Մեկնարկը տրված է. ո՞ր քաղաքական ուժը առաջ կանցնի մյուսներից

ոչ-իշխանական-ուժերԵթե անցյալ տարի այս օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում հարյուրհազարավոր մարդիկ շունչները պահած սպասում էին, թե ինչ որոշում կկայացնի Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա ուղիղ մեկ տարի անց նա նույնիսկ, նախօրոք պլանավորված հանրահավաքը փոխարինեց լրագրողների հետ հանդիպմամբ:

Բայց ներքաղաքական զարգացումներն այս օրերին էլ պակաս հետաքրքիր չեն: Վերջին մեկ տարում Հայաստանում քաղաքական ներկապնակն ու գործընթացները հետաքրքիր փոփոխություններ են կրել: Եթե նախկինում հասարակությունն էր համախմբվում այս կամ այն քաղաքական ուժի, գործչի շուրջը, ապա արդեն մեկ տարի է, ինչ ներհայաստանյան կյանքը տեղափոխվել է քաղաքացիական հասարակության տիրույթ: Ու արդեն քաղաքական ուժերն են միանում կամ համախմբվում հասարակական շարժումների շուրջը: Սրա լավագույն ապացույցը, թերևս, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի հասարակական ալիքն է ու դրա շուրջ ԱԺ ոչ իշխանական չորս կուսակցությունների, նաև արտախորհրդարանական բազմաթիվ ուժերի համախմբումն է:

Սրանով, իհարկե, վերջին մի քանի ընտրություններից հետո աութսայդերի կարգավիճակում հայտնված ոչ իշխանական ուժերը նաև ինքնաապաքինման հարցեր լուծեցին, իսկ հիմա արդեն որոշ հարցերում հանդես են գալիս միասնաբար: Բայց դա դեռ օրինաչափ համարել չի կարելի:

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը թերևս կարողացան միասնաբար հանդես գալ թե՛ հայ-ռուսական «գազային» պայմանագրերի, թե՛ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ գործընթացներում: Բայց դա դեռ առաջին փորձն էր: Հիմա արդեն այս ուժերը նոր խնդիր ունեն. օրակարգում ակտիվ քննարկվում է գործող կառավարության հրաժարականը պահանջելու հարցը, որը բավականին բարդ է: Որովհետև վաղուց արդեն հարց էր, թե նրանցից որ մեկը կլինի այն առանցքը, որի շուրջ կհամախմբվեն մյուս քաղաքական ուժերը, որքանով սոցիալական շարժումները կվերաձևվեն քաղաքականի, իսկ այնուհետև այս համախումբը կդառնա քաղաքական դիվիդենտ:

Եվ անկեղծ չէ Էդուարդ Շարմազանովը, երբ անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի միավորմանը` ասում է. «Անկախ նրանից` այդ չորս քաղաքական ուժերի սիրավեպն ինչով կավարտվի, ես այնտեղ որևէ լուրջ հիմք չեմ տեսնում, որովհետև առաջին անգամ չէ, որ այս չորս քաղաքական ուժերը դեմ են կառավարության կամ իշխանության նախաձեռնություններին, այստեղ որևէ նոր բան չկա»:
Իշխանությունները, հատկապես ՀՀԿ-ն, որքան էլ փորձում են ցույց տալ, թե զգուշանալու խնդիր չունեն, հակառակն են ապացուցում: Մասնավորապես, երբ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշում է, թե իր համար անհասկանալի է` իրականում ինչ շահեր են սպասարկում այդ չորս ոչ իշխանական ուժերը, որովհետև քաղաքականությունից տարրական գիտելիքներ ունեցող մարդկանց համար ակնհայտ է, որ եթե անգամ Տիգրան Սարգսյանն ու կառավարությունը հրաժարական տան, միևնույն է, հաջորդ կառավարությունը նույնպես ձևավորելու է խորհրդարանական մեծամասնությունը, այն է` ՀՀԿ-ն գումարած ՕԵԿ-ը, ապա դա նշանակում է, որ նրանք արդեն իսկ հասցրել են այս հարցով մտահոգվել, դրա շուրջ մտածել ու նման եզրակացության հանգել:

Արտախորհրդարանական ուժերի մեջ, ամեն դեպքում, չի երևում այն հստակ առաջնորդող ուժը, որը կարող է այդ «սոսինձը» հանդիսանալ: Իսկ խորհրդարանականների դեպքում կենացները, այսպես ասած, քաղցրանում են:
«Ժառանգությունը», որն ուղիղ մեկ տարի առաջ հարյուրհազարավոր քաղաքացիների աջակցությունն ուներ, և բոլորի համար անսպասելի, ըստ էության, դարձել էր երկրի քաղաքական օրակարգը թելադրող թիվ մեկ ուժը, մեկ տարում «հաջողեց» այդ ահռելի ռեսուրսը վատնել: Ու հատկապես վերջին շրջանում այս կուսակցության ներսում կատարվող գործընթացներն այնքան էլ հասկանալի չեն հասարակությանը:

