Անմոռանալին և տխուրը` ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքում

օլիմպիադա (1)Պատմություն դարձան Սոչիում կազմակերպված ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերը: Դրանք 18 օր շարունակ համայն աշխարհի ուշադրության կենտրոնում էին:
Խաղերի մայրաքաղաքում բոլոր պայմանները ստեղծված էին մրցումները բարձր մակարդակով անցկացնելու, նաև մասնակիցների, հյուրերի անվտանգությունն ապահովելու համար: Հեռուստատեսությամբ աներևակայելի թվով մարզասերներ էին ամեն օր հետևում խաղերի ընթացքին: Հիրավի, կազմակերպիչներին հաջողվեց զարմացնել, նաև կատարել խոստումը` հաղթել:

Ընդ որում, մեդալների ոչ պաշտոնական հաշվարկով տանտերերը երկար ժամանակ առաջատարներին հետապնդողների դերում էին, սակայն վերջին պահին կարողացան հավասարվել, հետո էլ առաջ անցնել և գրավել առաջին տեղը: Տանտերերի հավաքականը տիրացավ բոլորից շատ` 33 մեդալի: Ռուսաստանի ներկայացուցիչների համար հաղթանակը սկզբունքային էր: Այդ պարգևներից 13-ն ունի ոսկու, 11-ը` արծաթի, 9-ը` բրոնզի փայլ: Կա նաև քաղաքական ենթատեքստ: Ռուսաստանի ներկայացուցիչներն ամեն գնով փորձում էին համոզել, որ հզոր, նաև մարզական առումով էլ բոլորից ուժեղ երկիրն են: Իսկ մեդալներով վերադարձան 26 պետությունների պատվիրակներ:

Հայաստանի ներկայացուցիչները թեև դրանց թվում չէին, գոհանալ կարելի է, որ տհաճ անակնկալներ չմատուցեցին: Համենայն դեպս, մեր երկրի չորս մասնակիցներից (2 դահուկավազորդ, 1 դահուկավազորդուհի, 1 լեռնադահուկորդ) ոչ ոք կիսատ չթողեց մրցությունը, չորակազրկվեց:
Ստուգատեսի բացման և փակման թատերականացված հանդիսավոր արարողությունները տպավորիչ էին, անկրկնելի, նախկինում նման բաներ չէին ներկայացվել: Այդուհանդերձ, կային նաև թերություններ, ստվերոտ միջադեպեր, բայց այդ ամենի մասին` հերթականությամբ:

Նախ` խաղերի բացման արարողության ավարտին չվառվեց և չմեծացավ օլիմպիական խորհրդանիշ համարվող հինգ մեծ օղակներից մեկը: Հեռարձակողները հնարամտորեն գտան ելքը: Անմիջապես ներկայացվեց փորձի ժամանակ տեսագրված նորմալ ընթացքը: Հետագայում կազմակերպիչները խոստովանել են, որ ընդհանրապես չեն կասկածել, որ այդ դրվագում որևէ բան կարող է ձախողվել, քանի որ տեխնիկական առումով, որևէ բարդություն չի եղել: Ի դեպ, փակման հանդիսավոր արարողության ժամանակ նույն բանը բեմականացվեց, և արդեն միտումնավոր փակ մնացած 5-րդ օղակը միայն որոշ ժամանակ անց բացվեց: Դա հումորով արվեց` հուշելով, որ կյանքում ամեն ձախողում պետք է թեթև ընդունել և շտկել:

Այդուհանդերձ, խաղերի անցկացման օրերին անհավանական բան տեղի ունեցավ` փլուզվեց «Ադլեր արենա» սահադաշտի կախովի առաստաղի մի մեծ հատված: Այն փշրվեց և թափվեց: Բարեբախտաբար, գիշեր էր եղել, երբ սահադաշտում մարդիկ չկային: Կատարվածը բացահայտվել է անվտանգության համար տեղադրված տեսախցիկների օգնությամբ: Փլուզումը տեղի է ունեցել, երբ առաստաղի վրայով սև կատու է անցել, առաստաղը չի դիմացել անգամ այդ ծանրությանը: Թե ինչն է դրա պատճառը, դժվար թե պարզվի: Հայտնի է, որ «Ադլեր արենան» կառուցելու համար 38 մլն եվրո է ծախսվել:

Գաղտնիք չէ, որ կազմակերպիչները ցանկանում էին` հնարավորինս շատ երկրների ներկայացուցիչներ մասնակցեն խաղերին: Պատվիրակներ գործուղելը դժվար էր հատկապես տնտեսական վատ վիճակում գտնվող պետությունների համար: Ահա ընդամենը մեկ մարզիկ էր Տաջիկստանից` լեռնադահուկորդ Ալիշեր Կուդրատովը: Եվ նրա կողքին հպարտորեն քայլում էր ռուսաստանցի գործարար, Կրասնոյարսկի քաղաքային խորհրդի պատգամավոր Վլադիմիր Վլադիմիրովը: Թե ինչ կապ ուներ նա Տաջիկստանի, ընդհանրապես այդ ամենի հետ` հայտնի չէ:

Ի դեպ, Ռուսաստանի հավաքականը պատվիրակներ էր մրցասպարեզ հանել բոլոր 15 մարզաձևերում: Հսկայական բնակչություն և մարզական ներուժ ունեցող երկրի համար դա արտասովոր չէ: Ուշագրավն այն էր, որ ռուսաստանցիները միայն տափօղակով հոկեյում այլազգիների օգնությանը չէին դիմել, մյուս մարզաձևերում այդ երկրի հավաքականների անդամների կողքին էին ամերիկացի, գերմանացի, ավստրիացի, հոլանդացի, իտալացի, նորվեգացի, շվեդ, կուբացի 65 մասնագետներ, չենք ասում նախկին խորհրդային հանրապետությունների ներկայացուցիչների մասին: Անկասկած, նրանցից ամենատիտղոսակիրը շորթ տրեկի օլիմպիական խաղերի և աշխարհի բազմակի չեմպիոն Ան Հյոն Սուն էր, որը, Հարավային Կորեայի հավաքականին փառք բերելուց հետո, Ռուսաստանի թիմի կազմում նույնպես օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ, սակայն Վիկտոր Ան անունով: Ի դեպ, Ռուսաստանի դրոշի ներքո հանդես էր գալիս նաև սևամորթ մարզիկ: Նիգերիացի Նկեիրուկա Եզիդն այդ երկրի կյորլինգի հավաքականի կազմում էր:

Արդեն նշվեց, որ օլիմպիական խաղերը դիտարկվում էին որպես ոչ միայն մարզական միջոցառում, բայց թե ինչ կատարվեց բացման հանդիսավոր արարողության ընթացքում, երբ տարբեր երկրների ներկայացուցիչների երթի ժամանակ ցուցադրվում էր նրանց երկրների մեծադիր քարտեզը` տիեզերքից արված լուսանկարի պատկերով, վեր էր ամեն սպասվածից:

Մասնավորապես, Ադրբեջանի պատվիրակության քայլերթի ժամանակ, երբ այդ երկրի քարտեզն էր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը փակել էր սև ամպը: Նույն բանը կատարվեց նաև, երբ Վրաստանի քարտեզն էր: Տարբերությունն այն էր, որ արդեն երկու ամպ էր, և դրանք ծածկել էին Աբխազիան և Հարավային Օսիան: Կազմակերպիչներն ասես ցանկացել էին ընդգծել, որ հակամարտությունների կիզակետում հայտնված այդ հարավկովկասյան հանրապետությունները ոչ թե տվյալ երկրների, այլ միջազգայնորեն չճանաչվածների սահմաններում են: Ադրբեջանցիները կատարվածին չեն արձագանքել, մինչդեռ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ ամպերի հայտնվելը չի կարելի սադրանք համարել:

Զարմանալի է, որ Սոչիում ուկրաինացի մարզիկներին սուլոցներով էին դիմավորում, իսկ երբ նրանք ռուսաստանցիների հետ մրցում էին մեդալների համար, նաև վիրավորական խոսքեր էին ասում, «խորհուրդ էին տալիս» անմիջապես հեռանալ իրենց երկիր և տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում իշխանության համար պայքարում:

Ուկրաինայում ծավալված իրադարձությունների թեժացման պատճառով Սոչի ժամանած ուկրաինացի մարզիկների մի մասը լքեց օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Ստուգատեսին մասնակցելու էր եկել 43 մարզիկ: Իսկ Ուկրաինայի օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան հավաքականի անդամներին մնալ-չմնալու ընտրություն կատարելու հարցում լիակատար ազատություն էր տվել: Ի վերջո, ուկրաինացիները նվաճած 1-ական ոսկե և բրոնզե մեդալներով զբաղեցրին 20-րդ տեղը:

Խաղերում եղան իրադարձություններ, որոնք խոսակցությունների առիթ տվեցին: Սկելետոնում հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Տրետյակովը: Արծաթե և բրոնզե մեդալակիրներ դարձան Լատվիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Եվ ահա, անհավանական իրողություն է պարզվել, չեմպիոնը 4 մեկնարկի առաջին մասում, անգամ հարյուրերորդական վայրկյան ճշգրտությամբ ցույց է տվել նույն արդյունքը: Նման բան այս մրցաձևում առաջին անգամ է կատարվում: Կասկած կա, որ տեխնիկական միջոցները հօգուտ ռուսաստանցի մարզիկի են աշխատել: Եվ լատվիացիները պաշտոնական բողոք են ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը: Բողոքել էին նաև Հարավային Կորեայի ներկայացուցիչները:

օլիմպիադա (2)Բանն այն է, որ ռուսաստանցի մենասահորդուհի Ադելինա Սոտնիկովան 2010-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած օլիմպիական խաղերում չեմպիոնուհի դարձած հարավկորեացի Յու Նա Կիմին շրջանցել է, որը Սոչիում էլ ազատ ծրագրով փայլուն մրցելույթ է ունեցել, սակայն մրցավարներն ավելի բարձր են գնահատել վերջին մրցելույթի ժամանակ սխալ կատարած ռուսաստանցի մարզուհուն: Հարավային Կորեայի գեղասահքի ֆեդերացիան նույնպես պաշտոնական բողոք է ներկայացրել ՄՕԿ-ին` անհամաձայնություն հայտնելով, որ գեղասահորդների արդյունքն արդարացի չէ: Այդուհանդերձ, բողոքները դեռևս որևէ բան չեն փոխել, և սպասելիք էլ չկա:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայացուցիչներին, ապա մերոնք այդպիսի գլխացավանքից հեռու էին: Նրանք խնդիր էին դրել տեղ զբաղեցնել որևէ մրցաձևի 30 պայքարողների շարքում: Մոտ էր դրան ԱՄՆ-ում բնակվող լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը, որը ոլորավայրէջքում 34-րդն էր: Նա հսկա ոլորվայրէջքում 46-րդն էր: Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը նույն տեղը գրավեց սկիատլոնի (30 կմ) մրցումներում: Արթուր Եղոյանն էլ 63-րդն էր: Միքայելյանը դասական ոճով 15 կմ դահուկավազքում ևս 46-րդն էր: Իսկ Կատյա Գալստյանը դասական ոճով 10 կմ դահուկավազքում 64-րդն էր:

Մեր դահուկորդները հայտավորված էին նաև տղամադկանց ազատ ոճով արագավազքում և 50 կմ վազքում, սակայն երկուսն էլ հրաժարվեցին մասնակցել:
Այդուհանդերձ, աղմկահարույց իրադարձություններ կատարվեցին նաև մեր փոքրիկ պատվիրակության ճամբարում: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, Սոչիում Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար Հրաչյա Ռոստոմյանը «առաջարկել էր» դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանին խաղերը դեռ չավարտված հեռանալ օլիմպիական ավանից: Պատճառն այն է եղել, որ նա մարզուհուն մեկնարկի չի հանել նոր գնված դահուկներով: Սարգսյանը պարզաբանել է, որ դա հնարավոր չէր, քանի որ նոր դահուկները պետք է հղկվեին, իսկ Ռուստոմյանն իրեն «մեղադրում է մի բանում, ինչից ինքը չի հասկանում»: Դա էլ ճակատակագրական է եղել. նրան, իր իսկ խոսքով, վռնդել են Սոչիից, այն էլ, երբ մեր դահուկավազորդներին ևս մեկ մեկնարկ էր սպասում: Սարգսյանին նաև հայտնվել է, որ այլևս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չէ:

Նշենք, որ դա պետք է որոշի Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան, որի նախագահն է Արմեն Երիցյանը: Սարգսյանն այն կարծիքին է, որ ալիքները խառնողը ֆեդերացիայի նախագահության անդամ Գագիկ Սարգսյանն է, որը ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Արթուր Միքայելյանին: Սլավիկ և Գագիկ Սարգսյանների տարաձայնությունները նոր չեն, այնպես որ դժվար է ասել, թե այս ամենն ինչ ընթացք կստանա: Ունենք այն` ինչ ունենք:

Իսկ Ռուսաստանի ներկայացուցիչները բոլոր առումներով զարմացրին աշխարհին, նաև տպավորիչ կազմակերպելով վերջին ակորդը` խաղերի փակման թատերականացված հանդիսավոր արարողությունը: Ավարտին էլ հպարտորեն հայտարարվեց` մենք արեցինք դա…

2018-ին ձմեռային հաջորդ օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում:

Tags: , ,