր: Վստահեցնում էին, որ «հայկական» տարբերակով այդ հարցը կարելի է կարգավորել, բայց բան դուրս չեկավ: Դահուկավազորդի մասնակցության համար էլ ֆինանսներ չգտնվեցին:

- Հայաստանի կառավարությունը ֆինանսավորում է, լուծում օլիմպիական խաղերի մեր պատվիրակների մասնակցության հարցերը: Հնարավոր չէ, որ ուսանող մարզիկներին էլ նույնպիսի աջակցություն դրսևորվի:
- Հայաստանի կառավարությունն առայժ ֆինանսավորում է միայն Համաշխարհային ուսանողական ամառային մարզական խաղերի մասնակիցների ծախսերը: Հավելենք, որ 2013-ին Հայաստանի ձյուդոյիստները և թհեքվանդոյիստները նորամուտ են ունեցել, մասնակցել են Եվրոպայի ուսանողական առաջնություններին: Դրանք անցկացվել են Պորտուգալիայում և Ռուսաստանում` Մոսկվայում: Վերջինիս արդյունքում մերոնք տիրացել են 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի:

Tags: ,