Ինչպե՞ս վստահել կուտակայինին, երբ աչքի առաջ 14 տարի հասանելիք կենսաթոշակից զրկված գիտնականների օրինակը կա

կուտակայինԳիտնականներն ահազանգում են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ գիտությունը Հայաստանում վերջնականապես կմարի. առանց այդ էլ ցածր վարձատրվող երիտասարդները կարտագաղթեն, իսկ նոր երիտասարդներ էլ պարզապես չեն գա գիտության ոլորտ: Իսկ 40 տարի անց խոստացվող գեղեցիկ ապագային գիտնականները չեն հավատում. ամենից շատ հենց գիտնականներին են Հայաստանում պետական մակարդակով խոստումներ տալիս ու չեն կատարում:

ԳԱԱ արհմիության միացյալ կոմիտեի լիազոր ներկայացուցիչների փետրվարի 19-ին կայացած նիստում որոշվել է նամակով դիմել սահմանադրական դատարան (ՍԴ), որտեղ կներկայացվի պարտադիր կուտակայինի հնարավոր ազդեցությունը գիտության վրա և սեփական լուծումը կառաջարկվի: Նամակն առաջիկայում կուղարկվի ՍԴ:

ԳԱԱ արհմիության միացյալ կոմիտեի նախագահի տեղակալ Ազատ Սարգսյանն ասում է, որ մեր կառավարությունը գիտության նկատմամբ «հատուկ» վերաբերմունք ունի, սա էլ այդ վերաբերմունքի դրսևորումներից մեկն է. «Եթե նախկինում հատուկենտ երիտասարդներ գիտության ոլորտ էին գալիս, հիմա ուզում են այնպես անել, որ ընդհանրապես երիտասարդներ չգան գիտություն»:

Նամակում գիտնականները նշում են, որ պարտադիր կուտակայինի որոշումը ևս մեկ անգամ նպաստում է, որ գիտության ոլորտ չգան երիտասարդները, ինչով գիտությունը Հայաստանում աստիճանաբար մարելու է: Դա նպաստելու է նաև երիտասարդների արտագաղթին. առանց այդ էլ ուղեղների արտահոսք կար, հիմա առավել ևս կլինի:

Նամակով ՍԴ-ին կոչ են անելու, պահանջելու են կասեցնել պարտադիր կուտակայինի գործընթացը` այն թողնելով ավելի լավ ժամանակների համար:

Ազատ Սարգսյան

Ազատ Սարգսյան,
Լուսանկարը` 168.am-ի

«Դժգոհությունը շատ-շատ է, զանգում են տարբեր ինստիտուտներից, առաջարկում հավաքվել, բողոքել: Բոլոր ինստիտուտներում երիտասարդները ժողովներ են անում, իրենց դժգոհությունն են արտահայտում: Դեռ սպասողական վիճակ է, սպասում են, թե ՍԴ-ն ինչ կորոշի, որից էլ կախված կլինեն հետագա զարգացումները»,- ասում է Սարգսյանը:
Նա նշում է, որ իշխանությունների քայլերը վստահություն չեն ներշնչում, քանի որ աչքի առաջ ունեն բազմաթիվ օրինակներ:

Օրինակ` 2000-ին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով նախատեսվում է, որ կենսաթոշակի անցնելուց հետո գիտական աստիճանի համար գիտնականները հավելավճար պետք է ստանան. գիտության թեկնածուները` 10 հազար, դոկտորները` 20 հազար դրամ: Օրենքի դրույթը մինչ օրս չի գործում: Ավելին, 2012-ին, երբ «Անկախն» անդրադարձավ խնդրին, կառավարությունից հայտնեցին, որ օրենքի նոր նախագիծը շուտով կընդունվի, որով էլ արդեն հավելավճարների սահմանման կարգը կհստակեցվի, խնդիրը կլուծվի: Այն ժամանակ օրենքի նախագիծը հանրային քննարկման էր դրված: Այժմ, սակայն, Գիտության պետական կոմիտեից (ԳՊԿ) «Անկախին» տեղեկացրին, որ օրենքը դեռևս լրամշակման փուլում է, այն նախատեսվում է կառավարությանը ներկայացնել 2014-ին:

ԳԱԱ արհկոմը 2013-ի սեպտեմբերին նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որում ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել գիտնականների խնդիրներին, մասնավորապես` երկարացված արձակուրդի իրավունքից ու կենսաթոշակներին գումարվող հավելավճարներից զրկված լինելու հանգամանքին: Նամակը հասցեագրվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, աշխատանքի և զբաղվածության վարչությունից Ա. Պետրոսյանը պատասխանել է. «…Օրենքի դրույթը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար անընդունելի է և հակասում է կենսաթոշակային ապահովության բնագավառում պետության վարած քաղաքականության գաղափարաբանությանը, միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ որևէ կատեգորիայի անձանց կենսաթոշակային հավելում տալու մասին դրույթ սահմանված չէ»:

Արթուր Մովսիսյան

Արթուր Մովսիսյան

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի  երիտասարդ գիտաշխատող Արթուր Մովսիսյանն ասում է, որ պարտադիր կուտակայինին դեմ լինելու պատճառները բազմաթիվ են. «Կարևոր պատճառներից մեկը վստահությունն է, ավելի ճիշտ` դրա բացակայությունը: Օրենքը միգուցե շատ լավն է, բայց Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ սևով սպիտակի վրա գրելը շատ քիչ է, իրական կյանքում ցանկացած «բարեփոխում» դառնում է ի վնաս ժողովրդի: Օրենքը կարող է նախատեսել մի բան, բայց իրականում ստացվի մի այլ բան»: Որպես օրինակ Մովսիսյանը մատնանշում է գոյություն ունեցող տարատեսակ գիտության զարգացման հայեցակարգերը. «Փայլուն փաստաթղթեր են, սակայն իրականությունը հեռու է նախատեսվող արդյունքներից»:

Երիտասարդ գիտաշխատողը «դեմ»-երի թվում նշում է նաև կուտակայինի պարտադիր լինելը և սոցիալական հանգամանքը. «Այն դեպքում, երբ մարդը լուծում է օրվա հացի խնդիրը, առնվազն ծիծաղելի է պարտադրել կուտակել, նույնն է, թե աղքատին ասեն` գնա ծով հանգստացիր, առողջարար է: Աբսուրդ…»:

Անդրադառնալով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի չգործող դրույթին` Մովսիսյանն ասում է, որ այստեղ արդեն գիտության նկատմամբ վերաբերմունքի հարց կա. «Ի տարբերություն ՀՀ թոշակառուների մոտ 500-հազարանոց բանակի` այստեղ թիրախային խումբը շատ ավելի փոքր է՝ մի քանի հազար, գումարներն էլ են փոքր, այսինքն` սա այն գումարը չէ, որ ասենք` պետությունը փող չունի, աղքատ երկիր է, այստեղ խնդիրը շատ ավելի խորն է»:

Մովսիսյանն ասում է, որ «Հայաստանում գիտության նկատմամբ վերաբերմունքը երևում է գիտությանը հատկացվող ֆինանսավորումից, որը մոտ 10 անգամ ցածր է միջին եվրոպական մակարդակից: Գիտնականի միջին աշխատավարձը 2 անգամ ցածր է ՀՀ միջին աշխատավարձից:

Կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը նշում է, որ պարտադիր կուտակայինին բացասաբար է վերաբերվում ոչ թե այն պատճառով, որ գիտաշխատողի իր աղքատավարձից՝ 55 հազար դրամից, 5000-6000 դրամ պահում է կատարվում, այլ քանի որ իր գումարները տրամադրվում են օտարերկրյա հիմնադրամների կառավարմանը: «Ստացվում է, որ մեր գումարներով ավստրիացիներն ու ֆրանսիացիները նոր աշխատատեղեր են ստեղծելու իրենց երկրների համար, իսկ մենք բավարարվելու ենք իրենց շահույթների չնչին տոկոսներով: Մի՞թե սա տրամաբանական է, մի՞թե մեր պետությունն այնքան չկայացած է, որ չի կարող կառավարել սեփական քաղաքացիների գումարները՝ ներդնելով այն մեր երկրի զարգացման մեջ»,- ասում է նա:

Զաքարյանն ասում է, որ պարտադիր կուտակային համակարգին չի վստահում, քանի որ չի հավատում պետության ապագային. «Պետությունը, որի երիտասարդ գիտաշխատողը միջին աշխատավարձից շուրջ երեք անգամ ավելի ցածր աշխատավարձ է ստանում, հստակ ապագա չի կարող ունենալ, չի կարող նախատեսել և իրականացնել երկարամյա ծրագրեր, չի կարող լուրջ հիմնախնդիրներ լուծել»:

Խոսելով գիտությանը վերաբերող օրենքների չգործելու մասին՝ նա նշում է, որ իր համար վաղուց նորություն չէ, որ կարող են ընդունվել օրենքներ, որոնք թղթի մակարդակից չեն բարձրանում. «Ամենացավալին այն է, որ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում: Չգործող դրույթների մասին բազմիցս բարձրաձայնվել է: Ի՞նչ է փոխվել: Ոչինչ»:
Նա կարծում է, որ գիտության վիճակը բարեփոխելու համար հարկավոր է, որ գիտաշխատողներն ակտիվանան ու ձգտեն առավելագույնին, մյուս կողմից էլ` փոխվի գիտության նկատմամբ վերաբերմունքը:

«Հավանաբար շատերը, նաև պետական այրերը լիարժեք չեն գիտակցում գիտության ու գիտնականի կարևորությունը մեր պետության զարգացման հարցում: Այդ պատճառով էլ մենք դիտվում ենք կա՛մ որպես ԽՍՀՄ-ից մնացած ատավիզմ, կա՛մ «թանկ հաճույք», որը միայն զարգացած պետություններին է հասու,- ասում է Զաքարյանը:- Պետք է փոխել մարդկանց` գիտության դերի և իմաստի մասին պատկերացումները, և դա պետք է անենք մենք, հատկապես` երիտասարդ գիտաշխատողներս: Միայն դրանից հետո կփոխվի պետության վերաբերմունքը գիտության նկատմամբ»:

 

Tags: , , , , , ,