Թե ինչ է հիմա կատարվում Ուկրաինայում, արդեն ոչ ոք չի կարող միանշանակ ասել: Համատարած անիշխանության ու քաոսի պայմաններում այլևս չի երևում` ով ում կողմնակիցն է, ով ու զինակիցը, ով է ղեկավարը, ով ենթական, ով ում է կառավարում: Եվրոպական արժեքներին ձգտող ու եվրաինտեգրման հարցի համար Մայդան դուրս եկած ցուցարարները կարծես մոռացել են, թե որոնք են եվրոպական արժեքները: Հիմա Մայդանի ամբիոններից զինված ծայրահեղականներն են բոցաշունչ ելույթներ ունենում, ազգայնամոլ բենդերական հարյուրապետները տեր ու տնօրինություն են անում:
Արդեն ակնհայտ է, որ Ուկրաինայի ընդդիմադիր երեք ուժերի ղեկավարները` Կլիչկոն, Յացենյուկը և Տյագնիբոկը, վաղուց այլևս իրավիճակը չեն վերահսկում ու կամաց-կամաց կորցնում են իրենց առանց այդ էլ թույլ իշխանությունը գազազած ամբոխի վրա: Իսկ «Ձախ սեկտոր» ուժի ղեկավար` բենդերականների ու ծայրահեղականների առաջնորդ Դմիտրի Յարոշն ակնհայտորեն ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը Մայդանում ու մայդանցիների տիրապետության տակ գտնվող այլ շրջաններում:
Այս պատմության մեջ արժե ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքի վրա: Փետրվարի 18-ին` Կիևի փողոցներում բուռն ու արյունալի իրադարձությունների ամենաթեժ պահերին, հայտարարությամբ հանդես եկավ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, թե Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագիրը չի վնասի Մոսկվայի շահերին:
Հետո Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտը Կիևում անկարգությունների հետևանքով զոհվածների համար մեղադրեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Եվ երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հանդիպեց ընդդիմության ներկայացուցիչների հետ, արդեն պարզ էր, թե ԵՄ-ից քամին որ ուղղությամբ է փչում:
Այս պայմաններում միանգամայն սպասելի էր Ռուսաստանի պատասխանը: Նույն օրը Ռուսաստանի ԱԳՆ-ն մեղադրեց Արևմուտքին Ուկրաինայում «դարչնագույն» հեղափոխության թույլ տալու մեջ և հայտարարեց, որ գործի կդնի իր ողջ «ազդեցությունը» Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար:
«Ուկրաինայի իշխանությունները պետք լեգիտիմ ու էֆեկտիվ լինեն, որ չվերածվեն փալասի, մի շորի կտորի, որով սրբում են ոտքերը»,- Հաջորդ օրն ասաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` նշելով, որ իշխանությունները պարտավոր են պաշտպանել մարդկանց: Սա Ռուսաստանի ամենաբացահայտ կոչն էր Ուկրաինայի ղեկավարությանը. ուժ կիրառել, ու եթե ԵՄ-ն դրա համար կարող է նրանց պախարակել, ապա իրենք դա միայն կողջունեն:
Բայց Յանուկովիչն, այնուամենայնիվ, նախընտրեց «փալասը» ու հենց հաջորդ օրը` փետրվարի 21-ին` Կիևում երեք օր տևած արյունալի բախումներից հետո, որոնք հանգեցրին բազմաթիվ մարդկային կորուստների, որոշեց զիջել և կատարել ընդդիմության բոլոր պահանջները: Իսկ Ուկրաինայի Գերագույն ռադան 2004 թ. Սահմանադրությանը վերադառնալու մասին օրենք ընդունեց, որով էականորեն նվազեցվում է նախագահի դերը: Յանուկովիչն էլ հայտարարեց, որ Ուկրաինայում մինչ 2014-ի դեկտեմբերը նոր նախագահական ընտրություներ կանցկացվեն:
Ուկրաինան կարող է նաև մասնատվել
Սա, ըստ էության, մայդանցիներին չգոհացրեց, նրանք անցան կտրուկ գործողությունների` «Մայդանի ինքնապաշտպանության», և «Ձախ սեկտորի» ակտիվիստները գիշերը գրավեցին Գերագույն ռադայի շենքն ու նախագահի նստավայրը: Ու մինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց էին ունենում ու քննարկում Ուկրաինայում ստեղծված իրավիճակը` համաձայնելով, որ Յանուկովիչի և ընդդիմության միջև կնքված համաձայնագիրը պետք է հնարավորինս արագ կյանքի կոչել, հավանաբար երկուսն էլ հասկանում էին, որ հակառակ դեպքում «Ձախ սեկտորը», որն արդեն իսկ հասցրել էր հայտարարել, թե չի ընդունում ընդդիմության ու իշխանութունների միջև կնքված «հրադադարը» և օրեցօր ուժեղանում է, կարող է, այսպես ասած, «համը հանել» ու խառնել բոլորի խաղաքարտերը: Ահա Գերագույն ռադայում ընդդիմադիր Батькивщина կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարեց, որ արդեն Ուկրաինայի միակ լեգիտիմ իշխանությունը Ռադան է:
