ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29Շատերը նրան հիշում են որպես նվիրյալ ու ազնիվ հայորդու, ոմանք` ստալինյան ռեժիմի քսու կամակատարի: Ո՞վ էր իրականում Գրիգոր Հարությունյանը…

1937 թ. սեպտեմբերի 26-ին Գրիգոր Հարությունյանի թիֆլիսյան բնակարանի դուռը թակեցին ՆԳԺԿ-ի աշխատակիցները: Այն թվականներին նման անսպասելի այցն անգամ Թբիլիսիի քաղխորհրդի գործկոմի քարտուղարի համար էր սարսափազդու: ՆԳԺԿ աշխատակիցները հայտնեցին, որ իրենց հրամայված է Հարությունյանին ուղեկցել երկաթուղու կայարան:

Կայարանում` կառավարական վագոնում, նրան էին սպասում Գեորգի Մալենկովն ու Անաստաս Միկոյանը: Վագոնում Անաստաս Միկոյանը հայտնեց Հարությունյանին, որ նշանակվելու է Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար:
Մինչ այդ կալանավորվել էր ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Հայկ Ամատունին, և այդ պաշտոնը թափուր էր: Իսկ Հարությունյանի թեկնածությունն առաջ էր քաշել անձամբ Լավրենտի Բերիան:

Չնայած Հարությունյանը ստալինյան ռեժիմի հլու-հնազանդ ծառան էր, նրա և Բերիայի հարաբերությունները լարված էին: Նույնիսկ երբ Բերիայի ջանքերով գործ հարուցվեց Հարությունյանի մտերիմ ընկերոջ` Գևորգովի նկատմամբ և վերջինս ինքնասպան եղավ, Հարությունյանը չվախեցավ որդեգրել Գևորգովի դստերը: Բերիան էլ գնդակահարության դատապարտեց Գր. Հարությունյանի եղբորը` Սերգոյին…
Ուղարկելով Հարությունյանին Երևան` նա ասել է իր նշանավոր խոսքերը. «Թող գնա Երևան. հայերը նրան ողջ-ողջ կուտեն»: Երևի ուզում էր հող նախապատրաստել Հարությունյանի հետ հաշիվները մաքրելու համար:

Բերիան իրավացի էր: 1920-ից մինչև 1936 թ. Հայաստանում 13 ղեկավար էր փոխվել: Նրանցից վեցը գնդակահարվել են:

Եվ ահա ՀԿԿ Կենտկոմի պլենումը, առանց Գրիգոր Հարությունյանի մասնակցության, նրան «ընտրում» է Կենտկոմի առաջին քարտուղար: Գ. Հարությունյանն այդ մասին իմացավ Միկոյանից և Մալենկովից, որոնք հետդարձի ճանապարհին դարձյալ հանդիպեցին նրան Թիֆլիսում և շտապեցրին` ասելով, որ Երևան մեկնող գնացքը կժամանի կես ժամից…

Հարությունյանների ընտանիքը Թելավ քաղաքից էր: Իսկ այնտեղ նրանց նախնիները հաստատվել էին Պարսկահայքից, Հերակլ Երկրորդի ժամանակ:

Գրիգոր Արտեմի Հարությունյանը ծնվել է 1900 թ. նոյեմբերի 7-ին: Դեռ գիմնազիայում ուսանելու տարիներին Գրիգորը տարվել է հեղափոխական շարժումներով: Նրան ձերբակալել է Վրաստանի կառավարությունը: Հարությունյանը փրկվեց, երբ 1921 թ. փետրվարին Վրաստանում խորհրդային իշխանություն հաստատվեց: Ազատվելով բանտից` նա անմիջապես գործի է անցնում և նշանակվում Թելավի շրջկոմի քարտուղար: Աշխատելուն զուգահեռ Հարությունյանը սովորում էր: Նա ավարտեց Մոսկվայի ժողտնտեսության ինստիտուտը: Մի քանի պատասխանատու պաշտոններ զբաղեցնելուց հետո, 1934 թ. ընտրվեց Թիֆլիսի քաղխորհրդի գործկոմի նախագահ:
Կարճ ժամանակում նա իր աշխատասիրությամբ աչքի ընկավ, անգամ Ստալինի կողմից պարգևատրվեց Լենինի մեդալով: Գրիգոր Հարությունյանը Թիֆլիսի վերջին հայ քաղաքապետն էր:

Երևանում այդ տարիներին հակակրեմլյան տրամադրություններ էին: Եվ Գրիգոր Հարությունյանին էլ բոլորը որպես Կրեմլի դրածո ընկալեցին ու սվիններով ընդունեցին: Հարությունյանի գործը բարդացնում էր նաև նրա ռուսախոս լինելը, ինչը նույնպես նրա դեմ շատերին տրամադրեց:
Սակայն, զբաղեցնելով առաջին քարտուղարի պաշտոնը` Հարությունյանի առաջին գործը եղավ դիմել լեզվաբանների` հայերենը յուրացնելու նպատակով: Հայտնի լեզվաբան Սիմակը սիրով հանձն առավ դասավանդումը և օրական երեք ժամ պարապում էր երկրի ղեկավարի հետ: Շատ չանցած` Գրիգոր Հարությունյանը բոլորի հետ շփվում էր մաքրամաքուր մայրենիով:

Նրա հաջորդ խնդիրը կադրային քաղաքականությունն էր: Բոլոր հին, փորձառու կադրերը բանտում էին և մեկուսացած: Ստալինյան ռեժիմն իր սև գործն արել էր: Եվ Հարությունյանն իր կադրերն ընտրեց գյուղական երիտասարդության շրջանում` հնարավորություն տալով երիտասարդներին աչքի ընկնելու նոր ասպարեզներում:
Հարությունյանը պաշտոնավարեց երկրի համար ամենածանր շրջանում: Երկրում եռում էր տեռորը: Նա, բնականաբար, չէր կարող Հայաստանում խոչընդոտել ստալինյան ռեպրեսիաները, սակայն փորձեց գոնե մեղմացնել դրանք և փոքր-ինչ կարգ ու կանոն հաստատել: Բանն այն է, որ ԽՍՀՄ ՆԳԺԿ Եժովի կադրերից Հայաստան էր գործուղվել ոմն Խվորոստյան, որ առանց դատ-դատաստանի գնդակահարության էր ուղարկում մարդկանց:
Հարությունյանի և Խվորոստյանի հարաբերություններն ի սկզբանե վատ էին: Եվ Գրիգոր Հարությունյանը կարողացավ ի վերջո այդ ճակատամարտը շահել, Խվորոստյանը հայտնվեց կառափնարանում:
Ամեն դեպքում, այդ ծանր տարիներին Հարությունյանը կարողացավ դատաստանից փրկել Վարդան Աճեմյանին, Ավետիք Իսահակյանին, Մարտիրոս Սարյանին… Շատ ու շատ այլ մտավորականների: Հարությունյանն արվեստի սիրահար էր և ինքն էլ ստեղծագործում էր. հաճույքով ազատ ժամանակը տրամադրում էր գեղանկարչությանը:

Չնայած այս ամենին` Գրիգոր Հարությունյանը Կրեմլի կամակատարն էր և նրա հրահանգով հազարավոր անմեղներ ձերբակալվեցին ու գնդակահարվեցին: Հատկանշական է Էջմիածնի կաթողիկոսության գործը. Հարությունյանի ձեռքի թեթև շարժումով տասնյակ հոգևորականներ ձերբակալվեցին 1938 թ. գանձերը թաքցնելու մեղադրանքով և շատերը գնդակահարվեցին:

Մեծ էր Հարությունյանի ավանդը Մեծ հայրենականի տարիներին: Անձամբ նրա ղեկավարությամբ սկսվեց սփյուռքահայերի հանգանակությունը «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան համար, նրա ղեկավարությամբ Հայաստանում ձևավորվեցին և ռազմաճակատ մեկնեցին հայկական ազգային դիվիզիաները:

Պատերազմի ավարտից հետո Հարությունյանը Ստալինին առաջարկեց խորհրդա-թուրքական պատերազմ սկսել և առիթից օգտվելով` Խորհրդային Միությանը կցել Արևմտյան Հայաստանը: Ավաղ, Կրեմլի ծրագրերի մեջ դա չէր մտնում:
Մեծ էր Հարությունյանի ավանդը նաև սփյուռքահայերի հայրենադարձման գործում:
Նա անգամ համարձակվեց Ստալինի առջև բարձրացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հարցը: Սակայն խնդիրը լուծում չստացավ Ադրբեջանի առաջնորդ Բաղիրովի միջամտության հետևանքով:

Շուտով սև ամպեր կուտակվեցին Հարությունյանի գլխին: Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները Կրեմլի առաջնորդին կարողացան համոզել, որ Հայաստանում ազգայնականության մեծ ալիք է բարձրացել: Հայաստան ժամանեց անձամբ ԽՍՀՄ ՆԳԺԿ Սերգեյ Կրուգլյովը, որ Հարությունյանի հետ համատեղ կազմեց շուրջ 14000 հոգուց բաղկացած հայ «ազգայնականների» ցուցակ` Ալթայի երկրամաս աքսորելու համար: Նրանցից շատերը այլևս չվերադարձան…

Հետպատերազմյան շրջանում բացահայտվեցին Գրիգոր Հարությունյանի իսկական տաղանդները: Նա լավ կազմակերպիչ էր. լավ նախաձեռնող ու ղեկավար: Երկիրը ծաղկում էր, երկրի տնտեսությունը դեպի ինդուստրացում էր գնում, և մեծ ջանքեր էին անհրաժեշտ ամեն ինչ պատշաճ կազմակերպելու համար: Հայաստանի արդյունաբերական շատ հսկաներ կառուցվեցին կամ նախագծվեցին հենց Գրիգոր Հարությունյանի իշխանության տարիներին:

Երևանում մեծ թափ առավ շինարարությունը, որի ջատագովը հենց Հարությունյանն էր: Ավ. Իսահակյանը նրան կնքեց Գրիգոր Շինարար մականվամբ:
Նրա իշխանության տարիներին են նախագծվել և կառուցվել «Սասունցի Դավիթ» կայարանը, կառավարության այսօրվա շենքերից արտգործնախարարության և էներգետիկայի նախարարության մասնաշենքերը, Մատենադարանը, խորհրդարանի շենքը, կոնյակի գործարանը, Հաղթանակի կամուրջը:
Երևանում մեծածավալ շինարարությանն օգնում էր այն, որ Հարությունյանը վայելում էր անձամբ Ստալինի մտերմությունն ու վստահությունը: Հարությունյանին աջակցում էր նաև Անաստաս Միկոյանը, որ, ի դեպ, նրա խնամին էր, քանզի Հարությունյանի որդեգրած դուստրը` Նամին, ամուսնացել էր Միկոյանի որդու` Ալեքսեյի հետ:
Ստալինի մահից հետո Ն. Խրուշչովը, որ անձնական հաշիվներ ուներ Հարությունյանի հետ, հաշվեհարդար տեսավ: 1953 թ. նոյեմբերյան պլենումում ՀԽՍՀ կոմկուսի Կենտկոմի պլենումը ազատեց Գ. Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից: Զավեշտ էր. Հարությունյանը մեղադրվում էր Ղարաբաղի հարցն առանց ՀԿԿ համաձայնության Կրեմլում բարձրացնելու մեջ:

Ամեն դեպքում, Հարությունյանին չձերբակալեցին: Նրան ուղարկեցին նոր աշխատանքի` որպես Էջմիածնի շրջանի Կալինինի անվան խորհտնտեսության տնօրեն: Շուտով, սակայն, Գ.Հարությունյանը տեղափոխվեց Թիֆլիս և հաստատվեց Սոլոլակում: Նրա առողջությունը քայքայված էր: Երկու տարվա մեջ նա չորս անգամ ինֆարկտ տարավ:

1957 թ. նոյեմբերի 9-ին, 57 տարեկան հասակում Գ. Հարությունյանը կնքեց մահկանացուն: Նրա թաղմանն անգամ Հայաստանից պաշտոնական պատվիրակություն չմասնակցեց: Նա մնաց պատմության մեջ որպես ամենահակասական կերպարներից մեկը: Շատերը նրան հիշում են որպես նվիրյալ ու ազնիվ հայորդու, ոմանք` ստալինյան ռեժիմի քսու կամակատարի: Ո՞վ էր իրականում Գրիգոր Հարությունյանը: Կարծիքներն առայսօր իրարամերժ են:

Անկախ 

 

Tags: , , , ,