ՀԱԿ-ում էլ ամեն ինչ դեռ որոշված չէ. մարտի 1-ին ՀԱԿ-ը նախատեսում է անցկացնել հանրահավաք, որի արդյունքներից էլ կախված կլինեն ՀԱԿ-ի հետագա քայլերը:
«Մենք մարտի 1-ի հանրահավաքին կստանանք մեր առաջին թեստը, թե որքանով է ժողովուրդն այսօր պատրաստ պայքարի, ինչքան ուժեղ են կուտակված սոցիալական դժգոհությունները, ինչքանով է պատրաստ ժողովուրդն ընդվզելու այս անօրինականությունների դեմ»,- «Առավոտին» ասել է ՀԱԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ՀՅԴ-ն է ոգևորված ոչ իշխանական չորս ուժերի միասնաբար հանդես գալու դրույթով, բայց նրա կողմից դեռ հստակ նախաձեռնություն չի երևում առկա քաղաքական ու հասարակական շարժման առանցք դառնալու ուղղությամբ: Թերևս ՀՅԴ-ի պարագան ավելի հստակ կլինի կուսակցության ընդհանուր ժողովից հետո:

Իսկ ԲՀԿ-ն արդեն առանցք դառնալու ուղղությամբ կոնկրետ քայլեր է ձեռնարկում: Հենց այն օրը, երբ հայտարարված էր ԵԿՄ 10-րդ համագումարը, ԲՀԿ-ն «կայծակնային» որոշմամբ հայտարարեց, որ նույն օրը, գրեթե նույն ժամերին, ինքն էլ է համագումար հրավիրում: Ու վերջին օրերի ներքաղաքական զարգացումների կարևոր ատրիբուտներից մեկն էլ հենց այդ համագումարն էր:
ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանը քննադատեց գործող իշխանություններին` ասելով`«Հանրապետությունում իրականացվող տնտեսական և սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է: Ես կարող եմ դեռ երկար շարունակել թվարկել մեր պետության առաջ կանգնած ծանր խնդիրների ցանկը ու մեր կուսակցության մոտեցումները»:

Համագումարի կապակցությամբ ՀՀԿ-ի ներկայացուցիչներն այնպիսի տպավորություն էին փորձում ստեղծել, թե այս համագումարի ժամանակ ԲՀԿ-ն պետք է կոնկրետ բառերով հայտարարի` իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն:
«ԲՀԿ-ի համար տխուր ավանդույթ է դարձել չկողմնորոշվելը. չի կողմնորոշվում նախագահական ընտրություններին, չի կողմնորոշվում համագումարում՝ իշխանություն են, թե ընդդիմություն, չի կողմնորոշվում Մաքսային միության հարցում: Մինչև կողմնորոշվի` ուշ կլինի»,- լրատվամիջոցներին ասել է Էդուարդ Շարմազանովը:

Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը լրատվամիջոցներից մեկին ասել է, թե Գագիկ Ծառուկյանի ելույթը համագումարում տպավորիչ չէր, ավելի ճիշտ, նա ոչ մի նոր բան չասաց: Նրա խոսքով, երբ ԲՀԿ-ն կորոշի, թե որտեղ է գտնվում, ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն, այն ժամանակ էլ ավելի կոնկրետ պարզաբանումներ կլինեն:

ԲՀԿ-ն նախընտրեց պահպանել իր նախկին ձևակերպումը` այլընտրանքը:

Բայց մի ուշագրավ հայտարարություն արեց Ծառուկյանը, որը հենց վկայում է, որ ԲՀԿ-ն ԱԺ ոչ իշխանական ու արտախորհրդարանական ուժերի և հասարակական շարժումների առանցքը դառնալու լուրջ հավակնություններ ունի. «ԲՀԿ-ն պետք է լինի բաց մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: Մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ: Այն մարդը կամ այն քաղաքական ուժը, որը չի հասկանում, որ Հայաստանում խնդիրները լուծելու համար պետք է լայն քաղաքական – հասարակական կոնսոլիդացիա, նա պարզապես չի պատկերացնում մեր պետության առջև կանգնած խնդիրներն ու հետևաբար, չի կարող ունենալ քաղաքական ապագա: Մեր գործին պետք է միանան նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերը, և որ ամենակարևորն է` հասարակությունը»:

Բնական է, որ ԲՀԿ-ն պետք է փորձի օրակարգ թելադրող դառնալ: Նախ` ԱԺ ոչ իշխանական ուժերի մեջ ամենամեծ խմբակցությունը հենց նրանն է: Երկրորդ` ունի քաղաքապետներ, գյուղապետներ, այլ պաշտոնյաներ, Երևանի ավագանիում` համեմատաբար շատ ներկայացուցիչներ, քան ոչ իշխանական մնացած ուժերը: Այսինքն` որոշակի վարչական ռեսուրս, որ մյուս ուժերն այնքան էլ շատ չունեն: Երկրորդ` ի դեմս կուսակցության նախագահի, ունի ֆինանսատնտեսական ռեսուրսներ ու լծակներ, որոշակի ծրագրեր կյանքի կոչելու համար: Երրորդ` ԲՀԿ-ն կապվում է հենց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, որը վերջերս խիստ ակտիվություն դրսևորեց և դեռևս Հայաստանում որոշակի դերակատարություն ունի, չորրորդ` հենց Գագիկ Ծառուկյանի խնամին ՀՀԿ-ում փոքր ֆիգուր չէ, ինչը նաև ՀՀԿ-ի ներսում որոշակի խնդիրներ լուծելու հնարավորություններ է տալիս: Այսուհանդերձ ԲՀԿ-ն ակնհայտորեն փորձում է կես կամ մեկ գլուխ ավելի բարձր դիրքավորվել, քան մյուս ուժերը, ու այս պայմաններում հարց է` կհամաձայնե՞ն մյուսները:

Tags: , , , ,