Գերագույն ռադան փետրվարի 22-ին քվեարկեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականի օգտին: Մայիսի 25-ին նշանակվեցին նախագահական արտահերթ ընտրություններ: Դրանից հետո Գերագույն ռադան երկրի ժամանակավոր նախագահ նշանակեց. նախագահի լիազորությունները ժամանակավորապես փոխանցվեցին Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին, որ համարվում է Յուլիա Տիմոշենկոյի աջ ձեռքը:
Ռադան նաև որոշում կայացրեց Տիմոշենկոյին ազատ արձակելու մասին: Վերջինս էլ նույն օրը ներկայացավ Մայդան, իր «բոցաշունչ» ելույթով փորձեց դառնալ անգլուխ ու անկառավարելի Մայդանի առաջնորդը, սակայն, ըստ ամենայնի, դա նրան չհաջողվեց, քանի որ Մայդանի ակտիվիստները դեմ են նաև Յուլյա Տիմոշենկոյի քաղաքականություն վերադառնալուն, որովհետև կարծում են, որ Տիմոշենկոյի վերադարձով Ուկրաինայում կրկին կսկսի իշխել հանցավոր կլանը:
Արդեն փետրվարի 24-ին ԱՄՆ-ն, ի դեմս նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսի, շտապեց հայտարարել, որ Վիկտոր Յանուկովիչը լքել է Ուկրաինայի նախագահի պաշտոնն ու այլևս երկիրը չի ղեկավարում որպես նախագահ: «Իսկ Ուկրաինայի հնարավոր մասնատումը որևէ մեկի շահերից չի բխում»,- ասել է Ռայսը` կոչ անելով Ռուսաստանին զորք չմտցնել Ուկրաինա: ԵՄ-ն էլ, ԱՄՆ-ի պես, ճանաչեց Ուկրաինայի Գերագույն ռադայի` Վիկտոր Յանուկովիչին նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ որոշումը: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվիե Բային:
ԵՄ-ի ու ԱՄՆ-ի նման դիրքորոշումները, բնականաբար, պետք է Ռուսաստանի արձագանքն առաջացնեին: Առավել ևս, երբ հաշվի ենք առնում, որ այս պահին Կիևի փողոցներում ազգայնամոլներն են թելադրում խաղի կանոնները, ակնհայտ հակառուսական գործողություններ իրականացնում, ռուսախոսներին ծեծում-ջարդում, Ռադան էլ չեղյալ է համարել պետական լեզուների մասին օրենքը, որով ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ էր շնորհվել:
Եվ արդեն Արևելյան Ուկրաինայում ու Ղրիմում սկսվեցին «Պուտի’ն, փրկիր մեզ» և նմանատիպ պաստառներով բազմահազարանոց ցույցերն ընդդեմ Կիևի ցուցարարների: Սա, բնականաբար, Ռուսաստանի համար արդեն հիանալի շարժառիթ է իր շահերի տիրույթը հստակ ընդգծելու համար:
Բայց Ուկրաինա մտնելու համար Ռուսաստանին մի գործոն էլ է պակասում` այդ երկրի ներքին գործերին խառնվելու «պաշտոնական հրավերը»: Արժե նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Յանուկովիչին չեն թույլատրել չարթերային թռիչքով լքել երկիրը: Դա թերևս ակնհայտորեն բխում է Ռուսաստանի շահերից: Որովհետև այս պահի դրությամբ միայն Յանուկովիչը կարող է Ռուսաստանին Ուկրաինա զորք մտցնելու «պաշտոնական հրավեր» ուղարկել:
Ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ կլինի, քանի որ ամենևին էլ պատահական չէ ուկրաինական «Свобода» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկի հայտարարությունը, թե վախենում է Սևաստոպոլ Ռուսաստանի ներխուժումից: «Մենք տեղեկություն ենք ստացել, որ Ռուսաստանի ռազմական ուժերը մոտենում են Սևաստոպոլին: Մասնավորապես` ռազմածովային նավերը»,- ասել է նա:- Վերջին տեղեկությունների համաձայն, հետախուզման մեջ գտնվող Յանուկովիչը Սևաստոպոլում է»:
Թե ինչպես կհանգուցալուծվի այս թնջուկը, պարզ կդառնա առաջիկա օրերին: Հիշեցնենք միայն, որ ծայրահեղական ու ազգայնամոլ բենդերականները, որոնք այս օրերին ոչ ոքից ու ոչինչից չեն վախենում, կարող են հետագայում լուրջ խնդիրներ առաջացնել Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի համար: Դրա նախադեպը, ի դեպ, արդեն իսկ եղել է Երկրորդ համաշխարհայինի տարիներին:
Լուսանկարները Reuters.com-ի
Tags: Ասոցացման համաձայնագիր, Մաքսային միություն, Ուկրաինա
